Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
17.03.2021
Дата вступления в силу
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29755/02/18

2021 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29755/02/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Պետրոսյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

     

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

        

2021 թվականի մարտի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) ներկայացուցիչ Ելենա Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

           

Պ Ա Ր Զ Ե Ց

          

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից համապարտության կարգով բռնագանձել 133.163 ՀՀ դրամ, որից 117.500 ՀՀ դրամը` որպես տուժողին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 13.500 ՀՀ դրամը` որպես կատարված փորձաքննությունների ծախսի գումար, իսկ 2.163 ՀՀ դրամը` որպես 24.10.2018 թվականից սկսած մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, 117.500 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` սկսած նույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդող օրվանից, իր կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 2.663 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն: Վճռվել է Արթուր Սարգսյանից, Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի, համապարտության կարգով, բռնագանձել 117.500 ՀՀ դրամ՝ որպես պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է: Վճռվել է նաև
Արթուր Սարգսյանից, Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի, համապարտության կարգով, բռնագանձել 13.500 ՀՀ դրամ` որպես կատարված փորձաքննությունների ծախսի գումար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված իրավաբանական ծառայության խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև, 2.350 ՀՀ դրամ՝ որպես Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2019 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ՝ Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձվել է 117.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները։
Բյուրոյի հայցը` 117.500 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 24.10.2018 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժվել է։ Դատական ծախսերի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության մասով, վերաքննիչ բողոքը մերժվել  է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 411-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 101-րդ, 105-րդ, 107-րդ և 109-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային, ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե կբավարարեր, այլ կմերժեր Բյուրոյի հայցը: Բյուրոն պարտավորությունը կատարելու համար պատասխանողներին տրամադրել է երկու ամիս ժամկետ` առանց որևէ տոկոսների վճարման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կետանցի օրը չի կարող կապվել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հետ, քանի որ կետանցի առկայությունը, ըստ էության, վճիռը կայացնելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի` տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից: Բյուրոյի համոզմամբ կետանցի օրն սկսվում է պարտավորությունը կատարելու համար տրամադրված ողջամիտ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը:

Այսինքն՝ պատասխանողները, չվճարելով գումարը, ապօրինի պահել են այն և խնայել են Բյուրոյի հաշվին, այդ թվում նաև մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ուստի մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը լիովին իրավաչափ է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ որպես փաստաբանի վարձատրության գումար Դատարանի վճռով սահմանված 10.000 ՀՀ դրամը ողջամիտ չէ, չի համապատասխանում ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» պահանջներին։

  

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը, ինչպես նաև Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 55.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

    

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ճանապարհատրանսպորտային պատահարի տվյալների մասին» արձանագրություն-համաձայնության համաձայն` 24.07.2018 թվականին ժամը 23:05-ի սահմաններում  Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Արմեն Կարապետյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենան և Վահե Բոստանչյանի կողմից վարած «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենան: Վարորդները պատահարի առաջացման մեջ չեն ընդունել իրենց մեղավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի տեղակալ Ա. Տոնոյանի 16.08.2018 թվականի գրության համաձայն` «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենան 30.04.2013 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Արթուր Սարգսյանի անվամբ, իսկ 15.08.2018 թվականի գրության համաձայն` «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենան 27.08.2015 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Վահե Բոստանչյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 20, 27):

3) Բյուրոյի 06.12.2018 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ Բյուրոյի 10.08.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Պատահարի պահին «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

4) «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր Վահե Բոստանչյանը 25.07.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

5) ՀՀ փորձագիտական կենտրոնի 08.08.2018 թվականի թիվ 67011808 եզրակացության համաձայն` պատահարի առաջացման մեջ երկու մեքենաների վարորդներն էլ մեղավոր են ճանաչվել (հատոր 1-ին, գ.թ. 14-18):

6) «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի  «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 10.08.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Վահե Բոստանչյանին փոխհատուցել պատճառված վնասի 50 տոկոսի` 117.500 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 22):

7) «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի 22.08.2018 թվականի թիվ 27365 վճարման հանձնարարականի համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից Վահե Բոստանչյանին փոխանցվել է 117.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 19):

8) Բյուրոյի կողմից 131.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Արթուր Սարգսյանին և Արմեն Կարապետյանին ուղղված 23.08.2018 թվականի թիվ Բ/18-05525 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 2-րդ կետի համաձայն՝ Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր՝ համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

Միաժամանակ ծանուցման 7-րդ կետի համաձայն՝ որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ  (հատոր 1-ին, գ.թ. 23):

9) Բյուրոյի կողմից Արթուր Սարգսյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 27.08.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24-ի դարձերես):

10) Բյուրոյի կողմից Արմեն Կարապետյանին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 24):

    

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ  դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Նույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երաշխավորման ֆոնդ՝ նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ (...):

 «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...):

 ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, ըստ հայցի Նատալյա Հակոբյանի ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդհոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն՝ օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրողն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքին զուգահեռ, օրենսդիրը նաև սահմանել է ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:  

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:

Մասնավորապես օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը՝ վճարային պարտավորության կետանցի պահը պարզելու հանգամանքը.

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):  

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար: 

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսված է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ 1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: 2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:  3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դրանք պետք է կատարվեն պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

   

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

    

Սույն գործի փաստերի համաձայն՝ 24.07.2018 թվականին ժամը 23:05-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Արմեն Կարապետյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենան և Վահե Բոստանչյանի կողմից վարած «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենան: Վարորդները պատահարի առաջացման մեջ չեն ընդունել իրենց մեղավորությունը։

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի տեղակալ Ա. Տոնոյանի 16.08.2018 թվականի գրության համաձայն` «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենան 30.04.2013 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Արթուր Սարգսյանի անվամբ։ Բյուրոյի 06.12.2018 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «OPEL ASTRA 1.2» մակնիշի 87 UQ 007 հ/հ ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ Բյուրոյի 10.08.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Պատահարի պահին «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ։ «MERCEDES-BENZ E320» մակնիշի 34 MN 049 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր Վահե Բոստանչյանը 25.07.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ: ՀՀ փորձագիտական կենտրոնի 08.08.2018 թվականի եզրակացության համաձայն` պատահարի առաջացման մեջ երկու մեքենաների վարորդներն էլ մեղավոր են ճանաչվել: «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի  «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 10.08.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Վահե Բոստանչյանին փոխհատուցել պատճառված վնասի 50 տոկոսի` 117.500 ՀՀ դրամ գումարի չափով: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի 22.08.2018 թվականի թիվ 27365 վճարման հանձնարարականի համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից Վահե Բոստանչյանին փոխանցվել է 117.500 ՀՀ դրամ:

Բյուրոյի կողմից 131.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Արթուր Սարգսյանին և Արմեն Կարապետյանին ուղղված 23.08.2018 թվականի թիվ Բ/18-05525 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 2-րդ կետի համաձայն՝ Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր՝ համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Միաժամանակ ծանուցման 7-րդ կետով որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ: Բյուրոյի կողմից Արթուր Սարգսյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 27.08.2018 թվականին, իսկ Արմեն Կարապետյանին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով:

Սույն գործով Դատարանը 10.09.2019 թվականի վճռով հանգել է հետևության, որ Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի համապարտության կարգով 117.500 ՀՀ դրամ՝ որպես վնասի փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջը հիմնավոր է, բխում է օրենքի պահանջներից և ենթակա է բավարարման, ինչպես նաև բավարարման ենթակա է Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի համապարտության կարգով 13.500 ՀՀ դրամ` որպես կատարված փորձաքննությունների ծախսի գումար բռնագանձելու պահանջը: Նույն վճռով Դատարանը Բյուրոյի պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման և բռնագանձման մասով, մերժել է` պատճառաբանելով, որ «(...)  24.10.2018թ. սկսած մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների` 2.163 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջը, ինչպես նաև 19.12.2018թ. սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի ուժով 117.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համաձայն հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջն անհիմն է՝ նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից ուրիշի դրամական միջոցներն ապօրինի կարգով պահելու փաստը չհաստատվեց»: Միևնույն ժամանակը Դատարանը վճռել է Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից հօգուտ Բյուրոյի համապարտության կարգով բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված իրավաբանական ծառայության խելամիտ վարձատրության գումար

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մասնակիորեն բավարարել է Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ «(...) տվյալ դեպքում Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագել և կետանցվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն` տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած օրվանից (117.500 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 24.10.2018 թվականից), և տվյալ ժամանակահատվածին վերաբերող մասով հայցը բավարարելու վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման: Վերոնշյալ տոկոսները կարող են հաշվեգրվել միայն նրան համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում` այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար»: Վերաքննիչ դատարանը Բյուրոյի վերաքննիչ բողոքը՝ դատական ծախսերի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության մասով, մերժել  է:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող` Վահե Բոստանչյանի, և վնաս պատճառած անձանց` Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի միջև: Այսինքն` Վահե Բոստանչյանին հատուցվել է Արմեն Կարապետյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը  հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն, ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 117.500 ՀՀ դրամ գումարը Արթուր Սարգսյանից և Արմեն Կարապետյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններս` այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ ծագում է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականությունը, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեին կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով և տվյալ դեպքում Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ոչ թե ծագել է Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջիններիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 10.08.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Վահե Բոստանչյանին փոխհատուցել պատճառված վնասի 50 տոկոսի` 117.500 ՀՀ դրամ գումարի չափով: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Արթուր Սարգսյանին և Արմեն Կարապետյանին ուղարկվել է 23.08.2018 թվականի թիվ Բ/18-05525 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցումը:

Սույն գործով հիմնավորվել է, որ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի կողմից Բյուրոյի հանդեպ ունեցած պարտավորությունը վերջինիս առաջարկած ժամկետում չի կատարվել: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի մոտ պարտավորության կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի /կամ հանգամանքի/ վրա հասնելով /կամ ավարտով/: Հետևաբար, սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Արթուր Սարգսյանը և Արմեն Կարապետյանն իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Քննարկվող պարագայում Բյուրոյի կողմից Արթուր Սարգսյանին և Արմեն Կարապետյանին ուղղված ծանուցումներով պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Բյուրոյի կողմից Արթուր Սարգսյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 27.08.2018 թվականին, սակայն Արմեն Կարապետյանին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով, ինչը հիմք է եզրակացնելու, որ վերջինս օբյեկտիվորեն չէր կարող ծանուցմամբ նախատեսված ժամկետում կատարել պարտավորությունը: Նման պայմաններում, այն հարցը, թե երբ է Արմեն Կարապետյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտականության մասին տեղեկացել, սույն գործով ունի էական նշանակություն: Ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարի նկատմամբ կիրառեր նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոյի կողմից վիճարկվող գումարի վերադարձման պարտավորության վերաբերյալ պատասխանողների իրազեկման օրը պարզելու համար դատարանը որպես չափորոշիչ պետք է ընդունի Բյուրոյի կանոններով նախատեսված` ծանուցումներն անձանց կողմից պատշաճ ստացված լինելու ժամկետների հաշվարկման կարգը: Ըստ այդմ, 23.08.2018 թվականի թիվ Բ/18-05525 ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ` 02.08.2018 թվականին ընդունված և 06.12.2018 թվականին ուժը կորցրած թիվ RL 1-001 ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 2-րդ գլխի 9-րդ կետի համաձայն` նույն կանոններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները ծանուցող անձի կողմից սկսվում են հաշվարկվել`

(...) 2) ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում` հանձնելու օրվան հաջորդող օրվանից,

3) պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, սույն վեճի լուծման համար, հարկ է հստակ տարանջատել Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողներից յուրաքանչյուրը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի  2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Դատարան նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ անդրադառնալով վճռաբեկ բողոքի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի վերաբերյալ հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը: 

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում փաստաբանի խելամիտ վարձատրության բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

          

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

       

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

            

Ո Ր Ո Շ Ե Ց

     

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2020 թվականի որոշումը մասնակիորեն՝ 117.500 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 24.10.2018 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու և փաստաբանի խելամիտ վարձատրության մասերով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և գործը բեկանված մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան