ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0349/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0349/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Դերենիկ Հայրապետյանի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ վերջնահաշվարկ կատարելու և վճարելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար հատուցելու, աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը հանձնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դերենիկ Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար հատուցում միջին աշխատավարձի չափով, աշխատավարձի վճարումն ուշացնելու համար վնասի հատուցում աշխատավարձի 0.15 տոկոսի չափով` մինչև դատարանի վճռի կատարումը, կատարել վերջնահաշվարկ, ինչպես նաև հանձնել աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պարտավորեցնել Ընկերությանն անհապաղ կատարել Դերենիկ Հայրապետյանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վերջնահաշվարկը՝ 28.09.2008 թվականի դրությամբ և կատարել վճարումը, ինչպես նաև Դերենիկ Հայրապետյանին անհապաղ հանձնել աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 06.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածից հետևում է, որ աշխատողն իր ազատվելու ցանկությունը պետք է դրսևորի գրավոր ծանուցմամբ՝ պահպանելով ծանուցման 14-օրյա ժամկետը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դերենիկ Հայրապետյանը, չպահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման մասին գործատուին ծանուցելու 14-օրյա ժամկետը, խնդրել է հաջորդ օրվանից ազատել աշխատանքից: Հետևաբար, Ընկերությունը, հիմք ընդունելով աշխատողի դիմումը, նրան ազատել է աշխատանքից 13.09.2008 թվականին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ վերջնահաշվարկ կատարելու Ընկերության պարտավորությունը նույնպես ծագում է 13.09.2008 թվականին:
Բացի այդ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 22.04.2009 թվականին Դերենիկ Հայրապետյանն ընդունել է Ընկերության հերթական գրավոր առաջարկը և Ընկերության գրասենյակում ստացել է աշխատանքային գրքույքը: Ուստի, նշված հարցի կապակցությամբ կողմերի միջև բացակայում է վեճը, և այս մասով գործի վարույթը ենթակա է կարճման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության հետ 01.12.2006 թվականին կնքված թիվ 6-14 աշխատանքային պայմանագրի համաձայն` Դերենիկ Հայրապետյանն ընդունվել է աշխատանքի որպես գլխավոր ֆինանսիստ (գ.թ. 5-19):
2. Ընկերությանը հասցեագրված 12.09.2008 դիմումով Դերենիկ Հայրապետյանը խնդրել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 13.09.2008 թվականին ազատել աշխատանքից (գ.թ. 105):
3. Ընկերության տնօրենի 13.09.2008 թվականի թիվ 155-Կ հրամանով Դերենիկ Հայրապետյանն ազատվել է աշխատանքից (գ.թ. 125):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է` կողմերի համաձայնությամբ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, աշխատողի նախաձեռնությամբ, գործատուի նախաձեռնությամբ, սույն oրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս oր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու oրվանից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե սույն oրենսգրքով, oրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
Նշված նորմերից հետևում է, որ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու համար օրենսդիրը սահմանել է նախապայման, այն է` աշխատանքից ազատվելու մասին առնվազն տասնչորս օր առաջ գործատուին ծանուցելը, իսկ գործատուի համար՝ աշխատանքային պայմանագրի լուծման oրը վերջնահաշվարկ կատարելու պարտավորություն:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դերենիկ Հայրապետյանի կողմից ներկայացվել է դիմում-ծանուցագիր, հետևաբար, գործատուն աշխատանքային պայմանագրի լուծումը պարտավոր էր ձևակերպել և վերջնահաշվարկ կատարել միայն ծանուցման ժամկետը լրանալուց հետո՝ 14 օր անց:
Մինչդեռ, սույն գործով Դերենիկ Հայրապետյանը 12.09.2008 թվականի դիմումով խնդրել է 13.09.2008 թվականից ազատել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, որի հիման վրա Ընկերության տնօրենի 13.09.2008 թվականի թիվ 155-Կ հրամանով ազատվել է աշխատանքից:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը կարող էր լուծվել և վերջնահաշվարկ կատարվել հենց 13.09.2008 թվականին:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ 22.04.2009 թվականին Դերենիկ Հայրապետյանը ստացել է իր աշխատանքային գրքույկը, հետևաբար, կողմերի միջև վեճի բացակայության պայմաններում գործի վարույթը ենթակա է կարճման, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ վերոնշյալ հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի ուժով կարճման հիմք չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշման` հայցը մերժելու մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|