ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարության տեսքով տեղադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում:
1.2. Սույն կարգի 1.1-ին կետին համապատասխան` հրապարակվող հայտարարությունը պետք է ներառի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող յուրաքանչյուր անշարժ գույքի՝
1) անվանումը, գտնվելու վայրը, գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը (քառ. մետրով).
2) բարելավման անհրաժեշտության վերաբերյալ պարտադիր նվազագույն պահանջները` ներառյալ անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման, ինչպես նաև օգտագործման նպատակների ու մյուս պահանջների նկարագրությունը:
1.3. Սույն կարգի 1.1-ին կետին համապատասխան` անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելուց հետո մեկ ամսվա ընթացքում անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքից օգտվելու վերաբերյալ ստացված առաջարկություններից նախապատվությունը տրվում է սույն կարգի 3-րդ կետում նշված և 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով սահմանված չափորոշիչներին համապատասխանող այն համայնքին, կազմակերպությանը կամ հիմնադրամին, որը ներկայացրել է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող միևնույն անշարժ գույքի բարելավման` սույն կարգի 1.2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան սահմանված պարտադիր նվազագույն պահանջներին համապատասխանող առաջարկ:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ և 6.4-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող համայնքներին, կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համապատասխան ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված՝ սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված ծրագրի օրինակելի ձևին համապատասխանող ծրագրի առկայության դեպքում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետով:».
3) 6-րդ կետից հանել «պետական» բառը.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով.
«6.1. Համայնքներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝
1) առկա է համայնքի ավագանու հավանությանն արժանացած և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին համապատասխանող ծրագիրը.
2) համայնքի կողմից առաջարկվող ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը:
6.2. Հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքին և նպատակաուղղված է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը՝ տնտեսական կամ սոցիալական որևէ ոլորտում:
6.3. Միջազգային կազմակերպություններին (եթե միջազգային պայմանագրերով այլ պայմաններ նախատեսված չեն) անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնական գործունեություն իրականացնելու համար միջազգային կազմակերպության կողմից հիմնադրված ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը գրանցված (հավատարմագրված) է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
6.4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված այլ կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝
1) կազմակերպության կողմից ներկայացվել է անշարժ գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումների (ներառյալ՝ անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման, օգտագործման նպատակների վերաբերյալ) նկարագրությունը, ծավալը (Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված) ու ակնկալվող արդյունքները.
2) կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը համապատասխանում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրին:».
5) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) պայմանագրի անբաժանելի մաս են համարվում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար համայնքի, կազմակերպության կամ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները:».
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրականացնում է անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրի պահանջների կատարման ընթացիկ (կիսամյակային) և վերջնական մոնիթորինգ: Ընդ որում, մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կարող է համայնքից, կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից պահանջել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրին առնչվող փաստաթղթեր և նյութեր:
11.2. Սույն կարգի 11.1-ին կետին համապատասխան իրականացված մոնիթորինգի արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 2 Երևան |