ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2864-Ա |
«29» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արթուր Գասպարյանի 2024 թվականի հունիսի 11-ի թիվ Դ-74449-24 և 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ Դ-88799-24 դիմումների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Արթուր Գասպարյանի 2024 թվականի հունիսի 11-ի թիվ Դ-74449-24 և 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ Դ-88799-24 դիմումները, գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Թիվ Դ-74449-24 և թիվ Դ-88799-24 դիմումներում նշված փաստական հանգամանքների և դրանց կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 53 շենքի մոտ ծառն ընկել է Արթուր Գասպարյանի սեփականությունը հանդիսացող «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:
Արթուր Գասպարյանը, ներկայացնելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 9-ին տրված թիվ 24-1946՝ հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով պատճառված վնասը:
2019 թվականի հունիսի 17-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB264721 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արթուր Գասպարյանի սեփականությունը:
Թիվ Դ-74449-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 53 հասցեի մոտ 2024 թվականի մայիսի 16-ին կենսունակ բարդին տապալվել և ընկել է քաղաքացի Արթուր Գասպարյանին պատկանող «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա։
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 9-ին տրված թիվ 24-1946 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կազմված նյութերով արձանագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը չորացած, քայքայված լինելու հետևանքով քամու ազդող ուժի ներգործության արդյունքում:
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-1946 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 510,000 (հինգ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Թիվ Դ-74449-24 և թիվ Դ-88799-24 դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Արթուր Գասպարյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում 2024 թվականի մայիսի 16-ին թիվ 2930 համարով գրանցված հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-1946 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Արթուր Գասպարյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հունիսի 11-ի թիվ Դ-74449-24 և 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ Դ-88799-24 դիմումները բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-1946 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes-Benz CLS350» մակնիշի «20 AG 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 510,000 (հինգ հարյուր տասը հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Արթուր Գասպարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |