ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 931-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 931-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները։
2. Միջազգային պայմանագրի անդամ պետությունում բնակվող՝ միջազգային պայմանագրի անդամ պետության քաղաքացուն և (կամ) նրա ընտանիքի անդամին (այսուհետ՝ շահառու) հաշմանդամություն սահմանում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը)՝ փորձաքննությամբ։
3. Հաշմանդամության սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը (լուսապատճենները), տվյալ միջազգային պայմանագրով և դրանից բխող իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին ուղարկում է միջազգային պայմանագրի՝ տվյալ միջազգային պայմանագրի իմաստով Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմին համարվող պետական մարմինը (այսուհետ՝ միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմին)։
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը սույն հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո սքանավորում է փաստաթղթերը և կցում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, հարուցում է վարչական վարույթ և փաստաթղթերի ուսումնասիրությամբ (հեռակա) 30 օրվա ընթացքում ընդունում է փորձաքննական որոշում (վարչական ակտ)՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի և N 2 ձևի, շահառուին հաշմանդամության խմբեր՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ սահմանելու կամ մերժելու վերաբերյալ, բացառությամբ սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի: Վարչական ակտի (որոշման) քաղվածքը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինն ուղարկում է միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմնին։
5. Շահառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթերի պահանջի առաջացման դեպքում այդ մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը գրավոր գրություն է ուղարկում միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմնին՝ նշելով ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկը:
6. Լրացուցիչ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերն ստանալուց հետո անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինն ընդունում է փորձաքննական որոշում (վարչական ակտ)՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն։ Հաշմանդամության սահմանման սկիզբ է հանդիսանում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին սույն հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը փոխանցելու օրը։
7. Անձի հաշմանդամության սահմանման վարչական վարույթի ժամկետները երկարաձգելը, վարույթը կասեցնելը, կարճելը, ընդունված որոշումները բողոքարկելը իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
8. Սույն հավելվածի 3-6-րդ կետերում նշված փաստաթղթերն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու և միջազգային պայմանագրի իրավասու պետական մարմինների միջև փոխանակվում են գրավոր և միջազգային պայմանագրով սահմանված նամակագրության լեզվով։
9. Հաշմանդամության խմբերի սահմանման չափորոշիչներն են անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները և կենսագործունեության սահմանափակումները։
10. Հաշմանդամության պատճառական կապերը սահմանվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։
11. Բացառությամբ սույն հավելվածի 12-րդ կետում նշված դեպքերի՝ 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով։
12. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված՝ վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով դեպքերում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ։
2. ԱՆՁԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ
13. Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են՝
1) հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.
2) լեզվական և խոսքի խանգարումներ՝ հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ՝ կակազում, դիզարթրիա և այլն.
3) զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.
4) հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ՝ գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.
5) ընդերային և նյութափոխանակության խանգարումներ՝ սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունաստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).
6) ձևախեղումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ՝ գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն։
3. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
14. Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են՝
1) ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
2) տեղաշարժվելու կարողություն՝ կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.
3) ուսումնառության կարողություն՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն՝ հետագայում աշխատանքային գործունեությանը մասնակցելու համար (տարիքային նորմերին համապատասխան).
4) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.
5) կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
6) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
7) սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
8) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան)։
4. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
15. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան՝
1) 1-ին աստիճան՝ ֆունկցիայի թեթև աստիճանի խանգարումներ.
2) 2-րդ աստիճան՝ ֆունկցիայի միջին աստիճանի խանգարումներ.
3) 3-րդ աստիճան՝ ֆունկցիայի ծանր աստիճանի խանգարումներ.
4) 4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խոր աստիճանի խանգարումներ։
5. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
16. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
2) 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).
3) 3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան)։
17. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.
2) 2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.
3) 3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
18. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում կամ օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.
2) 2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ կամ այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.
3) 3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:
19. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.
2) 2-րդ աստիճան՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների կամ հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:
20. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.
2) 2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:
21. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.
2) 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.
3) 3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:
22. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.
2) 2-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.
3) 3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:
23. Խաղալու կարողության սահմանափակումներն են՝
1) 1-ին աստիճան՝ խաղին ինքնուրույն մասնակցության դժվարություններ՝ ավելի երկարատև ժամանակի ծախսում՝ ընդհատումներով, ծավալի կրճատմամբ (տարիքային նորմերին համապատասխան).
2) 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).
3) 3-րդ աստիճան՝ խաղալու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան):
24. Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում։
25. Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:
6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
26. Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
1) ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն.
3) կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն.
4) հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն.
5) սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն.
6) խաղալու 3-րդ աստիճանի կարողություն՝ երեխաների դեպքում։
27. Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
1) ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն.
3) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն.
4) ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն.
5) կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն.
6) հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն.
7) սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն.
8) խաղալու 2-րդ աստիճանի կարողություն՝ երեխաների դեպքում։
28. Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:
29. Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
1) ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն.
2) տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն.
3) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն.
4) ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն.
5) կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն.
6) հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն.
7) սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն.
8) խաղալու 1-ին աստիճանի կարողություն՝ երեխաների դեպքում։
30. Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:
Ձև N 1
_______________________________________________________________________________________
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N ___________
_______________________________________________________________________________________
(հաշմանդամություն ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Հանրային ծառայությունների համարանիշը __________________
Ծննդյան ամսաթիվը՝
|
_________ օր |
_______________ ամիս |
________________ տարեթիվ |
Սեռը՝ արական □, իգական □
Հասցեն և հեռախոսահամարը
_____________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ում կողմից է տրված
_______________________________________________________________________________________
Փորձաքննությունը կատարվել է /_____________ 20 թ./______________ 20 թ.
(սկիզբ) (ավարտ)
Փորձաքննությունը ______________________________________________________________________
(առաջնակի, վերափորձաքննություն)
Հաշմանդամության
շարժը _________________________________________________________________________________
(գրել նախկին որոշումը)
Հաշմանդամության խումբը (գրել նաև տառերով) ______________ 1-ին
_________________ 2-րդ
_________________________ 3-րդ
Հաշմանդամության պատճառը ____________________________________________________________
Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության
սահմանափակում _____________________ աստիճանի
Հաշմանդամությունը սահմանվել է մինչև /__ / _____________20 թ.
Վերափորձաքննության ժամկետն է /__ / _____________20 թ.
Վարչական ակտերի գրանցամատյանում հերթական համարը ____________
ԱՖԳ և ԱՄ վարչության պատասխանատու / _____________ / _____________ /
(վերագնահատման ապահովման բաժնի պետ) (ազգանուն) (ստորագրություն)
_____________________ (ազգանուն) |
_________________ (ստորագրություն) |
/ _____ / ___________ 20 թ.
Կ.Տ.
Ծանուցում. վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։
Ձև N 2
_______________________________________________________________________________________
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N ___________
Տրվում է
քաղաքացի _____________________________________________________________________________
Ծննդյան ամսաթիվը ________ _________________ _______ թ․
Հասցեն ________________________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ում կողմից է տրված
Դուք փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեք ճանաչվել։
ԱՖԳ և ԱՄ վարչության պատասխանատու ____________ _____________
(վերագնահատման ապահովման բաժնի պետ) (ազգանուն) (ստորագրություն)
_____________________ (անուն, ազգանուն) |
_________________ (ստորագրություն) |
_____ ______ ________ 20 թ.
Կ.Տ.
Ծանուցում. վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական: