ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «պալատի» բառից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասը «յուրաքանչյուր պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ յուրաքանչյուր դատական կազմի» բառերով։
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «երկու» բառը փոխարինել «չորս» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ դատարանում գործում են՝
1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.
2) քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով.
3) վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով.
4) հակակոռուպցիոն պալատը՝ 10 դատավորի թվակազմով:»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «նիստերը» բառից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում` այն դատական կազմի նիստերը, որում ընդգրկված է պալատի նախագահը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բաշխվում են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բաշխվում են միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների միջև:»:
Հոդված 7. Օրենքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 95. | Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մասին որոշումը |
1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:
2. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում լինելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները և վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»:
Հոդված 8. Օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում «123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում» բառերը փոխարինել «123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում» բառերով, իսկ «132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով» բառերը՝ «132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և»:
Հոդված 10. Օրենքի 109-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է հավակնորդների թվին: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս հավակնորդների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ հավակնորդների թվին:
4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ, որում ընդգրկվում են՝
1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.
2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:»:
Հոդված 11. Օրենքի 112-րդ հոդվածի 1.2-րդ մասը «թեկնածուների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների» բառերով:
Հոդված 12. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) չորրորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.
5) հինգերորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին:»:
Հոդված 13. Օրենքի 116-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «4» թիվը փոխարինել «5» թվով.
2) 5-րդ և 6-րդ մասերի «5» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 14. Օրենքի 123-րդ հոդվածում՝
1) 1-3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը, վերաքննիչ դատարանների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
2. Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրման ենթակա տեղերի քանակով համալրելու անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով չեն հանվել դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը և վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»․
2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․
3) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:».
4) 10-րդ մասի «անձը դիմումին կցում է» բառերը փոխարինել «անձինք դիմումին կցում են» բառերով, իսկ նույն մասը «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝» բառերով:
Հոդված 15. Օրենքի 124-րդ հոդվածում՝
1) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս թեկնածուների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ թեկնածուների թվին:
6. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ, որում ընդգրկվում են՝
1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.
2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:».
2) 10-րդ մասի՝
ա. «մինչև օգոստոսի 1-ը, իսկ» բառերը հանել,
բ. «բաժինն արտահերթ» բառերը փոխարինել «բաժինը» բառով:
Հոդված 16. Օրենքի 132-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:».
3) 6-րդ մասի «անձը դիմումին կցում է» բառերը փոխարինել «անձինք դիմումին կցում են» բառերով, իսկ նույն մասը «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝» բառերով:
Հոդված 17. Օրենքի 149-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3.1-ին կետից հանել «հերթական և արտահերթ» բառերը.
2) 3-րդ մասից հանել «հերթական» բառը:
Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մանրամասները՝ հաշվի առնելով սույն հոդվածի կարգավորումները:
3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական և վարչական պալատ) այն դատավորները, որոնք մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատը գործելուց հետո: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ՝ Քրեական պալատ) դատավորները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն պալատ) կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Սույն մասով նախատեսված՝ գրավոր համաձայնություն ներկայացրած Քաղաքացիական և վարչական պալատի դատավորները մինչև Վարչական պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ: Սույն մասով նախատեսված՝ Քրեական պալատի՝ գրավոր համաձայնություն ներկայացրած և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորները մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քրեական պալատի դատավորներ:
4. Քաղաքացիական և վարչական պալատի այն դատավորները, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, և այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, սակայն Վարչական պալատում պաշտոնավարելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չեն ներկայացնում, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Քաղաքացիական պալատ) և Վարչական պալատը գործելուց հետո շարունակում են պաշտոնավարել որպես Քաղաքացիական պալատի դատավորներ մինչև իրենց լիազորությունների ավարտը՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված թվակազմից: Հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարումը շարունակելու համար գրավոր համաձայնություն չներկայացրած, ինչպես նաև Հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարումը շարունակելու համար գրավոր համաձայնություն ներկայացրած, սակայն Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընտրված Քրեական պալատի դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված թվակազմից:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը լուծելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն համապատասխանաբար Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Քաղաքացիական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի և համալրման կարգի վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հայտարարությունը հրապարակելու պահից երկշաբաթյա ժամկետում Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը, ցուցակի կազմումը, հաստատումը և թեկնածուներին առաջարկության ներկայացումն իրականացվում են Օրենքի 132-րդ և 133-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
8. Քաղաքացիական և վարչական պալատը համարվում է վերացված, իսկ Քաղաքացիական և Վարչական պալատները գործում են Վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրելու պահից, և եթե Քաղաքացիական պալատում պաշտոնավարելու է առնվազն հինգ դատավոր: Հակակոռուպցիոն պալատը գործում է պալատի յուրաքանչյուր դատական կազմի դատավորների առնվազն երեք թափուր պաշտոնները համալրելու պահից: Առաջխաղացման կարգով Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատների դատավոր նշանակված անձինք համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատների դատավորի պաշտոնն ստանձնում են պալատները գործելու պահից:
9. Սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Քաղաքացիական և վարչական պալատը վերացված համարվելու պահից պալատի նախագահի լիազորությունները դադարում են: Համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է համապատասխան պալատի նախագահի նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը:
10. Մինչև Քաղաքացիական և Վարչական պալատները գործելը շարունակում է գործել Քաղաքացիական և վարչական պալատը, և վճռաբեկության կարգով քաղաքացիական և վարչական գործերի քննությունն իրականացնում է Քաղաքացիական և վարչական պալատը: Մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Քաղաքացիական և վարչական պալատը, եթե Քաղաքացիական պալատը դեռևս չի գործում, իսկ Քաղաքացիական պալատը գործելուց հետո` Քաղաքացիական պալատը: Մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Քրեական պալատը:
11. Մինչև Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելը Քաղաքացիական և վարչական պալատի և Քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները համապատասխան պալատները գործելու պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի պալատների միջև` հիմք ընդունելով սույն հոդվածի 10-րդ մասի կարգավորումները:
12. Մինչև համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական կամ Հակակոռուպցիոն պալատները գործելը ներկայացված վճռաբեկ բողոքները, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում, և որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի կողմից քննության ենթակա գործերի շրջանակին, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջև:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: