ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2017 թվականի N 1391-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների առկա պահանջարկը բավարարելու նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) անհրաժեշտ 25000 հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ապրանք) գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին և 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումն իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաներ արտադրող չինական «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից (այսուհետ՝ մատակարար)՝ համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով (այսուհետ՝ պայմանագիր)։
3. Պայմանագրում սահմանել, որ՝
1) կողմերի իրավունքների և պարտականությունների ուժի մեջ մտնելու պայման է հանդիսանում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին գնորդի կողմից մատակարարին ծանուցումը.
2) նախատեսվում է կանխավճարի հատկացում մատակարարին հետևյալ կարգով`
ա. պայմանագրի գնի 50 տոկոսը որպես կանխավճար մատակարարին վճարվում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծանուցման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում,
բ. պայմանագրի գնի 40 տոկոսը որպես կանխավճար մատակարարին վճարվում է վերջինիս՝ ապրանքի մատակարարման հնարավորության վերաբերյալ պատվիրատուին ուղարկված ծանուցումն ստանալուն հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, սույն պարբերությամբ նշված ծանուցումը մատակարարը պատվիրատուին ուղարկում է մատակարարման հնարավորությունն առաջանալու օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում.
3) ապրանքի ամբողջ խմբաքանակի մատակարարումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված կանխավճարը մատակարարին վճարվելու օրվանից հաշված 120 օրվա ընթացքում.
4) պայմանագրի գնի 10 տոկոսը մատակարարին վճարվում է ապրանքի ամբողջ խմբաքանակը պատվիրատուի կողմից ընդունվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.
5) մատակարարի կողմից հայտի և կանխավճարի ապահովում չի ներկայացվում։
(3-րդ կետը փոփ. 23.11.17 N 1474-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 7 Երևան |