ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1484-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» N 954-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետի և 4-րդ կետի 2-րդ ենթակետի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)՝ 30:
3. Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակացույցով սահմանված ժամկետներում համապատասխան դասարաններում բազմահամակազմ դասարաններ չեն ձևավորվում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի 2-րդ ենթակետերի, 6-րդ, 7-րդ կետերի, որոնց ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը: Հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուժի մեջ են մտնում 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1484-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Դասարանը առարկայական միևնույն ծրագիրն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
3. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով, կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական)՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)՝ յուրաքանչյուր կիսամյակի համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված՝ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված՝ ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
4. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարան ձևավորվում է, եթե սովորողների թիվը գերազանցում է՝
1) սույն որոշման 2-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին.
2) սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին:
5. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը՝
1) սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է.
2) սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:
6. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով՝
1) արհեստ և արվեստ.
2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
7. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից։
8. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է՝
1) առավելագույնը 15 սովորող.
2) կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)՝ առավելագույնը 6 սովորող:
9. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի գերազանցում դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է:
10. Սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով:
11. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:
12. Միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր՝ համաձայն սույն հավելվածի 3-րդ կետի։
13. Դասարանում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող։»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2023 թվական: