ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4159-AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 հունիսի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2006 թվականի ապրիլի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4159-AM զարգացման վարկի համաձայնագրում (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2006 թ. ապրիլի 7-ին` Երևանում:
2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն), Վերականգնվող էներգետիկայի ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով, համաձայնագրում նշված պայմաններով և ժամկետներում Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է տարբեր տարադրամներով երեք միլիոն հինգ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (3.500.000 ՓՀԻ) գումարի վարկ: Ծրագրի նպատակն է մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող՝ վերականգնվող էներգիայի արտադրության դերը:
Վարկի մարումը պետք է իրականացվի 2016 թ. մայիսի 15-ից մինչև 2045 թ. նոյեմբերի 15-ը:
3. Համաձայնագիրն ունի վեց հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար` վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, գնումներին, իրականացման ծրագրին, հատուկ հաշվին, թույլատրելիության չափանիշներին և ենթավարկերի տրամադրմանը:
Համաձայն 2-րդ հավելվածի` Ծրագրի բաղադրատարրերն են` Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը և Վերականգնվող էներգետիկայի ենթածրագրերում ներդրումների ֆինանսավորումը: Հավելվածը սահմանում է Ծրագրի յուրաքանչյուր բաղադրատարրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ցանկը:
Համաձայն 1-ին հավելվածի՝ վարկի ողջ գումարը տրամադրվում է մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ենթավարկավորում իրականացնելու նպատակով:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2010թ. հունիսի 30-ին:
4. Համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0.75%-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց` մինչև 0.5%-ի չափով պարտավճար։
Վարկառուն միաժամանակ պարտավորվում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցով վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ, Ընկերակցությանը ներկայացնել հաշվետվություն Ծրագրի իրականացման և դրա նպատակների իրագործման գնահատման և մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի ապրիլի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4159-AM զարգացման վարկի համաձայնագրում (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|