ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2013 թվականի N 55-Ն
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 1 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 55-Ն որոշման |
2 0 1 3 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ»
Գ Լ ՈՒ Խ 1.
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2012 թվականին, հետևողական աշխատանք է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությամբ համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Իրականացվել է ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղվել է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ըստ ծրագրի իրականացման արդյունքների` 2012 թվականի ընթացքում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն է ցուցաբերվել Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում 8463 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012 թվականին ծրագրի իրականացման արդյունքում ապահովվել են`
1) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կարողությունների զարգացում, այդ թվում` սեփական ռեսուրսների ներգրավմամբ.
2) աջակցության ցուցաբերում շուրջ 209 սկսնակ գործարարի` ապահովելով շուրջ 80 նոր գրանցված կազմակերպություններ և 129-ը գտնվում են գործարար գաղափարի զարգացման փուլում.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ցուցաբերում` շուրջ 97 ՓՄՁ-ի սուբյեկտի.
4) Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նորարարական և միջազգայնացման աջակցության ցուցաբերում` շուրջ 94 ՓՄՁ-ի սուբյեկտի.
5) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 7398 ՓՄՁ-ի սուբյեկտի.
6) գործարար ուսուցողական աջակցության ցուցաբերում 515 ՓՄՁ-ի սուբյեկտի.
7) ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատակիցների հաշվապահական և հարկային ունակությունների զարգացում` Հաշվապահական կենտրոնի գործունեության շրջանակներում 250 ՓՄՁ սուբյեկտների և կենտրոնի ԳԾՄ-ների կողմից սպասարկվել է 1022 ՓՄՁ սուբյեկտ.
8) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես, 30 ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել են վարկային երաշխավորություններ:
Ընդհանուր առմամբ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագրի շրջանակներում նախատեսված ծրագրային ուղղությունները (ծրագրային միջոցառումները) ուղղված են Հայաստանի Հանրապետության մարզերում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի համախառը ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը: Հարկ է նշել, որ արդյունքները գրեթե կրկնակի գերազանցել են ծրագրով նախատեսված արդյունքները:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշումը.
3) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1790-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագրի իրականացման ընթացքի ցուցանիշների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Ծրագրի նպատակներն են`
1) պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել երկրում ՓՄՁ-ի զարգացմանը.
2) ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը.
3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով նպաստել երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը և ապահովել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացում.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
2. Ծրագրի նպատակների ապահովման ուղղությամբ նախատեսվում է`
1) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ինչպես նաև նրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվություն տալով Հայաստանի Հանրապետության մարզերին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները.
2) կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում.
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա գործիքների (ֆինանսական, խորհրդատվական և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.
4) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքների ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում և արդյունաբերական համակարգերի ձևավորում.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում.
6) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական նախաձեռնությունների խթանում, մասնավորապես, արտահանմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո իրականացվող միջոցառումների շրջանակում նորարարությունների ներդրման նպատակով դրամաշնորհների տրամադրման միջոցով.
7) հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերում.
8) գիտատար արտադրության իրականացման հնարավորությունների բացահայտում և այդ ուղղությամբ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների կարողությունների առաջնահերթ զարգացում.
9) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում ավելի շատ ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավում և նրանց ցուցաբերվող պետական աջակցության շրջանակների ընդլայնում.
10) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (համաձայնությամբ) և ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող այլ կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության և ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերը կիրականացվեն համաֆինանսավորման սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ)
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղություններն (միջոցառումները) են`
1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) դրանց մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2002 թվականին Երևանում հիմնադրվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակը, իսկ 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններ)` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:
Ներկա փուլում կարևորվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների զարգացման խնդիրները և ծրագրային այս ուղղությունը միտված է նշված ենթակառուցվածք հանդիսացող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների հզորացմանը:
Սույն ծրագրային ուղղության շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում իրականացնող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու վերջիններիս կարողությունների հզորացմանը:
Հարկ է նշել, որ 2013 թվականին նախատեսվող 2 նոր ծրագրային ուղղությունների ներդրման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցվածքում ստեղծվել են 2 նոր ստորաբաժանում, որոնք պետք է համակարգեն ծրագրային նոր ուղղությունները:
Ծրագրի իրականացման շրջանակներում 2013 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համատեղ պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումների իրականացումը` սեփական կադրային ռեսուրսներով:
2. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության միջոցառման նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը` նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Սույն միջոցառման շրջանակներում նախատեսվում է սկսնակ գործարարներին տրամադրել աջակցության հետևյալ բաղադրիչները`
1) մասնակիցների ուսուցում, վերապատրաստում, մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի (գործարար նախաձեռնությունների) մշակում.
2) սկսնակների գործարար ծրագրերի (գործարար նախաձեռնությունների) ֆինանսական աջակցության (վարկավորման) ապահովում, ինչպես նաև առանց ուսուցման և վերապատրաստման դասընթացների մասնակցության սկսնակների կողմից ներկայացված գործարար ծրագրերի ֆինանսավորում:
Ֆինանսական աջակցությունը (վարկավորումը) կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր առևտրային բանկերի միջոցով, ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
2013 թվականի ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5,000.0 հազ. դրամ, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից` ֆինանսավորումը կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը: «Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն» ծրագրային ուղղության շրջանակներում մշակված գործարար մոդելների իրականացման ժամանակ, եթե իրականացնողն սկսնակ գործարար է, նույնպես կֆինանսավորվի այս գործիքի ներքո: Եթե գործարար մոդելի իրականացման համար անհրաժեշտ լինի ավելի մեծ գումար, քան նախատեսված է գործիքի ընթացակարգով, ապա նման յուրաքանչյուր դեպքի ֆինանսավորումը կհաստատվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Ծրագրային այս ուղղության իրականացման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ, մասնավորապես, աջակցության 1-ին բաղադրիչի իրականացման համատեքստում:
2013 թվականին սույն ծրագրային ուղղության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանում բիզնես մենթորների ինստիտուտի ձևավորման նպատակով: Բիզնես մենթորները կարևոր դերակատարում ունեն սկսնակ գործարարների աջակցության գործընթացներում: Մենթորները մասնագետներ են, որոնք կարող են ուղղորդել տնտեսավարող սուբյեկտներին իրենց ամբողջ գործունեության ընթացքում և հատկապես հիմնադրման սկզբնական փուլում: Մենթորները տեղերում սկսնակ գործարարներին աջակցություն են ցուցաբերում գործարար ծրագրերի կազմման, մարքեթինգային հետազոտությունների անցկացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման, իրավական և հարկային խորհրդատվության տրամադրման, պետական կառույցներում շահերի ներկայացման, գործարար կապերի հաստատման և այլ ուղղություններով:
Մենթորները հանդիսանում են նաև տեղական տնտեսական զարգացման ծրագրերի ակտիվ մասնակիցներ: Տիրապետելով տեղական տնտեսական զարգացան գործիքակազմին՝ նրանք համայնքներին կարող են մատուցել տեղական տնտեսական զարգացան վերաբերյալ ծառայություններ և տրամադրել խորհրդատվություն:
Մենթորների ինստիտուտի կայացման հիմնական առաքելությունը կվերապահվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին: Վերջինիս կողմից պետք է սահմանվի մենթորների հավաստագրման կարգը, նրանց որակավորման և գործունեության պայմաններն ու ընթացակարգերը, իրականացվեն մենթորների բազմակողմանի և պարբերաբար վերապատրաստման աշխատանքներ՝ նշված ծառայությունները պատշաճ մատուցելու համար:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսուցողական աջակցության ցուցաբերում` 200-250 սկսնակ գործարարի, իսկ ֆինանսական աջակցության ցուցանիշներն արտացոլվում են վարկային երաշխավորությունների տրամադրման ցուցանիշների հետ, քանի որ դրանք նույնպես հանդիսանում են վարկային երաշխավորություններ:
(2-րդ կետը փոփ. 25.07.13 N 791-Ն)
3. Տեղական և տարածքային տնտեսական զարգացում
Տեղական և տարածքային տնտեսական զարգացման ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով մասնակցային ախտորոշման, մասնակցային պլանավորման և արդյունքների մասնակցային գնահատման մեթոդների վրա հիմնված տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը:
2013 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքները տեղական տնտեսական զարգացման միջազգային լավագույն փորձի, մասնավորապես, գերմանական «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» (PACA) մեթոդի (գործիքի) տեղայնացման ու ներդրման ուղղությամբ: Այն իրենից ենթադրում է համայնքներում ռեսուրսների և մրցակցային առավելությունների գնահատում, որը հնարավորություն է տալիս համայնքի տնտեսության ախտորոշման‚ ռեսուրսների ու մրցակցային առավելությունների մասնակցային վերլուծության միջոցով ի հայտ բերելու բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքները և կառուցելու դրանց արժեքային շղթաները:
Այս ծրագրային ուղղության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ:
2013 թվականին կիրականացվեն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական քարտեզագրման աշխատանքների արդյունքների հիման վրա վերլուծված համայնքների տնտեսական ներուժի օգտագործմանն ուղղված աշխատանքներ, և որոշ համայնքներում կներդրվեն տեղական տնտեսական զարգացման գործիքները:
2013 թվականին նշված ծրագրային ուղղության շրջանակներում կկիրառվեն մի շարք տեղական և տարածքային տնտեսական զարգացման գործիքներ` գերմանական «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» (PACA) մեթոդը և ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village, One Product) հայեցակարգը: Վերջինիս շրջանակներում կշարունակվի 2012 թվականին մեկնարկած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ ծրագիրը՝ ուղղված տեղական արտադրանքի խթանմանը և ապրանքանիշերի ձևավորմանը: Սույն ծրագրի շրջանակներում ՃՄՀԳ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին համակողմանի աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տարածաշրջաններում ճապոնական հայեցակարգի ներդրման համար: Այդ նպատակով Հայաստան ժամանած փորձագետների կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին կփոխանցվի նման ծրագրերի իրականացման ճապոնական հարուստ փորձը, մի շարք տարածաշրջաններում կիրականացվեն տեղական արտադրանքի զարգացման և առաջմղման հնարավորությունների վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրություններ, կմշակվեն համապատասխան փաստաթղթեր, կձևավորվեն կոնկրետ առաջարկություններ և ծրագրերում ներգրավված տեղական ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի համապատասխան տեխնիկական և խորհրդատվական աջակցություն:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին կիրականացվի մրցակցային առավելությունների գնահատում 15 համայնքներում, և 3 համայնքներում կձևավորվի տվյալ համայնքի առավել մրցունակ համարվող արտադրատեսակի արտադրության և իրացման արժեշղթան:
4. Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում
1) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկաներ, մասնավորապես, արտաքին շուկաներ առաջ մղելը:
Այս համատեքստում Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման ներկա փուլում առանձնակի կարևորվում է տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման ներուժի զարգացումը և արտաքին շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը, ինչը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ վերջիններիս համար` ապահովելով նշանակալի տնտեսական արդյունք:
2013 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործընկեր ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի աջակցություն արտահանում սկսելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման, վերջիններիս կողմից իրականացվող արտահանման գործունեության զարգացման և ընդլայնման ուղղությամբ:
Այդ նպատակով արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն արտաքին շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ փորձարկումների անցկացման, թույլտվությունների, սերտիֆիկատների ձեռքբերման և համապատասխան փաստաթղթերի պատրաստման հարցերում, Եվրամիության երկրներ ապրանք արտահանողներին Արտոնությունների ընդհանրացված համակարգի և նրա ընձեռած հնարավորությունների, միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների վերաբերյալ: ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի նաև տեղեկատվություն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ և կցուցաբերվի աջակցություն դրանց ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի մրցունակ դարձնելու ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը` արտաքին շուկաներ դուրս բերելու համար:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանմանն աջակցության ծրագրի շրջանակներում համալիր աջակցություն կցուցաբերվի առանձին ոլորտներում գործող արտահանման մեծ ներուժ ունեցող առաջատար ընկերություններին` նրանց արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու և արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:
2013 թվականին նշված ծրագրի շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի համագործակցությունն արտահանումը խթանող տարբեր միջազգային կառույցների (ծրագրերի)` Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի հետ և այլն` դրանցում Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտներին ներգրավելու նպատակով:
Արտահանող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կօգտագործվեն նաև ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես, պոտենցիալ գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցերում:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ուղղություններով նախատեսվում է աջակցության ցուցաբերում շուրջ 100 ՓՄՁ-ի սուբյեկտի:
2) Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Այս համատեքստում կարևորվում է ՁԵՑ-ի գործունեությունը Հայաստանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով որպես ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոն Հայաստանում:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի կողմից 2013 թվականի ընթացքում նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
Բացի դրանից` ՓՄՁ-ի սուբյեկտների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են գտնել Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվություն ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և միջոցառումների մասին և այլ գործարար տեղեկատվություն: Նշված գործարար տեղեկատվությունը հասանելի կլինի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջից:
2013 թվականի ընթացքում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար համագործակցության նոր առաջարկներով:
2013 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ՝ համագործակցության հաստատման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ 2013 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նախատեսվում է ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարի (բազայի) համալրում հայ գործարարների կողմից ներկայացվող շուրջ 150 գործարար համագործակցության առաջարկներով:
5. Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն
«Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն» ծրագրային ուղղության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ ոլորտային ուղղությունների (հատկապես արտահանման ներուժ ունեցող) զարգացումը և տեղական արտադրությունների ձևավորման խթանումը (մասնավորապես ներմուծման փոխարինումը)՝ օրինակելի գործարար մոդելների ներդրման միջոցով:
Սույն ծրագրային ուղղության շրջանակներում կիրականացվեն հետևյալ գործողությունները`
1) Գործարար մոդելների ստեղծում
Գործարար մոդելների ստեղծման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մարզերի տնտեսության զարգացման ներուժ ունեցող ճյուղերի քարտեզագրում և կրկնօրինակման ենթակա առավել մրցունակ ոլորտների ընտրություն, որից հետո յուրաքանչյուր ոլորտի համար կներգրավվեն կարճաժամկետ փորձագետներ, որոնք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների հետ համատեղ կստեղծեն օրինակելի գործարար մոդել տվյալ ոլորտի համար: Գործարար մոդելների ստեղծման համար, որպես սկզբունք` կկիրառվի նաև ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը.
2) Գործարար մոդելների իրագործում
Գործարար մոդելի ներդրման փուլում ենթադրվում է ընտրված ոլորտում գործունեության որոշակի փորձ ունեցող գործարարների բացահայտում և ընտրություն, որոնք կանցնեն որոշակի դասընթացային փուլ՝ բիզնեսի վարման կարողությունների զարգացման և ստեղծված գործարար մոդելի տեխնոլոգիական տարրերի համակցությամբ, ինչպես նաև կստանան խորհրդատվություն և ֆինանսավորում՝ ըստ անհրաժեշտության: Այս փուլի ավարտին արդեն նախատեսվում է ունենալ փաստացի գործող նորաստեղծ բիզնես.
3) Ուղեկցում և մոնիթորինգ
Այս փուլում նախատեսվում է ստեղծված բիզնեսների ուղեկցում` (խորհրդատվություն, կարճաժամկետ դասընթացներ, տեղեկատվական աջակցություն և այլն) վերջիններիս գործունեության առաջին մեկ տարվա ընթացքում: Ուղեկցման գործընթացին զուգահեռ իրականացվելու է նաև փորձնական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում:
Ընդհանուր առմամբ 2013 թվականին կմշակվի 3 օրինակելի գործարար մոդել և դրանց հիման վրա կստեղծվի 30 նոր բիզնես:
6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն և հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու, հարկային ու մաքսային ձևակերպումների, իրավաբանական և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու ուղղությամբ, հատկապես, Հայաստանի Հանրապետության մարզերում: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, խմբային հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը և դրանց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր:
Միաժամանակ, գործընկեր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), ինչպես նաև տեղական գործընկեր մասնագիտացված ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հանդիպումներ այնտեղ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` գիտելիքների և փորձի փոխանցման, տեղերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով:
2013 թվականի ընթացքում կշարունակվեն աշխատանքները նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Աջակցության հիմնական մասը կուղղվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող համալիր աջակցության ծրագրերում ընդգրկված և տարածաշրջաններում հեռանկարային զարգացման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների, տեղեկագրերի) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև դրանք կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ-ներ), (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների) մասնավորապես, «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարի միջոցով գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Բացի դրանից՝ հաղորդման շրջանակներում կստեղծվի թեմատիկ բաժին, որի միջոցով գործարարներին պարբերաբար տեղեկատվություն և պարզաբանումներ կտրամադրվեն ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի և դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
2013 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:
Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրության ու վարչարարության պարզաբանման նպատակով 2013 թվականին կշարունակի գործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «թեժ գիծը», որի միջոցով հայ գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ակտիվ ներգրավված կլինի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներում, մասնավորապես, կաջակցի նախատեսվող օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման և վերլուծությունների աշխատանքներին:
Գործարար ուսուցողական աջակցության ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է կիրառել նոր մոտեցումներ ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող ուսուցողական աջակցության արդյունավետության բարձրացման և այն առավել նպատակային ու շարունակական դարձնելու ուղղությամբ:
Ծրագրային այս ուղղության բաղադրիչներից է հանդիսանում նաև սկսնակ գործարարների ուսուցումը, որը նկարագրված է 5-րդ գլխի 2-րդ կետում:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող տնտեսական դաշտին առնչվող փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների հրատապ տեղեկացվածության, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին այդ փոփոխությունների ներկայացման և պարզաբանման անհրաժեշտությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական (տեղեկատվական) բնույթի միջոցառումներ:
Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն ծրագրային ուղղության շրջանակներում նախատեսվող գործարար մոդելների ստեղծման և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով, անհրաժեշտության դեպքում, ՓՄՁ-ի սուբյեկտներին նեղ մասնագիտական ուղղություններով (կահույքագործ, պանրագործ, մեղվաբույծ, հացթուխ, հրուշակագործ և այլն) արհեստավարժ կադրերով ապահովելու համար կկազմակերպվեն նեղ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանն ուղղված դասընթացներ` համագործակցելով Հայաստանում այդ ուղղությամբ գործող կազմակերպությունների և հաստատությունների հետ (մասնավորապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ), ինչպես նաև ներգրավելով միջազգային մասնագետներին ու փորձագետներին:
Ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների և ունակությունների մակարդակի բարձրացման նպատակով 2013 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ` վերջիններիս համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության ծրագրերի շրջանակներում նախատեսվում է՝
ա) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 3500-4500 ՓՄՁ-ի սուբյեկտի,
բ) գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցության ցուցաբերում 700-800 ՓՄՁ-ի սուբյեկտի.
2) Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
2013 թվականին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Հաշվապահական կենտրոնի գործունեության կազմակերպման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ-ի սուբյեկտներին օգտվել հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման մատչելի ծառայություններից: Կմշակվի Հաշվապահական կենտրոնի գործունեության նոր ռազմավարություն, ինչը կնպաստի Հաշվապահական կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքներ կիրականացվի Հաշվապահական կենտրոնի գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Այդ նպատակով պայմաններ կստեղծվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում, որտեղ Հայաստանի Հանրապետության մարզերի ՓՄՁ-ի սուբյեկտները հնարավորություն կունենան ստանալ Հաշվապահական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններին համանման ծառայություններ:
Դրա հետ մեկտեղ Հաշվապահական կենտրոնի կողմից կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Հաշվապահական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից կօգտվեն ավելի քան 2000 ՓՄՁ-ի սուբյեկտներ:
7. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության զարգացման համար կարևոր խնդիր է հանդիսանում նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում 2013 թվականի ընթացքում կշարունակվի ֆինանսական աջակցության գործիքների կիրառումը:
Ծրագրային այս ուղղությունը ներառում է հետևյալ ֆինանսական գործիքները`
- Սկսնակների գործարար ծրագրերի ֆինանսական աջակցություն, ինչը նկարագրված է ծրագրի 5-րդ գլխի 2-րդ կետում,
- ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում,
- ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում:
Անհրաժեշտության դեպքում, կդիտարկվեն (կքննարկվեն ու կմշակվեն) նաև այլ ֆինանսական գործիքներ, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա ներդրման համար:
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, 2013 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին (այդ թվում` կին գործարարներին) վարկային երաշխավորությունների տրամադրումը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս ազդեցությունը` առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խնդիրների լուծմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման գործիքն ունի մարզային ուղղվածություն, սակայն 2013 թվականից սկսած սույն ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաև Երևան քաղաքում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
2013 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի իրականացման ֆինանսական ռեսուրսների ծավալի ավելացում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին, այդ թվում` սկսնակ կին գործարարներին, վարկային երաշխավորությունների տրամադրմանը:
Վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի (Զարգացման հայկական բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ, Հայբիզնեսբանկ և Արմսվիսբանկ) միջոցով:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարուց ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին 170-200 գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների կտրամադրվեն վարկային երաշխավորություններ:
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում
2013 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն նախատեսում է 2013 թվականի ընթացքում ակտիվորեն շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման գործընթացը` տարեվերջին ֆինանսավորման ծավալը հասցնելով շուրջ 6,000,000.0 հազ. դրամի:
Միաժամանակ, բացի ուղղակի վարկավորումից և կապիտալի ֆինանսավորումից 2013 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն կշարունակի ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցել ծառայության նոր տեսակ` «առևտրային երաշխիքների տրամադրում»: Մասնավորապես, կտրամադրվեն մրցույթների մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության զարգացմանը:
Ֆինանսական այս գործիքի ներքո կարևոր նշանակություն կտրվի ՓՄՁ-ի սուբյեկտների սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուն: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կբացահայտվեն ՓՄՁ-ի սուբյեկտներ (հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերում), որոնք հետաքրքրված կլինեն այս գործիքի կիրառմամբ և որոնց զարգացումը հնարավոր կլինի ապահովել այս գործիքի ներդրմամբ: Այդ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի գործարար առաջարկների ձևավորման հարցում: Հետագայում գործարար առաջարկները կներկայացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին` այդ գործարար առաջարկների կենսունակությունը գնահատելու և դրական գնահատված գործարար առաջարկներ ներկայացված ՓՄՁ-ի սուբյեկտների սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի ավելի քան 2,000,000.0 հազ. դրամի վարկային միջոցներ:
8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
2013 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ծրագրի շրջանակներում որպես ծրագրային ուղղություն (ծրագրային միջոցառում) «Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում» ծրագրային միջոցառման իրականացման ուղղությամբ:
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունների ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ 2013 թվականին կիրականացվի համագործակցություն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի, Հեյֆեր կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, Բուլղարիայի ՓՄՁ-ի զարգացման գործակալության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում վերջինիս ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Կանանց ձեռներեցությանն աջակցության ծրագիրը», որի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և մեծացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարներին:
Աշխատանքներ կիրականացվեն նաև եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը անցնելով սույն ծրագրի շրջանակներում ընտրության վերջնական փուլ` կմասնակցի այդ ծրագրին նոր ծրագրային առաջարկով` «Տեղական/տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար»: Նշված ծրագրի ընդհանուր համակարգումը կիրականացնի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը. Մասնակից երկրներն են` Հունաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Մոլդովան:
2013 թվականին կընդլայնվի համագործակցությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Սակայն այն կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 150,000.0 հազ. դրամ, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների վարձատրությունը:
Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թվականին կմիավորվի սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության դրամագլուխը և վարկային երաշխավորությունների դրամագլուխը որպես մեկ միավորված դրամագլուխ (այսուհետ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլուխ):
Ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) ֆինանսական ապահովումը կիրականացվի հետևյալ միջոցների հաշվին`
1. «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում» ծրագրային ուղղությունը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին (մասնավորապես` կապահովվի վերջինիս պահպանման ծախսերը), ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցների հաշվին` վերջինիս հետ համագործակցության շրջանակներում.
2. Սկսնակների գործարար ծրագրերին ֆինանսական աջակցության տրամադրումը և ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի (778,000.0 հազ. դրամ, այդ թվում` սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության դրամագլխի) միջոցների հաշվին, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին (այդ թվում` սկսնակ) վարկային երաշխավորությունների տրամադրմանը.
3. ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը և սեփական կապիտալի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների (6,400,000.0 հազ. դրամ) հաշվին.
4. «Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում» ծրագրային ուղղությունը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, ինչպես նաև նախատեսվում է շարունակել Երևանի Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված տարածքի օգտագործումը.
5. «Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն» ծրագրային ուղղության իրականացումը նախատեսվում է`
- գործարար մոդելների ստեղծումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին,
- գործարար մոդելների իրագործումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների հաշվին, եթե այդ գործարար մոդելների իրագործման համար անհրաժեշտ կլինի վարկային երաշխավորության տրամադրում կամ սկսնակ գործարար ծրագրի իրականացման ֆինանսական աջակցություն.
6. Մնացած ծրագրային ուղղությունները (միջոցառումները) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին:
Ծրագրային ուղղությունների (միջոցառումների) իրականացման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները, այդ թվում` համաֆինանսավորման տարբերակով:
(հավելվածը փոփ. 25.07.13 N 791-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 55-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում, կառավարում և ընդլայնում իրականացնող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքներ, ինչպես նաև աջակցության ցուցաբերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու վերջիններիս կարողությունների հզորացմանը |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
2. |
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
3. |
Տեղական և տարածքային տնտեսական զարգացում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
4. |
Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում` 1) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցություն. 2) Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
5. |
Արդյունաբերական համակարգերի կառուցմանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
6. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն և Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում` 1) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն. 2) Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
7. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն` 1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում. 2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
8. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ շահագրգիռ կառույցներ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |