ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1186-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) կարգի 4-րդ կետում «ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված» բառերը փոխարինել «ուղղությամբ (առանց վարորդի և վառելիքաքսուքային նյութերի ծախսի ներառման) ձևավորված շուկայական միջին» բառերով.
2) կարգի 6-րդ կետում «միջոցներին» բառը փոխարինել «միջոցին» բառով, իսկ «միջինացված» բառը՝ «միջին» բառով.
3) կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն համարժեք փոխհատուցման չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կենտրոն) կողմից, որի նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կենտրոն է ներկայացնում տրանսպորտային միջոցը ներգրավելիս կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ակտի և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված արձանագրության պատճենները:».
4) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ներգրավված տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին վերադարձնելու օրը կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից, որում նշվում են տրանսպորտային միջոցի օգտագործման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցին նյութական վնաս հասցված լինելու դեպքում՝ վնաս հասցված տրանսպորտային միջոցի մասերի, սարքավորումների կամ հանգույցների ցանկը և վնասվածքների բնույթը, հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու կամ հասցված վնասը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով վերականգնելու հնարավորությունը, ինչպես նաև բաց թողնված օգուտը հիմնավորող փաստաթղթեր ներկայացված լինելու դեպքում՝ այդ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը: Կազմված արձանագրության երկու օրինակներն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձի և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ներկայացուցչի կողմից:».
5) կարգի 10-րդ կետի առաջին նախադասությունում «դիմաց՝» բառը փոխարինել «և» շաղկապով, իսկ «ողջամիտ ժամկետում» բառերը՝ «ներգրաված տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին վերադարձնելու օրվանից հետո ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական: