Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1749
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 սեպտեմբերի 2024 թ.

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մ. Գրիգորյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 1399-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կանոնակարգը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) ստորագրվել է 2024 թվականի օգոստոսի 30-ին` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության կողմից Կանոնակարգն ստորագրել է փոխվարչապետ Մ. Գրիգորյանը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը: Կանոնակարգի ստորագրման առաջարկությանը Կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1225-Ա որոշմամբ: Վարչապետի՝ Կանոնակարգն ստորագրելու լիազորագիրը (Լ-28) փոխվարչապետ Մ. Գրիգորյանին տրվել է 2024 թվականի օգոստոսի 19-ին:

1.2. Արտաքին գործերի նախարարության՝ Կանոնակարգի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքի և Սահմանադրական դատարանում սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն՝

1.2.1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:

1.2.2. 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչև 2022 թվականի ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորություն։

1.2.3. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:

1.3. Վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և հաստատվել է դրա անհատական կազմը:

Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի (այսուհետ միասին՝ Հանձնաժողովներ) միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

2024 թվականի ապրիլի 19-ի՝ Հանձնաժողովների 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, և դրանով սահմանված հիմնարար սկզբունքին համապատասխան սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանձնաժողովները պայմանավորվել են նաև Ալմա Աթայի հռչակագրով սահմանված հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգում:

2024 թվականի մայիսի 15-ին Հանձնաժողովների 9-րդ հանդիպման արդյունքում Հանձնաժողովների միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, Կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը:

1.4. Սահմանադրական դատարանում սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրության մեջ, մասնավորապես, նշված է, որ պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության համար ունեն անվտանգային նշանակություն, և այդ գործընթացում Հայաստանն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:

Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների, փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում:

Համաձայն Կանոնակարգի՝ սահմանազատման գործընթացում Հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաև բոլոր նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը։ Ընդ որում՝ Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ Ալմա Աթայի հռչակագրին համահունչ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։

Կանոնակարգով նախատեսված կառուցակարգերի կիրառմամբ հնարավորություն կստեղծվի երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:

Կանոնակարգը և դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են Հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման աշխատանքների բնականոն ընթացքին։

Միաժամանակ, Կանոնակարգով սահմանվում են սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, սահմանամերձ տարածքների բնակիչների համար տնտեսական գործունեության պայմանների ստեղծման և այլ նպատակներով լրացուցիչ մեխանիզմների կիրառման հնարավորություններ (մասնավորապես՝ սահմանագծի անցման օպտիմալացման վերաբերյալ կարգավորումներով)։

Կարգավորվում են նաև հետագայում Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական կարևոր երաշխիք է:

Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար:

2024 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

1.5. Սույն գործով զեկուցող դատավորների՝ Սահմանադրական դատարանում սույն գործով Կառավարության ներկայացուցչին ուղղված՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴԴ-35 և ՍԴԴ-36 գրություններին ի պատասխան՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 23-ին և 24-ին Սահմանադրական դատարան են մուտքագրվել պատասխան (ի լրումն) գրությունները, որոնց կից Սահմանադրական դատարանին են տրամադրվել պահանջված փաստաթղթերը, նյութերը և տեղեկությունները, մասնավորապես՝ վարչապետի կողմից փոխվարչապետ Մ. Գրիգորյանին 2024 թվականի օգոստոսի 19-ին տրված՝ Կանոնակարգն ստորագրելու լիազորագիրը (Լ-28), Կանոնակարգի ռուսերեն բնօրինակի պատճենը, արդարադատության նախարարության կողմից տրամադրված «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում առկա պահանջված արխիվային նյութերի էլեկտրոնային պատճենները:

1.6. Կանոնակարգի 1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ելնելով անհրաժեշտությունից՝ Հանձնաժողովներն իրենց աշխատանքներում ներգրավում են փորձագետների և մասնագետների:

1.7. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունը՝ փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

1.7.1. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը (այսուհետ՝ ՀՀ հանձնաժողով) մյուս կողմի Հանձնաժողովի հետ համաձայնեցված կազմակերպի ու վերահսկի տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, գեոդեզիական, կադաստրային և քարտեզագրական աշխատանքների իրականացումը, տեղանքում սահմանագծի անցման հատվածների տեղազննման և հետազոտման աշխատանքների, ինչպես նաև սահմանազատման իրականացման հետ կապված այլ աշխատանքների (սահմանազատման աշխատանքներ) կատարումը (Հոդված 2, կետ 2).

1.7.2. ապահովել, որ ՀՀ հանձնաժողովը սահմանազատման աշխատանքների կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակի համապատասխան տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, քարտեզագրական և գեոդեզիական նյութերը՝ Կանոնակարգի 5-րդ հոդվածով սահմանված պետական սահմանի սահմանազատման քարտեզի (սահմանազատման քարտեզ) ստեղծման նպատակով (Հոդված 2, կետ 3).

1.7.3. ապահովել, որ ՀՀ հանձնաժողովը մշակի, համաձայնեցնի և ընդունի հետևյալ փաստաթղթերը.

1) սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը.

2) սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցը.

3) սահմանազատման քարտեզի վրա հայկական աշխարհագրական անվանումներն ադրբեջաներենով և ադրբեջանական աշխարհագրական անվանումները հայերենով արտացոլելու կարգի մասին ուղեցույցը.

4) պետական սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրություն կազմելու կարգի մասին ուղեցույցը.

5) սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը (Հոդված 2, կետ 4).

1.7.4. ապահովել սահմանազատման ընթացքում ՀՀ հանձնաժողովի կողմից սահմանազատման փորձագիտական խմբ(եր)ի ձևավորումը, որոնք տեղանքում կիրականացնեն սահմանազատման համալիր միջոցառումներ, և աշխատանքների արդյունքներով կկազմվեն փաստաթղթեր՝ ՀՀ հանձնաժողովին ներկայացնելու համար (Հոդված 3, կետ 1, ենթակետ 1).

1.7.5. ապահովել սահմանազատման ընթացքում ՀՀ հանձնաժողովի կողմից սահմանազատման փորձագիտական խմբ(եր)ի գործունեության ղեկավարումն ու վերահսկողությունը, այդ խմբ(եր)ի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը, ստուգումը և ընդունումը (Հոդված 3, կետ 1, ենթակետեր 2, 3).

1.7.6. հոգալ ՀՀ հանձնաժողովի ծախսերը, ընդ որում՝ հատուկ դեպքերում ծախսերի հարցը ենթակա է առանձին համաձայնեցման (Հոդված 3, կետ 2).

1.7.7. ապահովել ՀՀ հանձնաժողովի կողմից սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով սահմանազատման աշխատանքների իրականացումը, յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար սահմանագծի անցման նկարագրության կազմումը, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված (Հոդված 5, կետ 1).

1.7.8. ապահովել սահմանազատման համալիր աշխատանքների կատարման արդյունքներով ՀՀ հանձնաժողովի կողմից ամբողջ պետական սահմանագծի անցման Արձանագրության-նկարագրության և վերջինիս կից՝ Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կազմումը. անհրաժեշտության դեպքում՝ ի լրումն հիշյալ փաստաթղթերի՝ կարող են ավելացվել նաև սահմանազատման համալիր աշխատանքների կատարման ընթացքում պատրաստված այլ նյութեր (Հոդված 5, կետեր 2, 5):

1.8. Կանոնակարգի 4-րդ հոդվածի համաձայն՝ սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ և համաձայնեցնել գործընթացի չափանիշներն ու ձևերը հետևյալ նպատակներով՝

1) սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովում,

2) սահմանամերձ տարածքների բնակիչների համար իրենց ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծում,

3) ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային, մելիորացիոն և այլ ենթակառուցվածքների անդրսահմանային օբյեկտների, արգելոցների, ազգային պարկերի գործունեության ապահովում, էկոլոգիական և բնապահպանական գործունեության պահպանում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործում,

4) պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանություն,

5) ոլորապտույտ գծերի ուղղում,

6) սահմանագծի անցում բնական աշխարհագրական օբյեկտներով և ռելիեֆի տարրերով:

1.9. Կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն՝ Կանոնակարգում փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են Կանոնակարգի անբաժանելի մասը կազմող արձանագրություններով և ուժի մեջ են մտնում Կանոնակարգի 7-րդ հոդվածին համապատասխան:

1.10. Կանոնակարգի 7-րդ հոդվածին համապատասխան՝ այն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը:

Կանոնակարգն ստորագրված է երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Կանոնակարգի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը:

 

2 Սույն գործով պարզման ենթակա հանգամանքները

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված (բնագիրը Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին) Հայաստանի անկախության մասին հռչակագիրը (այսուհետ նաև՝ Հռչակագիր) հիշատակված է 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում հետևյալ շարադրանքով՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, (…)»:

Հաշվի առնելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, որը հիշատակված է Հռչակագրի նախաբանում, և Հռչակագրի՝ Սահմանադրության բովանդակության վրա հնարավոր ազդեցության հարցի վերաբերյալ մինչ այսօր Սահմանադրական դատարանի դոկտրինալ դիրքորոշման բացակայությունը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե որքանով է Կանոնակարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը (1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի իմաստով՝ «գոյություն ունեցող սահմաններ») համապատասխանում Սահմանադրությանը:

 

3 Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

31. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է Սահմանադրության նախաբանի նշանակությանը և Սահմանադրության դրույթների մեկնաբանության հարցում դրանում ամրագրված դրույթների ուղենշային կարևորությանը (ՍԴՈ-1590, ՍԴՈ-1680)։

Մասնավորապես՝ 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմամբ անդրադառնալով Սահմանադրության անփոփոխ դրույթների իրավական բովանդակության շրջանակին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին անխուսափելիորեն դասվում է նաև Սահմանադրության նախաբանը։ Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է

«5.1. (…) Սահմանադրության կայունությունը ժամանակակից սահմանադրական համակարգերի կարևորագույն հատկանիշներից է, որը նաև սահմանադրականության ամրապնդման ու զարգացման կարևոր գրավական է: Ընդ որում, Սահմանադրության կայունությունն ապահովվում է Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների անփոփոխությունն ապահովող նորմերի կայունությամբ՝ անկախ Սահմանադրության տեքստում փոփոխությունների կատարման հաճախականությունից։

Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների արդյունավետ պահպանության և պաշտպանության նկատառումներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ Սահմանադրության տեքստի փոփոխությունների ծավալից, փոփոխության իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակից, զարգացող հասարակական հարաբերությունների պայմաններում Սահմանադրության՝ որպես հիմնարար կարգավորչի դինամիկ կայունությունը հնարավոր է ապահովել դրա նորմերի աստիճանակարգության կանոնների պահպանմամբ:

5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության դասակարգել հետևյալ խմբերի.

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները՝ որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,

(․․․)

Սահմանադրական դրույթների փոփոխման կարգերի տարբերակման նպատակներն են ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում՝ լուծումը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար և կենտրոնական առանցքն են, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը»:

Զարգացնելով այս դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս եզրահանգման հիմքում դրված է այն նկատառումը, որ Սահմանադրությամբ որևէ դրույթին անփոփոխելիության որակով օժտելը վերաբերում է ոչ միայն դրա շարադրանքին, այլև համապատասխան անփոփոխ դրույթի ողջ բովանդակությանը, որի բացահայտման համար ուղենշային նշանակություն ունի Սահմանադրի կողմից տվյալ դրույթի սահմանման նպատակը։ Վերջինս առանցքային նշանակություն ունի համապատասխան դրույթի նպատակային մեկնաբանման մեթոդի կիրառման համար և ինքնին հանդիսանում է այդ մեթոդով սահմանադրական դրույթի մեկնաբանման որոշիչ ելակետը։ Հետևաբար՝ Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման եզրահանգման բերումով չէ, որ Սահմանադրության նախաբանն օժտվել է անփոփոխելիության որակով։ Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության որակն ուղղակիորեն բխել է Սահմանադրությամբ ամրագրված անփոփոխ դրույթների սահմանման համար Սահմանադրի հետապնդած նպատակներից, որոնք ամրագրվել են Սահմանադրության նախաբանում, որով և վերածվել են տվյալ անփոփոխ դրույթի իրավական բովանդակության բաղադրիչի։ Այսինքն՝ Սահմանադրության նախաբանն անփոփոխ դրույթի որակով օժտված է ուղղակիորեն Սահմանադրի կողմից՝ նախաբանում ամրագրված նպատակների համար Սահմանադրության անփոփոխ դրույթների թե՛ սահմանման, թե՛ դրանց անփոփոխելիության որակով օժտելու բերումով։ Սահմանադրական դատարանը ո՛չ իրավասու է ինքն իրականացնել Սահմանադրին վերապահված այս բացառիկ լիազորությունը, ո՛չ էլ Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով սահմանադրական արդարադատություն իրականացնելիս կարող է հանդուրժել Սահմանադրին վերապահված բացառիկ այս լիազորության իրականացումը որևէ այլ սուբյեկտի կողմից։

Իր անփոփոխելիության հատկությամբ Սահմանադրության նախաբանը, ինչպես նաև Սահմանադրության մյուս անփոփոխ դրույթները Սահմանադրության կառուցվածքում ձեռք են բերել Սահմանադրության մյուս նորմերի նկատմամբ գերակայության և վերջիններիս մեկնաբանման համար ուղղորդիչ նշանակության հատկություններ։ Այլ խոսքով՝ Սահմանադրության ներքին աստիճանակարգության մեջ անփոփոխ դրույթները դասվում են ամենաբարձր աստիճանին, որն իր մեջ ունի նաև Սահմանադրությունն իր ամբողջության մեջ և սահմանադրական յուրաքանչյուր դրույթի մեկնաբանման համար գործնական իրավակիրառ նշանակություն։

Վերը նշված որակական հատկանիշներով հանդերձ՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները (պայմանավորված իրենց անփոփոխելիության որակով) ունեն հստակ արտահայտված մեկ այլ՝ սույն գործով քննության համար նշանակություն ունեցող առանցքային հատկանիշ այդ դրույթները Սահմանադրի կողմից իր ինքնիշխան իրավազորության շրջանակում լուծման ենթակա հարցերի շրջանակի՝ Սահմանադրի կողմից սահմանափակման (ինքնասահմանափակման) կամքի արտահայտությունն են։ Մասնավորապես՝ անփոփոխ դրույթների ողջ նպատակային նշանակությունը դրանց անփոփոխելիությունը և ամենաբարձր աստիճանի կայունությունն ապահովելն է՝ որպես սահմանադրական արժեբանության կայունության, հարատևության և անմիջամտելի շարունակականության երաշխիք։ Այս նպատակի իրագործման համար անփոփոխ դրույթների սահմանմամբ Սահմանադիրն ինքնասահմանափակել է իր՝ անփոփոխ դրույթներին միջամտության հնարավորությունը։ Սահմանադրի կողմից որևէ դրույթ անփոփոխելիության որակով օժտելը պաշտպանում է Սահմանադրությունը փոփոխելու իրավասություն ունեցող սուբյեկտի կողմից այդ դրույթին միջամտությունից, և որպես այդպիսին՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները Սահմանադրի կողմից դրանք փոփոխելուն կամ դրանց գործողությունը դադարեցնելուն ուղղված Սահմանադրի իրավազորությունը (ինքնա)սահմանափակող դրույթներ են։

Համաձայն Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրության կարգավորումները նախատեսում են Սահմանադրության որևէ (փոփոխելի) դրույթ փոփոխելու իրավասություն ունեցող սուբյեկտ՝ ժողովուրդը՝ համապատասխան ընթացակարգով։ Սահմանադրությամբ նախատեսված՝ միայն Սահմանադրությամբ թվարկված սպառիչ ցանկով դրույթների փոփոխություն կատարելու սահմանափակ իրավազորությամբ օժտված է նաև Ազգային ժողովը (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 202-րդ հոդված, 1-2-րդ մասեր)։ Միաժամանակ, Սահմանադրության անփոփոխ դրույթները պաշտպանված են ժողովրդի և, առավել ևս, Ազգային ժողովի կողմից դրանք փոփոխելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու միջամտությունից։ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասից և Սահմանադրության անփոփոխ դրույթների` Սահմանադրի կամքի նկատմամբ ինքնասահմանափակման այս հատուկ և բացառիկ բնույթից ուղղակիորեն բխում է, որ թե՛ Սահմանադրության որևէ անփոփոխ դրույթ սահմանելու, թե՛ արդեն իսկ սահմանված սահմանադրական դրույթին անփոփոխելիության որակով օժտելու բացառիկ իրավազորությունը վերապահված է միայն ժողովրդին՝ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։

Հետևաբար՝ անփոփոխ դրույթների մեկնաբանության մեթոդաբանությունն ընտրելիս Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդգծված զգուշավորություն դրսևորել այդ դրույթների մեկնաբանության համար՝ կիրառելով բացառապես «նեղ» մեկնաբանության մեթոդը խնդրո առարկա դրույթի որոշիչ իմաստային ուղղորդիչների, մասնավորապես՝ «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» սահմանադրական դրույթում համապատասխան «սկզբունքների» և «նպատակների» ցանկի որոշակիացման իմաստով՝ հաշվի առնելով, որ «նեղ» մեկնաբանության (ի հակադրություն՝ «լայն» կամ «տարածական» մեկնաբանության) մեթոդի շրջանակից դուրս գալու հետևանքային ազդեցությունը հանգեցնում է Սահմանադրի ինքնիշխան իրավազորությունը սահմանափակող դրույթների բովանդակային շրջանակի (Սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս) ընդլայնմամբ Սահմանադրի իրավազորության շրջանակի սահմանափակմանը՝ հակառակ Սահմանադրության 1-ին հոդվածի («Հայաստանի Հանրապետությունն (․․․) ժողովրդավարական (․․․) պետություն է») և 2-րդ հոդվածի 1-ին մասի («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»)։

3.2. Սույն որոշման 2-րդ կետի հարցադրման պատասխանի համար անհրաժեշտ է առաջին հերթին համեմատական վերլուծության ենթարկել Հռչակագրի և 1995 թվականի Սահմանադրության տեքստերը, որոնք պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ, սակայն՝ բովանդակային որոշ համընկնում և, միաժամանակ, տարբերություն ունեցող սկզբունքներ և նպատակներ։ Մասնավորապես՝ սակայն չսահմանափակվելով միայն ներքոթվարկվածով

ա) Հռչակագրի 3-րդ կետի համաձայն՝ «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա (…)», որի հետ բովանդակային մասնակի տարբերություն և համընկնում, սակայն ակնհայտորեն այլ շարադրանք ունեցող՝ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրված են «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով» բովանդակությամբ։

բ) Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության համակարգերի ենթակայության համակարգային սկզբունքի մասին Հռչակագրի 5-րդ կետում սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ (․․․) Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ»։ Մինչդեռ 1995 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը «զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը», իսկ նույն հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը «որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»: Թեպետ հետագայում՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի Հանրապետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգին, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանության և անվտանգության համակարգերի՝ գործադիր իշխանության ենթակայության կառուցակարգային սկզբունքը մնաց անփոփոխ՝ հակառակ Հռչակագրի 5-րդ կետի։

Հռչակագրում նշված որոշ դրույթներ, որոնք լայն համատեքստում կարող են որպես նպատակներ պարունակող դրույթներ դիտարկվել, չեն ամրագրվել Սահմանադրության (և դրա հետագա փոփոխությունների) մեջ, մասնավորապես (սակայն չսահմանափակվելով միայն)

գ) «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»,

դ) «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները» ։

Հռչակագրի նախաբանում նշված «ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծման» նպատակը, որն իր ոչ նույնական շարադրանքով, սակայն բովանդակային ծավալով համընկնող նպատակ-սկզբունք ամրագրող՝ Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածում ստացել է հետևյալ ամրագրումը «Հայաստանի Հանրապետությունը (․․․) ժողովրդավարական, (․․․) իրավական պետություն է»։

1995 թվականի Սահմանադրության դրույթների՝ Հռչակագրի հետ ունեցած ակներև անհամապատասխանությունները (վերը թվարկված օրինակներից Հռչակագրի նախաբանում և 32 կետի ա-բ ենթակետերում նշված օրինակները) դրանց շարադրանքի և բովանդակային տարբերությունների մասով ակնհայտորեն վկայում են, որ Սահմանադիրը, 1995 թվականի Սահմանադրության դրույթները սահմանելով, դրանց չի հաղորդել Հռչակագրի դրույթների հետ նույնական բովանդակություն՝ «հիմք ընդունելով հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» արտահայտության նշանակությունը դիտարկելով բացառապես իր կամընտրությամբ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների՝ միայն իր կողմից 1995 թվականի Սահմանադրությունում ամրագրված բովանդակության շրջանակում։

«Հիմք ընդունելով» արտահայտությանն այնպիսի բովանդակություն հաղորդելը, համաձայն որի՝ Սահմանադրությունում շարադրված շրջանակից տարբերվող շրջանակով Հռչակագրում ամրագրված որևէ սկզբունք կամ նպատակ ունի նաև այլ՝ Սահմանադրությամբ ամրագրված իմաստային շրջանակից տարբերվող և Հռչակագրով ունեցած ինքնուրույն իմաստ, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության ընդունմամբ սահմանադրական որոշակիության միջոցով սահմանադրական կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակին այս նկատառմամբ Հռչակագրի 12-րդ կետով նախանշվել էր անկախության գործընթացի նշանակալից հանգրվաններից մեկը՝ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը։ 1995 թվականի Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվել է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի վերաբերյալ դրույթը, որն անայլընտրանք եզրահանգման հիմք է առ այն, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից Սահմանադրությունը եղել է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող միակ իրավական ակտը։ Այս սահմանադրական իրողության պայմաններում Սահմանադրական դատարանը չի տեսնում որևէ պատճառ, որ Սահմանադիրը, նպատակ ունենալով Հռչակագրում հաստատագրված որևէ սկզբունքի կամ նպատակի իրավական բովանդակությունը ներմուծել 1995 թվականի Սահմանադրություն կամ առաջնորդվելով դրա ողջ ծավալը 1995 թվականի Սահմանադրության ծավալ ներմուծելու վարկածով, Հռչակագրի դրույթների և 1995 թվականի Սահմանադրության դրույթների միջև ակնհայտ տարբերություն պարունակող նորմերով ձևավորեր այնպիսի իրավակարգավորումների համակարգ, որոնցում Հռչակագրում հաստատագրված սկզբունքները և նպատակները՝ որպես նախաբանի բովանդակության մաս, 1995 թվականի Սահմանադրության մյուս դրույթների հետ ունենային ակնհայտ անհամապատասխանություններ։

Նույնն առավել ևս վերաբերելի է առհասարակ բոլոր այն նպատակներին, որոնք չեն ամրագրվել Սահմանադրության որևէ դրույթում։ Այս կապակցությամբ պետք է նկատել նաև, որ Սահմանադիրը ոչ միայն 1995 թվականին ընդունված Սահմանադրության անփոփոխ դրույթներում չի ամրագրել Հռչակագրում հաստատագրված և սույն որոշման 32 կետում թվարկված գ-դ կետերում շարադրված որևէ նպատակ, այլ նմանապես չի ամրագրել դրանք իր փոփոխելի դրույթներում։ Մինչդեռ 1995 թվականի Սահմանադրության որևէ դրույթում Հռչակագրի՝ «համազգային» որակ ունեցող որևէ «նպատակ» Սահմանադրությունում չամրագրելով այն պարագայում, երբ 1995 թվականի Սահմանադրության դրույթների զգալի մասը պարունակում է մանրամասն կարգավորումներ (օրինակ՝ պետական իշխանության մարմինների գործունեությանն ու կազմակերպմանն ուղղված մանրամասն սահմանադրական կարգավորումները 1995 թվականի Սահմանադրության 3-7-րդ գլուխներում, կամ հատկապես 9-րդ գլխում անցումային դրույթների մանրամասն կարգավորումները), որևէ համազգային որակ ունեցող նպատակ Սահմանադրության նախաբանի բովանդակային ծավալում ներառելու հստակության բացակայության պայմաններում, լրջորեն հակադրվում է այն մոտեցմանը, որ Սահմանադրության նախաբանում Հռչակագիրը հիշատակելով՝ Սահմանադիրը նպատակ է ունեցել Հռչակագրում հաստատագրված, սակայն 1995 թվականի Սահմանադրության մեջ չամրագրված որևէ նպատակ ներառել Սահմանադրության մեջ։

 Սահմանադրության և Հռչակագրի քննարկված դրույթների շարադրանքի ակնհայտ, և դրանով պայմանավորված՝ բովանդակային ծավալի հնարավոր տարբերությունն այն մասով, որ մասով ներառված չէ Սահմանադրության դրույթների բովանդակություն, սահմանադրական իրողություն է, որը Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթի բովանդակային ծավալի որոշակիացման համար ունի ելակետային նշանակություն։ Նման սահմանադրական իրողությունը «նեղ» մեկնաբանության կիրառմամբ բացառում է Հռչակագրում հաստատագրված որևէ սկզբունք կամ նպատակ Սահմանադրության դրույթների բովանդակային ծավալում ներառված լինելու հնարավորությունը՝ Սահմանադրությամբ տվյալ սկզբունքի կամ նպատակի ամրագրված չլինելու պարագայում։

33 1995 թվականի Սահմանադրության և Հռչակագրի դրույթների միջև սույն որոշման 32 կետի ա-բ ենթակետերում թվարկված օրինակներում շարադրանքների և դրանցով պայմանավորված՝ բովանդակային տարբերությունների առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ 2005 և 2015 թվականներին իրականացված սահմանադրական փոփոխությունների գործընթացում այդ տարբերությունները հարթելուն ուղղված որևէ միջոց չի ձեռնարկվել. Հռչակագրում հաստատագրված «համազգային» որակ ունեցող որևէ նպատակ կամ հիմնարար սկզբունք, որը Սահմանադրությամբ ամրագրված չի եղել, Սահմանադրությունում ամրագրելու խնդիր առհասարակ չի ձևակերպվել։

34 Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Հռչակագրի դրույթների՝ որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման համար ունեցած նշանակության հարցին նաև սահմանադրական արդարադատության պրակտիկայում տեղ գտած իրավական դիրքորոշումների համատեքստում։

341 Հռչակագրի և Սահմանադրության նախաբանի հարաբերակցության հարցին անդրադարձ է պարունակում 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը, որի վերաբերելի մասը շարադրված է հետևյալ բովանդակությամբ

«(...) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»։

Սահմանադրական դատարանի որոշման մեջբերված հատվածը, որը որոշման ողջ ծավալում միակն է, որտեղ անդրադարձ է կատարվել Հռչակագրի 11-րդ կետի և Սահմանադրության նախաբանի միջև հարաբերակցությանը, դրան նախորդող և հաջորդող մասերում չի պարունակում որևէ դոկտրինալ նկատառում և առհասարակ որևէ պատճառաբանություն, որը մեջբերված հատվածում ամրագրված կարգադրագրային եզրահանգումը թույլ կտար նույնիսկ մոտավոր նմանությամբ դիտարկել որպես Սահմանադրության ողջ ծավալի համար այնպիսի հիմնարար ազդեցությամբ դոկտրինի ամրագրում, ինչպիսին Հռչակագրի որևէ դրույթ (կոնկրետ դեպքում՝ Հռչակագրի 11-րդ կետը) Սահմանադրության նախաբանում ամրագրված նպատակ դիտարկելն է։ Ավելին, Սահմանադրական դատարանը նկատում է, որ հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը հստակ տարանջատել է «Սահմանադրության նախաբանի դրույթներ» և «Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներ» հասկացությունների բովանդակային ծավալները. այդ հասկացությունները կապակցվել են «և» շաղկապով, այլ ոչ՝ դիտարկվել որպես մեկը («Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներ») մյուսի («Սահմանադրության նախաբանի դրույթներ») բովանդակային ծավալի մաս։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-850 որոշումից մեջբերված հատվածը չունի Սահմանադրական դատարանի սույն որոշման հետ դոկտրինալ անհամապատասխանություն՝ դրանով իսկ բացառելով ՍԴՈ-850 որոշման res interpretata բնույթը հաղթահարելու անհրաժեշտությունը։

342 2023 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշմամբ անդրադառնալով Սահմանադրության նախաբանում ամրագրված «հավատարմությունը համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրույթի մեկնաբանությանը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության նախաբանում ամրագրված «հավատարմությունը համամարդկային արժեքներին» սահմանադրական եզրի նշանակության և ազդեցության համար հիմք է ընդունել Սահմանադրության նախաբանում ինքնին նման դրույթի ուղղակիորեն ամրագրված լինելու իրողությունը։ Մասնավորապես՝ նույն որոշմամբ «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքի մեկնաբանման նպատակով Սահմանադրական դատարանը վկայակոչել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը՝ Հռչակագրում Հայաստանի անկախության գործընթացում դրա անդրադարձից։ Սակայն ինքնըստինքյան (առանց Սահմանադրության նախաբանում «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքի ամրագրման) Հռչակագրի 11-րդ կետը Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման համար չի ունեցել որևէ նորմատիվ ազդեցություն։ Դրա հիմքը եղել է Սահմանադրության նախաբանում ամրագրված «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքը, որը մեկնաբանելով և զարգացնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ՝

«Սահմանադրության նախաբանում՝ Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, Սահմանադրությունն ընդունել է նաև՝ «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Սահմանադրության նախաբանում այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը դարձնում է Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ:

(…)

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության նախաբանում Հայ ժողովրդի համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքը՝ հատկապես համընդհանուր խաղաղությանն սպառնացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարին վերաբերելի մասով՝ որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման արժեբանական ուղենիշ դիտարկելու սահմանադրական հրամայականի հիմքում ընկած է նաև այն պատմական, էթիկական և քաղաքակրթական չափորոշիչը, որ Կանոնադրության նախաբանում շարադրված ոճրագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի կարևորությունն արդեն իսկ արձանագրված է եղել Հայաստանի անկախության գործընթացում՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին հռչակմամբ (Հայաստանի անկախության մասին հռչակագիր, կետ 11)։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին դրույթը Հայաստանի անկախության հռչակագրում ունի ոչ միայն պատմական իրողության հետադարձորեն ճանաչման, այլև առավել ևս ապագայում նման ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի միջոցով համընդհանուր խաղաղության և անվտանգության պաշտպանության միջազգային ջանքերին մասնակցության քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն» (2023 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշման կետեր 6.2, 6.5)։

Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել է, որ Հռչակագրի 11-րդ կետում ամրագրված դրույթն ունի «քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն», որը Սահմանադրական դատարանը կարևորել է բացառապես Սահմանադրության նախաբանում ուղղակիորեն ամրագրված «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին» սահմանադրական դրույթի մեկնաբանության շրջանակում՝ «Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ» դիտարկելով բացառապես Սահմանադրության նախաբանում ամրագրված «համամարդկային արժեքներ» սահմանադրական դրույթը: Այսինքն՝ Հռչակագրում ամրագրված 11-րդ կետը Սահմանադրական դատարանի կողմից չի դիտարկվել Սահմանադրության նախաբանի բովանդակային ծավալի ինքնուրույն մաս՝ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթի ուժով։

35 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանն առաջին անգամ է առնչվում Հռչակագրի և Սահմանադրության դրույթների նորմատիվ հարաբերակցության խնդրին սույն որոշման նախորդ մասերում ներկայացված վերլուծությունների խորությամբ (նախկինում նման անդրադարձների նկարագրությունը տե՛ս 34 կետում), վերը նշված վերլուծությունների հիմնավորումները չեն կարող ամբողջական լինել՝ առանց Հռչակագրի՝ այլ ակտերի վրա ունեցած ազդեցության և դրա արժեքի հարաբերակցության վերաբերյալ վերլուծության։

Նախ՝ Հռչակագրով հռչակելով անկախության գործընթացի սկիզբը՝ հռչակվել են նաև գործընթացի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ուղենիշային սկզբունքները, որոնց 1990 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված սահմանադրական օրենքի ուժով Գերագույն խորհրդի կողմից հաղորդվել են վերսահմանադրական նշանակություն և իրավական ուժ։ Նման իրավական փոխակերպական (տրանսֆորմատիվ) և վերսահմանադրական խոր ազդեցությամբ իրավական ակտերի ընդունումը Հայաստանի անկախության գործընթացի իրականացման համար եղել է բացարձակ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով այն ակնհայտ իրողությունը, որ ԽՍՀՄ 1977 թվականի և Հայկական ԽՍՀ 1978 թվականի սահմանադրությունների գործողության ուժի ներքո, որոնք ամբողջությամբ ներծծված են եղել ժողովրդավարության, իրավական պետության և ժողովուրդների ինքնորոշման և անկախության գաղափարների նկատմամբ ամբողջատիրական հասարակարգի ծայրահեղ ագրեսիվ և անհանդուրժողական գաղափարաբանությամբ, Հայաստանի անկախության և դրա ժողովրդավարական կարգի վերականգնման հեռանկարի որևէ տարբերակ կարող էր լրջորեն խոչընդոտվել։ Այս իմաստով Հռչակագիրն ունեցել է նաև այն գաղափարական պաշտպանիչ ուժը, որը Հայաստանի՝ մինչև 1991 սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակման պահը Հայաստանի ողջ իրավակարգին և պետական իշխանության մարմիններին պաշտպանիչ վահանի դերակատարմամբ պատնեշել է Հայաստանի անկախության հարցում ժողովրդի ազատ կամաարտահայտության հնարավորությունը սահմանադրական իրողություն դարձնելու համար։ Այս իրողությունը եղել է անկախության գործընթացի առաջին առանցքային հանգրվանը, որն ուղղակիորեն նախանշված է եղել Հռչակագրով։

Երկրորդ՝ իր ունեցած վերսահմանադրական ակտի՝ իրեն հաղորդված ուժի ազդեցության տիրույթում, Հռչակագիրն ունեցել է Հայաստանի անկախացման գործընթացի և մինչև 1995 թվականի հուլիսի 13-ը՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելը, Հայաստանի պետական իշխանության մարմինների գործունեության՝ անկախության, ժողովրդավարական և իրավական հասարակարգի ձևավորմանն ուղղված նպատակին հասնելու ռազմավարական հայեցակարգի դերակատարում։ Առանց պետական իշխանության մարմինների համար նման իրավական հիմքի առկայության, ինչպես արդեն նշվեց նախորդ պարբերությունում, ԽՍՀՄ 1977 թվականի և Հայկական ԽՍՀ 1978 թվականի սահմանադրությունների գործողության ընթացքում, պետական իշխանության մարմինների գործունեության իրավական լեգիտիմության հիմքը մնալով՝ հիշյալ ակտերը, Հայաստանի Հանրապետության կենսական անհրաժեշտության ոլորտների պաշտպանությունը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության, շուկայական տնտեսության, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների, իշխանությունների տարանջատման, ինքնիշխան և ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ օրենսդրական և սահմանադրական հիմքերի ձևավորմանը (ցանկը սպառիչ չէ) ուղղված ողջ գործունեությունն էականորեն վտանգված, եթե ոչ առհասարակ անհնար էր լինելու։ Հռչակագիրը վերը նշված և շարունակելի ցանկով կենսական խնդիրների լուծմանը ծառայած առանցքային ակտն է եղել։

Երրորդ՝ Հռչակագիրը եղել է այն ուղղորդիչ իրավաքաղաքական-գաղափարական բովանդակություն ունեցող ակտը, որի ծրագրային 12-րդ կետում զետեղված դրույթները հանգեցրել են Սահմանադրության ընդունմանը։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության հիմնման, Սահմանադրության նախաբանում նախանշված՝ «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին» համազգային նպատակների և Սահմանադրության մյուս դրույթներով իմաստային ուղղորդիչ նախանշում ունեցող՝ Սահմանադրության բարձրագույն ուժով օժտված իրավական ակտով, խտրաբար և խնամքով ընտրված և ձևակերպված ամրագրումների միջոցով Հայաստանին հանգեցրել է սահմանադրական կայունության ժամանակաշրջանի՝ արմատապես բացառելով «սահմանադրական երկիշխանության» ծայրահեղ վտանգավոր դրսևորումների իրավական հնարավորությունը։

Մինչև 1995 թվականի հուլիսի 13-ն ունեցած իր իրավական առաքելության և դրա իրագործմամբ վերը թվարկված և այլ նպատակների իրականացման համար ունեցած պատմական արժեքը ոչ կավելանա Հռչակագրի դրույթների՝ Սահմանադրության նախաբանի նկատմամբ ինքնուրույն նորմատիվ ազդեցության ճանաչման, ոչ էլ կնսեմանա նման ազդեցության բացառման արձանագրմամբ։ Նրա պատմական արժեքն արդեն իսկ արժանացել է դրան համարժեք բարձր պատվին՝ հիշատակվելով Սահմանադրության անփոփոխ դրույթում։

ԽՍՀՄ կուռ և միաձույլ, դրա իրավազորության ներքո գտնվող ժողովուրդների անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական ազատությունների և իրավական պետության գաղափարներին արմատապես հակադրվող և դրանց նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական գաղափարաբանությամբ ամբողջությամբ ներծծված իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը, ապահովել է այն իրավական պատուհանը, որով, հաջորդաբար, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանը հասել է վերը նշված հանգրվաններին։ Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ) դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ Հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ։

3.6. Վերը նշված բոլոր նկատառումների հանրագումարային համակցության արդյունքում սույն որոշման 2-րդ կետում շարադրված հարցի ամբողջական լուծման նպատակով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:

37 Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը։

 

4 Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավական կարգավորումները

Նկատի առնելով, որ Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, իսկ Կանոնակարգին համապատասխան՝ Հանձնաժողովները կհիմնվեն վերոնշյալ հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե (...))՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն որոշման շրջանակում հիշյալ հռչակագրի «գոյություն ունեցող սահմանների» ձևակերպման առնչությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավակարգավորումներին անդրադառնում է որպես ընդհանուր սկզբունք:

Համաձայն Կանոնակարգի՝ Հանձնաժողովները կհիմնվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):

Հայաստանի Հանրապետության համար Ալմա Աթայի հռչակագիրն ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից: Նշված հռչակագրին համապատասխան՝ անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:

Ալմա Աթայի հռչակագրում հիշատակված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարիմ լինելու մասին: Նշված հռչակագրով անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, հայտարարել են, որ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:

«Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ վավերացրել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը՝ մի շարք վերապահումներով: Մասնավորապես՝

«1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

(...)

3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

(...)

10. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

1990 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Հ.Ն.-0217-I սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը դադարեցվում է գործող սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից և հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի 5-րդ կետի վրա, 1991 թվականի մարտի 1-ին որոշեց. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴՆԵԼՈՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԸ. «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԱՆԿԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ» (N Ն-0269-I)։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախ պետություն (որոշում N Ն-0393-I):

1978 թվականի սահմանադրության 77-րդ հոդվածով սահմանված էր, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանում է իր շրջանային բաժանումը և լուծում վարչատերիտորիալ կառուցվածքի այլ հարցեր: Նույն սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում կային հետևյալ շրջանները` Աբովյանի, Ազիզբեկովի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի անվան, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Բաղրամյանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վարդենիսի և հանրապետական ենթակայության հետևյալ քաղաքները` Աբովյան, Ալավերդի, Արարատ, Արթիկ, Արտաշատ, Աշտարակ, Գորիս, Դիլիջան, Երևան, Էջմիածին, Իջևան, Լենինական, Կամո, Կիրովական, Հոկտեմբերյան, Հրազդան, Ղափան, Ջերմուկ, Սևան, Սպիտակ, Ստեփանավան:

1995 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին նախադասությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ մարզերը և համայնքները։ Նույն դրույթն արտացոլված է նաև 2005 և 2015 թվականների փոփոխություններով Սահմանադրության համապատասխանաբար՝ 11.1-ին հոդվածում և 121-րդ հոդվածի 1-ին մասում:

1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՕ-18 օրենքը, որի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի: Հայաստանի Հանրապետության մարզերն են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը (օրենքի 3-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներին):

1995 թվականի Սահմանադրության 108-րդ հոդվածի առաջին նախադասությանը համապատասխան՝ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ։ 2005 և 2015 թվականների փոփոխություններով Սահմանադրության, համապատասխանաբար՝ 108 և 187-րդ հոդվածների առաջին նախադասությունների համաձայն՝ Երևանը համայնք է։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված 1994 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի (ուժը կորցրել է 2001 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված ՀՕ-265 օրենքով) 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղաձիգ մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները: Նույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը Հայաստանի Հանրապետությունը լուծում է փոխադարձ համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հիշյալ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» ՀՕ-265 գործող օրենքը, որի 1-ին հոդվածում բովանդակային նույնությամբ պահպանված է պետական սահմանի վերոնշյալ օրենսդրական բնորոշումը։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման, օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:

Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման, տվյալ դեպքում՝ պետությունների միջև պետական սահմանի սահմանազատում իրականացնելու միջոցով, հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 205-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով, որն անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

26 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1749

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1749 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 24-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով սկսել է «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը:

 

Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ որոշել է. «(...) ԳՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1749 որոշման վերաբերյալ։

 

1. Մինչև որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի առնչությամբ իմ անհամաձայնությանն անդրադառնալը՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ սույն գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին. Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն դիմումը վարույթ ընդունելու, հետևաբար նաև՝ այդ դիմումի հիման վրա որոշում կայացնելու։

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ենթակա չէր Ազգային ժողովի կողմից վավերացման, հետևաբար՝ չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Սահմանադրության «Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը» վերտառությամբ 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր»:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։

Այսպիսով, Սահմանադրությունը սահմանել է բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, և որոնք միայն, մինչև վավերացումը, դառնում են Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Տվյալ դեպքում՝ Կանոնակարգի բովանդակային վերլուծությունից կարող ենք միանշանակ եզրահանգել, որ այն բովանդակային առումով Սահմանադրության 116-րդ հոդվածի իմաստով սահմանված պայմանագիր չէ։

Եթե Սահմանադրական դատարանի կողմից սույն հարցի քննության և հետագայում այն Ազգային ժողովի կողմից վավերացման առարկա դարձնելու համար հիմք է հանդիսացել Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում ամրագրված դրույթը, ապա Կանոնակարգում փաստացի բացակայում է այն ուղղակիորեն վավերացում նախատեսող դրույթ։

Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը»։

Այլ կերպ` Կանոնակարգի 7-րդ հոդվածը, որում, ըստ էության, կարող էր կարգավորված լինել վավերացման ենթակա լինելու հարցը, նման բովանդակությամբ դրույթ չի պարունակում։

Միևնույն ժամանակ, ներպետական ընթացակարգերը բնավ էլ չեն նշանակում դրանց պարտադիր վավերացում։ Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կանոնակարգը Սահմանադրության համաձայն Ազգային ժողովի կողմից վավերացման ենթակա միջազգային պայմանագիր չէ, և դրանում ուղղակիորեն վավերացում նախատեսող դրույթ առկա չէ, ներպետական ընթացակարգերի ներքո պետք է հասկանալ բացառապես Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգը։

 

2. Ինչպես վերը նշեցինք՝ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ և այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում։ Սակայն վարույթ ընդունելով և քննելով այն՝ անգամ այդ պարագայում ՍԴՈ-1749 որոշման մեջ Սահմանադրական դատարանը թույլ է տվել Կանոնակարգում ամրագրած պարտավորությունների սահմանադրականության գնահատման և մեթոդաբանության մի շարք էական խախտումներ, որոնք հանգեցրել են թե՛ Սահմանադրության, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտումների, ինչպես նաև կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը։ Ի հիմնավորումն՝ հարկ է նշել հետևյալը.

2.1. Սահմանադրական դատարանը, նախ՝ ինքն իրեն սահմանափակել է բացառապես Սահմանադրության նախաբանի շրջանակներում սահմանադրականության հարցի քննությամբ, ինչը Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Դրանով Սահմանադրական դատարանը, ըստ էության, խուսափել է Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգումից, ինչն իր ուղղակի պարտականությունն է՝ համաձայն Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի, 168-րդ հոդվածի 3-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի՝ համակցված նույն օրենքի 32-րդ հոդվածի հետ:

Սահմանադրական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ստեղծման և գործունեության սահմանադրականության հարցին, մինչդեռ այդ հարցը կանխորոշում է այդ հանձնաժողովների գործունեության արդյունքների իրավաչափությունը և Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Այս հարցի ամբողջական շրջանցումը պարզապես նշանակում է հրաժարում սահմանադրական արդարադատությունից, տվյալ գործով Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթի փաստացի չեղարկում:

Այսպես՝ համաձայն Սահմանադրության 2-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով (ընդգծումն իմն է): Հետևապես՝ միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են իրականացնել հանրային-իշխանական լիազորություններ, և հանրային իշխանության որևէ մարմնի, նույնիսկ՝ Ազգային ժողովին, սահմանադիրը չի լիազորել ստեղծելու հանրային-իշխանական լիազորություններով օժտված՝ Սահմանադրությամբ չնախատեսված մարմիններ: Դա առավել ևս վերաբերում է գործադիր իշխանության մարմիններին և Կառավարության ղեկավարին կամ մյուս անդամներին: Այսինքն՝ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կարող էր լինել միայն խորհրդակցական մարմին, որը վարչապետի կամ Կառավարության քննարկմանը կներկայացներ խորհրդատվական բնույթի փաստաթղթեր, գուցե նաև իրավական ակտերի նախագծեր՝ նրանց իրավասության հարցերով:

Բացի դրանից, համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար՝ հանրային-իշխանական լիազորություններով կարող են օժտվել միայն Սահմանադրությամբ նախատեսված այն մարմինները, որոնց այդպիսի լիազորությունները կսահմանվեն Սահմանադրությամբ և (կամ) օրենքով: Որևէ միջազգային պայմանագրով կամ որևէ ենթաօրենսդրական նորմատիվ կամ անհատական իրավական ակտով որևէ մարմին չի կարող օժտվել հանրային-իշխանական լիազորություններով: Դա օրինականության հիմնարար սահմանադրական սկզբունքի խախտում է:

Ինչ վերաբերում է սահմանային հարցերի կարգավորմանը, ապա Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դա գործադիր իշխանության գործառութային շրջանակներում Կառավարության լիազորությունն է, իսկ օրենսդիր իշխանության գործառութային շրջանակներում՝ Ազգային ժողովի լիազորությունը, որը ներառում է նաև պետական սահմանին վերաբերող միջազգային պայմանագրերի վավերացումը:

Հակառակ վերոգրյալին՝ Կանոնակարգի մի շարք դրույթներում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համար սահմանվում են ոչ թե խորհրդակցական բնույթի գործառույթներ, այլ հանրային-իշխանական լիազորություններ:

Մասնավորապես՝

1) սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն իրավասու են կազմելու ամբողջ պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրությունը, որը՝ հավելվածներով հանդերձ, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի բաղկացուցիչ մասը (Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր), ինչը գործադիր իշխանության մարմնին ներհատուկ լիազորություն է, այլ ոչ թե խորհրդակցական մարմնի գործառույթ.

2) այդ հանձնաժողովները կազմակերպում և վերահսկում են որոշակի աշխատանքների կատարումը, ինչպես նաև սահմանազատման իրականացման հետ կապված այլ աշխատանքների կատարումը (Կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մաս).

3) իրականացնում են սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության ղեկավարումն ու վերահսկողությունը:

Այսպիսով, տվյալ հանձնաժողովը Սահմանադրությամբ չնախատեսված, սակայն հանրային-իշխանական կոնկրետ լիազորություններով ոչ իրավաչափորեն օժտված մարմին է, որի գործունեությունը և դրա արդյունքներն այդ պատճառով ամբողջությամբ հակասահմանադրական են. հակասում են Սահմանադրության անփոփոխելի՝ 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասին, ուստի Կանոնակարգում ամրագրված այն պարտավորությունները, որոնք վերաբերում են հանձնաժողովների հանրային-իշխանական լիազորություններին՝ նույնպես հակասահմանադրական են:

Սահմանադրական դատարանն ամբողջովին անտեսել է նաև այդ հանձնաժողովների գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների արդեն իսկ իրականացված սահմանազատման սահմանադրականության հարցը, այսինքն՝ չի գնահատել իրավակիրառ պրակտիկան, և դա այն դեպքում, երբ այդ սահմանազատումը հայկական կողմում իրականացվել է ոչ միայն Սահմանադրությամբ չնախատեսված և Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով նման իրավասություն չունեցող մարմնի կողմից, այսինքն՝ հակասահմանադրական եղանակով, այլև մինչև Կանոնակարգի վավերացումը, այսինքն՝ առանց որևէ իրավական հիմքի:

Դրանով Սահմանադրական դատարանն ուղղակիորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը Սահմանադրական դատարանին պարտավորեցնում է իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս գնահատել ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, իսկ դա վերաբերում է նաև վավերացման ենթակա միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններին, քանի որ դրանք նույնպես ձևակերպվում են իրավադրույթների տեսքով:

2.2. Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը՝ ինքնասահմանափակման հակասահմանադրական և կամայական հնարքի միջոցով սահմանափակվելով սոսկ Սահմանադրության նախաբանի, առավելապես՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի (այսուհետ նաև՝ Հռչակագիր) տեսանկյունից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների գնահատմամբ՝ անտեսելով Սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ:

Ընդ որում՝ Սահմանադրության նախաբանի վերլուծությունը ընդհանրապես անհրաժեշտ չէր, քանի որ պարզ չէ, թե Հայաստանի անկախության մասին հռչակագրի ո՛ր ձևակերպումն է, ըստ Սահմանադրական դատարանի, խնդիր առաջացնում կանոնակարգի վավերացման համար:

Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որևէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական և պատմական նշանակությունը, այլև վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։

Սահմանադրական դատարանը Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որևէ տրամաբանությունից. Հռչակագրի առանձին դրույթներ համեմատել է Սահմանադրության դրույթների հետ, և հայտնաբերելով «հակասություններ», որակազրկել է Հռչակագրի նորմատիվային բնույթը:

Սահմանադրությունը հղում չի անում Հռչակագրին որպես ամբողջությամբ գործող փաստաթուղթ, այլ հղման միջոցով սահմանադրական նորմատիվ բովանդակություն է հաղորդում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին:

Այս առումով նախ հարկ է նշել, որ Հռչակագիրը գործող Սահմանադրության ընդունման շարժառիթներից մեկն է, և որպես Սահմանադրության ընդունման հիմք տեղ է գտել Սահմանադրության նախաբանում:

Հետևապես՝ կոպիտ մեթոդաբանական և տրամաբանական սխալ է 1995 թվականի, 2005 թվականի կամ գործող խմբագրությամբ Սահմանադրության համեմատությունը Հռչակագրի հետ, քանի որ այն չի հավակնել իրենով փոխարինելու Սահմանադրությունը:

Գտնում եմ, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրի՝ նորմատիվային բնույթի անտեսումը կարող է վտանգել անկախացման գործընթացի լեգիտիմությունը և հանգեցնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական վտանգների ավելացմանը:

 

3. Սահմանադրական դատարանի որոշումն աղավաղում է Սահմանադրության նախաբանի իմաստն ու նպատակը, քանի որ նախաբանին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը որևէ հիմք չունի Սահմանադրության մեջ։ Սահմանադրական դատարանի կողմից արված մեկնաբանությունը հակասում է նաև նախաբանի ստեղծման պատմությանը։

Սահմանադրության 1995 թվականի սկզբնական տեքստը մշակել է 1990 թվականի Գերագույն խորհրդի կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը, որն արտացոլում էր Գերագույն խորհրդում այդ ժամանակվա քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Կառավարող մեծամասնությունը կտրականապես դեմ էր ազգային հիմնահարցերի ուղղակի արտացոլմանը Սահմանադրության մեջ, իսկ ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կարծիքի էր: Երբ սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած 1994 թվականի ապրիլի 20-ի Սահմանադրության նախագիծը Գերագույն խորհրդում չստացավ ձայների անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը, այդ հանձնաժողովը 1994 թվականի հունիսին ընդլայնվեց և համալրվեց հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներով: 1994 թվականի հոկտեմբերի 8-ին ընդլայնված սահմանադրական հանձնաժողովը Սահմանադրության նախաբանին վերաբերող լայն քննարկումների արդյունքում 19 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության նախաբանի այն նախագիծը, որը հետագայում, միայն փոքր խմբագրական փոփոխություններով, ներառվեց 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրության վերջնական տեքստի մեջ (Սահմանադրական ընդլայնված հանձնաժողովի նիստի արձանագրություն, հ. 70, էջ 12): Այդ նախագիծը նախորդ՝ 1994 թվականի ապրիլի 20-ի Սահմանադրության նախագծից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 23.04.1994 թ.) տարբերվում էր միայն նրանով, որ հղում էր կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրին: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 1994 թվականի հոկտեմբերի 11-ին տպագրված պաշտոնական հաղորդագրությունում արձանագրվում էր, որ «սահմանադրական հանձնաժողովի ելույթ ունեցող անդամների մեծամասնությունը (...) աննպատակահարմար է գտել հարցի արտացոլումը առանձին հոդվածների տեսքով: Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները՝ հանգելով սկզբունքային համաձայնության, որոշել են Սահմանադրության հիմք ընդունված նախագծի նախաբանը խմբագրել նոր խմբագրությամբ»՝ Հայաստանի անկախության հռչակագրին հղումով։ Այս պաշտոնական հաղորդագրությունից ակնհայտ է, որ հանձնաժողովը Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբան էր մտցնում ոչ թե նրա համար, որ հետագայում այդ համազգային նպատակները զարգացներ Սահմանադրության մյուս հոդվածներում, այլ ընդհակառակը` չէր ցանկանում Սահմանադրության որևէ հոդվածում ազգային խնդիրներին անդրադարձ կատարել և, հղում կատարելով Հռչակագրին, արձանագրում էր, որ այդ փաստաթղթում համազգային նպատակների առումով ամեն ինչ արտացոլված է։

Սահմանադրության նախաբանը սահմանում է, որ գոյություն ունեն «համազգային նպատակներ», և որ այդ նպատակները հաստատագրված են Հայաստանի անկախության մասին հռչակագրում: Այսինքն՝ Սահմանադրության նախաբանի միայն մեկնաբանությունից արդեն աներկբա է, որ այդ համազգային նպատակները Սահմանադրության մաս են կազմում։

Սահմանադրության նախաբանում Հայաստանի անկախության մասին հռչակագրի վկայակոչման նպատակը շատ հստակորեն արձանագրված է Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի արձանագրությունում և 1995 թվականի մայիսի 2-ին Գերագույն խորհրդին Սահմանադրության նախագծի վերաբերյալ սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած զեկույցում: Այդ զեկույցը հանձնաժողովի հանձնարարությամբ ներկայացրել է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը: Զեկույցում, անդրադառնալով նախագծի սկզբունքային նշանակություն ունեցող դրույթներին, նա, մասնավորապես, նշել է. «Առաջինը հայ ժողովրդի իրական վիճակի` նրա ազգային հիմնահարցերի, մասնավորապես, Հայ դատի, Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման ու դրա հետևանքների վերացման պահանջի արտացոլումն է: Այս, թերևս, ամենավիճահարույց խնդրի, երկարատև քննարկումների արդյունքում հաջողվեց գտնել համարժեք լուծում, կիրառվեց պետությունների սահմանադրական պրակտիկայում գործադրվող մի ձև` հղում (վկայակոչում), ամրագրվեց տվյալ խնդրի ամբողջական լուծումը բովանդակող մեկ այլ ակտի` վերջինիս հաղորդվեց Սահմանադրության բաղադրամասի կարգավիճակ: Նման հնարք, մասնավորապես, գործադրվել է Ֆրանսիայի Հանրապետության 1958 թ. Սահմանադրությունում, որի տեքստում չկան դրույթներ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների մասին, փոխարենը ներածական մասում (պրեամբուլայում) հղում կա 1789 թվականի «Մարդու և քաղաքացիների իրավունքների հռչակագրին»: Դրա հետևանքով հիշյալ հռչակագիրը ձեռք է բերել Ֆրանսիայի գործող Սահմանադրության բաղադրամասի կարգավիճակ, դարձել նրա բովանդակության անբաժանելի մասը: Հանձնաժողովը նույն կերպ վարվեց Հայ դատի և Հայոց ցեղասպանության սահմանադրական արտացոլման հարցը լուծելիս. նախագծի ներածական մասում հղում ամրագրվեց 1990 թ. Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Այդ նպատակով, որպես հիմք ընդունված նախագծի «Մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը փոխարինվեց «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթով, որով Հայաստանի անկախության մասին հռչակագրի տեքստը դարձավ Սահմանադրության նախագծի բաղադրամասը»։ Վերոնշյալից միանշանակ հետևում է, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված նպատակները՝ մտցվելով նախաբան, արդեն դարձել են Սահմանադրության բաղկացուցիչ մաս, և Սահմանադրական հանձնաժողովը դրանք կոնկրետացնելու նպատակ և կարիք չի ունեցել:

Ուստի, իմ համոզմամբ, Սահմանադրական դատարանի որոշումը խեղաթյուրում է Սահմանադրության նախաբանում Հայաստանի անկախության մասին հռչակագրի վկայակոչման բուն իմաստը՝ փաստացի այդ նախաբանից ջնջելով «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը:

 

4. Որպես Սահմանադրությանը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին ակնհայտորեն հակասող պետք է գնահատել Սահմանադրական դատարանի այն դիրքորոշումը, որով ինքն իրեն ազատում է Սահմանադրական դատարանի նախորդ որոշումներից մեկի պարտադիրությունից, այսինքն՝ փաստացի չեղարկում է այդ որոշման իրավաբանական ուժը՝ առանց պահպանելու սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգը:

Այսպես՝ ՍԴՈ-1749 որոշման 3․4.1-ին կետում Սահմանադրական դատարանը վկայակոչում է 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը, որում Սահմանադրական դատարանը հստակ շեշտել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի)։

Վերոգրյալը նշանակում է, որ դեռևս 2010 թվականին Սահմանադրական դատարանը հստակեցրել էր Սահմանադրության նախաբանի և Հռչակագրի դրույթների նշանակությունը Սահմանադրության մեկնաբանման համար՝ թույլ չտալով ո՛չ օրենսդրին, ո՛չ էլ իրավակիրառ պրակտիկայում որևէ շեղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության պարտականությունից, որն ամրագրված է Հռչակագրում, և այդ մասով Հռչակագիրը շարունակում է գործել որպես նորմատիվային փաստաթուղթ:

Առանց որևէ դատավարական առիթի (Կանոնակարգը, ուստի և դիմումի առարկան որևէ առնչություն չունեն Հայոց ցեղասպանության հարցի հետ) անդրադառնալով այս հարցին՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընթացիկ մեծամասնությունը գտել է, որ եթե, իր ընկալմամբ, Սահմանադրական դատարանն իր այդ դիրքորոշումը չի հիմնավորել որևէ դոկտրինալ մեկնաբանությամբ, ապա դա չի կարող կաշկանդել Սահմանադրական դատարանին իր այս և հաջորդող որոշումներն ընդունելիս:

Այս, առավել քան յուրօրինակ «մոտեցումը», իմ գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան առնվազն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Սահմանադրության դրույթներից ածանցվող՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումների փոփոխումը կանոնակարգող՝ նույն սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջների խախտում:

Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են Սահմանադրական դատարանի համար՝ ի թիվս այլնի, նաև կամայականությունը բացառելու, դիմողների հավասարությունը երաշխավորելու և Սահմանադրական դատարանի հեղինակությունն ապահովելու տեսանկյունից: Եթե առանց օրենքով սահմանված ընթացակարգերի Սահմանադրական դատարանն իրեն «ազատում է» իր որևէ որոշման պարտադիրությունից, ապա նախ՝ դա կամայականություն է, բացի դրանից՝ լիազորությունների վերազանցում, ինչպես նաև սահմանադրական արդարադատության հեղինակազրկում:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՍԴՈ-1749 որոշման 3․7-րդ կետով Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ «Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։ Սահմանադրական դատարանն իր սահմանադրական առաքելության շրջանակներում իրավասու չէ ինքն իրեն սահմանափակելու, նման անընդունելի եզրահանգումներով, առավել ևս՝ ոչ վերաբերելի որոշմամբ: Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության, լիազորությունների շրջանակը հստակ սահմանված են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

 

5. Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրն ինքնին չէր կարող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համար սահմանել միջազգային իրավական առումով որևէ պարտավորություն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատշաճ ներպետական ընթացակարգերով չէին վավերացրել հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող ԱՊՀ ստեղծման համաձայնագրի Ալմա Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:

Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է վավերացնել Ալմա Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրն ընդհուպ մինչև 1993 թվականի սեպտեմբերի 23-ը: Որպեսզի Ադրբեջանի Հանրապետության այդ ժամանակվա նախագահ Ա. Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթերն իրավական ուժ ձեռք բերեին Ադրբեջանի Հանրապետության համար, անհրաժեշտ էր, որ կա՛մ Ալմա Աթայի արձանագրությունը, կա՛մ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվեր Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի կողմից: Սակայն Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանը 1992 թվականի հոկտեմբերի 7-ին ուղղակիորեն մերժել է ԱՊՀ համաձայնագրի վավերացումը1: Ադրբեջանի Հանրապետությունն իր դիրքորոշումն ԱՊՀ նկատմամբ փոխել է միայն 1993 թվականի աշնանը: 1993 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը2։ Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես էլ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով Ադրբեջանի նախագահին առաջարկվում էր իրականացնել այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումներ: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հ. Ալիևը Մոսկվայում ստորագրեց 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը3 և Ալմա Աթայի հռչակագիրը4: Ալմա Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ Հ. Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթն ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հաստատվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, 1991թ. դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայում»5: Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ Ա. Մութալիբովը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրել էր ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ԱՊՀ անդամ պետության կարգավիճակ է ձեռք բերել միայն 1993 թվականի սեպտեմբերի 24-ին: Ըստ այդմ՝ մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը Ադրբեջանի Հանրապետության մասնակցությամբ ԱՊՀ որևէ փաստաթուղթ չէր կարող ԱՊՀ անդամ այլ պետությունների համար առաջացնել իրավունքներ կամ պարտականություններ: Ուստի՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որն ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված փաստաթուղթ է, առնվազն մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության վրա որևէ միջազգային-իրավական պարտավորություն չէր կարող դնել ԱՊՀ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Մութալիբովի կողմից 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված փաստաթղթերը որևէ իրավաբանական նշանակություն չունեն ԱՊՀ-ին անդամակցության և այդ շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության միջազգային-իրավական պարտավորությունների տեսանկյունից: Սակայն, նույնիսկ եթե Ադրբեջանի Հանրապետությունը պատշաճ ներպետական ընթացակարգերով վավերացներ ԱՊՀ արձանագրությունը և ԱՊՀ պայմանագիրը, ապա դա միևնույն է, որևէ նշանակություն չէր կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների ճանաչման համար: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագրում որևէ հիշատակում չկա այն մասին, որ ԱՊՀ անդամ պետությունները ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Ո՛չ տարածքային ամբողջականության և ո՛չ էլ սահմանների անխախտելիության ճանաչման և հարգման վերաբերյալ դրույթները որևէ առնչություն չունեն այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը:

ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993 թվականի հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ կանոնադրությամբ: Հայաստանի Հանրապետության համար այդ կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 16-ին, իսկ Ադրբեջանի Հանրապետության համար` 1993 թվականի դեկտեմբերի 14-ին:

Այսպիսով, Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում հիշատակված Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Ինչ վերաբերում է Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում նախատեսված հնարավորությանը` փոխելու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքը, քաղաքական առումով ձեռնտու է միայն Ադրբեջանի Հանրապետությանը, իրավական առումով անորոշ է և, նկատի ունենալով Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի ծավալապաշտական նկրտումները, կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարմանը:

 

6. Կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝

«Սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ և համաձայնեցնել գործընթացի չափանիշներն ու ձևերը հետևյալ նպատակներով՝

1) սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովում.

 (...)»։

 Սահմանադրական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում հիմնավոր ենք համարում այն պնդումը, որ Սահմանադրության իմաստով առանձին բնակավայրի անվտանգություն գոյություն չունի, ցանկացած բնակավայրի անվտանգություն արդեն իսկ պետական անվտանգության հարց է, որի պաշտպանությունը պետության խնդիրն է։

Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Գտնում եմ, որ Կանոնակարգի 4-րդ հոդվածում ամրագրված դրույթը, որը սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ և համաձայնեցման գործընթացի չափորոշիչների ու ձևերի համար ոչ թե պարտադիր, այլ միայն հնարավոր նպատակ է սահմանում սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովումը, հակասում է Սահմանադրության 14-րդ հոդվածին՝ համակցված Սահմանադրության 3-րդ հոդվածի հետ։

 

7. Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով: Յուրաքանչյուր այդպիսի հատվածի /հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»:

Նշված կարգավորումը (համաձայնեցված համարվելու մասով) նորմատիվային նշանակություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ այդ համաձայնեցված հատվածներում արդեն իսկ տեղի ունենան փաստացի փոփոխություններ, այսինքն` երբ որոշակի հատվածներ համարվեն համաձայնեցված, նշված հատվածներում արդեն իսկ փաստացի իրականացվի իրավազորության փոխանցում: Ցանկացած հակառակ մեկնաբանություն նշված կարգավորումը դարձնում է առարկայազուրկ: Նշված մեկնաբանությունը նաև բխում է Միջազգային պայմանագրերի իրավունքի Վիեննայի կոնվենցիայի6 32-րդ և հաջորդող հոդվածներից (մասնավորապես՝ կողմերի նախորդ պրակտիկայից):

Արդյունքում նշված կարգավորումը հնարավորություն է տալիս մինչև վերջնական պայմանագրի համաձայնեցումը և կնքումը, ներպետական գործընթացներով դրանց պարտադիրության հաստատումը (վավերացում, ներառյալ հնարավոր հանրաքվե), ինչը կարող է տևել տարիներ կամ այդպես էլ տեղի չունենալ7) արդեն իսկ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի փաստացի փոփոխություն8:

Նշված կարգավորումը հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխության հարց (անկախ նրանից՝ դա ժամանակավոր է, թե մշտական, անկախ փոփոխվող տարածքի չափից, փաստացի համաձայնեցման ընթացակարգից և այլն) պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, ընդ որում՝ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նման հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (այսինքն՝ նման որոշման ընդունման համար անհրաժեշտ է Կառավարության առաջարկությունը, Ազգային ժողովի՝ հանրաքվե նշանակելու որոշումը և արդեն իսկ հանրաքվեի արդյունքները): Այնինչ, Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել՝ շրջանցելով և՛ Կառավարությանը, և՛ Սահմանադրական դատարանին, և՛ Ազգային ժողովին, և՛ առավել ևս չիրականացնելով հանրաքվե:

Բացի Սահմանադրության 205-րդ հոդվածին հակասելու հանգամանքից, նշված կարգավորումը (հաշվի առնելով, որ այն ենթադրում է համաձայնեցված հատվածների մասում իրավազորության (ինքնիշխանության փաստացի փոխանցում) կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել նաև Սահմանադրության 3-րդ հոդվածի9 և Սահմանադրության 2-րդ գլխում սահմանված մի շարք հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի, ընդհուպ սահմանափակման համար:

Կանոնակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության դեպքում (անկախ նրանից Հայաստանի Հանրապետությանը կանցնեն որոշակի տարածքներ, թե Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ կանցնեն Ադրբեջանի Հանրապետությանը) որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պետք է կարգավորվեն քաղաքացիության և սեփականության, քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերը: Նշված հարցերը ենթադրաբար կարգավորվելու են վերջնական համաձայնագրով, որը սակայն առկա չէ, իսկ առկա կարգավորումը (Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մաս) հնարավորություն է տալիս մինչև նշված հարցերի կարգավորումն արդեն իսկ իրականացնել փաստացի ինքնիշխանության փոխանցում (տարածքի փոփոխություն):

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, առանց ներպետական ընթացակարգերը պահպանելու, Ադրբեջանի Հանրապետությանը փոխանցել է տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, Սահմանադրական դատարանը պարտավոր էր Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը գնահատել այդ հակասահմանադրական պրակտիկայի լույսի ներքո, ինչը սակայն չի արվել: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը պարտավոր է կատարել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ «Եթե միջազգային պայմանագիրը էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները, ապա Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը դրա վերաբերյալ պետք է համապատասխան նշում պարունակի», ինչը ևս չի արվել։

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում որոշման պատճառաբանական մասին, գտնում եմ, որ Կանոնակարգը Սահմանադրական դատարանում քննության ենթակա չէր, իսկ բովանդակային առումով Կանոնակարգում ամրագրված պարտավորությունները հակասում են Սահմանադրությանը։

 

Հետգրություն.

Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը:

Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։

 

_________________________________

1 http://www.e-qanun.az/framework/7797:

2 http://www.meclis.gov.az/?/az/topcontent/60:

3 http://cis.minsk.by/reestrv2/doc/6#text:

4 https://cis.minsk.by/site/about-cis. Алма-Атинская Декларация (21 декабря 1991 года):

5 https://cis.minsk.by/site/about-cis. Алма-Атинская Декларация (21 декабря 1991 года):

6 https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=24526

7 Որպես նման օրինակ կարելի է նշել ԽՍՀՄ-ԱՄՆ համաձայնագիրը Բերինգյան ծովում սահմանազատման մասին (այսպես կոչված Բեյկեր-Շևարդնաձե համաձայնագիր), որն ստորագրվել է 1990 թվականին, բայց մինչև հիմա չի անցել ներպետական համաձայնեցման գործընթացներ (վավերացում) -

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B0%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5_

%D0%BC%D0%B5%D0%B6%D0%B4%D1%83_%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0_%D0%B8_%D0%A1%D0%A8%D0%90_

%D0%BE_%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B8_%D1%80%D0%B0%D0%B7%D0%B3%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8

%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%BC%D0%BE%D1%80%D1%81%D0%BA%D0%B8%D1%85_

%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%81%D1%82%D0%B2

8 Նման իրավիճակ արդեն իսկ առկա է Տավուշի մարզի մի շարք համայնքների մաս կազմող տարածքներում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխություն տեղի է ունեցել առանց ներպետական ընթացակարգի պահպանման, ներառյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված սեփականության վկայականների և առկա կադաստրային քարտեզների՝ առանց իրավական հիմքի և գործընթացի «չեղարկման»:

9 Համաձայն որի` «1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:

 

 

Սահմանադրական դատարանի

դատավոր`

Հ. ԹովմասՅԱՆ

 

7 հոկտեմբերի 2024 թվականի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2024 թվական:

 

Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորներ Վ. Մ. Գրիգորյանի և Դ Մ Խաչատուրյանի համատեղ հատուկ (համընկնող) կարծիքը

 

Ներածություն

1. Սահմանադրական դատարանի մեծամասնության հետ Սահմանադրական դատարանի «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1749 որոշման (այսուհետ՝ Որոշում) թե՛ եզրափակիչ և թե՛ պատճառաբանական մասերին համաձայնությամբ հանդերձ, սույն հատուկ համընկնող կամ լրացնող կարծիքով նպատակ ունենք դրանք լրացնել, մեր կարծիքով, խնդրո առարկայի՝ «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի (այսուհետ՝ Հռչակագիր) և Սահմանադրության հարաբերակցության վերաբերյալ Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք կարևոր դիտարկումներով և վերլուծություններով։

2. Սույն հատուկ կարծիքը ներկայացվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով։

3. Մինչ 1990-1995 թվականների ընթացքում Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների ընթացքին անդրադարձը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ աշխատանքների ընթացքում քաղաքական կուսակցությունների, պետական պաշտոնատար անձանց, անհատ քաղաքական գործիչների և իրավաբանների դիրքորոշումները և կարծիքները Սահմանադրական դատարանի համար չէին կարող և չպետք է ունենային որոշիչ կամ առհասարակ՝ որևէ նշանակություն այն պատճառով, որ Սահմանադրության նախագծի մշակման և ամբողջականացման գործընթացը չի կարող նույնականացվել Սահմանադրության ընդունման ակտի հետ։ Սահմանադրության ընդունումն ինքնին ո՛չ վերապահված է եղել Գերագույն խորհրդին կամ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովին, ո՛չ էլ իրականացվել է վերջիններիս կողմից։ Սահմանադրությունն ընդունվել է Հայ ժողովրդի կողմից, որը Սահմանադրության նախաբանի իմաստով Սահմանադրության ընդունման գործընթացում ուղղակիորեն ներգրավված և մասնակից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության ընդունման հարցին քվեարկությամբ պատասխանած քաղաքացիներն էին։

4. Այդուհանդերձ, մենք՝ սույն հատուկ կարծիքը ստորագրած դատավորներս, կարևոր ենք համարում հայ իրավագիտական և քաղաքագիտական որոշ շրջանակների կողմից Սահմանադրության և հատկապես դրա նախաբանի մեկնաբանության հարցում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1749 որոշմամբ արձանագրված մոտեցումներից տարբերվող և Սահմանադրության նախաբանի մեկնաբանության այլ՝ իրավական-մեկնաբանողական մեթոդաբանությունների հետ որևէ աղերս չունեցող պնդումներին ի պատասխան՝ բացահայտել հենց այն պատմական իրողությունների պատկերը, որը, որևէ լուրջ ուսումնասիրության ենթարկված չլինելու և դրանից ածանցվող անորոշության պայմաններում և թերևս՝ պատճառով, հանդիսացել է Սահմանադրության նկատմամբ Հռչակագրի պահպանվող ազդեցության «սողացող» թեզը սպասարկող հիմնական աղբյուրը։

Սահմանադրության նախագծման աշխատանքների ընթացքը Սահմանադրական հանձնաժողովում

5. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի նոյեմբերի 5-ին (Հռչակագրի ընդունումից մոտ 2,5 ամիս անց) ընդունել էր «Սահմանադրական հանձնաժողով կազմելու մասին» Ն-0185—I որոշումը, որի կազմում ընդգրկվել էին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (նախագահ),1 Գրիգոր Ավագյանը,2 Տարիել Բարսեղյանը,3 Արտավազդ Գևորգյանը,4 Համլետ Գևորգյանը,5 Էդուարդ Եգորյանը,6 Վարդան Զուռնաչյանը,7 Հրանտ Խաչատրյանը,8 Մհեր Խաչատրյանը,9 Վոլոդյա Հովհաննիսյանը,10 Յուրի Մովսիսյանը,11 Աշոտ Նավասարդյանը,12 Աշոտ Ոսկանյանը,13 Ռաֆայել Պապայանը,14 Ռաֆիկ Պետրոսյանը,15 Արշակ Սադոյանը,16 Արա Սահակյանը,17 Յուրի Սարգսյանը,18 Վահե Ստեփանյանը19 և Շավարշ Քոչարյանը20։

6. Սահմանադրական հանձնաժողովը 1993 թվականի հունիսի 24-ի նիստում (արձանագրություն թիվ 24) որոշել էր հավանություն տալ (կողմ-13, դեմ-0, ձեռնպահ-2) Սահմանադրության նախագծին, որը բաղկացած է եղել նախաբանից և հետևյալ 8 գլուխներից՝ Նախաբան, գլուխ 1՝ «Պետականության հիմնադրույթները», գլուխ 2՝ «Քաղաքացու հիմնական իրավունքները և պարտականությունները», գլուխ 3՝ «Ազգային խորհուրդը», գլուխ 4՝ «Հանրապետության նախագահը», գլուխ 5` «Կառավարությունը», Գլուխ 6՝ «Դատական իշխանությունը», Գլուխ 7՝ «Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում», Գլուխ 8՝ «Սահմանադրությունն ընդունելու և Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը»։

7. Սահմանադրական հանձնաժողովի՝ 1993 թվականի հունիսի 24-ի նիստում հավանություն ստացած Սահմանադրության նախագծում նախաբանն ունեցել է հետևյալ շարադրանքը.

«Մենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, լի վճռականությամբ իրականացնելու ինքնիշխան հայոց պետականության վերածնման ու հզորացման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, ապահովելու համար մեր և մեր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ընդունում ենք սույն Սահմանադրությունը»։

8. Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Յու. Սարգսյանը և Հ. Գևորգյանը 1993 թվականի հոկտեմբերի 13-ին Գերագույն խորհրդի նախագահին են ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ հատուկ կարծիք՝ այն սահմանված կարգով Գերագույն խորհրդում քննելու համար։ Այս կապակցությամբ Գերագույն խորհրդի նախագահությունը 1993 թվականի հոկտեմբերի 29-ին որոշել է հիշյալ հատուկ կարծիքը հանձնել Սահմանադրական հանձնաժողովին, Գերագույն խորհրդի իրավական հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովներին և Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքում ստացվող դիտողություններն ու առաջարկությունները համակարգող հանձնաժողովին՝ հիշյալ հանձնաժողովներին առաջարկելով հատուկ կարծիքի վերաբերյալ եզրակացությունը Սահմանադրության նախագծերի քննարկման ժամանակ ներկայացնել Գերագույն խորհրդի նախագահություն21։

9. Հիշատակված հատուկ կարծիքում դրա հեղինակները նշել էին․

«1. Սահմանադրության մեջ համազգային նշանակություն ունեցող խնդիրների հաստատագրման անհրաժեշտության մասին։

Նախագծում փաստորեն չի արտացոլված «Հայաստանի Հանրապետություն»-հայ ժողովուրդ» առնչությունը, այսինքն՝ պարտավորությունների այն համախումբը, որը Հանրապետությունը ստանձնում է հայ ժողովրդի մշակույթի, լեզվի, կրոնի, պետական-պատմական ավանդույթների պահպանման և զարգացման, ինչպես նաև բոլոր հայերի (համայն հայության)՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այսպիսով, անտեսված են մեր նորաստեղծ անկախ պետականության ակունքները, համազգային նպատակներն ու խնդիրները, այն սահմանադրական նորմերը, որոնք պետք է նպատակաուղղեն և կարգավորեն հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև։ Բացակայում է Անկախության Հռչակագրի հիշատակումը, որն իր մեջ պարունակում է առաջադրվող հարցերի որոշ ձևակերպումներ։

Այս նկատառումներով առաջարկվում է.

ա) Սահմանադրության նախաբանը ձևակերպել հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը

հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները,

հավաստելով հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու բնական իրավունքը,

լի վճռականությամբ՝ իրականացնելու ինքնիշխան հայոց պետականության վերածնման և հզորացման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը,

արտահայտվելով ժողովրդավարական իրավական պետություն ստեղծելու, նրա քաղաքացիների ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը ապահովելու իր կամքը,

ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (Հիմնական օրենք):

(…)»։

10. Գերագույն խորհուրդը 1994 թվականի հունիսի 16-ի նիստում որոշել էր ընդլայնել Սահմանադրական հանձնաժողովի կազմը՝ դրանում ներառելով հանձնաժողովում ներկայացվածություն չունեցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների և օրենսդրական նախաձեռնության հեղինակների մեկական ներկայացուցիչներով և հանձնաժողովի կազմում ներառել Գերագույն խորհրդի նախագահին՝ համանախագահի կարգավիճակով22։

11. Նախաբանի բովանդակության և դրա շարադրանքի հարցը քննության առարկա էին դարձել Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում (արձանագրություն թիվ 70)՝ «Հայ դատի» վերաբերյալ ստացված և նախորդ նիստերում ներկայացված առաջարկները23։ Այդ օրվա քննարկումներում Սահմանադրական հանձնաժողովի անդամներից վեցը24 լուրջ բովանդակային հիմնավորումներով առարկել են «Հայ դատին» առնչվող դրույթ Սահմանադրության մեջ ամրագրելուն։ Չորս այլ անդամներ ունեցել են նույն խնդրի վերաբերյալ հակադիր դիրքորոշում՝ իրենց սկզբունքային հիմնավորումներով25։ Սահմանադրական հանձնաժողովի այլ երկու անդամներ արտահայտվել են փոխզիջումային տարբերակ որոնելու և հանձնաժողովի աշխատանքների ընթացքը և արդյունավետությունը չվտանգելու մոտեցում, խնդրին հիմնական նպատակի համեմատ գերակայություն չտալու մտայնությամբ26։

12. Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ Լ. Տեր-Պետրոսյանը քվեարկության էր դրել Սահմանադրության ներածության (նախաբանը հիշատակվել է աշխատանքներում նաև՝ ներածություն) հետևյալ ձևակերպումը, որը և ընդունվել էր Սահմանադրական հանձնաժողովի անդամների 19 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ27

«Հայ ժողովուրդը, իրականացրած ինքնիշխան հայոց պետականության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, լի վճռականությամբ նվիրվելու նրա հզորացման և բարգավաճման գործին, ապահովելու համար իր և իր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, հավաստելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

13. Սահմանադրական հանձնաժողովի 1995 թվականի ապրիլի 13-ի նիստում (արձանագրություն թիվ 107) որոշվել էր Գերագույն խորհրդում Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար լիազորել Վ. Նազարյանին և Վ. Ստեփանյանին։

Սահմանադրության նախագծի քննարկումները Գերագույն խորհրդում

14. Գերագույն խորհրդում Սահմանադրության նախագծի ներկայացման համար գումարված՝ 1995 թվականի մայիսի 2-ի նիստում Սահմանադրական հանձնաժողովի նախագիծը ներկայացնող Վ․ Նազարյանն իր բացման խոսքում նշում է28

Վ․ Նազարյան - (…) Առաջինը հայ ժողովրդի իրական վիճակի՝ նրա ազգային հիմնահարցերի, մասնավորապես, հայ դատի, հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման ու դրա հետևանքների վերացման պահանջի արտացոլումն է։ Այս, թերևս, ամենավիճահարույց խնդրի, երկարատև քննարկումների արդյունքում հաջողվեց գտնել համարժեք լուծում, կիրառվեց պետությունների սահմանադրական պրակտիկայում գործադրվող մի ձև՝ հղում /վկայակոչում/, ամրագրվեց տվյալ խնդրի ամբողջական լուծումը բովանդակող մեկ այլ ակտի՝ վերջինիս հաղորդվեց Սահմանադրության բաղադրամասի կարգավիճակ։ Նման հնարք, մասնավորապես, գործադրվել է Ֆրանսիայի Հանրապետության 1958 թ․ Սահմանադրությունում, որի տեքստում չկան դրույթներ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների մասին, փոխարենը ներածական մասում /պրեամբուլայում/ հղում կա 1789 թվականի «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրին»։ Դրա հետևանքով հիշյալ հռչակագիրը ձեռք է բերել Ֆրանսիայի գործող Սահմանադրության բաղադրամասի կարգավիճակ, դարձել նրա բովանդակության անբաժանելի մասը։ Հանձնաժողովը նույն կերպ վարվեց Հայ դատի և Հայոց ցեղասպանության սահմանադրական արտացոլման հարցը լուծելիս ․․․։

15. Գերագույն խորհրդում Սահմանադրության նախագծի ներկայացման համար գումարված՝ 1995 թվականի մայիսի 3-ի նիստի արձանագրությունը պարունակում է Վ․ Նազարյանի և պատգամավոր Գ․ Մանուկյանի հարցուպատասխանի արձանագրությունը հետևյալ բովանդակությամբ29

Գ. Մանուկյան -Ես անցյալ անգամ էլ ասեցի և շատ հիշում էի, երբ որ մենք հռչակագիրն էինք ընդունում, այնտեղ բավականին բուռն կերպով գնաց հայ դատի ցեղասպանության ճանաչման հարցերը։

Վ. Նազարյան -Այո։

Գ. Մանուկյան -Եվ այնտեղ մեր հանգուցյալ պատգամավորներից մեկի միայն վերջին ճիգերի շնորհիվ, բռնկման շնորհիվ հնարավոր լինել գալ կոմպրոմիսի և լուծել, հռչակագրում մտցնել հայ դատի և ցեղասպանության պաշտպանությունը աշխարհում։ Հիմա, ներկայումս էս Սահմանադրությունում դուք ասում եք մի հնար են գտել։ Ես չգիտեմ, մենք Սահմանադրություն ենք ընդունում, հնարքներով ենք հարց լուծում, որ էն Հռչակագրից էդ դրույթը տեղափոխեն կից Սահմանադրություն և առանձին տպել։ Ինչո՞ւ չմտցնել Սահմանադրության մեջ»։

Վ. Նազարյան -Ըհը:

Գ. Մանուկյան -Ես ուղղակի պարզ կերպով ասում եմ, ի՞նչն է խանգարում մտցնել Սահմանադրության մեջ։ Եթե մենք, իրոք, դա ընդունում ենք, ընդունել ենք արդեն և նորից շարունակում ենք ընդունել, ապա ինչո՞ւ չմտցնել Սահմանադրության մեջ»։

Վ. Նազարյան -Հա։ Էս Սահմանադրության ներկա նախա ... Պատասխանեմ ձեր հարցին, ներկա նախագիծը բավականին լուրջ կոմպրոմիսների արդյունք է Վեցյակի նախագծում պարզ, Սահմանադրության տեքստում, ամրագրված էր ձեր ասածը։ Մյուս սահմանադրական հանձնաժողովի նախորդ տարբերակում նախագծի ընդհանրապես հիշատակում չկար դրա մասին։ Մեզ էդ ... էդ ... էդ ուղեցույց եղան մի շարք երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Սահմանադրությունը, որտեղ չկան մարդու իրավունքների և ազատությունների մասին որևէ հիշատակում և պրեամբուլայում՝ նախաբանում, հղում կա մարդու իրավունքների 1789 թվի հռչակագրին և էդ հռչակագիրը ընդունված է սահմանադրական պրակտիկայում, դառնում է սահմանադրության տեքստի բաղադրամասը։ Եվ Ֆրանսիայի Սահմանադրությունը հրապարակվում է պաշտոնապես միայն էդ հռչակագրի հետ միասին։ Էդ ժամանակ ստեղծված փակուղուց դուրս գալու համար միջոց գտնվեց. այ, էդ հնարքը, որ ասում էր, օգտագործել, դրանով իսկ հռչակագիրը. Հայաստանի անկախության հռչակագիրը, դարձնել, դարձնել մեր Սահմանադրության բաղադրամասը, որպեսզի էդ հարցի լուծումը ստանա։ Թե չէ կար երկու իրարամերժ վիճակ. մի տեղ՝ ամրագրված տեքստում, մի տեղ՝ բոլորովին բացակայություն։ Գտնվեց ըտենց կոմպրոմիսային լուծում։

16. Գերագույն խորհրդում Սահմանադրության նախագծի ներկայացման համար գումարված՝ 1995 թվականի մայիսի 10-ի նիստի արձանագրությունը պարունակում է պատգամավոր Կ․ Բալայանի դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ՝ հետևյալ արձանագրված բովանդակությամբ30

Կ․ Բալայան - (…) Ինչի եմ ես դա ասում; որովհետև նախորդ քննարկումների ժամանակ շատերը, այդ թվում նաև ես, բարձրացրեցինք այն հարցը, որ մենք ընդունել ենք Հռչակագիր, որը սահմանադրական նորմ է և ընդունվել է ընդհանուր թվի ձայների 2/3-ից ավելի ձայներով։ Ըստ այդ Հռչակագրի մեր հանրապետությունը մի շարք սկզբունքներ է ամրագրել և վերջում՝ 12-րդ հոդվածում, ամրագրել է մի նորմ, որ այս նախագիծը ուղղակիորեն հակասում է նրան։ Այսինքն՝ 12-րդ հոդվածը ասում է, որ սույն հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ նոր Սահմանադրության մշակման համար։ Վերցնենք, տեսնենք, բոլոր հիմնահարցերով որևիցե անգամ կարդացել են այս նախագիծը մշակողները այդ հռչակագիրը։ Վերցնենք հայ դատի խնդիրը։ Չկա ամենևին այդպես հստակ ամրագրված։ Վերցնենք կառավարման ձևը, որտեղ հաստակ ասվում է, որ ՀՀ-ի անունից հանդես կարող է գալ միայն ԳԽ-ը։

Նույնիսկ պաշտպանությունը ԳԽ-ին ենթակա է դարձնում այդ Հռչակագրի մեջ։

Եվ այդպիսի մի շարք նորմեր, որոնք այս Սահմանադրության մեջ ոչ թե տեղ չեն գտել, այլ լրիվ հակառակն են։ Մյուս հարցը, որը ես կցանկանայի, որպեսզի նորմից ուշադրություն դարձնենք դա այն է, երբ որ ելույթների ժամանակ որպես հիմք, որպես փաստարկ ելույթ ունեցողները ներկայացնում են, թե այս կամ այն երկրում այսպիսի կարգ է սահմանված։ Իմ համար, որպես իրավաբանի, դա պարզապես ծիծաղ է առաջացնում։ Ինչի համար, որովհետև գոնե, լինելով ոչ գյուղատնտես, կարող եմ շատ հանգիստ ասել, որ եթե մարդիկ փորձում են չինարի ծառից ծիրան ստանալ՝ չի ստացվի դա։ Ինչպես կարելի ա տարբեր երկրների Սահմանադրություններից տարբեր նորմեր վերցնել և ասել՝ գնացեք, միասին գործեք։ Այս Սահմանադրության մեջ շատ-շատ կոնկրետ կետերում, հոդվածներում այդպիսի կարգ է մտցված։ Մի երկրից մեկ նորմ են վերցրել, մեկ այլ երկրից՝ մեկ այլ նորմ են վերցրել և, ի վերջո, ինչ կապ ունեն տարբեր երկրները մեր երկրի հետ, մեր ՀՀ-ի հետ։ Չէ՞ որ մեր Սահմանադրությունը պետք է ամրագրի, թե ինչպիսի իրավիճակում ենք մենք, ինչպիսին ենք ցանկանում տեսնել այդ պետությունը և ինչ երաշխիքներ ենք դրա համար սահմանում։

17. 1995 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մասին» թիվ Հ.ն-1163-1 որոշմամբ Գերագույն խորհուրդը որոշում է հավանություն տալ ներկայացված նախագծին և Սահմանադրության ընդունման նպատակով 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացնել հանրաքվե, քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած» Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

18. 1995 թվականի մայիսի 12-ի թիվ Հ.ն-1163-I որոշմամբ Գերագույն խորհրդի կողմից հավանության արժանացած և հանրաքվեի դրվող Սահմանադրության նախագիծը բաղկացած էր նախաբանից և 9 գլուխներից. Գլուխ 1` «Սահմանադրական կարգի հիմունքները», Գլուխ 2՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», Գլուխ 3՝ «Հանրապետության նախագահը», Գլուխ 4՝ «Ազգային ժողովը», Գլուխ 5՝ «Կառավարությունը», Գլուխ 6՝ «Դատական իշխանությունը», Գլուխ 7՝ «Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը», Գլուխ 8՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն», Գլուխ 9՝ «Անցումային դրույթներ»։

19. Գերագույն խորհրդի հիշյալ որոշմանը կից Սահմանադրության նախագծում նախաբանի՝ Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում (թիվ 70 արձանագրություն) ընդունված տեքստը վերջնական տարբերակում պահպանվել է նույն բովանդակությամբ՝ ենթարկվելով խմբագրական բնույթի փոփոխությունների և ուներ հետևյալ շարադրանքը.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

20. Սահմանադրության նախագիծը Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 12-ի Հ․ն-1163-1 որոշմամբ դրվել էր համաժողովրդական հանրաքվեի և Հայաստանի Հանրապետության ընտրողների կողմից ընդունվել՝ քվեարկության դրված վերը նշված հարցադրման համար «այո» և «ոչ» սահմանափակ ընտրանքային տարբերակներով։

 

«Քաղաքական հարցը v. իրավական հարցի»

21. Վերը շարադրված պատմական-արխիվային արձանագրումներին անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում նախ արձանագրել, Գերագույն խորհրդում վերը հիշատակված մեջբերումների ցանկը սպառիչ է՝ Հռչակագրի և Սահմանադրության հարաբերակցության վերաբերելիության իմաստով։

22. Սահմանադրության նախագծի մշակման ողջ գործընթացը, որը գերակշռաբար եղել է քաղաքական գործընթաց՝ իրականացված քաղաքական մարմնի նախաձեռնությամբ (Գերագույն խորհուրդը) դրա կողմից ստեղծված քաղաքական ենթամարմնի (Սահմանադրական հանձնաժողովը) կողմից, լի է ներքաղաքական տիրույթում առկա կարծիքների և քաղաքական ուժերի ու անհատ քաղաքական գործիչների և հանձնաժողովում ներգրավված իրավաբան մասնագետների հակասական և տրամագծորեն հակադիր դիրքորոշումների միջև լայն համախոհություն (կոնսենսուս) գտնելու միջոցով ընդհանրական նախագիծ ներկայացնելու քաղաքական լուծում ենթադրող ենթալուծումների շարքով։

23. Անհաշտ հակադիր դիրքորոշումների շրջանակում համախոհաբար քվեարկված և ընդունված նախագծի կամ դրա առանձին դրույթների ընդունման հարցում անորոշությունների ընդարձակ շարքի առկայությունից զատ՝ վերը նշված փաստագրական նյութերի ուսումնասիրությունն առաջին հերթին վկայում է հստակ ու որոշակի հետևյալ իրողությունների արձանագրումը՝ թե՛ Սահմանադրական հանձնաժողովում և թե՛ Գերագույն խորհրդում տեղի ունեցած քաղաքական գործընթացներում․

ա) Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակման հարցը Հանձնաժողովի օրակարգ է մտել բացառապես մեկ հանգամանքի Սահմանադրությունում հիշատակման կամ ամրագրման խնդրի առնչությամբ՝ «Հայ դատի» (ըստ Սահմանադրական հանձնաժողովում ընդունված ընդհանրական բնորոշման, որը, սակայն, դրանից դուրս մանրամասների խիստ սակավ բովանդակություն է փոխանցում) հարցի առնչությամբ։ Արձանագրված չէ որևէ հիշատակում այս խնդրից դուրս որևէ այլ հարցի կամ նպատակի կապակցությամբ Հռչակագրի հիշատակման կամ դրանում նախատեսված որևէ սկզբունքի կամ նպատակի ամրագրման հարցի շուրջ նույնիսկ քննարկում, ներառյալ՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Նո. 1650-11 որոշման․

բ) Նույնիսկ «Հայ դատի» վերաբերյալ դրույթի ամրագրման մասով Սահմանադրական հանձնաժողովում հստակորեն գերակշռել է այն Սահմանադրության մեջ (ո՛չ նախաբանում և ո՛չ էլ որևէ այլ դրույթում) չնախատեսելու դիրքորոշումը, որի առարկայացումը եղել է Սահմանադրության ամբողջ տեքստում նման ամրագրման իսպառ բացակայությունը 1990 թվականից մինչև 1994 թվականի հոկտեմբերի 8-ը, իսկ դրանից հետո նաև՝ Գերագույն խորհրդին ներկայացված նախագծի տեքստում «Հայ դատի» վերաբերյալ դրույթի ամրագրումից խուսափելու նպատակով Հռչակագրի հիշատակումը․

գ) Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակումը կատարվել է ոչ թե այն նպատակով, որ Հանձնաժողովում եղել է համախոհություն «Հայ դատի» խնդրի Սահմանադրությունում ամրագրելու շուրջ, այլ հետապնդել է նման ամրագրումից խուսափելու համար՝ Հռչակագրի հիշատակմամբ տրամագծորեն հակադիր և անհաշտ դիրքորոշումների միջև փոխզիջումային տարբերակի բացակայության բերումով անորոշության արձանագրմամբ Սահմանադրության նախագծի մշակման արդեն իսկ 4 տարի տևած աշխատանքների վերջնարդյունքը՝ Սահմանադրության նախագծի վերջնամշակումը Սահմանադրական հանձնաժողովի կողմից և դրա հավանության համար որակյալ մեծամասնության ապահովումը Գերագույն խորհրդում չվտանգելու նպատակ։

24. Հարկ է նաև ուշադրություն դարձնել 1995 թվականի Սահմանադրության մշակման գործընթացում Հռչակագրի՝ Սահմանադրության բովանդակության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ թե՛ նախագծի վրա աշխատանքներ իրականացրած հանձնաժողովի, թե՛ նախագիծը հաստատած և համաժողովրդական քվեարկության դրած Գերագույն խորհրդի հարցին։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի կողմից պահանջված և ուսումնասիրված մի քանի հազար էջ պաշտոնական արխիվային փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1995 թվականի Սահմանադրության նախագծի մշակման պատմությանը, ինչպես նաև նախագծի բովանդակության քննարկմանն առնչվող Գերագույն խորհրդի նիստերի արձանագրություններն ու սղագրություններն ուղղակիորեն վկայում են, որ Հռչակագրի բոլոր այն դրույթների սահմանադրականացումը, որոնք նախատեսված չեն եղել Սահմանադրությամբ, հանդիպել են ծանրակշիռ հակազդեցության հենց Սահմանադրական հանձնաժողովում, որտեղ Հռչակագրի կարգավորումների Սահմանադրության ծավալ ներմուծման, դրանց ունեցած իրավական ուժի և դրանց՝ Սահմանադրության անփոփոխ դրույթներ լինելու հարցերում հստակություն մտցնելու հարցին որոշակիություն հաղորդելուց խուսափելն ինքնին ընտրված մարտավարություն էր՝ առավել գերակա՝ Սահմանադրություն ունենալու խնդրի անլուծելիությունից խուսափելու և Սահմանադրության ընդունման գործընթացը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։

25. Նման լուծումը, որքան էլ այն թույլատրելի, իսկ այլընտրանքի բացակայության դեպքում՝ երբեմն անհրաժեշտաբար կիրառվող մոտեցում է քաղաքական մարմինների կողմից քաղաքական հարցերի լուծման համար, այնուամենայնիվ չի տվել այն հարցի հստակ և Սահմանադրության անփոփոխ դրույթների ուղղակիությանն արժանի պատասխանը, թե արդյոք Հռչակագրի համապատասխան դրույթները Սահմանադրության մաս են, թե՞ ոչ։ Այլ խոսքով՝ արդյոք Սահմանադրությունից բացի կա մեկ այլ՝ Սահմանադրության իրավական ուժ ունեցող, եթե ոչ վերսահմանադրական (եթե հաշվի առնենք, որ քննարկվում է դրա՝ Սահմանադրության նախաբանի, այսինքն՝ անփոփոխ դրույթի մաս հանդիսանալու հարցը) ակտ։

26. Հետևաբար՝ Սահմանադրական հանձնաժողով չուներ այս պարզ իրավական հարցի իրավական լուծման հստակ, որոշակի և անորոշություններից զերծ պատասխանը։

 

Նախագծի քննարկումը Գերագույն խորհրդում 1995 թվականի մայիսին

27. Փաստարկը, որը բերվել էր՝ ի հիմնավորումն այն մոտեցման, որ Հռչակագրի դրույթները՝ Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակման ուժով, Սահմանադրության նախաբանի մաս են կազմում, արձանագրվել է Սահմանադրական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ․ Նազարյանի՝ Գերագույն խորհրդում տրված բացատրություններում (տես՝ սույն որոշման 14-15-րդ կետերը)։ Այս բացատրությունը, ինքնին, չունենալով որևէ պատճառաբանական հիմնավորում, ունի դրան խիստ վերապահումով մոտենալու հետևյալ նկատառումները․

28. Նախ՝ այս փաստարկը երբևէ ոչ քննության առարկա է դարձել Սահմանադրական հանձնաժողովում, ոչ էլ առհասարակ հիշատակվել է։ Նման պարագայում առհասարակ պարզ չէ, թե արդյո՞ք սա Վ․ Նազարյանի կողմից Սահմանադրական հանձնաժողովը ներկայացնելու՝ իրեն վերապահված լիազորության շրջանակում վերագրելի է իր անձնական մոտեցումներին, թե՞ Սահմանադրական հանձնաժողում կոմպրոմիսի գին հանդիսացող անորոշությունը ցրելու հարցում համոզչական հնարք էր (տե՛ս այս պնդման բովանդակային անդրադարձը ներքևում)։

29. Երկրորդ՝ Վ․ Նազարյանի բացատրությունն առհասարակ անպատասխան է թողնում այն հարցը, թե «Հայ դատի» խնդիրը Սահմանադրությունում ամրագրելուն վճռականորեն դեմ արտահայտված Սահմանադրական հանձնաժողովի անդամների դիրքորոշումների հետ որքանով էր համատեղելի Հռչակագրի դրույթի միջոցով «Հայ դատին» առնչվող (ենթադրաբար՝ Հռչակագրի 11-րդ կետ) դրույթի սահմանադրականացման իր կողմից ներկայացվող բացատրությունը։ Հիշեցնենք, որ շուրջ 4 տարի տևած մանրամասն քննարկումներում նույնաբովանդակ որևէ դրույթի Սահմանադրությամբ ամրագրելուն արմատապես ընդդիմացող Սահմանադրական հանձնաժողովի անդամների հիմնավորումները չէին վերաբերում այսպիսի դրույթի ամրագրման ոճական կամ ձևական կողմին, այլ բացառապես դրա բովանդակային կողմին։ Այլ խոսքով՝ նրանց մոտեցումն այն չէր, որ նման դրույթ չնախատեսվի Սահմանադրության տեքստում, սակայն չբացառվի այդպիսի դրույթի գոյությունը Սահմանադրության բովանդակային ծավալում՝ մեկ այլ ակտին (Հռչակագրին) հղման միջոցով։ Նրանք արմատապես ընդդիմանում էին առհասարակ Սահմանադրության բովանդակային ծավալում որեւէ նման դրույթի առկայությանը31։ Ավելին, Վ․ Նազարյանն ինքը, «Հայ դատի» խնդրի ամրագրումն ուղղակիորեն չէր համարում էական և կոչ էր անում փորձել գտնել այնպիսի ձևակերպում, որպեսզի հնարավոր լիներ խուսափել խնդրի անլուծելիությունից բխող խոչընդոտներից32։

30. Երրորդ՝ ամբողջ հակադրվածությունը «Հայ դատի» հարցի շուրջ ծավալվելուն հանդերձ այն ոչ մի կերպ չէր վերաբերել Հռչակագրի որևէ այլ «հիմնարար սկզբունք» կամ «համազգային նպատակ» նախատեսող դրույթին։ Մինչդեռ Վ․ Նազարյանի կողմից ներկայացված բացատրությունը խորը հակասականություն ուներ նաև այս հարցում։ Եթե, ինչպես ինքն էր պնդում, Հռչակագրին հղումը Սահմանադրական հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծում կոչված էր լուծելու այս մեկ և բացառապես միակ դիրքորոշումների բախման կիզակետ դարձած հարցը («Հայ դատի»), ապա որքանո՞վ էր առհասարակ իր՝ Գերագույն խորհրդում տրված բացատրություններում Հռչակագրի՝ «Հայաստանի անկախության հռչակագիրը, դարձնել, դարձնել մեր Սահմանադրության բաղադրամասը, որպեսզի էդ հարցի լուծումը ստանա», բացատրությունը համատեղելի այն մոտեցման հետ, որ քննարկման առարկա էր եղել բացառապես «Հայ դատին» առնչվող հարցը, մինչդեռ Սահմանադրության նախաբանում ամրագրված դրույթն առհասարակ պարունակում էր «հիմնարար սկզբունքներ» և «համազգային նպատակներ» եզրերը (նույնիսկ անտեսելով Վ․ Նազարյանի այն պնդման ակնհայտ հակասականությունը, որ ինքնին Հռչակագիրը, այլ ոչ դրա որոշ դրույթներ, պետք է դառնար «Սահմանադրության բաղադրամաս»)։

31. Այսինքն՝ Սահմանադրական հանձնաժողովի կողմից բացառապես «Հայ դատի» խնդիրը ամրագրելու հարցում անհաշտ դիրքորոշումների հաշտեցման անհնարինությունից բխած անորոշությունը ոչ միայն պակասել, այլև բազմապատկվել էր հաջորդ ատյանում տեղի ունեցած քննարկումներում՝ Սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած նախագիծը պաշտպանող Վ․ Նազարյանի բացատրություններում և Սահմանադրական հանձնաժողովի՝ արձանագրված քննարկումներում եղած բովանդակային հակասությունների, և հենց իր՝ Վ․ Նազարյանի Սահմանադրական հանձնաժողովում և Գերագույն խորհրդում արտահայտած դիրքորոշումների խորը բովանդակային հակասություններով։

 

Պատմական օրինակի համեմատության պարզունակությունը որպես մերժված իրավական դոկտրինի երբևէ հնչած հիմնավորում

32. Հարկ է նաև անդրադառնալ Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության նախաբանում հիշատակվող «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին» 1789 թվականի հռչակագրի՝ Սահմանադրության նախաբանում տեղ գտնելու բերումով Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության մաս հանդիսանալու հանգամանքի և Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը զետեղված լինելու միջև Գերագույն խորհրդում Սահմանադրական հանձնաժողովի ներկայացուցչի կողմից տարված զուգահեռներին։

33. Ամփոփ ներկայացնելով՝ Վ․ Նազարյանը պնդում էր, որ «հնարքը»33, որը գործադրվել էր փակուղային իրավիճակից դուրս գալու համար, որպես ուղեցույց ուներ մասնավորապես՝ Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական պրակտիկան, որտեղ Սահմանադրության նախաբանում առկա հիշատակման բերումով «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին» 1789 թվականի հռչակագիրը Ֆրանսիական Հանրապետության 1958 թվականի Սահմանադրության նախաբանում հիշատակված լինելու բերումով հետագայում դարձել էր Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական պրակտիկայում կիրառելի՝ ըստ Վ․ Նազարյանի՝ «սահմանադրության տեքստի բաղադրամասը»34։

34. Սահմանադրական դատարանի դատավորներիս արտահայտման ինքնազսպվածության պահանջի բերումով չենք կարող մեզ թույլ տալ ակադեմիական ազատության շրջանակներին նույնիսկ մոտավոր ազատության շրջանակ, երբ խոսքը վերաբերում է օտարերկրյա բարձր ատյանների որոշումներին։ Այդուհանդերձ, քանի որ խնդիրն ինքնին մուտք է գործել նաև Հայաստանի սահմանադրական իրավունքին վերաբերելի տիրույթ և այն էլ պատմական օրինակին ուղիղ հղումով, չենք կարող անպատասխան թողնել նաև այս փաստարկը։

35. Նշված փաստարկի ամփոփ բովանդակությունն այն է, որ, քանի որ Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության նախաբանում «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին» 1789 թվականի հռչակագիրը Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության բովանդակության ծավալ է ներգրավվել, ապա նմանապես և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Հռչակագրին հղումը նույն իրավական ազդեցության կանխավարկածով անհրաժեշտաբար պետք է Հռչակագրի դրույթները դարձնի Սահմանադրության բովանդակային ծավալի մաս։

36. Նախ՝ արձանագրենք, որ այս փաստարկի նույնիսկ բովանդակային նկարագրությունը չի գերազանցել 2 նախադասությունը, որոնք բացարձակ ընդհանրական բովանդակությունից զերծ այլ հիմնավում առհասարակ չեն ներկայացնում։

37. Երկրորդ՝ շատ հեռու ենք այն մտայնությունից, որ Վ․ Նազարյանի նման խորագետ իրավաբանը տեղյակ չէր Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական պրակտիկայի այն մասնավոր հանգամանքից, թե ինչպես և ինչի ուժով են 1789 թվականի հռչակագրի դրույթները Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության բովանդակային ծավալի համար նորմատիվ ազդեցություն ձեռք բերել։ Մասնավորապես՝ 1789 թվականի հռչակագրի դրույթների՝ Սահմանադրության բովանդակային ծավալ ինկորպորացիայի գործընթացը տեղի է ունեցել միայն Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրական խորհրդի (Conseil Constitutionnel) 1970-ական թվականներին ամրագրած հատուկ և իր ժամանակի համար խիստ անսովոր, թեպետ՝ հետևանքային ազդեցությամբ միայն բարեբեր, համապատասխան դոկտրինի ընդունման և դրա հետևողականորեն իրագործման արդյունքում։ Այսինքն՝ Ֆրանսիական Հանրապետության Սահմանադրության նախաբանում 1789 թվականի հռչակագրի հիշատակումը, առանց Սահմանադրական խորհրդի (Conseil Constitutionnel) նման նպատակի համար հարմարեցրած դոկտրինի, չէր վերածվելու սահմանադրական պրակտիկայի առհասարակ։ Պատմական այս օրինակը ինքնին ո՛չ դոկտրինալ հիմնավորում կարող էր դիտարկվել Հայաստանի ինքնիշխան Հանրապետության սահմանադրական պրակտիկայի, ո՛չ էլ որևէ այլ պետության համար։ «Եթե Ֆրանսիայում եղել է այսպես, ապա այսպես կլինի նաև Հայաստանում» մտայնության ուժով այսպիսի խիստ հիմնարար սահմանադրական դոկտրինի ընդունումը, դրա թույլատրելիության ճանաչումը, իր սահմանադրական իրավազորությունների շրջանակի սահմանների հաշվառմամբ և նման դոկտրինի հետևանքային և համակարգային ազդեցության խորը վերլուծությամբ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ որևէ իշխանազորության բարձր դատարան չէր կարող իրեն թույլ տալ՝ այն զուտ պատմական օրինակի պարզունակ ուղենիշ լինելու հիմքով։ Համատեքստային վերլուծությունների իսպառ բացակայությունը, Ֆրանսիական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրների բովանդակային խիստ հավանական տարբերությունը, կարգավորման ենթակա հանրային իրավահարաբերությունների բնույթի տարբերությունների հաշվառման անհրաժեշտությունն անտեսելը չեն կարող որևէ իրավաբանի, նույնիսկ ցածր հավանականության հեռանկար խոստանալ, թե այս կամ այն խիստ ներքին սուվերեն որոշումների կայացման հարցում բարձր դատարանները կարող են առաջնորդվել պարզունակ ուղեցույցներով («եթե X իշխանազորությունում մոտավոր, եթե առհասարակ՝ որևէ նմանությամբ որևէ խնդիր ունեցել է Y լուծումը, դա ուղենիշ է Z իշխանազորության համար՝ հանգելու նույն լուծմանը, անկախ համատեքստային և զուգորդող այլ որոշիչ տարբերություններից»

38. Երրորդ՝ ավելին՝ Ֆրանսիական Հանրապետության պրակտիկայի բերված այս օրինակը ոչ միայն չի եղել համեմատական սահմանադրական իրավունքում օրինաչափություն, դեռ ավելին՝ նման օրինակը, թեպետ ոչ բովանդակային համընկնումներով, սակայն որպես խորը տրանսֆորմատիվ ներուժով օժտված դոկտրինալ ճյուղավորման դրսևորում եղել է այն աստիճանի բացառություն, որը սահմանադրական իրավունքի գիտությունում (առանց դրա հետևանքային ազդեցության բացասականության նվազագույն ակնարկի) արժանացել է նաև «դատական հեղաշրջման» բնորոշմանը35։

39. Հետևաբար՝ սա ինքնին իրավական փաստարկ չէր դիտարկվել ի սկզբանե և դուրս չէր գալիս իրավաբան Վ․ Նազարյանի անձնական մասնագիտական նախընտրության և ենթադրությունների շրջանակում իր նպատակային ուղղվածությամբ քաղաքական-համոզչական փաստարկի սահմաններից։

40. Վերը նշված հատվածներում Վ․ Նազարյանի մոտեցումների և բացատրություններին անդրադարձի նպատակը չէ դրանց հակասականության վրա փորձել կառուցել ՍԴՈ-1749 որոշման հիմքում ընկած դոկտրինալ հիմնավորումների ամրությունը։ Ավելին, նույնիսկ նրա դիրքորոշումներում որևէ հակասականության բացակայության հնարավոր վարկածը չէր կարող մեզ շեղել իր անայլընտրանք եզրահանգումից։ Նրա մասնագիտական հեղինակությունը որևէ պաշտպանության կարիք չի զգում առհասարակ։ Այս տողերը շարադրելիս մտքում միշտ ունենք, որ Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության համար ամենամեծ ծառայությունը մատուցած իրավաբաններից մեկը թերևս նա էր․ ի վերջո, նա է եղել այն իրավաբանը, որը Սահմանադրական հանձնաժողովի ահռելի և անուրանալի աշխատանքն ի վիճակի է եղել իրեն հատուկ համոզչականությամբ հասցնել մի հանգրվանի, որտեղ այն ստացել է Գերագույն խորհրդի հավանությունը, դրվել է համաժողովրդական հանրաքվեի և Հայաստանն ի վերջո ունեցել է Սահմանադրություն՝ ի կատարումն Հռչակագրի 12-րդ կետում ամրագրված ծրագրային նպատակի։

41. Այդուհանդերձ, նրա մասնագիտական ներդրման անուրանալի արժեքը, սակայն, չի կարող մեզ՝ Սահմանադրական դատարանի դատավորներիս, սահմանադրական արդարադատության իրականացման հարցում կուրորեն ուղղորդել նրա, ինչպես և որևէ այլ մեկի մասնագիտական նախընտրությունների և կարգադրագրային եզրահանգումների նման պնդումներին հետևելու՝ առանց մանրամասն քննազտման ենթարկելու յուրաքանչյուր փաստարկի կամ մեկնաբանության հիմնավորումները և դրանց վերաբերելիությունը սահմանադրական արդարադատության բազմաշերտ ստուգումների ենթակա իրավական հարցերի լուծումների որոնման ճանապարհին։ Այլապես այս կամ այն գիտնականի, քաղաքական գործչի, կուսակցության, հասարակության խմբի հետևությունների և խորհուրդների ընթացքին հետևելը՝ նրանց պաշտոնեական կարգավիճակի, ազդեցության կամ հեղինակության նկատառումներով (ի թիվս բազում այլ՝ արդարադատության հիմնարար սկզբունքների հետ անհամատեղելի վարքագծի), առանց դրանց մանրազնին ուսումնասիրության և վերլուծության, սահմանադրական արդարադատությունը «իրավաբանական կռապաշտության ծիսակարգի» է վերածելու։

42. Ի վերջո, որպես ամփոփում, հարկ ենք համարում ընթերցողին նաև հիշեցնել, որ Սահմանադրությունը չի ընդունվել ո՛չ Սահմանադրական հանձնաժողովի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի կողմից։ Այս մարմիններում քաղաքական գործընթացների միջոցով Սահմանադրության նախագծի տեքստի տեխնիկական աշխատանքի հետևում թաքնված հակադիր դիրքորոշումների հաշտեցման քաղաքական լուծումները չեն կարող Սահմանադրական դատարանի որևէ դատավորի համար ուղղորդիչ, եթե առհասարակ՝ որևէ կարևորություն պարունակել Սահմանադրության դրույթների մեկնաբանման հարցում։ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող, քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների կամ նախագծման աշխատանքներում ներգրավված անհատ իրավաբանների կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նպատակներին, քաղաքական մարմինների մտայնություններին, իրավունքի դպրոցների նախընտրություններին, քաղաքական ծրագրերին և նպատակներին նախընտրություն և գնահատական տալով, առաջնորդվել բոլորովին այլ՝ իր իշխանազորությամբ այս ողջ համախմբի նկատմամբ գերակա դիրք ունեցող Սահմանադրի կամքը բացահայտելու հարցում։

43. Ի վերջո, սահմանափակելով մեր հատուկ կարծիքը, չենք կարող բավարար չափով երախտապարտ լինել ՍԴՈ-1749 որոշմամբ Սահմանադրության և Հռչակագրի հարաբերակցության առնչությամբ համախոհություն արտահայտած մեր այն դատավոր գործընկերներին՝ համախոհության համար, որոնք`

ա) բացառել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան Սահմանադրի իրավազորության շրջանակը սահմանափակելու իրավական հնարավորությունը՝ վերջինիս կամաարտահայտության բացակայության պայմաններում, Սահմանադրության անփոփոխ դրույթների (նախաբանում՝ սկզբունքների և նպատակների) ցանկը Սահմանադրական դատարանի հայեցողությամբ ավելացնելու միջոցով, և

բ) արդյունքում՝ արմատապես մերժել են Սահմանադրության գերակայության ապահովման միջոցով Սահմանադրի կամքի գերակայության իրենց առաքելությունը ձևախեղելու՝ Սահմանադրին Սահմանադրական դատարանի կամքը թելադրելու հետևանքը․

գ) ընդգծված հարգանքով պաշտպանել են Սահմանադրության բովանդակային ծավալում որևէ՝ «հայոց պետականության հիմնարար սկզբունքի կամ համազգային նպատակի» ընտրության հարցի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի լուծման բացառիկ իրավազորության սահմանները։

_________________________

1 Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման պահին ԳԽ նախագահ, իսկ 1991 թվականից՝ Հանրապետության Նախագահ՝ շարունակելով պաշտոնավարել նաև Սահմանադրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

2 Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

3  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

4 Հայաստանի Հանրապետության դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

5 Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

6  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

7 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի անդամ։

8 Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, «Արարատ» հայկական արտադրական միավորման «Հատիս» ինժեներաարտադրական կենտրոնի բյուրոյի պետ։

9 Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

10  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու։

11  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի նախագահ։

12  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ։

13  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մանդատային և էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ։

14  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերի հանձնաժողովի նախագահ։

15  Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

16  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ։

17  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար։

18  Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

19  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր։

20  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

21  Քաղվածք նույն օրվա Գերագույն խորհրդի նախագահության թիվ 384 արձանագրությունից:

22 Գերագույն խորհրդի 1994 թվականի հունիսի 16-ի նիստի արձանագրություն, էջ 197։

23 Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի թիվ 70 արձանագրություն, էջ 4։

24  Համանախագահներ Լ․ Տեր-Պետրոսյան, Բ․ Արարքցյան, Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Է․ Եգորյան, Է․ Սողոմոնյան, Ի․ Մուրադյան, Մ․ Խաչատրյան (նույն տեղում)։

25  Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Յու․ Սարգսյան, Մ․ Սարգսյան, Խ․ Ստամբոլցյան, Գ․ Ավագյան (նույն տեղում)։

26  Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Ա․ Նավասարդյան, Վ․ Նազարյան։ Նույն տեղում։

27  Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի թիվ 70 արձանագրություն, էջեր 4-12։

28  Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 2-ի նիստի արձանագրություն, էջեր 49-50։

29 Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 3-ի նիստի արձանագրություն, էջեր 109-110։

30  Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 10-ի նիստի արձանագրություն, էջեր 83-84:

31  Տե՛ս, մասնավորապես, Հռչակագրի հիշատակմանը կողմ քվեարկած Սահմանադրական հանձնաժողովի անդամներից համանախագահներ Լ․ Տեր-Պետրոսյանի և Բ․ Արարքցյանի, անդամներ Է․ Եգորյանի, Է․ Սողոմոնյանի, Մ․ Խաչատրյանի, Ի․ Մուրադյանի՝ արձանագրված դիրքորոշումները (Սահմանադրական հանձնաժողովի 1994 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի թիվ 70 արձանագրություն, էջեր 4-12)։

32  Նույն տեղում։

33 Մեջբերում իր խոսքից։

34  Մեջբերում իր խոսքից։

35  Alec Stone Sweet. “The juridical coup d’état and the Problem of Authority”, German Law Journal, 8 (10), 915-928; Տե՛ս նաև՝ mutatis mutandis Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի և Եվրոպական արդատրադատության դատարանի դոկտրինալ նորամուծությունների քննարկումը նույն տեղում։ (The Juridical Coup d’État and the Problem of Authority, հղմանը վերջին մուտքը՝ 2024 թվականի հոկտեմբերի 5):

 

Սահմանադրական դատարանի

դատավորներ`

Վ. Մ. Գրիգորյան

Դ Մ Խաչատուրյան

 

7 հոկտեմբերի 2024 թվականի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան