ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3032/05/23 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3032/05/23 | ||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ա. Թովմասյան | |
Ռ. Հակոբյան |
2024 թվականի հուլիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուզաննա Միրզոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ, վարչական գործով՝ ըստ հայցի Ռուզաննա Միրզոյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ՝ Գրիգորի Հովսեփյան՝ Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչել) պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուզաննա Միրզոյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվությունը։ Միևնույն ժամանակ ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Պետրոսյան) 02․05․2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Միրզոյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ․ Խանդանյան) 06․07․2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Միրզոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.05.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Ռուզաննա Միրզոյանը 12․09․2023 թվականին կրկին ներկայացրել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 13․09․2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Միրզոյանի միջնորդությունը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է․ կասեցվել է Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության կատարումը՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31․10․2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Գրիգորի Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13․09․2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը վերացվել և կայացվել է նոր դատական ակտ․ Ռուզաննա Միրզոյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Միրզոյանը (ներկայացուցիչ՝ Նելլի Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 27-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «Բաբայան–Լատ Նախագիծ» ՍՊԸ–ի կողմից տրված թիվ Հ․38 Տ-ԲՀ-23 եզրակացությանը և ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 320-Վ/023 մասնագիտական եզրակացությամբ և «Բաբայան–Լատ Նախագիծ» ՍՊԸ–ի կողմից տրված թիվ Հ․38 Տ-ԲՀ-23 եզրակացությամբ հիմնավորվել է, որ Գրիգորի Հովսեփյանի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքը կառուցվել է անմիջապես Ռուզաննա և Գագիկ Միրզոյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան պատին կից և գործարկված շինարարական տեխնիկայի կողմից շինության հիմքի քանդման աշխատանքների հետևանքով վնասվել են նրանց բնակելի տան պատերը, իսկ կառուցապատվող շինության 5-6 մետր խորությամբ հիմքի հորատման հետևանքով սեյսմիկ անկայուն վիճակում են հայտնվել բնակելի տան հիմնապատերը, քանդվել և ճաքեր են առաջացել բնակելի տան պատերին, որպիսի հետևանքներն ուղղակիորեն ազդում են վերջիններիս բնակելի տան սեյսմակայունության վրա, այն է՝ ամեն վայրկյան առկա է բնակելի տան փլուզման հավանականություն, որն էլ վտանգ է առաջացնում նրանց կյանքին և առողջությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13․09․2023 թվականի որոշմանը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման առանձնահատկություններին:
Դատարան դիմող սուբյեկտի՝ արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելուն է ուղղված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Վկայակոչված նորմերից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման հայցի հարուցմամբ պայմանավորվում է նաև այդ ակտի կատարման կասեցումը, որպիսի կարգավորման նպատակը, ըստ էության, հանգում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը։ Սակայն օրենսդիրը ընդհանուր կանոնից նախատեսել է բացառություններ, որոնց առկայության դեպքում վարչական ակտի վիճարկման պահանջը դատարանի քննության առարկա դառնալու փաստը դեռևս բավարար չէ դրա կատարումն օրենքի ուժով կասեցված համարվելու համար։ Նման բացառություններից է, ի թիվս այլնի, վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ համարվող վարչական ակտի կամ զուգորդվող վարչական ակտի դեպքում՝ հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթների վիճարկման դեպքը, որպիսի պարագայում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմանը հայցվորը կարող է հասնել միայն միջնորդություն ներկայացնելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմանների առկայությունը հիմնավորելու դեպքում, որին կհաջորդի դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի՝ որպես անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցի կիրառման առանձնահատկություններին, նշել է, որ նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե հայցվորի կողմից ներկայացվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, ՀՀ վարչական դատարանի կողմից պահանջվում է հետևյալ հաջորդական քայլերի կատարումը․
1) պարզել՝ արդյո՞ք առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքը, այն է՝ օրենքով նախատեսված է տվյալ վարչական ակտի անհապաղ կատարում, որպիսի պայմաններում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորությունն առհասարակ բացակայում է, ըստ այդմ՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունն առարկայազուրկ միջնորդություն է և որպես այդպիսին ըստ էության քննարկման ենթակա չէ,
2) պարզել՝ արդյո՞ք առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերից որևէ մեկը․ եթե այդ դեպքերից որևէ մեկն առկա չէ, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունն այս իրավիճակում ևս առարկայազուրկ միջնորդություն է և որպես այդպիսին ըստ էության քննարկման ենթակա չէ,
3) ըստ էության քննարկել վիճարկվող վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը, եթե բացակայում են վերը նշված իրավիճակները, այն է՝ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերից որևէ մեկը (տե՛ս, «ՎԻ ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ թիվ ՎԴ/4114/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում դատարանի եզրահանգումը պայմանավորված է հայցվորի կողմից իր միջնորդությամբ նշված հանգամանքների հիմնավորման աստիճանով, որոնք պետք է ուղղված լինեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածի ձևավորմանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ բացի վերոնշյալ պայմաններից, դատարանը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք հայցվորի փաստարկներն ուղղված են վիճարկման հայցի հարուցումից հետո կատարվող գործողությունների կասեցմանը, թե՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ դատարանը պետք է պարզի, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը, որոնցով վերջինս հիմնավորում է վարչական ակտի կատարմամբ իրեն զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության առաջացման հանգամանքները, վերաբերում են դատական պաշտպանության դիմելուց հետո իրականացվելիք գործողությունների կասեցմանը, թե նախքան դատարան դիմելն իրականացված գործողություններին։
Այսպես, վարչական ակտը համապատասխան իրավասու մարմնի կողմից կայացվելուց և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո սկսում է փաստական և իրավական հետևանքներ առաջացնել դրա հասցեատիրոջ կամ այն անձանց համար, ում իրավունքներին և շահերին այն առնչվում է։ Հետևաբար, նախքան դատական պաշտպանության դիմելը հնարավոր է իրավիճակ, որ վարչական ակտի կատարումն արդեն իսկ հետևանքներ առաջացրած լինի դատարան դիմող սուբյեկտի համար։ Դա հատկապես հնարավոր է այն դեպքերում, երբ հայցվորը վարչական ակտի հասցեատերը չէ, և վարչական ակտի գոյության մասին օբյեկտիվորեն տեղեկանում է այն ժամանակ, երբ այն արդեն իսկ սկսել է կատարվել և որոշակի հետևանքներ առաջացնել իր համար։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ վիճարկման հայցով ներկայացված պահանջով պայմանավորված դրա կատարումն օրենքի ուժով ենթակա չէ կասեցման, և հայցվորը պետք է ներկայացնի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն, ապա վերջինս, ի թիվս օրենսդրությամբ նախատեսված պահանջների, պետք է հիմնավորի, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները վերաբերում են ապագայում առաջացող կամ միջնորդությունը ներկայացնելու պահին կատարվող գործողությունների կասեցմանը, որոնց չկասեցումը զգալի վնաս կպատճառի հայցվորին կամ անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն՝ նման միջնորդությունը չի կարող վերաբերել նախքան վիճարկման հայցով դատարան դիմելն իրականացված գործողություններին․ հայցվորը չի կարող զգալի վնասի կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը հիմնավորել այնպիսի ապացույցներով, որոնք վերաբերում են արդեն իսկ առաջացած վնասին կամ նախքան դատարան դիմելն առկա փաստացի իրադրությանը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հայցվորը ներկայացնում է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն՝ այն հիմնավորելով այնպիսի ապացույցներով, որոնք վկայում են արդեն իսկ վարչական ակտի կատարմամբ առաջացած հետևանքների մասին, ապա դատարանը պետք է միջնորդությամբ նշված փաստարկների և դրանք հիմնավորող ապացույցների ուսումնասիրության արդյունքում պարզի, թե արդյոք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է վարչական ակտի հետագա կատարմամբ հայցվորին պատճառվելիք զգալի վնասի առաջացման հնարավորությունը կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ռուզաննա Միրզոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվությունը:
Ռուզաննա Միրզոյանը 12․09․2023 թվականին Դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն՝ պահանջելով ամբողջությամբ կասեցնել Երևանի քաղաքապետի կողմից Գրիգորի Հովսեփյանին 30․01․2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության կատարումը։ Ներկայացված միջնորդությունը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ իրականացվող բազմաբանակարան շենքի կառուցման ամենօրյա շինարարական աշխատանքներն էական վնաս են պատճառում իրեն պատկանող բնակելի տանը՝ հանգեցնելով պատերի, հատակի ճաքերի ավելացմանը՝ ազդելով բնակելի տան սեյսմակայունության վրա, դրանով իսկ ոչ միայն ստեղծելով բնակելի տան փլուզման հավանականություն, այլև վտանգելով իր և Գառնիկ Միրզոյանի կյանքը և առողջությունը։
Նշվածի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 320-Վ/023 մասնագիտական եզրակացության՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքները հնարավոր է առաջացել են հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ կատարված հիմնափոսի փորման, շինարարական աշխատանքների և շինարարական տեխնիկայի գործածման արդյունքում, ինչի պարագայում թուլացել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 տան հիմքը, հիմնակմախքը, հենապատերը՝ հանգեցնելով ընդհանուր կառույցի նստվածքի, որոնք արտահայտվել են ի հայտ եկած բազմաթիվ ճաքերով և տեխնիկական վնասվածքներով (հավելված, գ.թ. 72-75)։
Դատարանը 13․09․2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Միրզոյանի միջնորդությունը՝ Երևանի քաղաքապետի կողմից 30․01․2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվությունը կասեցնելու մասին, բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(…) սույն դեպքում հաղթահարված է «հիմնավոր կասկածի» շեմը, քանի որ միջնորդությանը կից ներկայացված թիվ 320-Վ/023 մասնագիտական եզրակացությամբ հաստատվում է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ են եկել մեխանիկական վնասվածքներ, թուլացել է թիվ 17/1 տան հիմքը, հիմնակմախքը, հետապատերը՝ հանգեցնելով ընդհանուր կառույցի նստվածքի, որոնք արտահայտվել են ի հայտ եկած բազմաթիվ ճաքերով և տեխնիկական վնասվածքներով: Միաժամանակ մասնագետը հնարավոր է համարել, որ վերը նշված թերությունները ի հայտ են եկել հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ կատարված հիմնափոսի փորման, շինարարական աշխատանքների և տեխնիկայի գործածման արդյունքում:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ առնվազն ողջամիտ կասկած առկա է, որ շինարարական աշխատանքների շարունակելը կարող է հայցվորին պատճառել զգալի վնաս՝ պայմանավորված իր բնակարանի վիճակի վատթարացմամբ, ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ կասեցնել Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականի թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության կատարումը»: (հավելված, գ.թ. 102-104)։
Վերաքննիչ դատարանը 31․10․2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Գրիգորի Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 13․09․2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը վերացրել և կայացրել է նոր դատական ակտ՝ Ռուզաննա Միրզոյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է՝ հետևյալ հիմնավորմամբ․ «(…) վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (հիմնավոր կասկածին), (…) տվյալ դեպքում նշված փաստարկը և այն հիմնավորող ապացույցը նշանակություն ունեն վիճարկվող վարչական ակտի՝ Երևանի քաղաքապետի կողմից կառուցապատող Գրիգորի Հովսեփյանին 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության իրավաչափությունը ստուգելու, այսինքն՝ գործն ըստ էության լուծելու համար, հետևաբար ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:
Հաջորդիվ, նշված Եզրակացության (…) «Եզրակացություն» բաժնում շարադրված այն հետևությունները, որոնք վերաբերում են հայցվորի՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Վ. Վահյան փողոց, թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքներին, ունեն հավանական (հիփոթետիկ) բնույթ («(…) Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքները հնարավոր է առաջացել են հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ կատարված հիմնափոսի փորման, շին. աշխատանքների և շին. տեխնիկայի գործածման արդյունքում (…)»), մինչդեռ, ինչպես վերն արդեն նշվել է, վիճարկվող վարչական ակտի կասեցման նախապայմանը վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունն է:
(…) քննարկվող միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն ձևավորում հիմնավոր կասկած առ այն, որ Երևանի քաղաքապետի կողմից կառուցապատող Գրիգորի Հովսեփյանին 30.01.2023 թ. տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության կատարումը զգալի վնաս կհասցնի հայցվորին, որպիսի պայմաններում անհիմն է համարում հակառակի վերաբերյալ Դատարանի եզրահանգումը (հավելված 2, գ.թ. 71-84)։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից Ռուզաննա Միրզոյանը ներկայացրել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 320-Վ/023 մասնագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «(…) փորձագետի դիտարկմամբ թիվ 01-012-0321-0059 կադաստրային ծածկագրով հողատարածքի վրա ծանրաբեռնված շինությունը կառուցվել է խախտումներով և կառուցապատողի կողմից չեն պահպանվել ՀՀՇՆ շինարարական նորմերով սահմանված պահանջները, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 24․10․2014 թվականի թիվ 263 հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-014-2014 «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 10-րդ կետի 78, 79, 80 և 81 ենթակետերով սահմանված պահանջները։
Ամփոփելով փորձաքննության, հետազոտության և ուսումնասիրությունների արդյունքները՝ փորձագետի դիտարկմամբ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքները հնարավոր է առաջացել են հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ կատարված հիմնափոսի փորման, շին. աշխատանքների և շին. տեխնիկայի գործածման արդյունքում, ինչի պարագայում թուլացել է թիվ 17/1 տան հիմքը, հիմնակմախքը, հենապատերը՝ հանգեցնելով ընդհանուր կառույցի նստվածքի, որոնք արտահայտվել են ի հայտ եկած բազմաթիվ ճաքերով և տեխնիկական վնասվածքներով»։
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ նշել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքների առաջացման հավանականությունը պայմանավորվել է խնդրո առարկա հասցեին հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ հիմնափոսի փորման, շինարարական աշխատանքների կատարման և շինարարական տեխնիկայի գործածման հետ։ Բացի այդ, վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից հայցվորը ներկայացրել է նաև լուսանկարներ, որոնցում նկատելի են բնակելի տան տարբեր հատվածներում, մասնավորապես՝ պատերին, հատակից դեպի առաստաղ և հակառակ ուղղությամբ ձգվող ճաքեր ու բացվածքներ։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բովանդակությանը՝ հավելել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14․02․2024 թվականի որոշումը)։
Վերը նշվածի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվոր Ռուզաննա Միրզոյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ հայցվորը ոչ միայն նկարագրել է խնդրո առարկա հասցեում և դրան հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացիկ վիճակը (հինգհարկանի բազմաբնակարան բնակելի շենքի կառուցումը, 5-6 մետր խորությամբ հիմքի հորատման աշխատանքները, բազմաբնակարան բնակելի շենքի տեղադրությունը, դիրքն ու հայցվորի բնակելի տանը վերջինիս կցակառուցված լինելը), այլև մեկնաբանել է, թե տվյալ դեպքում ինչպես է դրսևորվում իրեն զգալի վնասի պատճառումը, ինչպես նաև ներկայացրել է որոշակի ապացույցներ, որոնք իրենց համակցությամբ բավարար են ձևավորելու համար հիմնավոր կասկած առ այն, որ վեճի առարկա վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին պատճառվել է զգալի վնաս։ Սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացրած փաստարկներն ու ապացույցները վերաբերում են ոչ թե վերջինիս զգալի վնասի հասցման հնարավոր ռիսկի հիմնավորմանը, այլ արդեն իսկ պատճառված վնասին։
Հետևաբար, նույնիսկ այն դեպքում, երբ հաստատված համարվի, որ հայցվորին պատճառված վնասը վերջինիս պատկանող գույքին հարակից շինարարության հետևանքով է հասցվել, դա դեռևս բավարար չէ՝ փաստելու, որ այդպիսի վնաս հետագայում նույնպես կհասցվի շինարարությունը շարունակելու պարագայում, քանի որ սույն վարչական գործում առկա լուսանկարների ուսումնասիրությունից հետևում է, որ շինարարության արդյունքում արդեն իսկ շենքը կառուցվել է, որպիսի պայմաններում հայցվորի ներկայացրած փաստերը բավարար չեն իրեն հետագայում վնաս հասցնելու հիմնավոր կասկած առաջացնելու համար։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ հայցվորի՝ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և կից ապացույցները նշանակություն ունեն վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի փաստարկները վերաբերում են վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձևավորմանը, հետևաբար վարչական ակտի կատարմամբ զգալի վնաս պատճառելու փաստի վկայակոչման պարագայում հայցվորը պետք է ապացուցեր պատճառվելիք վնասի խստության, լրջության որոշակի մակարդակի, դրա զգալի լինելու հանգամանքները, որպիսի փաստերը կարող էին հաստատվել համապատասխան ապացույցներ ներկայացնելու միջոցով, ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ և գնահատական տար վարչական ակտի կատարման վերաբերյալ միջնորդության բավարարման կամ մերժման տեսանկյունից հայցվորի ներկայացրած փաստարկների և դրանք հաստատող ապացույցների հիմնավորվածության հարցին։
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը բողոքաբերը պայմանավորել է միայն իրեն զգալի վնասի պատճառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից Ռուզաննա Միրզոյանը ներկայացրել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 320-Վ/023 մասնագիտական եզրակացությունը, ըստ որի՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Վ. Վահյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակելի տան ներքին հարդարանքում ի հայտ եկած մեխանիկական վնասվածքները հնարավոր է առաջացել են հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ կատարված հիմնափոսի փորման, շին. աշխատանքների և շին. տեխնիկայի գործածման արդյունքում, ինչի պարագայում թուլացել է թիվ 17/1 տան հիմքը, հիմնակմախքը, հենապատերը՝ հանգեցնելով ընդհանուր կառույցի նստվածքի, որոնք արտահայտվել են ի հայտ եկած բազմաթիվ ճաքերով և տեխնիկական վնասվածքներով։
Տվյալ դեպքում թե՛ հայցադիմումով նշված փաստերից, թե՛ վերը նշված եզրակացությամբ և նրանում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ բազմաբնակարան բնակելի շենքի հիմնափոսի փորման աշխատանքներն ավարտված են, և գոյություն ունի արդեն կառուցված շինություն՝ որոշակի ավարտվածության աստիճանի։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ունենա պրևենտիվ (կանխարգելիչ) բնույթ, այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ուղղված լինի հիմնավոր կասկածի հիման վրա ձևավորված՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վտանգի կանխմանը, այլապես վարչական ակտի կատարման կասեցումը կլինի ինքնանպատակ:
Սույն վարչական գործով կասեցման միջնորդությամբ հայցվորը որպես զգալի վնասի պատճառման հիմք նշել է միայն Ռուզաննա և Գագիկ Միրզոյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան պատին կից գործարկված շինարարական տեխնիկայի կողմից շինության հիմքի քանդման և կառուցապատվող շինության հիմքի հորատման աշխատանքները, որոնք, ինչպես նշվեց, թե՛ միջնորդության ներկայացման և թե՛ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամանակ արդեն իսկ ավարտված են եղել։
Վերը նշվածի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվոր Ռուզաննա Միրզոյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ ներկայացված փաստարկները, ինքնին, բավարար չեն վեճի առարկա վարչական ակտի կատարման պայմաններում հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկածի ձևավորման համար, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հայցվորին մինչև Դատարան հայց ներկայացնելը արդեն իսկ պատճառվել է հայցվորի կողմից նշված ենթադրյալ վնասը, մասնավորապես՝ խնդրո առարկա հասցեին հարակից նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ժամանակ հիմնափոսի փորման, շինարարական աշխատանքների կատարման և շինարարական տեխնիկայի գործածման հետևանքով բնակելի տան տարբեր հատվածներում առաջացած ճաքերը ու բացվածքները։ Հետևաբար հայցվորի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ նշված հիմնավորումները ժամանակավրեպ են, քանի որ նման պայմաններում խոսք չի կարող լինել՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու ենթադրյալ վտանգը կանխելու մասին։
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քանի որ հայցվորի կողմից միջնորդությամբ նշված ենթադրյալ զգալի վնասն արդեն իսկ պատճառվել է, ուստի նշված փաստարկները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետի կողմից 30.01.2023 թվականին տրված թիվ 01/18/-Դ-3944-65 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու համար։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ա. Թովմասյան Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: