ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2021 թվականի N 1087-Ն
«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի իրականացումը,
գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության գնահատման հետագծելիության գործարկումը,
դ. Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը:
(2-րդ կետը լրաց., խմբ. 18.07.24 N 1124-Ն)
3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացում.
2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում.
3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների սորտային նույնականացման աշխատանքների կատարում.
4) բույսերի սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.
5) սերմերի և տնկանյութի հավաստագրման ծառայությունների մատուցում.
6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացում.
7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում, ապրոբատորների արտոնագրերի տրամադրում.
8) բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի և տնկանյութի վաճառք.
9) բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի, սերմնանյութի և տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացումը.
10) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում.
11) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ՝ բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.
12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացում:
(3-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 18.07.24 N 1124-Ն)
4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
7. (կետն ուժը կորցրել է 17.11.22 N 1748-Ն)
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2024, N 1124-Ն | 23.07.2024, N 1087-Ն | |
17.11.2022, N 1748-Ն | 18.11.2022, N 1087-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|