ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-20-Ո-Կ-8
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՊՈԼԵՈՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ |
մասնակցությամբ՝ անդամներ |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ | |
Մ․ ՄԱԿՅԱՆԻ | |
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ք. ՄԿՈՅԱՆԻ | |
Ս. ՉԻՉՈՅԱՆԻ | |
Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ | |
Արդարադատության նախարարի տեղակալ` |
Լ. ԲԱԼՅԱՆԻ |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ` |
Հ. ՍԱՆՈՅԱՆԻ Ա. Բադալյանի |
քարտուղարությամբ՝ |
Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2023 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հունվարի 24-ի N 5-Ա և 2023 թվականի հունվարի 30-ի N 8-Ա որոշումներն ու կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթներ հարուցելու առիթ են հանդիսացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից 18.11.2022 թվականին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին ներկայացված հաղորդումները՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Նապոլեոն Օհանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 25.11.2022 թվականի և 28.11.2022 թվականի համապատասխանաբար թիվ 104-Ա և թիվ 105-Ա որոշումներով Դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ։
Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) 24.01.2023 թվականի թիվ 5-Ա և 30.01.2023 թվականի թիվ 8-Ա որոշումներով միջնորդություններ են ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 20.02.2023 թվականի որոշմամբ Նախարարի 24.01.2023 թվականի թիվ 5-Ա և 30.01.2023 թվականի թիվ 8-Ա որոշումները (այսուհետ նաև՝ Միջնորդություն) միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-8 համարի ներքո։
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումները
Նախարարը ներկայացված 24.01.2023 թվականի թիվ 5-Ա միջնորդությամբ, վկայակոչելով 05.05.2021 թվականին ընդունված և 01.07.2022 թվականի ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը և Վճռաբեկ դատարանի Վաղարշակ Գալոյանի գործով 18.10.2013 թվականի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ քննարկվող դեպքում մեղադրյալ Նարեկ Ղազարյանը հանցանքը կատարել է 26.02.2022 թվականից մինչև 19.03.2022 թվականն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ նրա վերաբերյալ տարածվել են ՀՀ քրեական օրենսգրքի1 (այսուհետ նաև՝ Նախկին օրենսգիրք) պահանջները, սակայն օրենսդիրը սահմանել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ և այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
Նախարարը նշել է, որ Դատավորը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջի խախտում, այն է՝ մեղադրյալի վերաբերյալ դեռևս առկա չէր օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ և Դատարանը պարտավոր էր մեղադրյալի նկատմամբ կիրառել պատիժը մեղմացնող օրենսդրությունը:
Նախարարը նշել է, որ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 525-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Միաժամանակ օրենսդիրը նշված նորմից շեղվելու որևէ բացառություն չի ամրագրել: Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար օրենսդիրն իրավանորմի սանկցիայում սահմանել է առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում, ինչից հետևում է, որ մեղադրյալ Նարեկ Ղազարյանին մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:
Քննարկվող դեպքում Դատարանը 04.07.2022 թվականի որոշմամբ թիվ ՍԴ/0061/01/22 գործն ընդունել է վարույթ և 15.07.2022 թվականին կայացրել է դատավճիռ՝ մեղադրյալ Նարեկ Ղազարյանին մեղավոր ճանաչելով Նախկին օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել է պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Տվյալ դեպքում Դատարանն իրավազոր չէր նշանակել ազատազրկումը՝ որպես պատիժ, քանի որ մեղադրյալ Նարեկ Ղազարյանն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել, և նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա չի եղել, հետևաբար գործել է օրենսդրության հետադարձ ուժ ունենալու կանոնը:
Նախարարը վերոնշյալ իրավական վերլուծությունից հանգել է այն եզրակացության, որ Դատարանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ամրագրված պահանջի խախտում այն է՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրել ազատազրկումը:
Բացի այդ, Նախարարը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի2 458-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 459-րդ, 460-րդ հոդվածների, 461-րդ հոդվածի 3-րդ մասի, 463-րդ հոդվածի 1-3-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ համաձայնեցման վարույթ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը նման միջնորդություն է ներկայացրել, համաձայն է եղել իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցել է իր միջնորդության բնույթն ու հետևանքները: Միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ: Կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության շուրջ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն: Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է:
Քննարկվող դեպքում մեղադրյալ Նարեկ Ղազարյանը նախնական դատալսումների ժամանակ միջնորդել է դատական քննություն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Հանրային մեղադրողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելուն: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել է ժամկետ: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մեղադրյալ Նարեկ Ղազարյանի նկատմամբ որպես պատժաչափ նշանակել 5 ամսով ազատազրկումը՝ համաձայնեցված պատիժը պայմանական չկիրառելով և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանելով:
Տվյալ դեպքում թեև, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը, սակայն Դատարանն իրավունք չուներ հաստատեր համաձայնության մասին արձանագրությունը, քանի որ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և Դատարան ներկայացնելու համար, սակայն Դատարանն ընդունել է համաձայնության վերաբերյալ արձանագրությունը, կազմել է մեղադրական դատավճիռ՝ նշանակելով պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ըստ Նախարարի՝ վերը նշվածից հետևում է, որ Դատարանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասով, 461-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին, նման պայմաններում Դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և Դատարան ներկայացնելու համար:
Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը: Միաժամանակ, գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ նշված քրեական գործով քննության խախտումը թույլ է տրվել ծայրահեղ ծանրաբեռնվածության, ընդունված նոր օրենսդրության, ժամանակի սղության և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներից, ապա ըստ Նախարարի հիմնավոր չէ Դատարանի այն մոտեցումը, որ ծանրաբեռնվածության պատճառով, ընդունված նոր օրենսդրության և ժամանակի սղության պատճառով կարող էր Դատարանի կողմից նման նյութական և դատավարական նորմերի խախտումներ թույլ տրվել:
Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ նշված դատավարական իրավունքի և նյութական իրավունքի նորմերի խախտմամբ որևէ անձի իրավունք չի խախտվել և այդ խախտումները պետք է դիտարկել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, քանի որ խախտումը միայն ձևականորեն է պարունակում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, այն է՝ ունի նվազ կարևորություն, Նախարարը նշել է, որ նշված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ չի վերանայվել, միայն կարող է վերանայվել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառիկ վերանայման վարույթի կարգով, ուստի նշված դատական ակտում թույլ տրված դատավարական իրավունքի և նյութական իրավունքի նորմերի խախտումներով խախտվել են մեղադրյալ Նարեկ Ղազարյանի իրավունքները:
Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ և 403-րդ հոդվածները՝ Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված սխալի հետևանքով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որն ակնհայտորեն հակասում է օրենքին՝ նշանակված պատժի տեսակի մասով (ինչն ընդունում է նաև Դատավորը): Արդյունքում, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատավճիռը կարող է վերանայվել միայն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուց հետո: Միաժամանակ, Դատավորի կողմից թույլ տրված նման սխալի հետևանքով հեղինակազրկվել է նաև դատական իշխանությունը, քանի որ Դատավորը, հանդիսանալով արդարադատության իրականացման կրողը և հաստատելով սխալ՝ տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ոչ ենթակա ավելի ծանր պատժի տեսակը, կայացրել է ակնհայտորեն օրենքին հակասող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտ:
Նախարարը ներկայացված 30.01.2023 թվականի թիվ 8-Ա միջնորդությամբ, վկայակոչելով Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը և Վճռաբեկ դատարանի Վաղարշակ Գալոյանի գործով 18․10․2013 թվականի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ քննարկվող դեպքում, մեղադրյալներ Արա Մարգարյանը և Երվանդ Ղազարյանը հանցանքը կատարել են 12.05.2022 թվականին, այսինքն՝ նրանց վերաբերյալ տարածվել են Նախկին օրենսգրքի պահանջները, սակայն օրենսդիրը սահմանել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ և այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
Տվյալ դեպքում Նախարարը նշել է, որ Դատարանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջի խախտում, այն է՝ մեղադրյալներ Արա Մարգարյանի և Երվանդ Ղազարյանի վերաբերյալ դեռևս առկա չէր օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ և Դատարանը պարտավոր էր մեղադրյալների նկատմամբ կիրառել պատիժը մեղմացնող օրենսդրությունը:
Նախարարը, վերլուծելով Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 521-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Միաժամանակ օրենսդիրը նշված նորմից շեղվելու որևէ բացառություն չի ամրագրել: Քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության համար օրենսդիրն իրավանորմի սանկցիայում սահմանել է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ինչից հետևում է, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:
Քննարկվող դեպքում Դատարանը 04.07.2022 թվականի որոշմամբ թիվ ՍԴ/0063/01/22 գործն ընդունել է վարույթ և 15.07.2022 թվականին կայացրել է դատավճիռ՝ մեղադրյալներ Արա Մարգարյանին և Երվանդ Ղազարյանին մեղավոր ճանաչելով Նախկին օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և մեղադրյալ Արա Մարգարյանի նկատմամբ նշանակել է պատիժ` ազատազրկում 7 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Մեղադրյալ Երվանդ Ղազարյանի նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով և Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 5 ամիս ժամկետով: Տվյալ դեպքում Դատարանն իրավազոր չէր նշանակել ազատազրկումը՝ որպես պատիժ, քանի որ մեղադրյալներն առաջին անգամ են ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել, և նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա չի եղել, հետևաբար գործել է օրենսդրության հետադարձ ուժ ունենալու կանոնը:
Արդյունքում Դատարանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ամրագրված պահանջի խախտում, այն է՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձանց նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրել ազատազրկումը:
Նախարարը, վերլուծելով Քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 459-րդ, 460-րդ հոդվածները, 461-րդ հոդվածի 3-րդ մասը, 463-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, նշել է, որ համաձայնեցման վարույթ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը նման միջնորդություն է ներկայացրել, համաձայն է եղել իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցել է իր միջնորդության բնույթը ու հետևանքները: Միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ: Կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության շուրջ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն: Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է:
Քննարկվող դեպքում մեղադրյալներ Արա Մարգարյանը և Երվանդ Ղազարյանը նախնական դատալսումների ժամանակ միջնորդել են դատական քննություն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Հանրային մեղադրողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելուն: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել է ժամկետ: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մեղադրյալ Արա Մարգարյանի նկատմամբ որպես պատժաչափ նշանակել 7 ամսով ազատազրկումը, իսկ մեղադրյալ Երվանդ Ղազարյանի նկատմամբ 9 ամսով ազատազրկումը՝ համաձայնեցված պատիժը պայմանական չկիրառելով 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետներով փորձաշրջան սահմանելով:
Տվյալ դեպքում թեև Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը, սակայն Դատարանն իրավունք չուներ հաստատեր համաձայնության մասին արձանագրությունը, քանի որ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և Դատարան ներկայացնելու համար, սակայն Դատարանն ընդունել է համաձայնության վերաբերյալ արձանագրությունը, կազմել է մեղադրական դատավճիռ՝ նշանակելով պատիժ՝ ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Վերոնշյալ իրավական վերլուծությունից Նախարարը եկել է այն եզրակացության, որ Դատարանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասով, 461-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին, նման պայմաններում Դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և Դատարան ներկայացնելու համար:
Նախարարը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը: Միաժամանակ, գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ նշված քրեական գործով քննության խախտումը թույլ է տրվել ծայրահեղ ծանրաբեռնվածության, ընդունված նոր օրենսդրության, ժամանակի սղության և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներից, Նախարարը նշել է, որ հիմնավոր չէ Դատարանի այն մոտեցումը, որ ծանրաբեռնվածության պատճառով, ընդունված նոր օրենսդրության և ժամանակի սղության պատճառով կարող էր Դատարանի կողմից նման նյութական և դատավարական նորմերի խախտումներ թույլ տրվել:
Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ նշված դատավարական իրավունքի և նյութական իրավունքի նորմերի խախտմամբ որևէ անձի իրավունք չի խախտվել և այդ խախտումները պետք է դիտարկել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, քանի որ խախտումը միայն ձևականորեն է պարունակում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, այն է՝ ունի նվազ կարևորություն՝ Նախարարը նշել է, որ նշված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ չի վերանայվել, միայն կարող է վերանայվել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառիկ վերանայման վարույթի կարգով, ուստի նշված դատական ակտում թույլ տրված դատավարական իրավունքի և նյութական իրավունքի նորմերի խախտումներով խախտվել են մեղադրյալներ Արա Մարգարյանի և Երվանդ Ղազարյանի իրավունքները:
Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ և 403-րդ հոդվածները՝ Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված սխալի հետևանքով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որն ակնհայտորեն հակասում է օրենքին՝ նշանակված պատժի տեսակի մասով (ինչն ընդունում է նաև Դատավորը): Արդյունքում, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատավճիռը կարող է վերանայվել միայն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուց հետո: Միաժամանակ, Դատավորի կողմից թույլ տրված նման սխալի հետևանքով հեղինակազրկվել է նաև դատական իշխանությունը, քանի որ Դատավորը, հանդիսանալով արդարադատության իրականացման կրողը և հաստատելով սխալ՝ տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ոչ ենթակա ավելի ծանր պատժի տեսակը, կայացրել է ակնհայտորեն օրենքին հակասող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտ:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ
Դատավորը Նախարարի 24.01.2023 թվականի թիվ 5-Ա և 30.01.2023 թվականի թիվ 8-Ա որոշումների շրջանակներում Նախարարին ուղղված և Խորհրդին ներկայացրած բացատրություններով միջնորդել է համապատասխանաբար կարճել և մերժել կարգապահական վարույթները` հետևյալ հիմնավորմամբ.
Դատավորը նշել է, որ ընդունում է, որ թիվ ՍԴ/0061/01/22 և թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործերով խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Միևնույն ժամանակ Դատավորն անդրադարձել է թե ինչ իրադրության պայմաններում է տեղի ունեցել նշվածը։ Այսպես, 05.05.2021 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է Քրեական օրենսգիրքը և Քրեական դատավարության օրենսգիրքը: «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ ԱԺ 09.06.2022 թվականի թիվ ՀՕ-144-Ն ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 30.06.2022 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը»:
Դատավորը, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածը, նշել է, որ 01.01.2022 թվականից մինչև նշված դատավճիռները կայացնելու օրն իր կողմից վարույթ էր ընդունվել 107 քրեական գործ, որից 29-ը ստացել է պայմանավորված Դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցմամբ, իսկ 15-ը՝ պայմանավորված Դատարանի դատավոր Գնել Գասպարյանի այլ դատարան տեղափոխվելով: 15.07.2022 թվականի դրությամբ ավարտել է 109 քրեական գործ և մոտ 230 միջնորդություն: Ավելին, 2022 թվականի ընթացքում շարունակել է քննել նաև մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները: Բացի այդ, 2022 թվականի ընթացքում իր կողմից կատարվել են բազմաթիվ գործողություններ, որոնք ըստ էության չեն առնչվել իր կողմից քննված գործերին (այլ դատավորների կողմից կայացված ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու գործողություններ և քրեակատարողական տիրույթի միջնորդությունների քննարկում):
Դատավորը հայտնել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ստացել է 40 միջնորդություն, որոնցով դատապարտյալները միջնորդել են իրենց կատարած արարքները և դրանց համար նշանակված պատիժները համապատասխանեցնել 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքին, որոնք սեղմ ժամկետում քննվել են: Դատարանում 2018 թվականից մինչև օրս առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի թափուր հաստիք կամ հաստիքներ:
Դատավորը հայտնել է, որ վերը նշված վիճակագրական տվյալները նշել է, որպեսզի նկարագրի այն ծայրահեղ ծանրաբեռնվածությունը, որն առկա է եղել իր մոտ նշված դատական ակտերը կայացնելիս և ներկայումս էլ այն պահպանվում է:
Թիվ ՍԴ/0061/01/22 և թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործերով մեղադրյալներ են հանդիսացել պարտադիր ժամկետային զինծառայողներ և 15.07.2022 թվականին նշանակված են եղել ևս երկու քրեական գործերով դատաքննություններ: Այս ամենի հաշվառմամբ նշել է, որ նշված քրեական գործերի քննությամբ իր կողմից խախտումը թույլ է տրվել ծայրահեղ ծանրաբեռնվածության, ընդունված նոր օրենսդրության, ժամանակի սղության և մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով, այն է՝ Սյունիքի մարզի պայմաններում դատական նիստին զինծառայողների ներկայացնելը դժվար է՝ պայմանավորված մարզի աշխարհագրական դիրքով ու անվտանգային խնդիրներով։
Դատավորը, որևէ կերպ չարդարացնելով իր բացթողումը, նշել է, որ այդ քրեական գործերով իր կողմից համաձայնության արձանագրություններն ընդունվել են վերոշարադրյալ պատճառներից ելնելով և պարզապես վստահել է հանրային մեղադրողին ու պաշտպաններին, այլ կերպ ասած՝ չպատկերացնելով, որ նրանց կողմից կարող է համաձայնեցվել մի պատժատեսակ, որն այդ պայմաններում չէր կարող նշանակվել մեղադրյալների նկատմամբ (նախկին ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով առկա չէր նորմ, որն արգելում էր առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակել, ինչն էլ հանգեցրել է նշված թյուրիմացությանը): Միևնույն ժամանակ մեղադրյալների նկատմամբ նշանակված օրենքով չթույլատրված պատժատեսակը պայմանականորեն չի կիրառվել։
Ավելին, ըստ Դատավորի խորին համոզման՝ նշված դատավարական իրավունքի և որպես հետևանք նյութական իրավունքի նորմերի խախտմամբ որևէ անձի իրավունք չի խախտվել ու այդ խախտումները պետք է դիտարկել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, քանի որ խախտումը միայն ձևականորեն է պարունակում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, այն է՝ ունի նվազ կարևորություն և դրանով պայմանավորված կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, այն չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման և դատավարության մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի խախտումների:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4․1 Դատարանը 15.07.2022 թվականի թիվ ՍԴ/0061/01/22 դատավճռով մեղադրյալ Նարեկ Ղազարյանին մեղավոր է ճանաչել Նախկին օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ` նշանակելով պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
4․2 Դատարանը 15.07.2022 թվականի թիվ ՍԴ/0061/01/22 դատավճռում արձանագրել է հետևյալը «(…) Նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Նարեկ Ղազարյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Նա հայտարարեց, որ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է միջնորդության բնույթն և հետևանքները:
Մեղադրողը չառարկեց համաձայնեցման վարույթ կիրառելուն:
Դատարանը, համոզվելով, որ առկա չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, բավարարել է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել ժամկետ:
Բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության և կազմվել է համաձայնության մասին արձանագրություն:
(…) Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո մեղադրյալ Նարեկ Ղազարյանը հայտնեց, որ իրեն պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը և համաձայն է դրա հետ, դրանում արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները, համաձայնությունը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով և պնդում է կնքված համաձայնությունը:
Հանրային մեղադրող Վարդան Արսենյանը և պաշտպան Լիանա Գրիգորյանը պնդեցին կնքված համաձայնությունը:
(…) Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի 3-րդ մասով, Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցերը պետք է լուծել ըստ համաձայնության մասին արձանագրության (…):
(…) Նարեկ Կարենի Ղազարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 5 (հինգ) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, (…):»:
4․3 Թիվ ՍԴ/0061/01/22 քրեական գործով դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
4․4 Դատարանը 15.07.2022 թվականի թիվ ՍԴ/0063/01/22 դատավճռով մեղադրյալներ Արա Մարգարյանին և Երվանդ Ղազարյանին մեղավոր է ճանաչել Նախկին օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ` Արա Մարգարյանի նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Մեղադրյալ Երվանդ Ղազարյանի նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 5 ամիս ժամկետով:
4․5 Դատարանը 15.07.2022 թվականի թիվ ՍԴ/0063/01/22 դատավճռում արձանագրել է հետևյալը. «(…) Նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալներ Արա Մարգարյանը և Երվանդ Ղազարյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Նրանք հայտարարեցին, որ համաձայն են մեղադրանքի հետ, իրենց մեղավոր են ճանաչում, միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են միջնորդության բնույթն և հետևանքները:
Մեղադրողը չառարկեց համաձայնեցման վարույթ կիրառելուն:
Դատարանը, համոզվելով, որ առկա չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, բավարարել է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել ժամկետ:
Բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության և կազմվել է համաձայնության մասին արձանագրություն հետևյալ բովանդակությամբ (…)
(…) Համաձայնության մասին արձանագրությունների հրապարակումից հետո մեղադրյալներ Արա Մարգարյանը և Երվանդ Ղազարյանը հայտնեցին, որ իրենց պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը և համաձայն են դրա հետ, դրանում արտահայտել են իրենց իրական կամքը, գիտակցում են կնքված համաձայնության հետևանքները, համաձայնությունը չեն կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով և պնդում են կնքված համաձայնությունը:
Հանրային մեղադրող Վարդան Արսենյանը և պաշտպաններ Լիանա Գրիգորյանն ու Ռուբեն Ղազարյանը պնդեցին կնքված համաձայնությունը:
(…) Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի 3-րդ մասով, Դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցերը պետք է լուծել ըստ համաձայնության մասին արձանագրության:
(…) Արա Ռուսլանի Մարգարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 7 (յոթ) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, (…):
Երվանդ Հայկի Ղազարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինը) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, (…):»:
4․6 Թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործով դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդություններով բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1․ արդյո՞ք թիվ ՍԴ/0061/01/22 և թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,
5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ՍԴ/0061/01/22 և թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործերով ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի հաղորդումները, ինչպես նաև Նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:
Հաջորդիվ, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.
1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:
ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:
05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոն խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձին հարվածներ հասցնելով կամ նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելով կամ պարբերաբար նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ տևողությամբ՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
30.06.2021 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:
30.06.2021 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 460-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է: Եթե դատարանի սահմանած ժամկետում կողմերը չեն ներկայացնում համաձայնության մասին պատշաճ արձանագրություն, ապա դատարանն ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները:
Վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո, գնահատելով սույն կարգապահական վարույթի համար առիթ հանդիսացած թիվ ՍԴ/0061/01/22 և թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործերով Դատավորի կողմից կատարված դատավարական նորմերի խախտումները, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորի կողմից հիշյալ քրեական գործերով ուսումնասիրության առարկա չեն դարձվել 30.06.2021 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները, մասնավորապես այն, որ դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե համաձայնեցված պատիժը անօրինական է: Տվյալ դեպքում հարկ է նշել, որ Դատավորի կողմից հիշյալ քրեական գործերով համաձայնեցման արձանագրությունը հաստատելիս չի պահպանվել Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթը՝ այն, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։
Մասնավորապես, Դատարանի կողմից թիվ ՍԴ/0061/01/22 քրեական գործով 15.07.2022 թվականին կայացված դատավճռով` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է՝ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասին և Նարեկ Կարենի Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համաձայնեցված վարույթ և արդյունքում վերջինս մեղավոր է ճանաչվել 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) ամիս ժամկետով։ Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հիշյալի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որի համար պատիժ է սահմանվում առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում, ըստ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը հստակ սահմանել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:
Անդրադառնալով թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտմանը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի կողմից թիվ ՍԴ/0063/01/22 քրեական գործով 15.07.2022 թվականին կայացված դատավճռով` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է՝ 05.05.2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասին և Արա Ռուսլանի Մարգարյանի և Երվանդ Հայկի Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համաձայնեցված վարույթ վերջիններիս մեղավոր ճանաչելով՝ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և Արա Ռուսլանի Մարգարյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 7 (յոթ) ամիս ժամկետով՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ Երվանդ Հայկի Ղազարյանի նկատմամբ՝ ազատազրկում 9 (ինը) ամիս ժամկետով՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, այն պարագայում երբ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար պատիժ է սահմանվում առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ըստ 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի այն համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն և 05.05.2021 թվականին ընդունված 67-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ սահմանված է, որ՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։ Խորհուրդը հարկ է համարում կարևորել, որ վերը նշված դատավճիռները ստացել են օրինական ուժ և չեն բողոքարկվել թե հանրային մեղադրողի, թե պաշտպանի կողմից։
Ամփոփելով վերը նշվածը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորի կողմից թույլ է տրվել 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նյութական նորմի խախտումներ, ինչպես նաև 30.06.2021 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ և 461-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված դատավարական կանոնների խախտումներ, որոնք, Խորհրդի գնահատմամբ դրսևորվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առնում այն հանգամանքը, որ Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը (այդ թվում որպես Դատարանի նախագահի պարտականությունների կատարումը) հանգեցրել է նրան, որ վերջինս հստակ չի վերլուծել և գնահատման չի արժանացրել օրենսդրական իրավակարգավորումները։ Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին հայտարարել նախազգուշացում։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
____________________
1 Ընդունվել է 18.04.2003 թվականին, ուժի մեջ մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել 01.07.2022 թվականին։
2 ԸՆդունվել է 30.06.2021 թվականին, ուժի մեջ մտել՝ .01.07.2022 թվականին։
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ |
Կ. Անդրեասյան |
անդամներ` | Հ. Գրիգորյան |
Ե. Թումանյանց | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Ն. Հովսեփյան | |
Մ. Մակյան | |
Ա. Մխիթարյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ | |
Ս. Չիչոյան | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2023 թվական: