ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/13149/05/212024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/13149/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան | ||
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2024 թվականի հունիսի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․10․2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վերգինե Մանկելյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 24․09․2021 թվականի թիվ 027384/07 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վերգինե Մանկելյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24․09․2021 թվականի թիվ 027384/07 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե․ Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 02․08․2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26․10․2023 թվականի որոշմամբ Վերգինե Մանկելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 02․08․2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 124-րդ և 144-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում, չի վիճարկվել (փաստն ընդունել է նաև հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում), հետևաբար անբողոքարկելի դարձած ստուգման ակտի իրավաչափությունը որևէ անձ, այդ թվում՝ դատարանը չի կարող կասկածի տակ դնել: Այսինքն՝ 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշման հիմքում դրվել է, ի թիվս այլնի, 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որը բավարար ապացույց է իրավախախտման փաստը հաստատելու համար, քանի որ վարչական ակտի չվիճարկման պայմանում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել դրա իրավաչափության կանխավարկածից:
Անընդունելի է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե թիվ 4140707 ակտն իր բովանդակությամբ ունի ընդամենը «տեղեկատվական նշանակություն», մինչդեռ «տեղեկատվական նշանակության» հիմքում ընկած են անհերքելի ապացույցներ հայցվորի կողմից արձանագրված խախտման վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26․10․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 24.05.2021 թվականին կազմվել է թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է հետևյալը․ «Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ Վերգինե Մանկելյանը 2020թ-ին ՀՀ տարածք է ներմուծել թվով 435 հատ «BARJELO» տեսակի հարդաջուր 50մլ տարաներով (15.07.2020թ-ին 108 հատ, 09.11.2020թ-ին 205 հատ և 21.12.2020թ-ին 122 հատ): Համաձայն հարկային Օրենսգրքի 390-րդ հոդվածի վերոնշյալ ապրանքատեսակը ՀՀ տարածք ներմուծելիս կամ ՀՀ տարածքում արտադրելիս ենթակա է դրոշմապիտակավորման (ԱՏԳԱԱ 3303): Սակայն ԱՁ-ն հարկային մարմին չի դիմել և չի ստացել վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակները դրոշմապիտակավորելու համար դրոշմապիտակ։ Ըստ տեղեկատվական բազայում առկա տվյալների ԱՁ-ն 2020թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 11 ֆիզիկական անձանց (ցանկը կցվում է) վաճառել է 82 հատ նույն «BARJELO» ապրանքատեսակի 50մլ տարողությամբ հարդաջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 492.000 դրամ։ Ստուգման ընթացքում հարկային ծառայողների կողմից կատարվել է այցելություն ԱՁ-ին պատկանող ք. Աշտարակ, Պռոշյան 10/38 հասցե հսկիչ գնում կատարելու նպատակով, սակայն ԱՁ-ն հրաժարվեց իրականացնել վաճառք: Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ-ի կողմից 2020թ-ին ներմուծված 435 հատ հարդաջրից առկա էր ընդամենը 21 հատը: ԱՁ-ն վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակի տարբերությունը թվով 414 հատ (435-21 հատ) հարդաջուր, ըստ իր գրավոր հայտարարության (հայտարարությունները կցվում են) օգտագործել է իր և իր հարազատների անձնական կարիքների համար, որից 100 հատը տոների և այլ առիթների կապակցությամբ նվիրել է մտերիմներին, 180 հատը օգտագործել է անձամբ, մնացածն էլ բացված օգտագործման ընթացքում են, իսկ թվով 82 հատ 11 ֆիզիկական անձանց արդեն իսկ վաճառված «BARJELO» տեսակի 50մլ տարողությամբ հարդաջուրը ձեռք է բերել ՀՀ տարածքում, որոնց համար չի ստացել ձեռք բերման համար անհրաժեշտ որևէ հաշվարկային փաստաթուղթ: (․․․) Անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջները» (հատոր 1-ին, գ․ թ․ 77-80)․
2) Համաձայն AG031640387AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի ԱՁ Վերգինե Մանկելյանը վերը նշված ակտը ստացել է 28.05.2021 թվականին (հատոր 1-ին, գթ 81)․
3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 24.09.2021 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 027384/07 որոշման համաձայն՝ Վերգինե Մանկելյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գթ 37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք կարող է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված և անբողոքարկելի դարձած ակտը համարվել թույլատրելի ապացույց վարչական իրավախախտում կատարելու փաստը հաստատված համարելու համար։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետևյալին.
1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.
2) վարչական դատարանը պարտավոր է՝
- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,
- մատնանշել հայցադիմումներում առկա ձևական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները (տե'ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․02․2021 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե'ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով(տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, ապացույց են համարվում նաև գրավոր ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում դիտարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կարող է համարվել թույլատրելի ապացույց դրանում արձանագրված փաստերի հիմքով վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը հաստատված համարելու համար, եթե այդ ակտը բավարարում է վարչական ակտին ներկայացվող օրենսդրական պահանջներին, այսինքն՝ հանդիսանում է վարչական ակտ, և այն դարձել է անբողոքարկելի։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն առանձնացրել է վարչական ակտի տեսակները՝ սահմանելով դրանցից յուրաքանչյուրին բնորոշ հատկանիշները։ Այն է՝ նույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.
բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակությանը և վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Այսինքն՝ վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:
Ամբողջացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ընդհանուր դրույթներ է բովանդակում վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ։
Այսպես․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
(․․․)
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: (․․․)»։
Այսպիսով՝ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական ակտն անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելու պահից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո։
Վերը նշված իրավակարգավորումների համադրված վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկային մարմնի իրականացրած ստուգման արդյունքում կազմված ակտերն իրավական հետևանքներ չեն առաջացնում, քանի դեռ չի սպառվել անբողոքարկելի դառնալու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը՝ հաշված տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։ Այդ ակտերի բողոքարկման համար սահմանված երկամսյա ժամկետի ընթացքում դրանցով հաստատված փաստական հանգամանքները դեռևս վիճելի են, հերքելի և ոչ հավաստի․ այդ փաստական հանգամանքները կարող են հերքվել բողոքարկման (վերադասության կամ դատական կարգով) արդյունքում (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):
Անդրադառնալով վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածին՝ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի պարունակում որևէ նորմ, որը վարչական դատարանին հնարավորություն կընձեռեր մեկ այլ գործի քննության շրջանակներում քննության առարկա դարձնելու տվյալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, սակայն տվյալ գործով հայցի առարկա չհանդիսացող մեկ այլ անհատական վարչական ակտի իրավաչափության հարցը: Այսինքն` օրենսդրի տրամաբանությունը հիմնված է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի, այդ թվում՝ նաև անհատական վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վրա, ինչը բացառում է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի իրավաչափությունը մեկ այլ գործի քննության ընթացքում գնահատելու հնարավորությունը` ելնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 01․12․2015 թվականի թիվ ՍԴՈ-1238 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը, արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով։ Ընդ որում, այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը չի կարող այդ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության հարցին. եթե վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի վիճարկման պահանջը չի հանդիսանում տվյալ գործով հայցի առարկա, ապա դատարանն իրավասու չէ ստուգելու այդ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը՝ ելնելով չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից (տե'ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը դրսևորվում է նաև հետևյալում․ եթե անձի իրավունքի ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած մեկ այլ վարչական ակտով, ապա վիճարկվող վարչական ակտն այդ իրավունքի խախտման հիմքով չի կարող անվավեր ճանաչվել, քանի դեռ այդ ակտի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափությունը վիճարկված, և վերջինս անվավեր ճանաչված չէ (տե'ս, «Յունիփուլ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8707/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված և անբողոքարկելի դարձած ակտերը, օժտված լինելով իրավաչափության կանխավարկածով, կարող են դրվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հիմքում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վերգինե Մանկելյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24․09․2021 թվականի թիվ 027384/07 որոշումը:
Դատարանի 02․08․2022 թվականի վճռով հայցը մերժվել է նաև այն հիմնավորմամբ, որ «(․․․) Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը 29.05.2021թ. ուժի մեջ մտնելու և չբողոքարկվելու պայմաններում այն անբողոքարկելի է դարձել 30.07.2021թ.-ին:
(․․․) Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում, չի վիճարկվել (փաստն ընդունել է նաև հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում), հետևաբար որևէ անձ, այդ թվում՝ դատարանը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:
Տվյալ դեպքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 24.09.2021թ. թիվ 027384/07 որոշումը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության 24.05.2021թ. թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է, որ հայցվորի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում (․․․)»։
Վերաքննիչ դատարանը 26․10․2023 թվականի որոշմամբ Վերգինե Մանկելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ Վերգինե Մանկելյանի հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել Կոմիտեի 24․09․2021 թվականի թիվ 027384/07 որոշումը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(․․․) քննարկվող դեպքում Կոմիտեն, (․․․) ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170․8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը հայցվորի կողմից կատարված լինելու փաստական հանգամանքը հաստատված է համարել բացառապես հայցվորի մոտ իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 4140707 ակտով ամրագրված տվյալների հիման վրա։ Մինչդեռ, (․․․) վկայակոչված ակտով ամրագրված փաստական հանգամանքների էությունից ամենևին չի բխում հայցվորին վերագրված իրավախախտման հավաստի լինելը։ Մասնավորապես, թիվ 4140707 ակտով ամրագրվել են փաստական տվյալներ հայցվորի կողմից ներմուծված ապրանքի քանակի, Հայաստանի Հանրապետությունում հայցվորի կողմից ձեռք բերված նույնանուն ապրանքների քանակի, հայցվորի մոտ առկա նույն ապրանքի մնացորդի վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվել է հայցվորի հայտարարությունն այդ ապրանքների բացթողնման նպատակների վերաբերյալ։ Ընդ որում, որևէ հիմնավոր պատճառաբանությամբ և պատշաճ ապացույցների մատնանշմամբ նույն ակտով չեն հերքվել ստուգման ընթացքում հայցվորի կողմից տրված բացատրությամբ վկայակոչված փաստարկները։ Սա նշանակում է, որ թիվ 4140707 ակտն իր բովանդակությամբ ունի ընդամենը տեղեկատվական նշանակություն՝ առանց հայցվորի կողմից տրված բացատրությամբ մատնանշած փաստարկների հերքման։ Հետևապես ստուգման ակտի հիման վրա ողջամտորեն հնարավոր էր աներկբա պնդել, որ հայցվորի կողմից ներմուծված ապրանքները, որոնց մի մասը ստուգման պահին այլևս չեն եղել, հայցվորի տիրապետումից դուրս են եկել օտարման միջոցով՝ չլինելով ակցիզային դրոշմապիտակներով դրոշմավորված։ Այլ կերպ ասած՝ թիվ 4140707 ակտով ամրագրված փաստական հանգամանքները չեն վկայում այն մասին, որ հայցվորն իրականում օտարել է իր կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված, սակայն ակցիզային դրոշմապիտակներով չդրոշմավորված հարդաջրերը՝ փաստացի իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն։ Իսկ հայցվորի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթի շրջանակներում որևէ այլ ապացույց, որը կվկայեր հայցվորի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170․8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարված լինելու մասին, փաստացի վարչական մարմինը ձեռք չի բերել և այդպիսի ապացույցներ չի վկայակոչել վիճարկվող վարչական ակտում։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ողջամտորեն կասկածի տակ է հայցվորին վերագրված իրավախախտման հավաստիությունը։ (․․․)»։
Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 24.05.2021 թվականին կազմվել է թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է հետևյալը․ «Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ Վերգինե Մանկելյանը 2020թ-ին ՀՀ տարածք է ներմուծել թվով 435 հատ «BARJELO» տեսակի հարդաջուր 50մլ տարաներով (15.07.2020թ-ին 108 հատ, 09.11.2020թ-ին 205 հատ և 21.12.2020թ-ին 122 հատ): Համաձայն հարկային Օրենսգրքի 390-րդ հոդվածի վերոնշյալ ապրանքատեսակը ՀՀ տարածք ներմուծելիս կամ ՀՀ տարածքում արտադրելիս ենթակա է դրոշմապիտակավորման (ԱՏԳԱԱ 3303): Սակայն ԱՁ-ն հարկային մարմին չի դիմել և չի ստացել վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակները դրոշմապիտակավորելու համար դրոշմապիտակ։ Ըստ տեղեկատվական բազայում առկա տվյալների ԱՁ-ն 2020թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 11 ֆիզիկական անձանց (ցանկը կցվում է) վաճառել է 82 հատ նույն «BARJELO» ապրանքատեսակի 50մլ տարողությամբ հարդաջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 492.000 դրամ։ Ստուգման ընթացքում հարկային ծառայողների կողմից կատարվել է այցելություն ԱՁ-ին պատկանող ք. Աշտարակ, Պռոշյան 10/38 հասցե հսկիչ գնում կատարելու նպատակով, սակայն ԱՁ-ն հրաժարվեց իրականացնել վաճառք:
Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ-ի կողմից 2020թ-ին ներմուծված 435 հատ հարդաջրից առկա էր ընդամենը 21 հատը: ԱՁ-ն վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակի տարբերությունը թվով 414 հատ (435-21 հատ) հարդաջուր, ըստ իր գրավոր հայտարարության (հայտարարությունները կցվում են) օգտագործել է իր և իր հարազատների անձնական կարիքների համար, որից 100 հատը տոների և այլ առիթների կապակցությամբ նվիրել է մտերիմներին, 180 հատը օգտագործել է անձամբ, մնացածն էլ բացված օգտագործման ընթացքում են, իսկ թվով 82 հատ 11 ֆիզիկական անձանց արդեն իսկ վաճառված «BARJELO» տեսակի 50 մլ տարողությամբ հարդաջուրը ձեռք է բերել ՀՀ տարածքում, որոնց համար չի ստացել ձեռք բերման համար անհրաժեշտ որևէ հաշվարկային փաստաթուղթ: (․․․) Անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջները»։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է վարչական ակտ, քանի որ թեև դրանով հայցվորի համար ուղղակի իրավական հետևանքներ՝ կոնկրետ պարտավորության առաջադրման տեսքով չեն առաջանում, այդուհանդերձ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է հայցվորի իրավական և փաստացի դրությունը վատթարացնելու համար։
Համաձայն AG031640387AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի ԱՁ Վերգինե Մանկելյանը Կոմիտեի 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը ստացել է 28.05.2021 թվականին։ Նշված ակտն օրենքով սահմանված կարգով բողոքարկված չլինելու հիմքով այն դարձել է անբողոքարկելի, որպիսի փաստը սույն գործով չի վիճարկվել։
Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 24.09.2021 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 027384/07 որոշման համաձայն՝ Վերգինե Մանկելյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։
Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 027384/07 որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորին վերագրված իրավախախտման դեպքի առկայությունը հաստատված է համարվել՝ հիմք ընդունելով Կոմիտեի անբողոքարկելի դարձած թիվ 4140707 ակտը, որում արձանագրված փաստական հանգամանքները, ելնելով չվիճարկված և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից, այլևս չէին կարող վիճելի և հերքելի համարվել։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով Վերգինե Մանկելյանի հայցը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Վերգինե Մանկելյանի կողմից, իսկ վերջինիս կողմից կատարված դատական ծախսերի մասով հարցը պետք է համարել լուծված:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․10․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02․08․2022 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Վերգինե Մանկելյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: