«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1935-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.06.21 N 928-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 17 |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
Օտարերկրյա պետության հետ համապատասխան միջազգային պայմանագրի առկայության դեպքում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից, վերջինիս ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ, կարող են գործել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ:
(1-ին կետը խմբ. 25.08.11 N 1210-Ն)
2. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցչություններն աջակցում են Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը դեսպանընկալ պետության հետ:
(2-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
3. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային իրավունքի նորմերով, այդ պետության հետ Հայաստանի Հանրապետության կնքած համապատասխան միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության օրենսդրություններով և սույն կանոնադրությամբ:
(3-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
4. Առևտրական կցորդները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետություններում, եթե դիվանագիտական ներկայացուցչությունը, որում նրանք գործում են, հավատարմագրված է այդ պետություններում:
Առևտրական ներկայացուցչությունները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների հետ միջազգային պայմանագրերի առկայության դեպքում:
(4-րդ կետը խմբ. 25.08.11 N 1210-Ն)
5. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով դիվանագիտական անձնագրեր ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող առևտրական ներկայացուցիչները և սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատողները:
II. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
6. Առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը.
բ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը նպաստելը.
գ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բազմակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելը.
դ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելն ու նրանց միջև համագործակցության իրականացման հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը:
(6-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
III. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
7. Առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների գործառույթներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու դեսպանընկալ պետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը.
բ) դեսպանընկալ պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկատվություն հավաքելը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին տրամադրելը.
գ) դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը.
դ) դեսպանընկալ երկրում (երկրներում) տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը.
ե) Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը.
զ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը.
է) առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը.
ը) Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և այլ պետական մարմինների՝ դեսպանընկալ պետությունում (պետություններում) գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը.
թ) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրի կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը.
ժ) դեսպանընկալ պետությունում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը.
ժա) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը.
ժբ) Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնելը (այդ սուբյեկտների համաձայնության և անհրաժեշտության դեպքում) դեսպանընկալ պետության պետական մարմիններում։
(7-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
IV. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
8. Առևտրական կցորդները ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանության և իրենց պաշտոնի անվանմամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիք և ձևաթուղթ,
բ) առանձին բանկային հաշիվ:
(8-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
9. Առևտրական կցորդների հաստիքներն ստեղծվում և վերացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(9-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
10. Առևտրական կցորդները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(10-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
11. Առևտրական կցորդները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ պետական վարչական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է։ Առևտրական կցորդները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
(11-րդ կետը խմբ. 23.02.06 N 349-Ն, փոփ. 25.08.11 N 1210-Ն, փոփ., լրաց. 09.11.17 N 1425-Ն, խմբ. 10.06.21 N 928-Ն)
12. Առևտրական կցորդի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
(12-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
13. Առևտրական կցորդներին տրամադրվում է հավելավճար՝ բնակարանի վարձակալության համար, ինչպես նաև գրասենյակային, կապի, տրանսպորտի և այլ ծախսեր:
(13-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
14. Առևտրական կցորդները հավատարմագրվում են դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարությունում` դիվանագետների հավատարմագրման սահմանված կարգով, իսկ դեսպանընկալ պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ նաև առևտրատնտեսական հարցերով լիազոր մարմնում:
(14-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
V. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Առևտրական ներկայացուցչություններն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` դեսպանընկալ պետության հետ համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(15-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
16. Առևտրական ներկայացուցչություններն ունեն`
ա) առանձին աշխատակազմ,
բ) Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իրենց անվանմամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ,
գ) դեսպանընկալ պետությունում` առանձին բանկային հաշիվներ:
17. Առևտրական ներկայացուցչության ղեկավարի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
18. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության ղեկավարին տրամադրվում է նաև հավելավճար` բնակարանի վարձակալության համար:
19. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(19-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
20. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ:
(20-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
21. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից:
(21-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
(22-րդ կետը խմբ. 23.02.06 N 349-Ն, փոփ. 25.08.11 N 1210-Ն, փոփ., լրաց. 09.11.17 N 1425-Ն, խմբ. 10.06.21 N 928-Ն)
23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ առնվազն մեկ տարի զբաղեցնող աշխատողներից, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է: Առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են 2 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
(23-րդ կետը խմբ. 23.02.06 N 349-Ն, փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, խմբ. 10.06.21 N 928-Ն)
24. Առևտրական ներկայացուցչության ղեկավարները և աշխատողները համապատասխան պետությունում հավատարմագրվում են այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան լիազոր մարմնում:
25. Առևտրական ներկայացուցչության ղեկավարները և աշխատողները համապատասխան պետությունում օգտվում են այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) համապատասխան պետության օրենսդրությամբ:
VI. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
26. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևով առևտրական ներկայացուցչությունն ստեղծվում է դեսպանընկալ պետության հետ կնքված համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(26-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
27. Դեսպանընկալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և գործող կազմակերպությանն առևտրական ներկայացուցչության լիազորություններ վերապահվում և այդ լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ նշված կազմակերպության ղեկավարը նշանակվում է առևտրական ներկայացուցիչ և այդ պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտվող իրավաբանական անձի ներկայացուցչական գործունեության հետ կապված հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն անհրաժեշտության դեպքում նշված կազմակերպության հետ կարող է կնքել համապատասխան պայմանագիր:
(27-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
28. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք իրենց ընթացիկ գործունեության և պահպանման ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն ֆինանսավորվում:
29. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձը ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ անցկացնում է ֆինանսական աուդիտ և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Ֆինանսական աուդիտի մասին ոչ բավարար եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ իրավաբանական անձին առևտրական ներկայացուցչության լիազորություններից զրկելու և իրավաբանական անձի ղեկավարին առևտրական ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար:
(29-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
30. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք`
ա) կարող են ունենալ ձևաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություն» կամ «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ» անվանմամբ.
բ) իրենց գործունեության համար օգտագործում են իրենց սեփական բանկային հաշիվները կամ բացում նոր բանկային հաշիվ:
31. Առևտրական ներկայացուցչության լիազորություններն ստանձնել հավակնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն վկայական` նստավայր երկրում գրանցման մասին, տեղեկություններ ֆինանսական վիճակի, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ իրենց մասին (հասցեն, սեփականության ձևը, մասնագիտացումը, գործունեության ծավալները և ոլորտը, գործարար կապերն օտարերկրյա այլ պետությունների հետ, ներկայացուցչական փորձը, գրասենյակային պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ):
(31-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
32. Իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչական լիազորություններ շնորհելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացնել մրցույթ, որի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
(32-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
33. Մրցույթի պայմանները, անցկացման կարգը և ժամկետները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
34. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի ղեկավարը (առևտրական ներկայացուցիչը) համապատասխան պետությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան լիազոր մարմնում:
35. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի ղեկավարը (առևտրական ներկայացուցիչը) համապատասխան պետությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) համապատասխան պետության օրենսդրությամբ:
36. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի աշխատողներն առևտրական ներկայացուցչության աշխատողներ չեն համարվում:
VII. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 25.08.11 N 1210-Ն)
37. Առևտրական կցորդները, առևտրական ներկայացուցչությունները և առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք (այսուհետ` առևտրական ներկայացուցչություններ) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հանձնարարականներով և դեսպանընկալ պետությունում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ցուցումներով:
(37-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
38. Առևտրական ներկայացուցչություններն իրենց ընթացիկ գործունեության մասին կանոնավոր տեղեկատվություն են ներկայացնում դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
39. Առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետու են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
(39-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
40. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով:
(40-րդ կետը փոփ. 25.08.11 N 1210-Ն, 09.11.17 N 1425-Ն, 10.06.21 N 928-Ն)
(հավելվածը խմբ. 23.02.06 N 349-Ն, փոփ, խմբ. 25.08.11 N 1210-Ն, փոփ., լրաց. 09.11.17 N 1425-Ն, խմբ., փոփ. 10.06.21 N 928-Ն)
Հայաստանի Հանրապետության | |
կառավարության աշխատակազմի | |
ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |