ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3622-Ա |
«23» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Տարոն Խադիշյանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումների հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Տարոն Խադիշյանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումները, գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումներին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 14-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 17 շենքի տարածքում ծառի ճյուղն ընկել է Տարոն Խադիշյանի սեփականությունը հանդիսացող «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:
Տարոն Խադիշյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2024 թվականի հուլիսի 14-ին ստացված և թիվ 3858 համարով գրանցված ահազանգի կապակցությամբ կազմված նյութերը, «Էքսպերտ սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին տրված թիվ Ա-06824՝ ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով պատճառված վնասը:
2012 թվականի օգոստոսի 6-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SB614221 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Տարոն Խադիշյանի սեփականությունը:
2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի օգոստոսի 6-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 17 շենքի տարածքում 2024 թվականի հուլիսի 14-ին ժամը 20։06-ի սահմաններում կենսունակ բարդու կենսունակ ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Տարոն Խադիշյանին պատկանող «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա:
«Էքսպերտ սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին տրված թիվ Ա-06824 ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ փորձաքննության ներկայացված «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասի չափը, արժեքային արտահայտությամբ, 2024 թվականի հուլիսի 14-ի դրությամբ, գործող ՀՀ շուկայական գներով, կազմում է 357,000 (երեք հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ:
«Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղից 2024 թվականի հուլիսի 31-ին ստացված թիվ 000257 անդորրագրի համաձայն՝ «Էքսպերտ սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2024 թվականի հուլիսի 29-ին կնքված՝ փորձաքննություն կատարելու վճարովի ծառայության մատուցման մասին թիվ Ա-068 պայմանագրի հիման վրա՝ Տարոն Խադիշյանի կողմից վճարվել է 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Տարոն Խադիշյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի օգոստոսի 6-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2024 թվականի հուլիսի 14-ին ստացված և թիվ 3858 համարով գրանցված ահազանգի կապակցությամբ կազմված նյութերը, «Էքսպերտ սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Ա-06824 ապրանքագիտական եզրակացությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Տարոն Խադիշյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ Դ-95406-24 և 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Դ-99115-24 դիմումները բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Էքսպերտ սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Ա-06824 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes-Benz C230» մակնիշի «51 SD 111» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 347,000 (երեք հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամը, որպես 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Ա-06824 ապրանքագիտական եզրակացությունը ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Տարոն Խադիշյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |