«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 827-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 16 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
2. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (3 օրինակից):
Լուսանկարների բացակայության դեպքում հայտարարատուն իր միջոցներով, մաքսային հսկողության ներքո, իրականացնում է մշակութային արժեքների լուսանկարումը:
Լուսանկարները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) սահմանած պահանջներին համապատասխան:
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մշակութային արժեքները համեմատում է լուսանկարների հետ` դրանց դարձերեսներին լրացնելով մշակութային արժեքների տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը):
Մշակութային արժեքների առանձին տվյալների` հեղինակի, ստեղծման ժամանակի, ստեղծման վայրի, նյութի ճշգրտման անհնարինության դեպքում նշվում է «անհայտ» բառը:
4. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս:
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լուսանկարների դարձերեսներին լրացված տվյալները շրջագծում է, հաստատում անձնական կնիքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպում դրանց ժամանակավոր ներմուծումը` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կնքված մշակութային արժեքների լուսանկարների մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, մեկը տրվում է հայտարարատուին, իսկ երրորդ օրինակը՝ լիազորված պետական մարմնին:
Մշակութային արժեքների կնքված լուսանկարները հիմք են հետագայում մաքսային ձևակերպումների նպատակով դրանց նույնականացման համար: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինն իրավասու է իրականացվող աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:
6. Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքների` մաքսային սահմանով բացթողումից հետո 5-օրյա ժամկետում մաքսային մարմինը մշակութային արժեքների ներմուծման մասին գրավոր (պատվիրված նամակով) տեղեկացնում է լիազորված պետական մարմնին՝ կցելով լուսանկարների մեկ օրինակը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |