ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 772-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով փոփոխված կանոնադրությունների պետական գրանցումը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկել Սևանա լճի և դրա ավազանի, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման հիմնախնդիրները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 16 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 772-Ն որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սևան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային պարկ ստեղծելու մասին» N 125 որոշմամբ:
2. Պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
3. Պարկի ստեղծման նպատակներն են`
1) Սևանա լճի ավազանի ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.
2) Սևանա լճի ավազանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց բնակության միջավայրի պահպանությունը.
3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը.
4) պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսումն ու գնահատումը.
5) բնական օբյեկտների, այդ թվում` կենսաբանական պաշարների արդյունավետ օգտագործումը, օգտագործման ձևերի ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակումը.
6) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և պարկի ու հարակից տարածքների բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.
7) ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման նախադրյալների ապահովումը.
8) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության և իրազեկման աշխատանքների իրականացման ապահովումը:
4. Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են, որոնք ներառում են բնապահպանական, պատմական ու մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն: Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Պարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Սևան» ազգային պարկ.
2) հայերեն կրճատ` «Սևան» ԱՊ.
3) ռուսերեն լրիվ` Национальный парк "Севан".
4) ռուսերեն կրճատ` НП "Севан".
5) անգլերեն լրիվ` Sevan National Park.
6) անգլերեն կրճատ` Sevan NP:
II. ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ
6. Պարկի կառավարման պլանը կազմվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և անհրաժեշտության դեպքում ենթակա է վերանայման:
III. ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԱԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
7. Պարկի տարածքը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի, բաժանվում է հետևյալ տարածքագործառնական գոտիների`
1) արգելոցային` ընդգրկում է «Արտանիշի», «Նորաշենի», «Լիճք-Արգիչի» և «Գիլլի» արգելոցները.
2) արգելավայրային` ընդգրկում է «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրերը.
3) ռեկրեացիոն.
4) տնտեսական:
8. Արգելոցային գոտիների ստեղծման նպատակներն են`
1) Արտանիշի թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանության ապահովումը.
2) Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների, մասնավորապես, հայկական արծաթափայլ որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովումը.
3) Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանության, ինչպես նաև արժեքավոր և հազվագույտ ձկնատեսակների՝ Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման ու զարգացման ապահովումը.
4) Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանության, արժեքավոր և հազվագույտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանության, որպես թռչունների բնադրավայր, ապահովումը.
5) արգելոցների տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.
6) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
7) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը,
8) մարդածին բացասական ազդեցության կանխարգելումն արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա:
9. Արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներն են`
1) Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանության և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերի, ինչպես նաև արժեքավոր և հազվագույտ ձկնատեսակների ձվադրման ու զարգացման ապահովումը.
2) Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանության ապահովումը.
3) արգելավայրերի տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.
4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
5) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը:
10. Ռեկրեացիոն գոտու ստեղծման նպատակներն են`
1) բնական լանդշաֆտների, բուսական ծածկույթի, Սևանա լճի ափամերձ հատվածի բնական և մշակութային ժառանգության բնապատմական և գեղագիտական արժեքների պահպանության ապահովումը` քաղաքացիների հանգստի կազմակերպման համար.
2) ազգային պարկի տարածքի զբոսաշրջային կարողությունների բացահայտումն ու պահպանումը և զբոսաշրջության տարբեր ձևերի, այդ թվում` ճանաչողական զբոսաշրջության զարգացմանը նպաստելը.
3) ռեկրեացիոն գոտու տարածքների նպատակային օգտագործման ապահովումը.
4) ռեկրեացիոն գոտում առկա պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանման գոտիների պահպանության ապահովումը.
5) ռեկրեացիոն գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:
11. Տնտեսական գոտու ստեղծման նպատակներն են`
1) պարկի տնտեսական գոտու տարածքին բնորոշ արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, բնական պաշարների կայուն օգտագործման և պարկի ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության ծավալման ապահովումը.
2) ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական պաշարների արդյունավետ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
3) տնտեսական գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:
IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ
12. Պարկի պահպանման գոտու տարածքը Սևանա լճի ջրհավաք ավազանն է: Պահպանման գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Պարկի պահպանման գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների և դրանց պահպանման գոտիների պահպանությանը չվնասող, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:
V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Պարկի պահպանությունն իրականացնում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` Արտանիշի, Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի և Արևիկի մասնաճյուղերի միջոցով:
VI. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
15. Պարկի արգելոցային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահպանության ռեժիմը: Պարկի արգելոցային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) «Արտանիշ» արգելոցում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական տեսակների բնական միջավայրի և դրա բաղադրիչների, ինչպես նաև կենդանիների` գորշ արջի, այծյամի, վարազի, բեզոարյան այծի, ազնվացեղ եղջերուի միգրացիայի միջանցքի պահպանությունը.
2) «Նորաշենի» արգելոցում Հայկական արծաթափայլ որորի բնակության միջավայրի պայմանների պահպանությունը.
3) «Լիճք-Արգիչի» արգելոցում հանքային աղբյուրների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.
4) «Գիլլի» արգելոցում բնական ճահճուտների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.
5) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
6) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.
7) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.
8) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).
9) պոմպակայանների կառուցման և շահագործման բացառումը:
16. Պարկի արգելավայրային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ռեժիմը: Պարկի արգելավայրային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) «Գավառագետ» արգելավայրում թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
2) «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական և կաղնի վրացական տեսակների բնական միջավայրի պահպանությունը.
3) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
4) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.
5) որսորդության և ձկնորսության բացառումը.
6) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և օգտագործման բացառումը.
7) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.
8) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման բացառումը.
9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման բացառումը.
10) հողային ծածկույթի խախտում առաջացնող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործման, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխման բացառումը.
11) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը):
17. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի ռեկրեացիոն գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.
2) կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով տարածքի աղտոտման բացառումը.
3) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:
18. Պարկի տնտեսական գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի տնտեսական գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.
2) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:
VII. ՊԱՐԿԻ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
19. Պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օգտագործման ձևերը: Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են`
1) արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.
2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.
3) տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
20. Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով:
21. Արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 1000-1800-ն` կազմակերպության կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:
VIII. ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Ռեկրեացիոն գոտու տարածքներում թույլատրվում են`
1) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.
2) բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.
3) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:
23. Ռեկրեացիոն գոտու մուտքն ազատ է:
24. Պարկի ռեկրեացիոն գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:
25. Ռեկրեացիոն գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:
26. Ռեկրեացիոն գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
27. Ռեկրեացիոն գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե վերջիններս չեն օգտվում ռեկրեացիոն գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:
IX. ՊԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
28. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում թույլատրվում են`
1) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.
2) կազմակերպության կողմից սահմանված վայրերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունագործական նպատակներով ձկնորսությունը և խեցգետնաորսությունը, կողմնակի անտառօգտագործումը և անտառշահագործումը, այդ թվում` հատապտուղների, սերմերի, տնտեսական արժեք ներկայացնող բուսատեսակների, թափուկի հավաքը, խոտհունձը, ինչպես նաև մեղվապահության նպատակով տարածքները վարձակալության տրամադրումը.
3) կառավարման պլանում անտառային ֆոնդի գույքագրման տվյալների հիման վրա տարեկան կտրվածքով սանիտարական և խնամքի հատումների հատատեղերի հատկացումը.
4) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.
5) տրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված վայրերում մուտքն ու կանգառը.
6) առանձնացված վայրերում վրանների տեղադրումը և խարույկ վառելը.
7) առանձնացված վայրերում սիրողական և մարզական ձկնորսությունը.
8) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:
29. Տնտեսական գոտու մուտքն ազատ է:
30. Պարկի տնտեսական գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:
31. Տնտեսական գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:
32. Տնտեսական գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
33. Տնտեսական գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե վերջիններս չեն օգտվում տնտեսական գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 772-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:
4. Կազմակերպությունը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) տարածքում ապահովում է պարկի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Կազմակերպության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Սևան» ԱՊ ՊՈԱԿ.
3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация "Национальный парк Севан".
4) ռուսերեն կրճատ` ГНКО НП "Севан".
5) անգլերեն լրիվ` Sevan national Park, State Non-Commercial Organization.
6) անգլերեն կրճատ` Sevan NP SNCO:
7. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`
1) ապահովում է Սևանա լճում և դրա ավազանում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության և մշակութային ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.
2) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.
3) իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են պարկի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ ու տրամադրվում է տեղեկատվություն.
4) ապահովում է ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների ճանաչողական էքսկուրսիաներ), ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
5) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
6) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.
7) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների կատարումը.
8) իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.
9) նպաստում է ճանաչողական զբոսաշրջության և դրա հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպմանը.
10) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.
11) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաբանական պաշարների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային պաշարների վերարտադրություն, օգտագործում և իրացում.
2) սանիտարական և խնամքի հատումների իրականացման արդյունքում առաջացած բնափայտի մթերում, վերամշակում և իրացում.
3) երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.
4) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, ուտելի բույսերի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.
5) էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.
6) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.
7) քաղաքացիների հանգստի ու զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
8) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում և իրականացում.
9) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.
10) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն:
10. Ըստ տարածքագործառնական գոտիների` կազմակերպության գործունեության առարկան ընդգրկում է`
1) արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում` էկոհոմակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության և քաղաքացիների հանգստի հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը.
2) ռեկրեացիոն գոտու տարածքում` էկոհոմակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության և քաղաքացիների հանգստի հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը (քաղաքացիների երկարատև և կարճատև հանգստի, վրանային և ոչ հիմնական շինություն հանդիսացող տնակային տնտեսությունների, սիրողական ձկնորսության կազմակերպում), տարածքների, շենքերի, շինությունների և շարժական գույքի վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների կառուցապատման թույլտվությունների տրամադրումը, սանիտարական և խնամքի ծառահատումների իրականացման արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ կենսապաշարների մթերումը, դրանց և դրանցից պատրաստված արտադրանքի (պահածոներ, հյութեր և այլն) իրացումը, տրասնպորտային միջոցների մուտքի և կանգառի նպատակով հատուկ առանձնացված և կահավորված վայրերում տրանսպորտային միջոցների կանգառի (պահպանության) գծով վճարովի ծառայությունների մատուցումը.
3) տնտեսական գոտու տարածքում` էկոհոմակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, պարկի արգելոցային, արգելավայրային և ռեկրեացիոն գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների կառուցապատման թույլտվությունների տրամադրումը, տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման կազմակերպումն ու իրացումը, սանիտարական և խնամքի ծառահատումների իրականացման արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համպատասխան այլ կենսապաշարների մթերումը, դրանց և դրանցից պատրաստված արտադրանքի (պահածոներ, հյութեր և այլն) իրացումը, հուշանվերների արտադրությունը և ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը:
11. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ
12. Կազմակերպությունն ունի 7 մասնաճյուղ`
1) Արտանիշի.
2) Սևանի.
3) Նորատուսի.
4) Մարտունու.
5) Վարդենիկի.
6) Վարդենիսի.
7) Արևիկի:
13. Կազմակերպության մասնաճյուղերը, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
15. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
16. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) օրենքով սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի, կամ ներկայացուցչությունների ստեղծումը.
2) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
3) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
5) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
6) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) կազմակերպությանն ամրացված գույքի վարձակալության, կառուցապատման հանձնման վերաբերյալ համաձայնություն տալը.
8) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
9) կազմակերպության տեղամասերի պահաբաժինների պահպանությունն իրականացնող անձնակազմի թվաքանակի հաշվարկման նորմաների սահմանումը.
10) կազմակերպության հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և խրախուսման չափորոշիչների սահմանումը.
11) պարկում շուրջօրյա հսկողության համակարգի ներդրման և իրականացման կարգի հաստատումը.
12) կազմակերպության լուծարային հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
13) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
18. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:
19. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
21. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
22. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է գույքային պատասխանատվություն:
23. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
24. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի ղեկավարի համաձայնությամբ, այդ լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը:
25. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են լիազորված պետական մարմնի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում:
26. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են տնօրենի կողմից` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
27. Տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
7) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.
9) սահմանում է կազմակերպության աշխատողների ծառայողական պարտականությունները.
10) հաստատում է կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները.
11) նշանակում է կազմակերպության մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.
12) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
13) ստեղծում է խորհրդատվական մարմին, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և հաստատում դրանց գործունեության կանոնակարգերը.
14) սահմանում է կազմակերպության ներքին աշխատանքային կարգապահական կանոնները.
15) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության տեղամասերի պահաբաժինների պահպանությունն իրականացնող անձնակազմի թվաքանակի հաշվարկման նորմաները, կազմակերպության հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և խրախուսման չափորոշիչները.
16) ապահովում է կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը.
17) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.
18) իրականացնում է կազմակերպության կողմից կնքված պայմանագրերի կատարման հսկողություն.
19) կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում, կազմակերպությունում գործող խրախուսման կամ պարգևատրման կարգի համաձայն, աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ` պարգևատրումներ.
20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պարկի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.
21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
28. Պարկի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության բաժնի և կազմակերպության մասնաճյուղերի միջոցով:
29. Պահպանության բաժնի պետը ի պաշտոնե կազմակերպության տնօրենի տեղակալ է:
30. Պարկի պահպանության ծառայության աշխատողները`
1) ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պարկի և սույն կանոնադրություններով, ինչպես նաև պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն ու տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը պարկի տարածքում.
2) ստուգում են պարկի արգելոցային և արգելավայրային տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը.
3) կանխում են պարկի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.
4) կազմում են պարկի պահպանության ռեժիմի խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար.
5) պահպանության ռեժիմը խախտող անձի բացակայության դեպքում վերցնում են իրավախախտման գործիք (որսամիջոցներ) կամ անմիջական օբյեկտ (որս, բնափայտ) հանդիսացող իրերը.
6) ապահովում են պարկի պահպանական գոտու տարածքում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը:
31. Պարկի պահպանության ծառայության աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն կրելու համազգեստ և օգտվելու քաղաքացիական ու ծառայողական զենքից:
32. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանությունն իրականացնող աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
33. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտությունները, մոնիթորինգը և կադաստրի վարումն ուղղված են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական երևույթների և էկոլոգիական իրավիճակի կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը:
34. Գիտահետազոտական աշխատանքները, մոնիթորինգը և կադաստրի վարումը կազմակերպում է գիտության գծով կազմակերպության տնօրենի տեղակալը:
35. Գիտահետազոտական աշխատանքները`
1) իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև ազգային ու միջազգային դոնոր կազմակերպությունների, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին.
2) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, պայմանագրային հիմունքներով կարող են իրականացվել այլ կազմակերպությունների և մասնագետների կողմից.
3) նպատակաուղղված են պարկի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության և օգտագործման ձևերի ու մեթոդների մշակմանը, հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը, գիտական և գիտաճանաչողական նյութերի պատրաստմանն ու հրատարակմանը:
37. Մոնիթորինգը`
1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
2) նպատակաուղղված է կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտմանը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատմանն ու կանխատեսմանը, բնական և մարդածին գործոնների ազդեցության բացահայտմանը.
3) իրականացվում է ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծված դիտարկման ցանցում, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ: Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագիծը մշակում է կազմակերպությունը և ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը:
38. Կադաստրի վարումը`
1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
2) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա.
3) նպատակաուղղված է գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրմանն ու դասակարգմանը, տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառմանը, ամփոփմանը և վերլուծմանը, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտմանը.
4) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա` տվյալները գրանցելով գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
39. Կազմակերպությունն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:
40. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:
41. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթը, հիմնադրի կողմից սահմանված կարգով, օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
42. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքի վճարը սահմանվում է կազմակերպության և համապատասխան ուսումնական հաստատության միջև ստորագրված պայմանագրով:
43. Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք մուտք գործելու համար`
1) իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որի մեջ պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ.
2) զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար.
3) ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության համապատասխան մասնաճյուղի կողմից անցագիր ստանալուց հետո («Արտանիշ» արգելոց մուտք գործելու համար` Արտանիշի մասնաճյուղի, «Նորաշեն» արգելոց մուտք գործելու համար անցագիրը տրվում է Սևանի մասնաճյուղի կողմից, «Գավառագետ» արգելավայրի` Նորատուսի մասնաճյուղի, «Լիճք-Արգիչի» արգելոց` Մարտունու մասնաճյուղի, «Գիլլի» արգելոցի` Վարդենիսի մասնաճյուղի և «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրի` «Արևիկի» մասնաճյուղի կողմից).
4) սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետում:
44. Կազմակերպությունն արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր:
45. Մուտքն արգելոցի կամ արգելավայրի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան մասնաճյուղի աշխատողի ուղեկցությամբ:
46. Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում: Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը և համապատասխան մասնաճյուղը:
47. Ռեկրեացիոն և տնտեսական գոտու տարածքներից հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքը տրամադրվում է կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Ռեկրեացիոն գոտու տարածքներից հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը կնքվում են կազմակերպության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
48. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքների հետ կապված փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպության և համայնքի միջև կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
49. Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում առկա սեփականատերերի և կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
50. Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների ազատ տարածքներում (վարձակալության չտրամադրված և այլ սեփականատերերի չպատկանող), զբոսաշրջային գործունեություն իրականացնելու համար, զբոսաշրջային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապես պայմանագիր են կնքում կազմակերպության հետ:
51. Կողմնակի անտառօգտագործման և անտառշահագործման նպատակով տնտեսական գոտու տարածքները կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև հինգ տարի ժամկետով` հիմք ընդունելով պարկի կառավարման պլանում անտառգույքագրման և կենսաբանական պաշարների գնահատման տվյալները:
52. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
53. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
54. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |