«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2005 թ. | N 386-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և հաշվի առնելով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կատարելագործման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված արժեթղթերի արտահանման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասին թիվ 173 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են արժութային արժեքների և ըստ ներկայացնողի արժեթղթերի փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, դրանց կարգն ու պայմանները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված հասկացություններին համապատասխան:
1.2. Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, ներմուծումն ու արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
2.1 Ֆիզիկական անձինք 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսերի (այսուհետ՝ դրամական գործիքներ), ինչպես նաև ճանապարհային չեկերի՝ Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև դրամական գործիքները և կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.2 Ֆիզիկական անձինք, անկախ գումարի չափից, ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի՝ Մաքսային միության մաքսային սահմանով ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև մաքսային հսկողության ներկայացնելը դրանք գրավոր կերպով հայտարարագրել՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.3 Պարտադիր գրավոր մաքսային հայտարարագրման դեպքերում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է լրացվեն.
1) ֆիզիկական անձի նույնականացման տվյալները՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
2) դրամական գործիքների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և այն արժույթը, որով արտահայտված է գումարը,
3) ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի վերաբերյալ տվյալներ` տեսակը, թողարկողը, թողարկման ամսաթիվը, նույնականացնող համարը՝ առկայության դեպքում, դրանց անվանական արժեքը կամ համապատասխան գումարը՝ այն պետության արժույթով, որի ստացման իրավունքը հավաստվում է հայտարարագրվող արժեթղթով, իսկ անվանական արժեքի բացակայության և գումարը սույն ենթակետով նախատեսված պետության արժույթով սահմանելու անհնարինության դեպքում՝ տեղափոխված ըստ ներկայացնողի արժեթղթերի թիվը,
4) դրամական գործիքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման ուղու և միջոցի (տրանսպորտի տեսակի) վերաբերյալ տեղեկություններ,
5) հայտարարագրի լրացման ամսաթիվը,
6) ֆիզիկական անձի ստորագրությունը:
(գլուխը խմբ. 27.11.07 N 388-Ն, լրաց. 12.10.10 թիվ 255-Ն, խմբ. 29.04.14 թիվ 106-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
3.1. Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկեր), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ինկասացիոն կազմակերպությունների կողմից արժութային արժեքների Հայաստանի Հանրապետություն փոխադրումը, առաքումը, ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից փոխադրումը, առաքումն ու արտահանումը իրականացվում է առանց ծավալային և այլ սահմանափակումների:
(3.1-րդ կետը լրաց. 27.11.07 N 388-Ն)
3.2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի փոխադրումը, առաքումը և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և փոխադրումը, առաքումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե դրան մասնակցում է բանկ կամ վարկային կազմակերպություն, կազմակերպվում է բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից:
Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը գործում է իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագրի հիման վրա:
3.3. Արժութային արժեքների փոխադրման մասին մաքսային ծառայությանը տեղեկացվում է բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից՝ մաքսային սահմանով անցկացումը սկսելու պահից առնվազն 3 ժամ առաջ:
3.4. Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը մաքսատան համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացնում իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը, իսկ կանխիկ դրամի կամ արտարժույթի ներմուծման և արտահանման դեպքում նաև բանկի կամ վարկային կազմակերպության ելքային օրդերը: Ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը ներկայացնում է նաև բանկի, կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագիրը կամ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ (ակտ):
3.5. Լիազորագրի ներկայացումից հետո լրացվում է բեռնամաքսային հայտարարագիր՝ ըստ մաքսային ձևակերպումների արարողակարգի:
3.6. Արժութային արժեքների փոխադրումը մաքսային հսկողության գոտով և բանկից կամ վարկային կազմակերպությունից մինչև մաքսային կետ կամ մաքսային կետից մինչև բանկ կամ վարկային կազմակերպություն իրականացվում է բանկի կամ վարկային կազմակերպության ինկասացիոն մեքենայով կամ համապատասխան մասնագիտացված ծառայության ուժերով: Մաքսատունը մաքսային սահմանով արժութային արժեքների անցկացման ժամանակային սահմանափակման առկայության դեպքում իրականացնում է ստուգման և ձևակերպման անհրաժեշտ գործողություններ:
3.7. Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան կողմից սահմանված տեղում, մաքսատան աշխատակցի (աշխատակիցների) կողմից, բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի և ուղեկցողի (ինկասատորի) ներկայությամբ:
Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան և բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) կապարակնիքով:
3.9. Լրացված բեռնամաքսային հայտարարագրի 2-րդ օրինակը (թերթիկը) վերադարձվում է հայտարարատուին՝ բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) լիազորված ներկայացուցչին:
3.10. Սույն կարգից բխող կանոնների վերաբերյալ տեղեկությունները փակցվում են մաքսատանը՝ տեսանելի վայրում:
(հավելվածը խմբ., լրաց. 27.11.07 N 388-Ն, լրաց. 12.10.10 թիվ 255-Ն, խմբ. 29.04.14 թիվ 106-Ն)