ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16690/02/19 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16690/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Տ. Պետրոսյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
|
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մարտի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Գառնիկ Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Մխիթար Պատվականյանի ընդդեմ Կազմակերպության` կարգապահական տույժ հայտարարելու մասին թիվ 06-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մխիթար Պատվականյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության 17.01.2019 թվականի կարգապահական տույժ հայտարարելու մասին թիվ 06-Ա հրամանը, իրեն վերականգնել Կազմակերպության դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչի պաշտոնին, Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 17.01.2019 թվականից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` Դատարանի 19.03.2020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ ամբողջ տարածքում 16.03.2020 թվականի ժամը 18:30-ից սկսած մինչև 14.04.2020 թվականի ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն, որը հետագայում երկարաձգվել է մինչև 13.07.2020 թվականը: Նույն որոշման 21-րդ կետի հիման վրա դադարեցվել է նաև Կազմակերպության գործունեությունը, ինչի հետևանքով 09.04.2020 թվականին փոստային ծառայության միջոցով Կազմակերպությանն ուղարկված դատական ակտը հետ է վերադարձվել դատարան նույն թվականի ապրիլի 17-ին: Աշխատակազմի հետ հեռախոսազրույցից հետո դատական ակտն ուղարկվել է պատասխանողի ներկայացուցչին, որն ստացվել է 05.05.2020 թվականին: Այն բողոքարկվել է Վերաքննիչ դատարան 13.05.2020 թվականին: Բողոքին կից ներկայացվել է միջնորդություն` դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ, որը Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է:
Արդյունքում` Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, ակնհայտ խախտել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և այն փոփոխել` բավարարել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթե:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ այն հարցադրմանը, թե վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոք բերած անձին ուշ հասու լինելու (այդ թվում նաև` անհաղթահարելի ուժի հետևանքով) դեպքում բողոք բերելու բաց թողած ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժո՞վ (ex jure), թե՞ վերաքննիչ դատարանի հայեցողությամբ:
3.1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Pռrez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ 116/1997/900/1112 գանգատով Եվրոպական դատարանի, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս, Pеrez de Rada Cavanilles v. Spain, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):
Բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovռnie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև փաստել, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
3.2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տեԲս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 30.03.2020 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-74851/20 ուղեկցական գրությամբ Կազմակերպությանն է ուղարկվել Դատարանի 19.03.2020 թվականի վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 138), սակայն գործում բացակայում է այն փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը: Դատարանի կողմից Կազմակերպության հասցեով ուղարկված փոստային ծրարը հետ է վերադարձվել «Չպահանջված» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 139-140): Հետագայում` 19.03.2020 թվականի վճիռը Դատարանի կողմից 28.04.2020 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-95238 ուղեկցական գրությամբ ուղարկվել է Կազմակերպության ներկայացուցիչ Գառնիկ Ստեփանյանի հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 141), սակայն գործում բացակայում է այն փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը: Կազմակերպության ներկայացուցիչ Գառնիկ Ստեփանյանի կողմից վճիռն ստացվել է 06.05.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 142):
Կազմակերպության ներկայացուցչի կողմից 13.05.2020 թվականին փոստային առաքմամբ (հիմք` հատոր 3-րդ, գ.թ. 23-ում առկա փոստային ծրար) ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ վերջինս միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն` պատճառաբանելով, որ Դատարանի 19.03.2020 վճիռը պատասխանողի ներկայացուցչի կողմից ստացվել է «05.05.2020 թվականին» (հատոր 3-րդ, գ.թ. 05-19):
Վերաքննիչ դատարանը, 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով բողոքաբերի վերը նշված միջնորդությանը, արձանագրել է, որ «(...) միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ բողոք բերողի միջնորդությունը զուրկ է դատավարական ժամկետի բացթողնման որևէ հարգելի պատճառի վկայակոչումից /դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտում թույլ տալը/, հիմնավորված չէ և ենթակա է մերժմանե: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերը նշված որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը (հատոր 3-րդ, գ.թ. 24):
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Կազմակերպությանը (նրա ներկայացուցչին) հանձնված և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ ևԲ վճռի հանձնումը, ևԲ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Տվյալ դեպքում, սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը Կազմակերպությանն ուղարկվել է հրապարակման հաջորդ օրը ներառյալ: Ավելին, գործի նյութերով հիմնավորվում է, որ 19.03.2020 թվականի վճիռը Դատարանի կողմից Կազմակերպությանն ուղարկվել է 30.03.2020 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-74851/20 ուղեկցական գրությամբ: Միաժամանակ, պատվիրված նամակով ուղարկված վճիռը վերադարձվել է Դատարան «Չպահանջված» նշումով: Հետագայում` 19.03.2020 թվականի վճիռը Դատարանի կողմից 28.04.2020 թվականի թիվ ԴԴ9.1/Ե-95238 ուղեկցական գրությամբ ուղարկվել է Կազմակերպության ներկայացուցիչ Գառնիկ Ստեփանյանի հասցեով, որը վերջինիս կողմից ստացվել է 06.05.2020 թվականին: Ընդ որում, վճիռը փաստացի իրեն հասանելի լինելու պահից, պահպանելով մեկամսյա ժամկետը, բողոք բերած անձը փոստային առաքման միջոցով 11.05.2020 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված հանգամանքները պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Կազմակերպության միջնորդությունը զուրկ է դատավարական ժամկետի բացթողնման որևէ հարգելի պատճառի վկայակոչումից (դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտում թույլ տալը), Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն է: Տվյալ դեպքում, էական նշանակություն ունեն այն հանգամանքները, թե բողոք բերած անձին երբ է ուղարկվել դատական ակտը, երբ է վերջինիս այն եղել հասանելի, ապա նաև` արդյոք պահպանվել է օրենքով նախատեսված` այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում բողոք ներկայացնելու պահանջը (ինչը սույն պարագայում պահպանվել է):
Ավելին, բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է այն հանգամանքը, որ վիճելի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված է եղել արտակարգ դրություն, որի պայմաններում Կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ուստի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողնվել այդ հիմքով: Վճռաբեկ դատարանը նշված փաստարկի վերաբերյալ արձանագրում է հետևյալը.
ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 16.03.2020 թվականից ժամը 18:30-ից սկսած մինչև 14.04.2020 թվականը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն: Նույն որոշման հավելվածի 21-րդ կետով սահմանվել է, որ «Արտակարգ դրության ամբողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբե: Հետագայում, ՀՀ կառավարության 13.04.2020 թվականի թիվ 543-Ն որոշման 1-ին կետով, որոշվել է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 16.03.2020 թվականին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 14.04.2020 թվականից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 14.05.2020 թվականը, ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
Փաստորեն, ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշման պահանջների պահպանմամբ, դադարեցված է եղել նաև Կազմակերպության գործունեությունը: Ընդ որում, Կազմակերպության գործունեությունը դադարեցված է եղել անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ծագած հանգամանքների, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից երկրում արտակարգ դրություն հայտարարելու, հետևանքով: Նշված հանգամանքը, չնայած վերաքննիչ բողոքով ներկայացված միջնորդությամբ չի վկայակոչվել բողոք բերած անձի կողմից, այդուհանդերձ` հանդիսացել է անվիճելի, հանրահայտ փաստ: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը գնահատելիս, պետք է հաշվի առներ նաև նշված հանգամանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասանելի լինելու հանգամանքներ, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Տ. Պետրոսյան |
Զեկուցող |
Ս. Միքայելյան |
|
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: