ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/10980/05/18
Վարչական գործ թիվ ՎԴ/10980/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի ապրիլի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Մախմուրյանի ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Սարգիս Մախմուրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 05.09.2018 թվականի թիվ 1808541851 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սարգիս Մախմուրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 05.09.2018 թվականի թիվ 1808541851 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 05.02.2019 թվականի վճռով Սարգիս Մախմուրյանի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ Սերգեյ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Մախմուրյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը .
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ, 131-րդ և 137-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ. «(…) սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել է Սերգեյ Հովհաննիսյանը, մասնավորապես վերաքննիչ բողոքի առաջին էջում որպես բողոքաբեր նշված է Սերգեյ Հովհաննիսյանի անուն ազգանունը (…)», ինչպես նաև «Սերգեյ Հովհաննիսյանը հանդիսանում է սույն վարչական գործով հայցվոր Սարգիս Մախմուրյանի ներկայացուցիչը, որպիսի հանգամանքով պայմանավորված բողոքաբերը համարել է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք տրված է նաև իրեն (…)»:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցիչն ինքնին դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունի, սակայն եթե այդ նպատակով նրան դիմել է հայցվորը, որի համար տրվել է պատշաճ լիազորագիր, որևէ այլ կերպ, քան ներկայացուցչի միջոցով հնարավոր չէ իրականացնել հայցվորի խախտված իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից հայցվորի իրավունքների այդչափ սահմանափակումը վերջինիս զրկել է արդար դատաքննության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ և 137-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
- կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով,
- կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր:
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական արդարադատության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի, այդ թվում նաև՝ բողոքարկման իրավունքի իրականացման կարգը և պայմանները:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` դատավարության մասնակիցները (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարության մասնակիցներն են` կողմերը` հայցվորը և պատասխանողը, երրորդ անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը վարչական դատարանի՝ ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք է վերապահել դատավարության մասնակիցներին`կողմերին (հայցվորին, պատասխանողին) և երրորդ անձանց: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
Վերոգրյալից հետևում է, որ թեև դատարանում դատավարական գործողություններ կատարելու, այդ թվում` դատական ակտը բողոքարկելու իրավունքը պատկանում է դատավարության մասնակիցներին, այդուհանդերձ, դատավարության մասնակիցները դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունք ունեն ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով: Այլ կերպ ասած` բողոք բերելու սուբյեկտիվ իրավունքի կրողը դատավարության մասնակիցն է, որը իր իրավունքը կարող է իրացնել նաև այլ անձի` ներկայացուցչի միջոցով:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը, արձանագրում է, որ վարչական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ դատավարության մասնակիցները դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ թույլ տրված խախտումը պայմանավորված է ներկայացուցչի լիազորությունների հավաստման կամ ձևակերպման հետ, վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքի ընդունումն այն դեպքում, երբ բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, այսինքն՝ չի հանդիսանում դատավարության մասնակից կամ վերջինիս ներկայացուցիչ։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում ներկայացված բողոքը պետք է նշում պարունակի այն մասին, թե ով է ներկայացնում բողոքը՝ դատավարության մասնակիցը, թե՝ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցիչը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը կոնկրետ ում անունից է ներկայացվել և արդյոք տվյալ սուբյեկտը, ով ներկայացնում է վերաքննիչ բողոք, ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավասություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքը բացահայտելու համար Վերաքննիչ դատարանը պետք է ուսումնասիրի ներկայացված վերաքննիչ բողոքի ոչ միայն ձևական կողմը, այլ նաև բովանդակությունը:
Սույն գործով Դատարանը 05.02.2019 թվականի վճռով Սարգիս Մախմուրյանի հայցն ընդդեմ Ծառայության՝ 05.09.2018 թվականի թիվ 1808541851 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել է՝ հիմքում դնելով այն հիմնավորումը, որ Ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչի կողմից 05.09.2018 թվականի թիվ 1808541851 որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման պահանջների պահպանմամբ, և գտել է, որ առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք վերը նշված Ծառայության որոշումն անվավեր ճանաչելու համար (գ.թ. 34-37):
Վերաքննիչ դատարանը 20.03.2019 թվականի որոշմամբ Սերգեյ Հովհաննիսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է պատճառաբանելով, որ Սարգիս Մախմուրյանը վիճարկման առարկա է դարձրել Ծառայության 05.09.2018 թվականի թիվ 1808541851 որոշումը, որով վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մինչդեռ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է Սերգեյ Հովհաննիսյանի կողմից: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վերաքննիչ բողոքի առաջին էջում որպես բողոքաբեր նշվել է Սերգեյ Հովհաննիսյանի անուն ազգանունը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, որպիսի հանգամանքը հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Սերգեյ Հովհաննիսյանը հանդիսանում է սույն վարչական գործով հայցվոր Սարգիս Մախմուրյանի ներկայացուցիչը, որպիսի հանգամանքով պայմանավորված ըստ երևույթին բողոքաբերը համարել է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք տրված է նաև իրեն: Մինչդեռ դատավարության մասնակցի ներկայացուցիչ հանդիսանալը չի օժտում այդ անձին դատավարության մասնակցի համար օրենքով սահմանված իրավասություններով, և գտել է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (գ.թ. 49-51):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Սույն գործով Դատարանի 05.02.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Սերգեյ Հովհաննիսյանը, ում Սարգիս Մախմուրյանը 10.10.2018 թվականին՝ երեք տարի ժամանակով լիազորել է ներկայացնելու իր շահերը ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում, լինելու իր ներկայացուցիչը, ՀՀ պետական և ոչ պետական բոլոր հիմնարկներում, կազմակերպություններում, հանդես գալ ՀՀ դատական բոլոր ատյաններում (գ.թ. 9)։
Ինչպես երևում է վերոնշյալ լիազորագրի բովանդակությունից՝ Սարգիս Մախմուրյանը Սերգեյ Հովհաննիսյանին օժտել է իր անունից իրականացնելու մի շարք գործողություններ, այդ թվում` հանդես գալու ՀՀ դատական բոլոր ատյաններում։
Հետևաբար, ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր։
Քննարկվող դեպքում, Դատարանի 05.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի առաջին էջում նշված է «Բողոք բերող անձ, հայցվորի ներկայացուցիչ՝ Սերգեյ Էդվարդի Հովհաննիսյան», իսկ հաջորդ տողում առանձին նշված է «Հայցվոր՝ Սարգիս Գառնիկի Մախմուրյան», ավելին՝ վերաքննիչ բողոքը ստորագրել է Սերգեյ Հովհաննիսյանը, ով հանդես է գալիս Սարգիս Մախմուրյանի կողմից 10․10․2018 թվականին տրված լիազորագրի հիման վրա: Նշված լիազորագիրն ստորագրված է Սարգիս Մախմուրյանի կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սարգիս Մախմուրյանը Դատարանի 05.02.2019 թվականի վճիռը բողոքարկելու իր իրավունքը նպատակ է ունեցել իրացնելու ներկայացուցչի, տվյալ դեպքում` Սերգեյ Հովհաննիսյանի միջոցով, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված Սերգեյ Հովհաննիսյանը Սարգիս Մախմուրյանի անունից վերջինիս կողմից 10.10.2018 թվականին տրված լիազորագրի հիման վրա ներկայացրել է վերաքննիչ բողոք` բողոքի ներածական մասում նշելով իր անունը` որպես հայցվորի ներկայացուցիչ: Ավելին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Սերգեյ Հովհաննիսյանի` որպես Սարգիս Մախմուրյանի ներկայացուցչի կողմից, իսկ ինչ վերաբերում է Սարգիս Մախմուրյանի կողմից Սերգեյ Հովհաննիսյանին 10.10.2018 թվականին տրված լիազորագրին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոհիշյալ լիազորագրի պատշաճության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան վերլուծություններ տրված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից լիազորագրի պատշաճության հարցին գնահատական չի կարող տրվել, ուստի այդ հարցին Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Դատարանի 05.02.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Սերգեյ Հովհաննիսյանի կողմից, ով հանդես է եկել որպես Դատարանի 05.02.2019 թվականի վճիռը բողոքարկելու իրավունք ունեցող անձի` հայցվոր Սարգիս Մախմուրյանի ներկայացուցիչ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, ուստի անհիմն կերպով մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը ցուցաբերել է չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում և անհամաչափորեն սահմանափակել է Սարգիս Մախմուրյանի դատական պաշտպանության իրավունքը` վերջինիս զրկելով Դատարանի 05.02.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|