ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1027-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհուլիսի 4-ի N 1027-Լ որոշման |
Փ Ո Ր Ձ Ն Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ
1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
2. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
4. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-ից մինչև 17 տարեկան աշակերտները։
5. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պայման պետք է հանդիսանա՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը.
2) մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների առկայությունը։
6. Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 13-17 տարեկանները:
7. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:
8. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
9. Ուսումնամարզական գործընթացն իրականացվելու է նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով:
10. Ծրագրի շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող և հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողները: Դիմումների ընդունումը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Շահառուների ընդգրկումը կիրականացվի ըստ դիմելու հերթականության:
11. Հայտավորված, սակայն սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում չներառված երեխաների համար նախատեսվում է ձևավորել «սպասման» խումբ: Ընդ որում, սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում լողի 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու, կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն սույն ծրագրից օգտվելու հնարավորությունից, իսկ նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված երեխաներից:
12. Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժներ:
13. Ծրագրի մոնիտորինգն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի 10-րդ և 11-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի վարումը կիրականացնի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
14. Երեխաների հաճախումները, պարապմունքների թեմատիկ պլանը՝ համապատասխան սույն ծրագրի 9-րդ կետում նշված ծրագրի վարվելու են ծրագրի 13-րդ կետում նշված հարթակի միջոցով, որին ԿԳՄՍ նախարարությունն ունենալու է ամբողջական հասանելիություն՝ հնարավորություն ստանալով դիտարկել երեխաների բացակայությունները, պարապմունքների բովանդակությունն ու համապատասխանությունը հաստատված ծրագրին:
15. Ծրագրի մոնիտորինգի նպատակով ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները կարող են իրականացնել նախապես չտեղեկացված այցեր ծրագրում ընդգրկված լողավազաններ՝ երեխաների մասնակցության, պարապմունքների բովանդակության, մարզիչների աշխատանքի և այլ հարցերը տեղում դիտարկելու համար:
16. Ծրագրի մոնիտորինգի արդյունքում ի հայտ բերված շեղումների, որակական խնդիրների, իրականությանը չհամապատասխանող տվյալների հայտնաբերման դեպքում դրամաշնորհ ստացած կազմակերպության հետ պայմանագիրը դադարեցվում է:
17. 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները նախատեսվում է շարունակել այլ ծրագրով:
3. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
18. Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերից՝ նվազագույնը 1 տարի ժամկետով, առավելագույնը՝ 3 տարի ժամկետով:
4. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ
19. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ թվում՝ 2024 և 2025 թվականների համար ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ծախսերը կնախատեսվի իրականացնել ԿԳՄՍ նախարարության միջոցների հաշվին:
20. Իրավաբանական անձանց վճարումները նախատեսվում է իրականացնել եռամսյակային կտրվածքով՝ երեխաների փաստացի հաճախումների արդյունքների հիման վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |