ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1348-Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1348-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1․ Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը պարտադիր է հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար։
3․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների վիճակի (մնացորդի) և շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով։
4․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման գրանցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործարքների և գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը։
5․ Սույն կարգի կիրառության իմաստով ակտիվներ և պարտավորություններ են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակտիվները և պարտավորությունները։
6. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթների հիման վրա, իսկ դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում՝ հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա։
7․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարվում է անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման միջոցով։
8. Անալիտիկ (վերլուծական) հաշվառում է համարվում առանձին միավոր ակտիվի և առանձին միավոր պարտավորության սկզբնական և հաշվեկշռային արժեքի հաշվարկման միջոցով հաշվառման վարումը` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները։
9. Սինթետիկ (ընդհանրացված) հաշվառում է համարվում անալիտիկ (վերլուծական) հաշվառման հիման վրա ակտիվների և պարտավորությունների խմբերի ընդհանրացված հաշվառումը՝ արտացոլելով հետագա փոփոխությունները։
10. Ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են սկզբնական և հաշվեկշռային արժեքով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վերագնահատման դեպքերի։
11. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց։
12․ Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները հավաքվում և համակարգվում են ժամանակագրական կարգով՝ էլեկտրոնային եղանակով:
13․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը որպես անհատ ձեռնարկատիրոջ ակտիվներ և պարտավորություններ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու հանգամանքը։
14․ Հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցած անհատ ձեռնարկատերերն ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարում են հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: