ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1993 թվականի N 441
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 24-ի N 128 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգի նոր խմբագրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է սեպտեմբերի 1-ի N 441 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է, որը ենթակա է Հայաստանի Հանրապետության նախագահին և հաշվետու է նրան:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա մարմինների գործունեության կարգը որոշվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով և սույն կանոնակարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ուղղություն է տալիս նրա գործունեությանը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը (կառավարության նախագահի տեղակալը):
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության գործունեությունն իրականացվում է աշխատանքի պլաններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության աշխատանքի պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլանների նախագծերի կազմմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները, ինչպես նաև կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները:
6. Յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 1-ին Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները, ինչպես նաև կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում են առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության ու նրա նախագահության տվյալ եռամսյակի աշխատանքի պլանների մեջ հարցեր մտցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի հաստատված պլաններում փոփոխություններ կարող են մտցվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության որոշմամբ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլանների նախագծերի նախապատրաստումը, աշխատանքի հաստատված պլանների կատարման ստուգման ապահովումը դրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը յուրաքանչյուր եռամսյակ նախապատրաստում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերում քննարկված հարցերի վերաբերյալ:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8. Հայաստանի Հանրապետության կառավարություն են մտցվում նրա իրավասությանը վերաբերող հարցերը կամ այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից` ինքնուրույնաբար կամ մյուս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում`
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող մյուս մարմինների ղեկավարները.
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը.
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը.
պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները:
Սույն կետում նշված պաշտոնատար անձանց բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր կարող են մտցնել նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:
Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր մտցվում են, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ կարգադրության նախագծի ձևով:
Հայաստանի Հանրապետության կառավարություն հարց մտցնող պաշտոնատար անձը անձնական պատասխանատվություն է կրում ներկայացված որոշման կամ կարգադրության նախագծի որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և լրիվության համար:
10. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեներին ենթակա միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում Հայաստանի Հանրապետության համապատասխան վերադաս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների ու կարգադրությունների նախագծերը պետք է մշակվեն գործող օրենսդրության հիման վրա կամ պարունակեն գործող օրենսդրության փոփոխության մասին կոնկրետ առաջարկություններ, բովանդակեն քննարկվող հարցի սպառիչ վերլուծությունը, կատարողների առջև դնեն հստակ ձևակերպված նպատակներ ու խնդիրներ, պետք է շարադրվեն ստույգ, հետևողականորեն, անհրաժեշտության դեպքում նշելով առաջադրանքների կատարման ժամկետներն ու կոնկրետ կատարողները:
12. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող այն որոշումների ու կարգադրությունների նախագծերը, որոնցում շոշափվում են Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների շահերն ու իրավասությունը, պետք է նախապես համաձայնեցվեն վերջիններիս հետ:
Նորմատիվ բնույթի որոշումների նախագծերը պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ, որի համար սահմանվում է 10-օրյա ժամկետ:
Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները պետք է իրենց հետ համաձայնեցվող որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տան, որպես կանոն, դրանց ստացման օրվանից հաշված ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, կարգադրությունների նախագծերի վերաբերյալ` 3-օրյա ժամկետում, տարաձայնությունների դեպքում` հիմնավորելով առարկությունները և կցելով առաջարկվող խմբագրությունը:
13. Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի առավել կարևոր հարցերի մասին որոշումների նախագծերը պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Համաձայնեցումը հաստատվում է համապատասխան ղեկավարի կամ նրա բացակայության դեպքում ղեկավարի պարտականությունները կատարող տեղակալի կողմից` որոշման կամ կարգադրության նախագծի վրա դրված նշագրումով (վիզայով) կամ առանձին նամակով:
14. Ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների սահմանաքանակների ու նյութական ռեսուրսների առանձնացման, ֆինանսների վերաբերյալ հարցերի գծով առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն են մտցվում միայն Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման ժամանակաշրջանում (բացի այն դեպքերից, երբ այդ հարցերը տարվա ընթացում ծագում են նրանցից անկախ պատճառներով):
15. Շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված որոշումների ու կարգադրությունների նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում երկու օրինակով (որոնցից մեկը` նշագրումներով), Հայաստանի Հանրապետության նախարարի, պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, իսկ նրանց բացակայության դեպքում` նրանց պարտականությունները կատարող տեղակալների ուղեկցական նամակով:
Որոշումների և կարգադրությունների նախագծերին կցվում է նաև տեղեկանք շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցման մասին (նշելով պաշտոնը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը):
Կառավարությանը հասցեագրված գրությունները, որպես կանոն, պետք է հանձնվեն գործերի կառավարչության ընդհանուր բաժին` հաշվառելու և համապատասխան ընթացք տալու համար: Գործերի կառավարչության ընդհանուր բաժինը ստացվող գրությունները հանձնում է վարչապետի կամ փոխվարչապետի, համապատասխան պետական նախարարի աշխատակազմին` ստացման օրվանից ոչ ուշ, քան 1-օրյա ժամկետում:
16. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող որոշման կամ կարգադրության նախագծին պետք է կցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր և այլ նյութեր:
Բացատրագիրը պետք է ստորագրվի հարցը մտցնող անձի կողմից:
17. Որոշումները չկատարելու դեպքում չի թույլատրվում ընդունել նոր որոշում այդ նույն հարցով, եթե չեն ծագել չնախատեսված օբյեկտիվ հանգամանքներ:
18. Անհրաժեշտության դեպքում որոշումների և կարգադրությունների նախագծերում պետք է նշված լինեն, թե որ որոշման ու կարգադրության մեջ ու որ մասում է առաջարկվում փոփոխություններ մտցնել կամ որ որոշումները և կարգադրություններն են ուժը կորցրած ճանաչվում, կամ պետք է նախատեսվի համապատասխան որոշումները փոփոխելու կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունների նախապատրաստման վերաբերյալ հանձնարարություն:
19. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ կարգադրության նախագծի նախապատրաստումը հանձնարարվում է մի քանի նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, նախագծի ներկայացման համար պատասխանատվությունը դրվում է առաջին հասցեատիրոջ վրա: Հեղինակակիցները հավասարապես պատասխանատվություն են կրում պատասխանատու կատարողին ժամանակին առաջարկություններ, դիտողություններ և անհրաժեշտ այլ նյութեր ներկայացնելու համար:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ենթակա որոշումների նախագծերը, որպես կանոն, նախօրոք քննության են առնվում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, պետական նախարարների մոտ կայացող խորհրդակցություններում` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, ու կառավարության ղեկավարության մակագրությամբ մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության քննարկմանը:
21. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների նախագծերը կառավարության կամ նրա նախագահության քննարկման համար նախապատրաստելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները պարտավոր են դրանք համաձայնեցնել մյուս ստորաբաժանումների հետ, եթե այդ որոշումներում շոշափվում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերին վերաբերող հարցեր: Որոշման կամ կարգադրության նախագծի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում կցվում է չհամաձայնեցված հարցերի մասին տեղեկանք` շարադրելով ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդունելու աննպատակահարմարության պատճառները:
Կառավարության որոշման կամ կարգադրության նախագիծը` անհրաժեշտ բոլոր նյութերով, մինչև կառավարության ղեկավարների նախնական քննարկմանը հանձնելը, տրվում է իրավաբանական վարչություն` եզրակացության:
22. Սույն կանոնակարգի պահանջների խախտումով Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցված որոշումների, կարգադրությունների նախագծերը և մյուս նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից վերադարձվում են` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ
23. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նրա նախագահությունն իրավասու են քննարկել և ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են կառավարության (նախագահության) անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համարվում են ընդունված, եթե որոշման ընդունման օգտին քվեարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
Եթե կառավարության նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության նախագահը, ապա կառավարության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ձայնը:
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում կարող են քննարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում ընդունված որոշումները, եթե քննարկման օգտին կքվեարկեն կառավարության անդամների 1/3-ից ավելին:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են չեղյալ համարվել կամ փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության որոշումները:
25. Առանց Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցության անցկացվող Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը:
26. Ժողովրդական տնտեսության ղեկավարման ապահովման հետ կապված հարցերը և պետական կառավարման մյուս հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերն անցկացվում են կանոնավոր կերպով (ըստ անհրաժեշտության)` հինգշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
27. Նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի անցկացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստի օրակարգի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի ներկայացմամբ հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության քննարկմանը ենթակա լրացուցիչ հարցերը կարող են օրակարգի մեջ մտցվել, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից` սահմանված կարգով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերին մշտապես հրավիրվում են պաշտոնատար անձինք` համաձայն սահմանված կարգով հաստատված ցուցակի: Ըստ քննարկվող հարցերի հրավիրվող անձանց ցուցակները Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերին, բացառությամբ դռնփակների, կարող են մասնակցել կառավարության անդամները` անկախ այն բանից հրավիրված են, թե` ոչ: Հրավիրված մյուս անձինք նշված նիստերին մասնակցում են միայն իրենց վերաբերող հարցի քննարկման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերին հրավիրվում են վարչապետի խորհրդականները, օգնականները, գործերի կառավարչի տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, լրատվական ծառայության ղեկավարը: Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի մյուս պատասխանատու աշխատողները նշված նիստերին ներկա են գտնվում այն հարցերի քննարկման ժամանակ, որոնց նախապատրաստմանը նրանք մասնակցել են:
Նշված նիստերին կարող են հրավիրվել նաև գիտության գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստի մասնակիցներին և հրավիրվող պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցում է նիստի օրվա և ժամի, նիստում քննարկման ենթակա հարցերի մասին և, որպես կանոն, նիստից առնվազն երկու օր առաջ նրանց է ուղարկում անհրաժեշտ նյութերը:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցում են Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները, ինչպես նաև` նիստը նախագահողի հետ համաձայնեցնելով, պաշտոնատար այլ անձինք:
Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստին, նրանք պետք է այդ մասին զեկուցեն Հայաստանի Հանրապետության վարչապետին և ստանան նրա թույլտվությունը` նիստին համապատասխան տեղակալի մասնակցության համար:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար հատկացվում է մինչև 30 րոպե ժամանակ, զեկուցման շուրջ ելույթների համար` մինչև 10 րոպե, տեղեկանքների համար` մինչև 2 րոպե:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում զեկուցման համար հատկացվում է մինչև 10 րոպե ժամանակ, զեկուցման շուրջ ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` մինչև 2 րոպե:
Անհրաժեշտության դեպքում, նիստը նախագահողը կարող է սահմանել այլ ժամանակ:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստում տարվում է արձանագրություն, որը ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ բացակայության ժամանակ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը:
34. Նիստի ավարտից հետո որոշումների նախագծերը և դրանց կից նյութերը ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի արձանագրություններով Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնարարականներ տրվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը 24 ժամվա ընթացքում դրանք արձանագրություններից քաղվածքների ձևով ուղարկում է շահագրգիռ կազմակերպություններին:
35. Սահմանել, որ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կոլեգիաների նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս քան ամիսը 2 անգամ:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
36. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության, օրենքների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց հրապարակում է որոշումներ և կարգադրություններ, կազմակերպում ու ստուգում է դրանց կատարումը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ու կարգադրությունները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
37. Հայաստանի Հանրապետության կառավարության այն ակտերը, որոնք կրում են նորմատիվ բնույթ կամ ունեն ընդհանուր նշանակություն, ընդունվում են որոշումների ձևով:
Անհետաձգելի կամ ընթացիկ հարցերի վերաբերյալ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությունների ձևով:
38. Օպերատիվ բնույթի հարցերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ժամանակ ծագող ու որոշման կամ կարգադրության ընդունում չպահանջող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նրա նախագահությունն ընդունում է որոշումներ, որոնք կատարողներին են իջեցվում նիստերի արձանագրություններից քաղվածքների ձևով:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ստորագրում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների հավելվածներն ստորագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին ստորագրության է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը:
41. Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր որոշում և կարգադրություն Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից գրանցվում է որոշումների ու կարգադրությունների հաշվառման մատյանում` տալով հերթական համար:
42. Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին, հետաձգում չհանդուրժող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման կարիք չունեցող հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության վարչապետին ստորագրության ներկայացվել առանց նիստում դրանց քննարկման: Այդպիսի դեպքերում որոշումների նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության անդամների հետ` հարցման կարգով:
43. Այն որոշումների և կարգադրությունների նախագծերը, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ժամանակ արվել են դիտողություններ, կատարվել լրացումներ կամ ճշգրտումներ, լրամշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների կամ նիստերում կազմված հանձնախմբերի կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, նիստում ընդունված որոշման համաձայն, և, Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարների հետ համաձայնեցնելուց հետո, ներկայացվում ստորագրության:
44. Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնցում նշված չէ դրանց գործողության մեջ մտցնելու ժամկետը, ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
45. Հայաստանի Հանրապետության կառավարության` նորմատիվ բնույթ կրող կամ ընդհանուր նշանակություն ունեցող որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ժողովածուի մեջ:
46. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրություններն ընդունումից ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին և մյուս կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից սահմանված կարգով:
47. Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնք նախատեսված միջոցառումների կարևորության կամ հրատապության պատճառով ենթակա են լայն ու անհապաղ հրապարակման, զանգվածային լրատվության միջոցներով հայտնվում են ի գիտություն բոլորի:
48. Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությունները գործողության մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
49. Հայաստանի Հանրապետության կառավարության` պետական գաղտնիք պարունակող որոշումներն ու կարգադրությունները հրապարակման ենթակա չեն:
VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՅՈՒՍ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
50. Հայաստանի Հանրապետության նախագահից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդից ստացված փաստաթղթերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը նույն օրը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, պետական նախարարներին` նրանց միջև պարտականությունների բաշխման համաձայն:
51. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմներից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում այն դեպքում, երբ դրանցում բարձրացված հարցերի լուծումը մտնում է կառավարության իրավասության շրջանակների մեջ, կամ այդ հարցերը լուծում չեն ստացել համապատասխան նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմներում:
52. Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ կարգադրությունների ընդունում չպահանջող գրությունների, նամակների, հանձնարարությունների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական նախարարների կողմից ընդունվում են օպերատիվ որոշումներ` հանձնարարականների (մակագրությունների) կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ պետական նախարարների մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունների ձևով, որոնք ստորագրում են համապատասխան պաշտոնատար անձինք:
Նշված խորհրդակցությունների արձանագրությունների վարումը` ըստ քննարկվող հարցի բնույթի, դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության համապատասխան ստորաբաժանման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետին, փոխվարչապետին, պետական նախարարներին զեկուցելու համար նշված փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնարարականների (մակագրությունների) խորհրդակցությունների արձանագրությունների ձևակերպման ու կատարողներին և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին իջեցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:
53. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնարարությունները տրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական նախարարների և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի ստորագրությամբ:
54. Հայաստանի Հանրապետության պետական նախարարների ստորագրությամբ հանձնարարականներ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների կամ կառավարության և նրա նախագահության հանձնարարությունների կատարման ապահովման, Հայաստանի Հանրապետության կառավարության ու նրա նախագահության քննարկման համար որոշումների, կարգադրությունների և առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև պետական նախարարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում գործունեության կոորդինացման հարցերով:
55. Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների, կառավարության գործերի կառավարչի կողմից` իրենց իրավասությունների շրջանակներում, տրված բոլոր հանձնարարությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից պետք է կատարվեն սահմանված ժամկետներում: Հանձնարարության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն սահմանող պաշտոնատար անձի կողմից:
Այն դեպքում, երբ հանձնարարությունը տրվում է մի քանի կատարողների` մակագրության մեջ նշված առաջին հասցեատիրոջ վրա է դրվում հավաքի պարտականությունը: Հեղինակակիցները համահավասար պատասխանատվություն են կրում հանձնարարությունը ժամանակին ու որակով կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատասխանելու համար:
Հանձնարարությունը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ տրվել է ըստ էության պատասխան:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
56. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սիստեմատիկ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների ու հանձնարարությունների կատարման ստուգումը ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի գործունեության հիմքում:
57. Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պետական նախարարները պարբերաբար քննության են առնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից կառավարության որոշումների, կարգադրությունների ու հանձնարարությունների կատարման արդյունքները և օպերատիվ կարգով միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած դժվարությունները հաղթահարելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար լսում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների, նախարարների, պետական վարչությունների պետերի, գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների հաշվետվությունները կառավարության որոշումների կատարման ընթացքի և այդ որոշումների կատարման ապահովման ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված միջոցների մասին:
58. Կառավարության որոշումների, կարգադրությունների, հանձնարարությունների կատարման ստուգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների մասին կանոնադրությունների համաձայն:
VIII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
59. Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումն իրականացվում է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական և մյուս մարմիններում, ձեռնարկություններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների գործավարության վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 185 որոշմանը համապատասխան:
60. Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց նամակների քննարկման կազմակերպումը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
61. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը`
վերլուծում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված` քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին, փոխվարչապետին և պետական նախարարներին տեղեկացնում այդ աշխատանքի վիճակի մասին.
ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տարվող աշխատանքը, նշում միջոցներ` այդ աշխատանքը բարելավելու և գանգատներ ծնող պատճառները վերացնելու համար:
62. Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում քաղաքացիների ընդունելության և նրանց նամակների քննարկման գծով տարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքի վիճակի մասին Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվետվությունները պարբերաբար քննության են առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում:
IX. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
63. Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կազմակերպումը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
Գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից հաստատվող հրահանգին համապատասխան:
