ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՏԴ1/0012/04/17
Սնանկության գործ թիվ ՏԴ1/0012/04/17
Նախագահող դատավոր՝ Մ․ Հարթենյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լանա և Թինա Խանամիրյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Լանա Խանամիրյանի՝ «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լանա Խանամիրյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Օհանյան) 24.11.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Մ․ Հարթենյան, Ս․ Թորոսյան) 07.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Օհանյան) 24.11.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.07.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2018 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 02.12.2019 թվականի որոշմամբ Մանասե Եփրեմյանի դիմումը՝ գույքն արգելանքից հանելու մասին, բավարարվել է՝ որոշվել է վերացնել Դիլիջան քաղաքի Պարզ Լիճ թիվ 14 հասցեում գտնվող «Կուլտ. Միջոցառումների մասնաշենք»-ի 1-ին, 2-րդ և նկուղային հարկերի, ինչպես նաև «Բուժական մասնաշենք» և «Ճեմասրահ» անշարժ գույքերի մասով կիրառված արգելանքներն ու սահմանափակումները:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.04.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի և պարտատերեր Լանա և Թինա Խանամիրյանների ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 02.12.2019 թվականի «Գույքն արգելանքից հանելու և այն Մանասե Եփրեմյանին հանձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լանա և Թինա Խանամիրյանները (ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը դիմումատուի նյութաիրավական պահանջը քննելու արդյունքում չի կայացրել գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ՝ վճիռ, այլ ընդունել է որոշում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշումն ընդունել է միանձնյա, խախտելով կոլեգիալության կարգը։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածը, 121-րդ հոդվածի 2-րդ մասը, 122-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դիմումատուն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում չի ներկայացրել դատարան: Այլ կերպ ասած Դատարանը քննել և լուծել է այնպիսի քաղաքացիաիրավական վեճ, որի վերաբերյալ հայցադիմում չի ներկայացվել։
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասը և 139-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, ինչպես նաև Լանա և Թինա Խանամիրյաններին և պարտապանին դատավարական որևէ կարգավիճակ չի տվել:
4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն իրավասու չէ դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից։ Մասնավորապես՝ Դատարանն իր որոշման մեջ չի նշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը, հետևաբար նշված նորմի խախտման մասին չի նշվել նաև վերաքննիչ բողոքում։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է վերը նշված նորմը, ընդ որում՝ ակնհայտորեն սխալ մեկնաբանելով այն, դուրս գալով վերաքննության սահմաններից:
5) Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 48-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը որոշում կայացնելով խախտել է պարտապանի նկատմամբ պահանջների բավարարման «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը:
6) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքից 345-րդ հոդվածը, 464-րդ հոդվածի 5-րդ կետը, 470-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը, 176-րդ հոդվածի 2-րդ կետը, 177-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճելի գույքի նկատմամբ առկա չէ դիմումատուի սեփականության իրավունքը։ Առկա չէ նաև որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ 26.04.2016 թվականի աճուրդի առարկա հանդիսացող լոտի գինը վճարվել է պարտապանին:
Բացի այդ, վիճելի անշարժ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքը դադարած չլինելու, դիմումատուի մոտ դրա նկատմամբ սեփականության իրավունքը չծագելու դեպքում սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածից բխող վիճելի անշարժ գույքը դիմումատուին հանձնելու պարտավորաիրավական հարաբերություններ առկա չեն, քանի որ առկա չէ կնքված պայմանագիր:
7) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 387-րդ և 388-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը հիմնավորել են այն հանգամանքով, որ բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասում Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով եկել է այն եզրահանգման, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2020 թվականի որոշումը և այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 09.04.2016 թվականի թիվ 03/2-խ արձանագրության համաձայն՝ Ընկերության խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ1/0328/02/13 կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Բուժական մասնաշենք»-ը և «Ճեմասրահ»-ը որպես մեկ գույքային միավոր օտարել երրորդ անձի, գույքի օտարումը կազմակերպել բաց աճուրդի ձևով՝ մեկնարկային գին սահմանելով 40.000.000 ՀՀ դրամը, աճուրդն անցկացնել 26.04.2016 թվականին (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 37-39)։
2. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ և արգելանք է դրվել Ընկերությանը պատկանող գույքի վրա (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 3-30)։
2. «Աճուրդի արդյունքների մասին» 26.04.2016 թվականի թիվ 1 Արձանագրության համաձայն՝ 26.04.2016 թվականին տեղի է ունեցել «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «Բուժական մասնաշենք»-ի և «Ճեմասրահ»-ի՝ որպես մեկ գույքային միավոր (մեկ լոտ) օտարման նպատակով կազմակերպված աճուրդը, լոտի անվանումը՝ «Բուժական մասնաշենք» և «Ճեմասրահ», լոտի մեկնարկային գինը՝ 40.000.000 ՀՀ դրամ, հաղթող ճանաչված մասնակցի անունը՝ Մանասե Եփրեմյան, լոտի գինը՝ 40.000.000 ՀՀ դրամ (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 46)։
3. 26.04.2016 թվականին Մանասե Եփրեմյանին տրված աճուրդի մասնակցի վկայականի համաձայն՝ վաճառվող լոտ՝ «բուժական մասնաշենք» և «ճեմասրահ», նախավճարի չափը՝ 800.000 ՀՀ դրամ, աճուրդի անցկացման ժամանակը՝ 26.04.2016 թվական (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 44)։
4. 27.04.2016 թվականի թիվ 160427004575000 01 վճարման հանձնարարագրի համաձայն՝ վճարողը՝ Մանասե Եփրեմյանն է, ստացողը՝ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, գումարի չափը՝ 40.168.487 ՀՀ դրամ, վճարման նպատակը՝ «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ (հավելված 1-ին, հատոր 3-րդ, գ․թ․ 18)։
5. 25.06.2017 թվականի թիվ 04/2-խ արձանագրության համաձայն՝ Ընկերության խորհուրդը որոշում է ընդունել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Կուլտ. Միջոցառումների մասնաշենք»-ի 1-ին, 2-րդ և նկուղային հարկերը որպես մեկ գույքային միավոր օտարել, գույքի օտարումը կազմակերպել բաց աճուրդի ձևով՝ մեկնարկային գին սահմանելով 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, աճուրդն անցկացնել 02.07.2017 թվականին (հավելված 3-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 47-48)։
5. «Աճուրդի արդյունքների մասին» 02.07.2017 թվականի թիվ 1 Արձանագրության համաձայն՝ 02.07.2017 թվականին տեղի է ունեցել «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող «Կուլտ. Միջոցառումների մասնաշենք»-ի 1-ին, 2-րդ և նկուղային հարկերը որպես մեկ գույքային միավոր (մեկ լոտ) օտարման նպատակով կազմակերպված աճուրդ, հաղթող է ճանաչվել Մանասե Եփրեմյանը, լոտի գնման գինը՝ 34.132.900 ՀՀ դրամ (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 55)։
6. 02.07.2017 թվականի դրամարկղային մուտքի օրդերի համաձայն՝ Մանասե Եփրեմյանը վճարել է 33.432.900 ՀՀ դրամ, ստացման հիմքը և նպատակը՝ աճուրդի հաղթած մասնակցի գույքի օտարման մնացորդային գումար (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ. 64)։
7. Մանասե Եփրեմյանը 12.06.2019 թվականին դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով վերացնել «Կուլտ. Միջոցառումների մասնաշենք»-ի 1-ին, 2-րդ և նկուղային հարկերի, ինչպես նաև «Բուժական մասնաշենք»-ի և «Ճեմասրահ»-ի մասով կիրառված արգելանքները և սահմանափակումները (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ. 32-35)։
8. Մանասե Եփրեմյանի դիմումի վերաբերյալ Լանա Խանամիրյանն ու Թինա Խանամիրյանը Դատարան են ներկայացրել գրավոր առարկություն, որով հայտնել են, որ վիճելի գույքերի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքի գրանցման փաստը հիմնավորող ապացույց առկա չէ, պարտապանի հանդեպ ներկայացված պահանջները բավարարվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 82-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ դիմումում վկայակոչված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ, 52-րդ հոդվածները տվյալ դեպքում կիրառելի չեն (հավելված 2-րդ, հատոր 1-ին, գ․թ․ 117-119).
8. Մանասե Եփրեմյանի դիմումը քննարկելու նպատակով 18.11.2019 թվականին հրավիրված դատական նիստին ներկայացել են Լանա Խանամիրյանի և Թինա Խանամիրյանի ներկայացուցիչը, Մանասե Եփրեմյանի ներկայացուցիչը, սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանը, հիմք՝ 18.11.2019 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը (հավելված 3-րդ, հատոր 1-ին, գ․թ․120-121).
9. 18.11.2019 թվականի դատական նիստին Լանա Խանամիրյանի և Թինա Խանամիրյանի ներկայացուցիչը վերարտադրել է Դատարան ներկայացրած գրավոր առարկության բովանդակությունը, բացի այդ, ընդունել է «Բուժական մասնաշենք»-ի և «Ճեմասրահ»-ի մասով միայն նախավճարը վճարված լինելու, 2017 թվականի աճուրդի գումարն ամբողջությամբ վճարված լինելու փաստերը, հիմք՝ 18.11.2019 թվականի դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչը (հավելված 3-րդ, հատոր 1-ին, գ․թ․123)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 464-րդ, 470-րդ հոդվածների, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 48-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 135-րդ, 139-րդ, 176-րդ, 177-րդ, 379-րդ, հոդվածների ենթադրյալ խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին։
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (․․․): Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը։
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները։
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (․․․):
Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում նույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել։
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և խորհրդի համաձայնության առկայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին (...)։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվել է, որ դատարանը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու փուլում և սնանկության գործի վարույթն ավարտելու փուլում:
Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ինչպես նախորդ, այնպես էլ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության կարգավորումների պայմաններում չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները, այլ միայն 17.1-րդ հոդվածով սահմանում է, որ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչպես նաև 20-րդ հոդվածով սահմանում է սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկման հետևյալ կարգը.
Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով (...):
Բացի նշված կարգավորումներից, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որոշակի ակտերի դեպքում սահմանում է բողոքարկման այլ ժամկետներ (օրինակ՝ սնանկության դիմումի ընդունումը մերժելու մասին կամ դիմումը վերադարձնելու մասին որոշումների դեպքում):
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) կարգավորման պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշմամբ կարևորելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, թե որ իրավական ակտով կամ ակտերով սահմանված կանոններն են ենթակա կիրառման սնանկության գործերով դատավարական կարգի նկատմամբ, արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հաշվի առնելով սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող առանձին վարույթների բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` օրենսդիրը նշված վարույթներից առանձնացրել է երկուսը, և միայն այդ վարույթներով կայացված դատական ակտերն է դիտարկել որպես վեճն ըստ էության լուծող դատական ակտեր: Խոսքը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթին, որի ընթացքում դատարանը կայացնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ, և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթին: Օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, նշել է, որ օրենսդիրը, ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Այդ ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, այն է՝ դիմումի ընդունումը մերժելու, դիմումը վերադարձնելու, պարտապանի մոտ ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, պահանջի, պահանջի փոփոխության դեմ առարկությունները քննարկելու արդյունքում պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու, սնանկ ճանաչված անձի գույքն օտարելու թույլտվություն տալու, պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու մասին որոշումները:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից իրավաչափ մոտեցում է ցուցաբերվել` կապված սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միայն որոշակի խումբ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելի համարելու հետ:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման՝ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության պայմաններում կիրառելիության հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախորդից էականորեն տարբերվող կարգավորումներ է նախատեսել ինչպես դատական ակտերի տեսակների, այնպես էլ դրանց բողոքարկման հնարավորությունների վերաբերյալ:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝
1) առաջին ատյանի դատարանի կայացրած`
ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,
բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.
2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.
3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն էականորեն տարբերվում են նախորդ օրենսգրքի կարգավորումներից, որպիսի պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումը՝ դատական ակտերի դասակարգմամբ պայմանավորված իրավական հետևանքների առաջացման մասով, ամբողջությամբ կիրառելն արդարացված չի կարող համարվել՝ նկատի ունենալով, որ այն վերաբերել է գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի բողոքարկմանը, մինչդեռ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունն օգտագործում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտ եզրույթները: Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները՝ բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջև եզրութաբանության օտարացվածությունը:
Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի (տե՛ս Հակոբ Մեհրաբյանի ընդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ԿԴ/0023/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը):
Այսպիսով, նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այդ մասով հատուկ կարգավորում չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի 02.12.2019 թվականի «Գույքն արգելանքից հանելու և այն Մանասե Եփրեմյանին հանձնելու մասին» որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:
Հետևաբար անհիմն է բողոքաբերի այն փաստարկը, որ Դատարանը չի կայացրել վճիռ, այլ ընդունել է որոշում, քանի որ սնանկության վարույթի շրջանակներում դատարանը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու փուլում և սնանկության գործի վարույթն ավարտելու փուլում, իսկ մնացած դեպքերում սնանկության վարույթի շրջանակներում դատարանը կայացնում է որոշում:
Անդրադառնալով բողոքաբերի մյուս փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը որոշումն ընդունել է միանձնյա, խախտելով կոլեգիալության կարգը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է, քանի որ ինչպես վերը նշվեց, Դատարանի 02.12.2019 թվականի «Գույքն արգելանքից հանելու և այն Մանասե Եփրեմյանին հանձնելու մասին» որոշումը միջանկյալ դատական ակտ է, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մաս):
2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Մինչև 15․04․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանասե Եփրեմյանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սույն սնանկության գործի շրջանակներում գույքն արգելանքից հանելու պահանջով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխան հայցադիմում ներկայացնելու պարտավորություն չուներ, հետևաբար բողոքաբերի այն փաստարկը, որ Դատարանը քննել և լուծել է այնպիսի քաղաքացիաիրավական վեճ, որի վերաբերյալ հայցադիմում չի ներկայացվել, անհիմն է:
3) վճռաբեկ բողոքն երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Տվյալ դեպքում բողոքաբերը վճռաբեկ բողոքի երրորդ հիմքով նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, ինչպես նաև Լանա և Թինա Խանամիրյաններին և պարտապանին դատավարական որևէ կարգավիճակ չի տվել: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի նշված փաստարկն անհիմն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի շրջանակներում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սնանկության դատարանը վարույթ է ընդունում միայն սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումները, հետևաբար սնանկության վարույթի շրջանակներում գույքն արգելանքից հանելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելու պարտականություն սնանկության դատարանը չունի։
Անդրադառնալով բողոքաբերի մյուս փաստարկին, որ Դատարանը Լանա և Թինա Խանամիրյաններին և պարտապանին դատավարական որևէ կարգավիճակ չի տվել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս փաստարկը ևս անհիմն է, քանի որ ինչպես նշվեց, Դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պարտականություն չուներ, իսկ Լանա և Թինա Խանամիրյանները և Ընկերությունն էլ սույն սնանկության գործի շրջանակներում հանդես են գալիս համապատասխանաբար որպես պարտատեր և պարտապան։
4) վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարման միջնորդությամբ հանդես գալու՝ սնանկության կառավարչին վերապահված իրավունքին՝ արձանագրել է, որ վկայակոչված հոդվածը գույքի դիմաց վճարելու պարտականությունը կատարած անձի՝ իրեն գույք հանձնելու պարտավորությունը կատարելու պահանջի իրավունքի պաշտպանությունը փաստորեն կախվածության մեջ է դրել սնանկության կառավարչի հայեցողությունից:
Հայեցողական լիազորություն իրականացնելիս այդպիսի լիազորությամբ օժտված անձը պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել՝ առաջնորդվելով մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով: Ավելին, որոշակի վարքագիծ դրսևորելու հայեցողական հնարավորությունը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն, քանի որ իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը, և հստակեցված լինեն հայեցողության սահմանները:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ 26.04.2016 թվականի, 02.07.2017 թվականի աճուրդների արդյունքների մասին ստորագրված արձանագրությունների և վճարումների վերաբերյալ ապացույցների առկայության, պարտապանի սնանկ ճանաչված լինելու և հանձնման ենթակա գույքը վերջինիս գույքի կազմում ներառված լինելու պայմաններում կառավարչի միջնորդության բացակայությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ գույք հանձնելու պարտապանի պարտավորության կատարման պահանջը մերժելու, արդյունքում Մանասե Եփրեմյանի սեփականություն ձեռքբերելու օրինական ակնկալիքի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված պաշտպանությունը մերժելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը ոչ թե դուրս է եկել ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններից, այլ որոշմամբ հիմնավորել է, թե ինչու չի մերժվել Մանասե Եփրեմյանի՝ գույքն արգելանքից հանելու մասին դիմումը: Հետևաբար վճռաբեկ բողոքն այս հիմքով ևս անհիմն է։
5) վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Տվյալ դեպքում բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 48-րդ հոդվածները:
Վերաքննիչ դատարանն անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 82-րդ հոդվածների խախտման վերաբերյալ Լանա և Թինա Խանամիրյանների փաստարկին, արձանագրել է, որ գործում առկա չէ Մանասե Եփրեմյանի՝ որպես պարտատիրոջ կողմից սնանկ ճանաչված պարտապանին ուղղված դրամական պահանջ, հետևաբար պարտապանի նկատմամբ պարտատերերի պահանջների բավարարման կարգի վերաբերյալ նորմերը տվյալ դեպքում կիրառելի չեն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը և բողոքաբերի փաստարկն անհիմն է:
6) վճռաբեկ բողոքը վեցերորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (..., անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն՝ վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 501-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 26.04.2016 թվականին տեղի է ունեցել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Բուժական մասնաշենք»-ի և «Ճեմասրահ»-ի՝ որպես մեկ գույքային միավորի օտարման նպատակով կազմակերպված աճուրդը, ինչի արդյունքում կազմվել և ստորագրվել է արձանագրություն: Արձանագրության համաձայն՝ լոտի մեկնարկային գինը սահմանվել է՝ 40.000.000 ՀՀ դրամ, աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել Մանասե Եփրեմյանը: Միաժամանակ Մանասե Եփրեմյանը կատարել է լոտի՝ գույքային միավորների դիմաց վճարելու իր պարտականությունը։
26.04.2016 թվականին Մանասե Եփրեմյանին տրված աճուրդի մասնակցի վկայականի համաձայն՝ վաճառվող լոտի՝ «Բուժական մասնաշենք»-ի և «Ճեմասրահ»-ի համար վճարված նախավճարի չափը կազմում է 800.000 ՀՀ դրամ, իսկ 27.04.2016 թվականի վճարման հանձնարարագրի համաձայն՝ Մանասե Եփրեմյանի կողմից վճարվել է 40.168.487 ՀՀ դրամ, 40.000.000 ՀՀ դրամի՝ որպես լոտի գնման գնի վերաբերյալ նշում է կատարվել կողմերի միջև ստորագրված արձանագրությունում:
Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Կուլտ. Միջոցառումների մասնաշենք»-ի 1-ին, 2-րդ և նկուղային հարկերի՝ որպես մեկ գույքային միավորի օտարման նպատակով կազմակերպված աճուրդը տեղի է ունեցել 02.07.2017 թվականին, ինչի արդյունքում կազմվել և Մանասե Եփրեմյանի, Ընկերության տնօրեն Տ. Խանամիրյանի կողմից ստորագրվել է արձանագրություն: Արձանագրության համաձայն՝ լոտի մեկնարկային գինը սահմանվել է՝ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել Մանասե Եփրեմյանը: Նշված լոտի՝ գույքային միավորի դիմաց վճարելու իր պարտականությունը Մանասե Եփրեմյանը նույնպես կատարել է։ Մասնավորապես 02.07.2017 թվականի դրամարկղային մուտքի օրդերների համաձայն՝ Մանասե Եփրեմյանը վճարել է 700.000 ՀՀ դրամ՝ որպես աճուրդի մասնակցության նախավճար, 33.432.900 ՀՀ դրամ՝ որպես աճուրդի հաղթած մասնակցի գույքի օտարման մնացորդային գումար, ինչի հանրագումարի՝ 34.132.900 ՀՀ դրամի՝ որպես լոտի գնման գնի վերաբերյալ նշում է կատարվել կողմերի միջև ստորագրված արձանագրությունում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմերի վերլուծության և փաստերի համադրման արդյունքում հերքվում են վերը նշված աճուրդների արձանագրությունների հիման վրա անշարժ գույքերի դիմաց գնորդի վճարման պարտականությունը չկատարելու վերաբերյալ բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները, ինչպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասում անհիմն կերպով եկել է այն եզրահանգման, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով 07.10.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձ է կատարել այս հարցին և եկել այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի 21.04.2020 թվականի որոշումը ենթակա է բողոքարկման վճռաբեկության կարգով՝ որպես միջանկյալ դատական ակտ։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով նկատի ունենալով, որ Լանա և Թինա Խանամիրյանների ներկայացուցիչը վճռաբեկության կարգով բողոքարկել է Դատարանի 02.12.2019 թվականի «Գույքն արգելանքից հանելու և այն Մանասե Եփրեմյանին հանձնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված Վերաքննիչ դատարանի 21.04.2020 թվականի որոշումը, որը վերը նշված դիրքորոշումների համատեքստում միջանկյալ դատական ակտ է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարը՝ 30.000 ՀՀ դրամը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: