ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԹԱՄԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 37096/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 մարտի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Թամարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr], Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2012 թվականի հունիսի 6-ի՝ Հայաստանի Հանրապետության դեմ գանգատը (թիվ 37096/12), որը Դատարան է ներկայացրել 1965 թվականին ծնված և Լեռնապատ գյուղում բնակվող՝ Հայաստանի քաղաքացի պրն Կամսար Թամարյանը (դիմումատու), որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Հակոբյանը և պրն Տ. Յեգորյանը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի, իսկ հետագայում՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի փետրվարի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի դեմ զրպարտության վարույթին, և դրանում բարձրացվում են հարցեր՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։
2. 2010 թվականի մարտին քրեական վարույթ է հարուցվել Լեռնապատ գյուղի գյուղապետ Վ.Յ.-ի նկատմամբ, որին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու, լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար՝ ավելի քան 250 գյուղացիների կոլեկտիվ բողոքների հիման վրա։ Քննության ընթացքում մի շարք գյուղացիներ, ի թիվս այլնի, պնդել են, որ Վ.Յ. դրամական օգնություն է տրամադրել իր հարազատներին, վերջիններիս ազատել է գույքահարկ վճարելուց և իր հրապարակումների համար վճարումը կատարել է տեղական բյուջեի միջոցների հաշվին։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Վ.Յ.-ին առաջադրված մեղադրանքները հանվել են։
3. 2010թ. սեպտեմբերի 1-ին տեղական թերթում հրապարակվել է մի հոդված, որը պարունակել է Լեռնապատի բնակիչների, այդ թվում՝ դիմումատուի հետ անցկացված հարցազրույցներ, որոնցում քննադատվում է գյուղապետը: Դիմումատուի հայտարարությունները, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«Ես մեր գյուղի ամենաապահովված մարդն եմ։ Տեսել եմ, թե գյուղն ինչպես են ավերել։ Մեր գյուղում ինչ-որ մեկը նույնիսկ սովից է մահացել [հայտարարություն Ա]։ Ես չեմ ուզում նշել նրա իրական անունը, քանի որ դա կոպիտ է հնչում, բայց երկու տարի առաջ ես ասել եմ սա [Վ.Յ.]… որ ոչ մի թուրք երբեք ոտք չի դրել մեր գյուղ։ Նա վիճել է ինձ հետ, իսկ ես հակադրվել եմ նրան։ Իմ պապերն այս գյուղում սպանել են թուրքերին և թույլ չեն տվել գրավել այն, մինչդեռ նա ոչնչացրել է այս գյուղը [հայտարարություն Բ]... Գյուղը երկու մասի է բաժանվել։ Ոչ ոք ի վիճակի չէ աշխատելու, քանի որ նա 5000 [ՀՀ] դրամով կաշառում է նրանց [հայտարարություն Գ]։ Սովը վատ երևույթ է, իսկ աղքատությունն ամենավատ բանն է աշխարհում։ Այս մարդիկ կարծում են, որ եթե [Վ.Յ.-ն] մնա գյուղապետի պաշտոնում, ապա իրենց նպաստները կկրճատվեն։ Այսօր ես խնդրում եմ, որ Երևանից ստուգում իրականացնողներ ուղարկվեն այստեղ։ Մեր գյուղում [Ա.Մ.] անունով բնակիչ կա։ Նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ։ Նրա կինը ... կրթություն չի ստացել: Գյուղապետարանում [Վ.Յ.-ի] երկու քույրերը և [աշխատակազմի ղեկավար Մ.Մ.-ն] խաբել են նրան՝ ստիպելով գրել, որ իր ամուսինն աշխատում է [հայտարարություն Դ]։ Տղան օգնում է բոլորին: Նա օգնել է ինձ, օգնել է [Բ.Ա.-ին], սակայն նա չի աշխատում։ Նա ապրում է տնակում. նրա մայրը հաշմանդամ է. շատ վատ վիճակում է, և նրան որևէ նպաստ չեն տալիս։ Պետք է կրկին խնդրենք [նախագահ] Սերժ Սարգսյանին, որ ստուգում իրականացնողներ ուղարկի գյուղապետարան՝ տեսնելու, որ այսօր [Վ.Յ.-ի] քույրն ու թոռնուհին նպաստ են ստանում [հայտարարություն Ե], որ նրա քույրը գյուղապետարանում է աշխատում, իսկ եղբոր որդին Մոսկվայում խոշոր բիզնեսով է զբաղվում. այսօր բոլորս խնդրում ենք Կառավարությանը, աղաչում ենք Կառավարությանը, բոլորս [ՀՀԿ-ի աջակիցներ] ենք...հերիք է, պետք է վերջ տան այս կոռուպցիային, խղճան այս ժողովրդին... Այն ավտոբուսը, որը գյուղը նվեր է ստացել պատգամավոր [Ա.Հ.-ից]՝ երեխաներին հին գյուղից նորը տեղափոխելու համար, [Վ.Յ.-ն] փորձել է վաճառել Վանաձորի խճանկարի [թերթի] միջոցով, և մենք վերադարձրել ենք այն... [հայտարարություն Զ]. Այսօր էլ դեռևս խմելու ջրի խնդիր ունենք։ Մենք պարզապես ուզում ենք, որ Կառավարությունը պարզի, թե ինչ է պատրաստվում անել գյուղապետը գյուղապետարանում գտնվող երկու երկտեղանի մահճակալների հետ [հայտարարություն Է]։ Ինչպե՞ս է ստացվում, որ [Վ.Յ.-ի] հայրը 630.000 [ՀՀ] դրամ է ստացել, իսկ [Վ.Յ.-ի] եղբոր որդին՝ 1 մլն 100.000 [ՀՀ] դրամ, մինչդեռ գյուղում կան սոված մարդիկ, որոնք ոչինչ չեն ստացել։ ... Նրան ասել են, որ գերեզման տանող ճանապարհը վերանորոգի, իսկ նա հայտնել է. «Ի՞նչ գործ ունեմ»: [հայտարարություն Ը] Եթե նա ինչ-որ մեկի կորուստը ունենար [երկրաշարժի ժամանակ], ապա կարեկից կլիներ: Դիմում եմ Կառավարությանը. մեր գյուղը մեծատառով գյուղ է՝ միակ գյուղը, որտեղ թուրքը երբևէ ոտք չի դրել, իսկ այսօր մեր մեջ ծնված թուրք ունենք։ Մենք խնդրում ենք, որ այս թուրքը հեռացվի մեզանից [հայտարարություն Թ]»:
4. Գյուղապետը քաղաքացիական վարույթ է հարուցել դիմումատուի դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով՝ նրա որոշ հայտարարությունների առնչությամբ (3-րդ պարբերության՝ Ա-ից Թ տառերով համարակալված հատվածերում): Նա, ի թիվս այլնի, նշել է, որ իրականում իրականացրել է գյուղի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ դեպի գերեզման տանող ճանապարհի վերանորոգումը, որ հայտարարություն Գ-ն եղել է իմաստազուրկ, որ գյուղում կաշառքի դեպքեր չեն գրանցվել, որ նրա քույրը երբեք որևէ նպաստ չի ստացել, և որ հայտարարություն Թ-ի ուժով դիմումատուն և՛ վիրավորել, և՛ զրպարտել է իրեն։
5. Դիմումատուն առարկել է հայցի դեմ և պնդել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ինքն ունի կարծիք ունենալու և տեղեկատվություն տարածելու իրավունք՝ հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ՝ գյուղապետի մասնագիտական գործունեությունն է: Նա նաև դատարանին պարզաբանել է, որ գյուղապետի քույրն ու թոռնուհին համատեղ տնտեսություն են վարում, մինչդեռ թոռնուհին նպաստներ է ստացել: Գյուղապետը գերեզմանոց տանող ճանապարհը չի վերանորոգել, այլ պարզապես կավով ծածկել է այն։ Հայտարարություն Գ-ի շրջանակներում նա նկատի է ունեցել, որ գյուղացիները չեն ցանկացել բողոք ներկայացնել գյուղապետի դեմ, քանի որ վերջինս «կաշառել» է նրանց՝ տրամադրելով ֆինանսական օգնություն: Ավելին, վկան դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ գյուղապետի մերձավորները գումար են առաջարկել՝ բողոքը հետ վերցնելու համար։
6. Ներպետական դատարանները մասամբ բավարարել են գյուղապետի հայցը՝ համարելով, որ հայտարարություններ Բ-ն, Գ-ն, Ե-ն, Ը-ն և Թ-ն արատավորող են, քանի որ դրանք դիմումատուի կողմից որևէ ապացույցով չհիմնավորված հայտարարություններ են, որոնք արատավորում են գյուղապետի պատիվն ու արժանապատվությունը։ Ինչ վերաբերում է մնացած հայտարարություններին, ապա դրանք համարվել են դիմումատուի սուբյեկտիվ կարծիքի արտահայտում, իսկ հայտարարություն Դ-ով չեն ոտնահարվել հայցվորի իրավունքները: Դատարանները մերժել են նաև դիմումատուի առարկությունը գյուղապետին քննադատելու իր իրավունքի վերաբերյալ՝ համարելով, որ այդ իրավունքը անսահման չէ և կարող է սահմանափակվել հանուն այլ անձանց հեղինակության և իրավունքների։ Գյուղապետի նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ նշվել է, որ անձը պետք է համարվի անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի վերջնական վճռով։ Դիմումատուին պարտավորեցրել են նույն թերթում հրապարակված հայտարարագրերի միջոցով հետ կանչել զրպարտիչ հայտարարությունները, ինչպես նաև վճարել ընդհանուր հաշվով 200,000 ՀՀ դրամ՝ տվյալ պահի դրությամբ մոտ 385 եվրո՝ որպես վնասի հատուցում։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
7. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
8. Կողմերը չեն վիճարկել, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի՝ ազատ արտահայտվելու իրավունքին, որը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է «այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու» իրավաչափ նպատակ։ Մնում է պարզել՝ արդյո՞ք միջամտությունն անհրաժեշտ է եղել «ժողովրդավարական հասարակության համար», թե՝ ոչ։
9. Դատարանի նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքները՝ ազատ արտահայտվելու իրավունքից օգտվելուն միջամտության անհրաժեշտությունը գնահատելու համար՝ ի շահ «ուրիշների հեղինակության կամ իրավունքների պաշտպանության», ամփոփվել են Քուդեղը և Աշետ Ֆիլիպաչի Ասոսիեն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Couderc and Hachette Filipacchi Associés v. France] ([GC] գործում, թիվ 40454/07, «« 90-93, ՄԻԵԴ, 2015թ. (քաղվածքներ)):
10. Դատարանը պետք է հավաստիանա, թե արդյոք վերևում ամփոփված համապատասխան չափանիշները կիրառվել են այս գործում, թե՝ ոչ։ Այն նշում է, որ դիմումատուի դեմ զրպարտության վերաբերյալ հայցը քննելիս ներպետական դատարանները սահմանափակվել են եզրահանգմամբ այն մասին, որ դիմումատուի հայտարարություններն արատավորել են գյուղապետի պատիվն ու արժանապատվությունը, և որ դիմումատուն չի հիմնավորել դրանց արժանահավատությունը: Նրանք ո՛չ հաշվի են առել այն, թե արդյոք վիճարկվող հայտարարություններն արվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ բանավեճի համատեքստում, որն անառարկելիորեն տեղի է ունեցել տվյալ դեպքում, ո՛չ էլ հայցվորի՝ որպես ընտրված պաշտոնյայի դիրքորոշումը՝ պահանջելով ընդունելի քննադատության ավելի մեծ սահմանափակումներ (համեմատե՛ք Ֆալզոնն ընդդեմ Մալթայի [Falzon v. Malta] գործը, թիվ 45791/13, «« 58-59, 2018 թվականի մարտի 20): Ավելին, հաշվի չի առնվել լրագրողի կողմից բանավոր կազմված և հաղորդված վիճարկվող հայտարարությունների ձևը՝ այդպիսով ենթադրաբար նվազեցնելով կամ վերացնելով դիմումատուի՝ նախքան դրանց հրապարակումը դրանք վերաձևակերպելու, կատարելագործելու կամ հետ կանչելու հնարավորությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Նիլսենը և Ջոնսենն ընդդեմ Նորվեգիայի [ՄՊ] [Nilsen and Johnsen v. Norway] [GC] գործը, թիվ 23118/93, « 48, ՄԻԵԴ 1999‑VIII): Այսպիսով, պարզվում է, որ ներպետական դատարանները դիմումատուի պնդումները դիտարկել են խնդրո առարկա հոդվածի ընդհանուր համատեքստից և բովանդակությունից դուրս:
11. Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է մանրազնին տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև (տե՛ս Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Cumpǎnǎ and Mazǎre v. Romania] [GC] գործը, թիվ 33348/96, « 98, ՄԻԵԴ 2004-XI), Դատարանը գտնում է նաև, որ նման տարբերակումը մեծ նշանակություն չունի ներկայիս գործի համար, երբ վիճարկվող հայտարարություններն արվել են տեղական մակարդակով քաղաքական կենդանի բանավեճի ընթացքում:
12. Դատարանը նշում է, որ թեև ներպետական դատարանները նման տարբերակում են կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև՝ կապված դիմումատուի որոշ հայտարարությունների հետ, այնուամենայնիվ, նրանք մանրազնին չեն դիտարկել մնացած հայտարարությունների հետ կապված նրա փաստարկները, մասնավորապես այն, որ իր հարցազրույցում նա արտահայտել է իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը, որը հիմնված է եղել այն հանգամանքի վրա, թե ի՞նչն է նա ընկալել որպես «ճշմարիտ փաստեր», և ընդհանրապես չեն անդրադարձել իր հայտարարությունները հիմնավորելու համար տրված բացատրությանը կամ այդ հարցով վկաների ցուցմունքներին (տե՛ս վերևում 5-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը չի կարող չնկատել, որ ներպետական դատարանները հստակ չեն կիրառել ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ իր պրակտիկայում հաստատված հիմնական չափորոշիչներից մեկը:
13. Դատարանը կոչված չէ որոշելու, թե արդյոք դիմումատուն հիմնվել է բավական ճշգրիտ և հետևողական տեղեկությունների վրա: Դատարանը չի որոշում նաև, թե արդյոք նրա կողմից ներկայացված մեղադրանքների բնույթն ու աստիճանը հիմնավորված են այն փաստական հիմքերով, որոնց վրա նա հիմնվել է, ինչը եղել է ներպետական դատարանների առաջադրանքը (տե՛ս Բրաունն ընդդեմ Լեհաստանի [Braun v. Poland] գործը, թիվ 30162/10, « 49, 2014 թվականի նոյեմբերի 4, և Կուրսկին ընդդեմ Լեհաստանի [Kurski v. Poland] գործը, թիվ 26115/10, « 55, 2016 թվականի հուլիսի 5): Այն, այնուամենայնիվ, գտնում է, որ ներպետական դատարանների կողմից Դատարանի վերը նշված չափանիշներին համապատասխան հավասարակշռմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը և նրանց որոշումների անբավարար հիմնավորումն այն մասին, թե արդյոք գյուղապետի հեղինակության իրավունքը կոնկրետ համատեքստում արդարացնում է դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքին կատարված միջամտությունը, խնդրահարույց են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում (տե՛ս, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Նադտովկան ընդդեմ Ռուսաստանի [Nadtoka v. Russia] գործը, թիվ 38010/05, « 47, 2016 թվականի մայիսի 31, և Միլիսավլևիչն ընդդեմ Սերբիայի [Milisavljević v. Serbia] գործը, թիվ 50123/06, « 38, 2017 թվականի ապրիլի 4):
14. Դատարանը հաշվի է առնում Կոնվենցիայի համակարգի հիմնարար օժանդակ դերը (տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Dubská and Krejzová v. the Czech Republic] [GC] գործը, թիվ 28859/11 և 28473/12, « 175, 2016 թվականի նոյեմբերի 15): Եթե հավասարակշռմանն ուղղված միջոցներն ազգային մարմինների կողմից իրականացվեին Դատարանի նախադեպային իրավունքում սահմանված չափանիշների համաձայն, ապա Դատարանը ծանրակշիռ հիմնավորումներ կպահանջեր իր տեսակետները դրանցով փոխարինելու համար (տե՛ս Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Perinçek v. Switzerland [GC] գործը, թիվ 27510/08, « 198, ՄԻԵԴ 2015թ. (քաղվածքներ))։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակում հավասարակշռմանն ուղղված այդպիսի միջոցների բացակայության դեպքում Դատարանի վրա դրված չէ համաչափության ամբողջական վերլուծություն իրականացնելու պարտավորություն։ Բախվելով այն հանգամանքին, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ` քննարկվող միջամտությունը հիմնավորելու համար, Դատարանը գտնում է, որ չի կարելի ասել, որ նրանք կիրառել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափորոշիչները։ Կառավարության պնդումներում առկա չէ հակառակի մասին վկայող որևէ հանգամանք։ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքին կատարված միջամտությունը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում»։
15. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
16. Դիմումատուն պահանջել է 5 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 1 377 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի հատուցում։
17. Կառավարությունն այս պահանջները վիճարկել է։
18. Դատարանը դիմումատուին շնորհում է 1 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
19. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 1 000 եվրո շնորհել Դատարանում կրած դատավարական ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 200 եվրո (հազար երկու հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի մարտի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու |
Անյա Սիբերտ Ֆուա |
|
|
