ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0198/02/08 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Կենտրոն» համատիրության վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Կենտրոն» համատիրության (այսուհետ` Համատիրություն) ընդդեմ Համլետ Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համլետ Ավետիսյանի ընդդեմ Համատիրության` աշխատանքներ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համատիրությունը պահանջել է Համլետ Ավետիսյանից բռնագանձել պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված և սահմանված ժամկետում չվճարված 121.702 ՀՀ դրամը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համլետ Ավետիսյանը պահանջել է Համատիրությանը պարտավորեցնել պատշաճ կերպով կատարել ՀՀ կառավարության 10.10.2002 թվականի թիվ 1625-Ն որոշմամբ սահմանված պարտադիր նորմերի բոլոր կետերով նախատեսված աշխատանքները:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2008 թվականի որոշմամբ Համլետ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի վճիռը՝ հայցը մասնակիորեն բավարարելու մասով և այն փոփոխվել է՝ Համատիրության հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համատիրությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ Ավետիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 24-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 22-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, չպարզելով, թե Համլետ Ավետիսյանի ընտանիքի անդամների թիվը համապատասխանում է թիվ 5 տեղամասի տեղեկանք-հաշվարկում նշված թվին, թե ոչ, չի վկայակոչել որևէ նյութաիրավական նորմ, որը վերաբերելի կամ կիրառելի է սույն իրավահարաբերության նկատմամբ, որով ըստ էության չի լուծել վեճը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թ. վճռին կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումը լիովին հիմնավոր է, քանի որ Համատիրությունը դատարանին տեղեկանք չի ներկայացրել Համլետ Ավետիսյանի անձերի թվի մասին, իսկ ներկայացված տեղեկանք-հաշվարկում անձերի թիվն արհեստականորեն ավելացվել է` դրանով ավելացնելով պահանջվող գումարի չափը: Բացի այդ, թվարկված և մի շարք այլ հարցերի կապակցությամբ Համլետ Ավետիսյանի գրավոր միջնորդությունները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նույնիսկ քննության չի առել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Համատիրության կողմից կազմված տեղեկանք-հաշվարկում կատարվել է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հաշվարկ, որով հաշվարկվել է ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարը և աղբահանության վճարը: Դրա արդյունքում 2003 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի օգոստոս ամսվա համար հաշվարկվել է ընդամենը 121.702 ՀՀ դրամ պարտավորության գումար:
2) Գործի քննության ընթացքում Համլետ Ավետիսյանն ընդունել է բնակարանում 3 անձի փոխարեն 2 անձի բնակվելու փաստը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործում առկա տեղեկանք-հաշվարկում կատարվել է ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարի հաշվարկ, ինչպես նաև աղբահանության վճարի հաշվարկ՝ 3 անձի համար:
Վերաքննիչ դատարանը հայցն ամբողջությամբ մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերը նշված տեղեկանք-հաշվարկում Երևանի Երվանդ Քոչարի 7-րդ շենքի թիվ 49 բնակարանում նշված է 3 անձ, սակայն նշված չէ այդ տվյալի ստացման սկզբնաղբյուրը, մինչդեռ այդ հանգամանքի ապացուցման բեռը կրում է Համատիրությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գումարի բռնագանձումն ամբողջությամբ մերժելու մասով, անհիմն է, քանի որ Համատիրության կողմից կատարված հաշվարկը վերաբերում է ոչ միայն աղբահանությանը, այլ նաև ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարի հաշվարկին, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:
Ինչ վերաբերում է անձանց թվին համապատասխան աղբահանության համար գումարներ հաշվարկելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բնակարանում բնակվող անձանց թվի վերաբերյալ ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտականությունն արդարացիորեն դրել է Համատիրության վրա, քանի որ վերջինս պետք է հիմնավորի իր պահանջի հիմքում ընկած հանգամանքները, այդ թվում՝ հաշվարկված գումարի ճշտությունը: Այնուհանդերձ, հարկ է արձանագրել, որ սույն գործի քննության ընթացքում Համլետ Ավետիսյանն ընդունել է բնակարանում 3 անձի փոխարեն 2 անձի բնակվելու հանգամանքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերոգրյալը, ամբողջությամբ մերժել է հայցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշումը՝ «Կենտրոն» համատիրության հայցը մերժելու մասով, և այդ մասով գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |