Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-779
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.19/68(658) Հոդ.1187
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2008

  ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

7 նոյեմբերի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 09.10.2008թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին` Դուշանբե քաղաքում:

2008 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ համաձայնագիրն ստորագրել է 7 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

Համաձայնագիրը նպատակ ունի ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովման համար պայմաններ ստեղծել մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

2. Ըստ համաձայնագրի՝ բազմակողմ և /կամ/ երկկողմ ռազմատնտեսական գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովումը, մասնավորապես, իրականացվում է.

- ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցմամբ,

- մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման և խափանման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ,

- մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով փորձի և տեղեկատվության փոխանակմամբ,

- համաձայնեցված համագործակցություն այլ ձևերով:

3. Ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքները բաշխվում են ռազմատնտեսական համագործակցության մասնակիցների կողմից կնքվող պայմանագրերով /կոնտրակտներով/ սահմանված պայմաններով: Վերը նշված պայմանագրերում նախատեսվում է, որ մտավոր գործունեության ստացված և օգտագործվող արդյունքների կիրառումն իրականացվում է միայն դրանց իրավական պաշտպանության ապահովումից հետո:

Համաձայնագրի իրականացման համար յուրաքանչյուր մասնակից պետություն նշանակում է իր լիազորված մարմինը: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմին է հանդիսանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


7 նոյեմբերի 2008 թ.

ՍԴՈ-779

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան