ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10143/05/21 | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10143/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
լ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
ռ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02․03․2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Արսենյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով, սկսած 14․02․2021 թվականից, կատարելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուբեն Արսենյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարել իր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14․02․2021 թվականից, աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե․ Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Ծառայությանը պարտավորեցվել է կատարել Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14.02.2021 թվականից, աշխատանքային ստաժը ավելացնելով 10 ամիս 13 օրով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02․03․2023 թվականի որոշմամբ Ռուբեն Արսենյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Արսենյանը (ներկայացուցիչ՝ Վարդուհի Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ընդունված՝ 16.06.1972 թվականին, ուժը կորցրած՝ 21.06.2005 թվականին) 45-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման հավելված թիվ 2-ի 24-րդ կետը և հավելված թիվ 2-ի 48-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանները պատշաճ չեն հետազոտել Երևանի առևտրա-խոհարակական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի կողմից 23.07.1976 թվականին տրված թիվ 551741 դիպլոմը՝ որպես վերաբերելի ապացույց:
Ինչպես նաև դատարաններն առաջնորդվել են ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ, մինչդեռ սույն դեպքում կիրառելի էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը։ Տվյալ դեպքում դատարաններն անտեսել են, որ օրենսդիրը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով իմպերատիվ պահանջ է սահմանել՝ աշխատանքային ստաժում ներառել նաև ուսումնական հաստատությունում սովորելու ժամանակահատվածը՝ անկախ տարիքից։ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշումը կոչված է ապահովելու կենսաթոշակ նշանակելու գործընթացը, և այդ որոշմամբ չի կարող սահմանափակվել այն իրավունքը, որն անձին տրվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02․03․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժված մասով բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Համաձայն Ռուբեն Արսենյանին 21.07.2021 թվականին 001-ի կողմից տրված թիվ AU 0362741 Հայաստանի Հանրապետության անձնագրի՝ վերջինս ծնվել է 14.02.1958 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 12):
2. Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի կողմից տրված թիվ 551741 դիպլոմի համաձայն` «Սույն դիպլոմը տրվել է Ռուբիկ Իլյիչի Արսենյանին, առ այն, որ նա 1973 թվականին ընդունվել և 1976 թվականին ավարտել է Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի լրիվ դասընթացը և ստացել է խոհարարի մասնագիտություն և ընդհանուր միջնակարգ կրթություն»(հատոր 1-ին, գթ․ 24):
3. Թիվ 0261382 աշխատանքային գրքույկի տվյալների համաձայն՝ Ռուբեն Արսենյանը 21.11.1978 թվականից մինչև 04.09.1991 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր ընկերություններում՝ որպես խոհարար (հատոր 1-ին, գթ․ 26, գթ․ 50-58)։
4. 14.02.2021 թվականին հայցվորը դիմել է Ծառայությանը՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու խնդրանքով։ 17.05.2021 թվականին, 13 տարի աշխատանքային ստաժի հաշվարկով (ընդհանուր ստաժ նշվել է` 15 տարի 11 ամիս 16 օր) հայցվորին նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ (հատոր 1-ին, գթ․ 13):
5. 03․06․2021 թվականին հայցվորը դիմել է Ծառայություն՝ կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու պահանջով։ Ծառայության կողմից կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում հայցվորի ընդհանուր ստաժը կազմել է 16 տարի, 3 ամիս, 5 օր, իսկ օրացուցային աշխատանքային ստաժը՝ 14 տարի (հատոր 1-ին, գթ․ 15-16, 61)։
6. Հայցվորի կողմից 07.07.2021 թվականին կրկին ներկայացվել է վերահաշվարկ կատարելու դիմում, որը Ծառայության 09.08.2021 թվականի թիվ 06//30999-21 գրությամբ մերժվել է։ Մասնավորապես, հայցվորի աշխատանքային ստաժում չեն ներառվել 12.09.1991 թվականից մինչև 21.08.1992 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորի կողմից «Ինտեգրալ» Շինարարական կոոպերատիվում աշխատելու և 1973-1974 թվականներին հայցվորի ուսման 1 տարի ժամանակահատվածները (հատոր 1-ին, գթ․ 19-20 )։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան անձի աշխատանքային ստաժում հաշվառվող ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը կարող է ենթարկվել սահմանափակման ենթաօրենսդրական ակտով։
Իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերը կրում են որոշակի աստիճանակարգություն՝ տարբերակվելով ըստ իրենց իրավաբանական ուժի։ Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունն իրավունքի գերակայության և վերջինիս առանձին բաղադրիչների՝ իրավական որոշակիության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է։
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության սահմանադրաիրավական հիմքը ՀՀ Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն են։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
Նշված սահմանադրական նորմերն այսպիսով սահմանում են ՀՀ Սահմանադրության գերակայությունն օրենքների և այլ իրավական ակտերի նկատմամբ, և օրենքների գերակայությունը՝ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ։
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի վերը նշված դրույթների հետ համակարգային առումով կապված է օրինականության սկզբունքը սահմանող ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը։ Նշված նորմով օրինականության սկզբունքի համատեքստում ամրագրվում է ենթաօրենսդրական ակտերի ընդունման նպատակն ու գործառնական դերն իրավակարգում։ Այսպես, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուրվագծում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների իրավաստեղծ լիազորության սահմանադրական սահմանները, այն է՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների իրավաստեղծ գործունեությունն ինքնանպատակ չէ. այդ գործունեությունը պետք է ուղղված լինի սահմանադրի և օրենսդրի կամքի կենսագործմանը։
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է․ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»։ Նշված սահմանադրական նորմից, ի թիվս այլնի, բխում է, որ հիմնական իրավունքները և ազատություննեը կարող են սահմանափակվել միայն օրենքով։
ՀՀ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով նույնպես արձանագրել է, որ որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.06.2020 թվականի ՍԴՈ-1546, 04.05.2021 թվականի ՍԴՈ-1592 որոշումները)։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:
Նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, (…) կիրառվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը (…):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև «ենթաօրենսդրական ակտ» հասկացությունը․ վերջինս Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության որոշումները, պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքներին։ Հակասության դեպքում գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի նորմերը։ Ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով։ Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանափակվել անձի հիմնական իրավունքները։
ՀՀ իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի վերը նշված աստիճանակարգությունը գործնականում ապահովվում է օրենքների և ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության նկատմամբ սահմանադրական վերահսկողությամբ, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի օրինականության նկատմամբ վարչադատավարական կարգով դատական վերահսկողության միջոցով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) նախատեսում է ենթաօրենսդրական ակտերի օրինականության ստուգման երկու հիմնական կառուցակարգ, այն է՝
- ՀՀ վարչական դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա ստուգում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը (Օրենսգրքի 26-րդ գլուխ),
- ՀՀ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն (Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
Եթե վերը նշված առաջին կառուցակարգի պարագայում վիճարկվող ենթաօրենսդրական ակտի՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին անհամապատասխանության ճանաչումը հանգեցնում է նրան, որ տվյալ ենթաօրենսդրական ակտը դուրս է մղվում ՀՀ իրավական համակարգից և ունենում է erga omnes ազդեցություն, ապա երկրորդ կառուցակարգի պարագայում ենթաօրենսդրական ակտի՝ օրենքին հակասության ճանաչումն իրավական հետևանքներ է առաջացնում միայն տվյալ գործով կողմերի համար։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը որոշելիս ՀՀ վարչական դատարանը պետք է ստուգի տվյալ գործով կիրառման ենթակա ենթաօրենսդրական ակտերի՝ օրենքին համապատասխանությունը, և կիրառման ենթակա ենթաօրենսդրական ակտի՝ օրենքին հակասություն արձանագրելու դեպքում, ելնելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ձեռնպահ մնա օրենքին հակասող ենթաօրենսդրական ակտի կամ դրա նորմի կիրառումից։
Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես սոցիալական պետություն, ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածով նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի սոցիալական ապահովության իրավունքը, որն իր բովանդակության մեջ ընդգրկում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային ապահովության կառավարման և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են, պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` նաև Օրենք) (Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մաս)։
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, նույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով։
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը որպես աշխատանքային կենսաթոշակի տարատեսակ է ամրագրում տարիքային կենսաթոշակը։
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ (․․․):
Օրենքի՝ «Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները» վերտառությամբ 29-րդ հոդվածն առանձնացնում է կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները։
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են` ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի։
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ օրենսդրի կամքն է աշխատանքային ստաժում ներառել ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` առանց որևէ տարիքային սահմանափակման։ Օրենսդիրն աշխատանքային ստաժում ներառել է, ի թիվս այլնի, ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը՝ հետևյալ սահմանափակումներով․
-աշխատանքային ստաժում ներառվում է միայն առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը․ աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա չէ հեռակա ուսման ժամանակահատվածը,
-աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին,
- աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա չէ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը։
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավակարգավորումների հիման վրա, արձանագրում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված նշված սահմանափակումներից բացի այլ սահմանափակումների սահմանումը ենթաօրենսդրական ակտով կհակասի օրենսդրի վերը նշված կամքին։
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման 2-րդ մասի 2-րդ կետով հաստատվել են կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները՝ համաձայն թիվ 2 հավելվածի (այսուհետ` Կանոններ):
ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշումը՝ որպես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտ, կոչված է սահմանելու նշված Օրենքի կենսագործմանն ուղղված իրավակարգավորումներ՝ հստակեցնելով և որոշակիացնելով վերջինիս կարգավորումները։
Կանոններով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կանոնները։
Կանոնները ներառում են «I. Ընդհանուր դրույթներ», «II. Աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը» և «III. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժինները։
Կանոնների 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:
Կանոնների 3-րդ կետի համաձայն` ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կանոնների «III. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնում ներառված 24-րդ կետի համաձայն` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով) կամ վկայականով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նաև առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:
Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:
Կանոնների 24.2-րդ կետի համաձայն՝ եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:
Կանոնների «III. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնում ներառված Կանոնների 26-րդ կետի համաձայն` առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
Կանոնների 27-րդ կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:
Կանոնների վերը նշված նորմերի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետն ընդհանրապես դուրս է «III. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնի կարգավորման առարկայի շրջանակից․ նշված բաժնի դրույթների կարգավորման առարկան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի և դրանց վավերապայմանների սահմանումն է, մինչդեռ Կանոնների 26-րդ կետի կարգավորման առարկան աշխատանքային ստաժում ներառվող առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածի համար տարիքային սահմանափակում սահմանելն է։
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և Կանոնների 26-րդ կետի բովանդակության համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածի սահմանափակումների, սահմանել է ևս մեկ լրացուցիչ սահմանափակում՝ շեղվելով օրենսդրի կամքից։ Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը որևէ տարիքային սահմանափակման չի ենթարկել։ Մինչդեռ, ենթաօրենսդրական ակտը Կանոնների 26-րդ կետով սահմանել է տարիքային սահմանափակում՝ թույլ չտալով աշխատանքային ստաժում հաշվառել անձի՝ մինչև տասնվեց տարեկանը տվյալ ուսումնական հաստատությունում ուսանելու ժամանակահատվածը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարաննն արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետի դրույթը չի արտահայտում օրենսդրի կամքը, ուղղված չէ այդ կամքի կենսագործմանը, որպիսի պայմաններում առկա է հակասություն Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և Կանոնների 26-րդ կետի նորմերի միջև։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, (…) կիրառվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը), արձանագրում է, որ աշխատանքային ստաժում ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը հաշվառելիս Կանոնների 26-րդ կետը կիրառելի չէ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի նորմին հակասելու ուժով: Այլ կերպ՝ աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը տարիքային սահմանափակման ենթակա չէ, և Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ՝ աշխատանքային ստաժում պետք է հաշվառվի ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածը՝ անկախ տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելիս անձի տարիքից։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Ռուբեն Արսենյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարել իր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14․02․2021 թվականից, աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով:
Դատարանի 10.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ՝ «(․․․) աշխատանքային գրքույկում առկա գրառումներին վերաբերող տարեթվերի և կենսաթոշակառուների հաշվառման միասնական ՏՀ-ից տպված տեղեկատվության համադրության արդյունքում, պարզ է դառնում, որ հայցվորի աշխատանքային ստաժը կազմում է ոչ թե 16 տարի, 3 ամիս, 5 օր, այլ 16 տարի 4 ամիս, 27 օր, այսինքն՝ կատարված հաշվարկի արդյունքում հայցվորի ստաժը պակաս է հաշվարկվել 1 ամիս, 22 օր:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ պետք է պարտավորեցնել պատասխանողին կատարել հայցվորի ստաժի վերահաշվարկ՝ ստաժում հաշվարկելով 8 ամիս, 21 օր շինարարական կոոպերատիվ աշխատելու ժամանակահատվածը, ինչպես նաև 1 ամիս 22 օր, որը պակաս է հաշվարկվել հայցվորի ընդհանուր աշխատանքային ստաժից: (…):
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում 1973-1976թթ. ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն, ապա դատարանը գտնում է, որ այդ մասով վերահաշվարկ կատարել պարտավորեցնելու պահանջն անհիմն է և ենթակա է մերժման (…):
Կանոնների 26-րդ կետի համաձայն` առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: (…) Հայցվորը ծնվել է 14.02.1958թ., հետևաբար հայցվորի 16 տարին լրացել է 14.02.1974 թվականին, որպիսի պայմաններում պատասխանողը իրավաչափորեն որպես ստացիոնար ուսուցման ստաժ այն հաշվարկել է 15.02.1974թ. սկսած մինչև 01.07.1976թ.: (…)
(…) դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի և պետք է պարտավորեցնել պատասխանողին կատարել Ռուբեն Իլիչի Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժը ավելացնելով 10 ամիս 13 օրով սկսած 14.02.2021թ., իսկ մնացած մասով ներկայացված հայցը ենթակա է մերժման: (…)»:
Վերաքննիչ դատարանը, 02․03․2023 թվականի որոշմամբ մերժել է Ռուբեն Արսենյանի վերաքննիչ բողոքը հետևյալ պատճառաբանությամբ՝ «(․․․) Սույն գործի տվյալների համաձայն՝ հայցվորը 1973 թվականին ընդունվել է Ուսումնարան և այն ավարտել 1976 թվականին։ Այսինքն, ուսման սկզբին՝ 1973 թվականին հայցվորը եղել է 15 տարեկան։
Վկայակոչված իրավանորմերի և գործի փաստերի համադրումից հետևում է, որ ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է ներառվել սկսած 16 տարեկանից։ Այսինքն, դրանից շուտ՝ մինչև 16 տարեկանը, ուսման տարիները չեն կարող հաշվարկվել աշխատանքային ստաժում այն պարզ պատճառաբանությամբ, որ ըստ ՀՀ կառավարության թիվ 665-Ն որոշման՝ ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից։
Ինչ վերաբերվում է հայցվորի կողմից մատնանշված նույն որոշման 48-րդ կետին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որոշմամբ նշված 14 տարեկանից աշխատանքային ստաժ հաշվարկելու կանոնակարգումը վերաբերվում է այն դեպքերին, երբ խոսքը վերաբերվում է քաղաքացու կողմից աշխատանքային գործունեություն իրականացրած լինելուն, այլ ոչ թե ուսում ստանալուն։
Այսինքն, հայցվորի աշխատանքային ստաժում 1973-1976 թվականների ուսման տարիներից պետք է ներառվեր 1974-1976 թվականների ժամանակահատվածը։ Ըստ այդմ, այդ մասով հաշվարկի սկիզբը պետք է հոսեր այն պահից, երբ լրացել էր հայցվորի 16 տարեկանը, որպիսի վարքագիծ էլ դրսևորել է Ծառայությունը՝ աշխատանքային ստաժում ներառելով ուսման 2 տարին։ Նման եզրահանգման իրավաչափորեն եկել է նաև Վարչական դատարանը։ (…)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Ռուբեն Արսենյանը (ծնված 14.02.1958 թվականին) Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի կողմից տրված թիվ 551741 դիպլոմի համաձայն` 1973 թվականին ընդունվել և 1976 թվականին ավարտել է Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի լրիվ դասընթացը՝ ստանալով խոհարարի մասնագիտություն և ընդհանուր միջնակարգ կրթություն։ Նշված փաստի վերաբերյալ հայցվորի աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ, որպիսի պայմաններում 1973-1976 թվականներին ուսումնական հաստատությունում ուսանելու հանգամանքը հաստատվում է Կանոնների 24-րդ և 24․2-րդ կետերով սահմանված պատշաճ ապացույցներով։
Հայցվորը նշված ուսումնական հաստատություն է ընդունվել 15 տարեկանում․ 14․02․1974 թվականին լրացել է վերջինիս 16 տարեկանը։
Դատարանները հայցը մերժել են միայն այն մասով, որը վերաբերում է հայցվորի՝ մինչև տասնվեց տարեկանը Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսանելու ժամանակահատվածին՝ կիրառելով Կանոնների 26-րդ կետը, ըստ որի՝ առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն։
Սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Կանոնների 26-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կիրառման ենթակա չէր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին հակասելու պատճառով։ Ըստ այդմ՝ դատարանները պետք է ղեկավարվեին Օրենքի 29-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որին համապատասխան հայցվորի աշխատանքային ստաժում հաշվառման է ենթակա նշված ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածը։ Այլ կերպ՝ հաշվի առնելով, որ Օրենքի նշված նորմը տարիքային սահմանափակում չի նախատեսում, հայցը ենթակա էր բավարարման նաև ուսումնական հաստատությունում ուսման այն ժամանակահատվածի մասով, որը նախորդել է հայցվորի տասնվեց տարեկան դառնալուն։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` (...) պետական կենսաթոշակների, (...) նշանակման, վճարման, հաշվարկման, վերահաշվարկման և այլ հայցերով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի ուժով հայցվոր Ռուբեն Արսենյանն ազատված է դատարաններում պետական տուրքի վճարման պարտականությունից։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Ռուբեն Արսենյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումն անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Ռուբեն Արսենյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից՝ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02․03․2023 թվականի որոշումը և փոփոխել այն. Ռուբեն Արսենյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ աշխատանքային ստաժում նաև Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսման՝ մինչև տասնվեց տարին լրանալն ընկած ժամանակահատվածը հաշվառելուն պարտավորեցնելու պահանջի մասով, բավարարել` պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը կատարել Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժում հաշվառելով նաև վերջինիս Երևանի առևտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսման՝ մինչև տասնվեց տարին լրանալն ընկած ժամանակահատվածը։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Լ. Հակոբյան |
ա. Թովմասյան Ռ. Հակոբյան | |
ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
![loading...](/static/img/loader.gif)