ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1994 թվականի N 197
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել աշխատավորական կոլեկտիվներին «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
1. «Փոքր» օբյեկտի սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը (այսուհետև` վարչություն) որոշման մեջ նշված ժամկետներում ապահովում է օբյեկտի գույքագրումը և օբյեկտի գնի որոշումը:
2. Օբյեկտի սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահից «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 2 հոդվածի 6-րդ կետում սահմանված աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող և օբյեկտի սեփականաշնորհմանը մասնակցել ցանկացող անձինք գրանցվում են համաձայն
«Սեփականաշնորհման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգի»: Գրանցվող անձը տվյալ օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ է ստանում համապատասխան տեղեկանք ստանալուց հետո:
3. Օբյեկտի գինը որոշելուց հետո վարչությունը 5 օրվա ընթացքում գրավոր առաջարկում է տվյալ օբյեկտի աշխատավորական կոլեկտիվին օբյեկտը ձեռք բերել հաշվարկված մեկնարկային գնով` համաձայն սույն կարգի թիվ 1 ձևի * (ձևերը չեն կցվում): Առաջարկը գրանցվում է վարչությունում` համապատասխան մատյանում, իսկ օբյեկտի ղեկավարը պարտավոր է գրավոր առաջարկի երկրորդ օրինակի վրա կատարել գրառում` ստացման մասին, և ստորագրել:
Գրավոր առաջարկի մերժման դեպքում վարչությունն այդ մասին 2 օրվա ընթացքում տեղյակ է պահում հանձնաժողովին:
4. Նշված գնով օբյեկտը ձեռք բերելու վերաբերյալ գրավոր առաջարկը վարչությունից ստանալուց հետո օբյեկտի ղեկավարը կամ լիազորված այլ անձը հրավիրում է օբյեկտի ցուցակային կազմում ընդգրկված աշխատողների **) ժողով, որը պետք է կայացնի օբյեկտը նշված արժեքով գնելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշում` համաձայն սույն կարգի թիվ 2 ձևի: Որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ: Առաջարկը համարվում է ընդունված, եթե երկուսից ավելի ցուցակային կազմ ունեցող կոլեկտիվի առնվազն 51 տոկոսը համաձայնվել է դառնալ սեփականատեր և օբյեկտը գնել առաջարկված գնով:
(** - Աշխատողի ցանկությամբ ժողովին կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը):
Ցուցակային կազմով երկու աշխատող ունեցող օբյեկտի կոլեկտիվը տվյալ օբյեկտի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ստանում է միայն այն դեպքում, երբ երկու աշխատողներն էլ ցանկություն են հայտնել դառնալ սեփականատեր: Աշխատողներից որևէ մեկի անհամաձայնության դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իր նախապատվության իրավունքից:
Օբյեկտը գնելու մասին որոշումն ընդունելու դեպքում ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրում է լիազորված անձ` օբյեկտի սեփականաշնորհման գործընթացում տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև` ՍՊԸ) ներկայացնելու համար:
Ցուցակային կազմով մեկ աշխատող ունեցող օբյեկտն առաջարկվում է տվյալ պահին այդ օբյեկտում աշխատողին, որը համաձայնության դեպքում ներկայացնում է համաձայնագիր, համաձայն սույն կարգի թիվ 3 ձևի:
5. Օբյեկտի ձեռքբերման մասին որոշումն ընդունելու դեպքում ընտրված լիազորված անձը (ցուցակային կազմով մեկ աշխատող ունեցող օբյեկտի համար` տվյալ աշխատողը) հրավիրում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողով` առնվազն 3 օր առաջ տեղյակ պահելով դրա հրավիրման տեղի, օրվա և ժամի մասին: Ժողովի անցկացման տեղի, օրվա և ժամի մասին միաժամանակ տեղյակ են պահվում նաև վարչությունը և օբյեկտի կադրերի բաժինը: Ժողովին հրավիրվում են սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք: Ժողովին մասնակցելու հրավերը ստանալը հաստատվում է հատուկ մատյանում` աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած` հրավիրված անձի ստորագրությամբ: Հրավերը չստանալու դեպքում կոլեկտիվի անդամները կարող են ժողովի հրավիրման մասին տեղեկություններ ստանալ վարչությունից կամ օբյեկտի կադրերի բաժնից: Ժողովը հրավիրվում է աշխատավորական կոլեկտիվի անդամ հանդիսացողների գրանցման ավարտից ոչ շուտ, քան երեք օր հետո: Ժողովը, համաձայն սույն կարգի թիվ 4 ձևի, կայացնում է որոշում`
ա) օբյեկտի սեփականաշնորհման նպատակով տնտեսական ընկերակցություն կամ ՍՊԸ ստեղծելու մասին.
բ) ելնելով օբյեկտի առաջարկված գնից, սահմանում է տնտեսական ընկերակցության կամ ՍՊԸ կանոնադիր ֆոնդի մեծությունը և անդամներին հասանելիք բաժնեմասերի չափը: Բաժնեմասերը բաշխվում են օրենքի 27 հոդվածի 4-րդ կետի համաձայն: Յուրաքանչյուր անդամի` իրեն հասանելիք բաժնեմասին համաձայնությունը հաստատվում է նրա ստորագրությամբ և վավերացվում նոտարական կարգով:
6. Ցուցակային կազմով մեկ աշխատող ունեցող օբյեկտի համար աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ունեցող այլ անձանց բացակայության դեպքում ստեղծվում է անհատական ձեռնարկություն: Ժողովից աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ունեցող այլ անձանց բացակայության մասին կազմվում է տեղեկանք` համաձայն սույն կարգի թիվ 5 ձևի:
7. Տնտեսական ընկերակցությունը, ՍՊԸ կամ անհատական ձեռնարկությունը պարտավոր է վարչության կողմից ներկայացված գրավոր առաջարկում նշված ժամկետում (բայց ոչ ուշ, քան այդ առաջարկի ներկայացման օրվանից հետո 20 օրվա ընթացքում)`
կատարել սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված աշխատանքները.
մուծել կանխավճար` համաձայն վարչության կողմից ներկայացված գրավոր առաջարկում նշված չափի և հաշվի համարի.
նշված փաստաթղթերը` ցուցակային կազմի մասին տեղեկանքի և կանխավճարի մուծման անդորրագրի հետ, ներկայացնել վարչություն` առձեռն, որոնց ստացման օրը գրանցվում է հատուկ մատյանում և վավերացվում տնտեսական ընկերակցության կամ ՍՊԸ կողմից լիազորված անձի կամ անհատական ձեռնարկությունը ներկայացնող անձի ստորագրությամբ:
8. Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում կոլեկտիվը զրկվում է օբյեկտը գնելու իր նախապատվության իրավունքից: Վարչությունը 3 օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է հանձնաժողովին:
9. Գրավոր համաձայնությունը վարչություն ուղարկելուց հետո տնտեսական ընկերակցության կամ ՍՊԸ անդամները պարտավոր են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցել ընկերակցությունը կամ ՍՊԸ, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում` անհատական ձեռնարկությունը և հիմնադիր փաստաթղթերի մեկ օրինակը ներկայացնել վարչություն:
10. Սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու դեպքում վարչությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում տնտեսական ընկերակցությանը, ՍՊԸ կամ անհատական ձեռնարկությանը տալ վճարման հանձնարարագիր, իսկ ընկերակցությունը կամ ՍՊԸ պարտավորվում է 30 օրվա ընթացքում հանձնարարագրում նշված գումարը վճարել համապատասխան հաշվին: Հակառակ դեպքում, օրենքի 27 հոդվածի 5-րդ կետի համաձայն, կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից, իսկ կանխավճարը չի վերադարձվում:
11. Վարչությունը վճարման անդորրագիրը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում կնքում է սեփականաշնորհման պայմանագիր և դրանում նշված ժամկետներում ապահովում օբյեկտի հանձնումը նոր սեփականատիրոջը:
Առաջին վճարումը կատարելուց հետո, 20-օրյա ժամկետում սեփականաշնորհման պայմանագրի` գնորդի մեղքով չկնքվելու դեպքում, վարչությունը դիմում է հանձնաժողովին` օբյեկտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
(11-րդ կետը լրաց. 18.06.95 N 348)