Գլխավոր տեղեկություն
Համար
N 1795-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 05.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2021 թվականի N 1795-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Խ-065-12.10.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Խ-065-12.10.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է՝

1) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն՝ ուժը կորցրած ճանաչելով 137.1-ին հոդվածը.

2) 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն և հանել «137.1-ին հոդվածի 1-ին մասով» բառերը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 137.1-ին հոդվածը:

Քննարկվող հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը՝

«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով.

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեք հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։»:

Որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում՝ նշված է այն, որ օրենսգրքի 137.1-ին հոդվածը լուրջ հակասություններ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ: Հոդվածում սահմանված կարգավորումները հանցակազմի նկարագրության և պատժաչափերի տեսանկյունից վկայում են այն մասին, որ օրենսդիրը չի հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այլ մտադրված է եղել քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ՝ ոչ իրավաչափ կերպով սահմանափակելով խոսքի ազատությունը:

Վերոգրյալի ուսումնասիրմամբ անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

Նախ, հաշվի առնելով, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցակազմն օրենսգրքում ներառվել է 2021 թվականի հուլիսի 30-ի լրացմամբ, այսինքն, շուրջ երեք ամիս առաջ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հանցակազմի լրացման համար բերված հիմնավորումներին: Այդ հիմնավորումներում, ի թիվս այլնի, որպես քննարկվող հանցակազմն օրենսգրքում նախատեսելու պատճառաբանություն, նշվել է այն, որ հանցավորության վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ բռնությամբ կատարված մեծ թվով հանցագործությունների պատճառը հենց տուժողի կողմից տրված վիրավորանքն է հանցավորին: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շեշտակիորեն նվազել է հանրային իշխանության և հանրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ հարգանքը, նրանց հաճախ հայհոյում են հենց որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ հանրային գործունեություն իրականացնելու հետ կապված:

Բացի այդ, վկայակոչվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի N ՍԴՈ-1606 որոշումը, որով սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը՝ «Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ վերլուծված՝ վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն (ամրապնդելուն)։ Այդ գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը և այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը, սակայն, չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով։»:

Վերոգրյալի ուսումնասիրմամբ պետք է արձանագրել, որ օրենսգրքում քննարկվող հոդվածի լրացումն ունեցել է իրավաչափ նպատակ, այն է՝ վիրավորանքի բացառմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ բացառել նաև դրա հետևանքով կատարվող հանցագործությունները, այդ թվում՝ բռնության հետ զուգորդված: Բացի այդ, օրենսդիրն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վերոնշյալ եզրահանգմամբ և գործուն միջոց ձեռնարկել հայաստանյան հասարակության մեջ վիրավորանքի և ատելության նվազեցման և/կամ դրա իսպառ վերացման համար:

Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ հասարակական հարաբերությունները մշտապես զարգանում և փոփոխվում են, այդ ընթացքում ի հայտ են գալիս կամ ընդգծվում են որոշակի հակահասարակական արարքներ, որոնց ունեցած բարձր հանրային վտանգավորությունը պատճառ է հանդիսանում այդ արարքներն օրենսգրքում ներառելու և քրեական պատասխանատվության սպառնալիքով դրանց դեմ պայքարելու համար: Իսկ այդ արարքների սահմանման բացառիկ լիազորությունը պատկանում է օրենսդիր մարմնին, այդ հանգամանքն արձանագրել են նաև նախագծի հեղինակները:

Քննարկվող հոդվածի լրացման հիմնավորումներից պարզ է դառնում, որ օրենսգրքում նշված հանցակազմի ներառման ճանապարհով նպատակ է դրվում հասնել հասարակական համերաշխության և հանցագործությունների թվի նվազեցման: Նման հանցակազմի անհրաժեշտության մասին է վկայում նաև եվրոպական մի շարք երկրներում վիրավորանքի քրեականացված լինելու և այդ հոդվածով բազմաթիվ քրեական գործերի առկայության մասին առկա ուսումնասիրությունները:

Ինչ վերաբերում է քննարկվող նախագծի հիմնավորումներին, պետք է նշել, որ դրանց մեծ մասում խոսվում է զրպարտության քրեականացման անթույլատրելիության մասին, մինչդեռ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ծանր վիրավորանքի հանցակազմ պարունակող հոդվածը: Այդպիսին է իրավիճակը նաև նախագծի հեղինակների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 2011 թվականի հուլիսի 29-ին ընդունված մեկնաբանությունների վերլուծության դեպքում, որում նախագծի հեղինակների կողմից շեշտվում է անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող կամ զրպարտող տեղեկությունների հրապարակման դեպքում քրեական պատասխանատվության բացառման անհրաժեշտությունը, որպես հիմնավորում բերվում է ծանր վիրավորանքի քրեականացման դեմ: Սակայն, միանշանակ է, որ ծանր վիրավորանք և զրպարտություն տերմիններն ունեն բովանդակային տարբերություններ:

Անդրադառնալով այն պնդմանը, որ նույն արարքի համար նախատեսված է քրեական և քաղաքացիական պատասխանատվություն՝ պետք է նշել, որ ի տարբերություն քաղաքացիական օրենսգրքի, որը պատասխանատվություն է սահմանում անձին վիրավորելու համար, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ծանր վիրավորանքի համար: Ծանր վիրավորանքի դեպքում անձի անձնական արժանապատվությանն առավել մեծ վնաս է հասցվում, քան վիրավորանքի դեպքում, որի հետևանքով էլ առաջանում են տարբեր իրավական հետևանքներ: Պետք է նաև հիմք ընդունել այն, որ «վիրավորանք» և «ծանր վիրավորանք» հասկացությունները գնահատողական են, և ամեն կոնկրետ դեպքում դրանցից մեկի առկայության մասին եզրահանգելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վիրավորանքի բնույթը, այն անձն ում ուղղված է եղել վիրավորանքը, վիրավորանք հասցնելու հանգամանքները և այլն:

Վերոգրյալի լույսի ներքո պետք է արձանագրել, որ ազատ արտահայտվելու իրավունքին քննարկվող հանցակազմով նախատեսվող միջամտությունը համապատասխանում է ՄԻԵԴ նախադեպային դիրքորոշումներին, քանի որ նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակական և մասնավոր շահերի հավասարակշռման համար:

Անդրադառնալով քննարկվող հոդվածի անհամապատասխանությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ պետք է նշել, որ դրա 42-րդ հոդվածի 3-րդ մասը թույլատրելի է համարում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը՝ միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Վերոգրյալից զատ, պետք է նկատի ունենալ նաև այն, որ հատկապես քրեական օրենքին բնորոշ պետք է լինի կայունությունը՝ հաշվի առնելով վերջինիս կարգավորման առարկայի առանձնահատկություններն ու նշանակությունը: Ուստի, այս տեսանկյունից ևս արդարացված չի կարող համարվել վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ իրավաչափ և համաչափ սահմանափակում նախատեսող հանցակազմի ապաքրեականացումն ընդամենը երեք ամիս առաջ քրեականացնելու պայմաններում:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը ևս նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան