ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5910/05/18 |
Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան |
Դատավորներ՝ |
Ա. Պողոսյան |
Ա. Բաբայան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Գ. հակոբյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ Գոռ Ավետիսյանի հայցի ընդդեմ Ծառայության` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գոռ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 09.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2019 թվականի որոշմամբ Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09.08.2018 վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքով.
Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.
Առկա է թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշումը, որում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 4 և 23).
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 4).
3) թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.05.2018 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Տվյալ պարագայում Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում առկա է նշանի տեսքով վարչական ակտ, որը իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, որի բովանդակությունից ակներև է, որ ճանապարհի այդ հատվածում տրանսպորտային միջոցների վարորդներին թույլատրվում է կատարելու հետադարձ կամ երթևեկելու միայն ուղիղ: (…) Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նշանի տեսքով առկա վարչական ակտի պայմաններում, որն իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում կատարելու ձախ շրջադարձ: Ուստի ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումն առ այն, որ ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանը հաստատված չէ ՀՀ կառավարության 2007 թվականի 955-Ն որոշմամբ, ուստի վարորդը չէր կարող իմանալ այդ նշանի նշանակությունը և կատարել դրա պահանջը, անհիմն է, քանի որ, նախ՝ ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանի կարգավորման առարկան պարզ է և որևէ երկմտանքի առիթ չի կարող տալ, երկրորդ՝ ՀՀ վարչական դատարանը ակնհայտորեն դուրս է եկել գործի քննության շրջանակից՝ քննարկելով մի վարչական ակտի իրավաչափություն, որը սույն վարչական գործի շրջանակներում չի վիճարկվում: (…) Տվյալ պարագայում (…) ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատական է տրվել նշանի տեսքով կայացված և Երևան քաղաքի Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղադրված ճանապարհային նշանին (վարչական ակտ), որպիսի վարչական ակտի վիճարկման պահանջ սույն վարչական գործի շրջանակներում հայցվորի կողմից չի ներկայացվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, թե խնդրո առարկա ճանապարհային նշանը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, թե չէ, հայցվորը պարտավոր էր կատարել դրա պահանջը (քանի որ այն ուժի մեջ գտնվող վարչական ակտ է) և եթե հետագայում համաձայն չլիներ դրա հետ, ապա որևէ կերպ սահմանափակված չէր վիճարկելու այդ ճանապարհային նշանը, իսկ այդ հիմքով` նաև սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտը» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման մեջ Որոշում 1-ը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`
ա) նախազգուշացնող,
բ) առավելության,
գ) արգելող,
դ) թելադրող,
ե) հատուկ թելադրանքի,
զ) տեղեկատվական,
է) սպասարկման,
ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):
Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ եզրային գոտուց շրջադարձ է կատարել դեպի ձախ` Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:
Գոռ Ավետիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:
Դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««MERCEDES-BENZ» մակնիշի 35DV974 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 15.03.2018 թվականին ժամը 15:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը՝ երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում, որպիսի պայմաններում վարչական մարմինը, իրավաչափ կերպով, հայցվորին ենթարկել է վարչական պատասխանատվության», գտել է, որ «վիճարկվող որոշումն իրավաչափ է և բացակայում են այն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ով գոյություն չունեցող ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չի կարող վարչական զանցակազմի հիմք հանդիսանալ, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվություն», գտել է, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 22.03.2018 թվականին կայացված թիվ 1807813425 որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման վերը նշված դրույթների խախտմամբ», և Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.08.2018 թվականի վճիռը բեկանել է ու փոփոխել` հայցը բավարարել է:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Գոռ Ավետիսյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Գոռ Ավետիսյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, որպիսի դատական ակտն արդեն իսկ կայացրել է Վերաքննիչ դատարանը` բավարարելով Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, և բեկանելով Դատարանի 09.08.2018 թվականի վճիռն ու փոփոխելով այն` հայցը բավարարելով:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Որոշում 1-ն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։
Նման պայմաններում սույն վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
|