Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ4/0278/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ4/0278/05/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ծատուրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 24.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Միություն) հայցի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Էջմիածնի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 14.10.2009 թվականի թիվ 1001846 ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Միության` 18.093.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 14.10.2009 թվականի թիվ 1001846 ակտը` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար առաջադրված 18.093.600 ՀՀ դրամի պարտավորության մասով:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Միությունից 18.093.600 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք ստուգման ընթացքում խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը` պատճառաբանելով, որ ստուգման հանձնարարագրով սահմանված ժամկետը կարող էր կա´մ կասեցվել կա´մ երկարաձգվել, մինչդեռ, Տեսչությունը 3 անգամ կասեցրել է ստուգումը, իսկ հետո` երկարաձգել: Դատարանը պատճառաբանել է նաև, որ ստուգումը կասեցումներից հետո երկարաձգվել է միայն 10 աշխատանքային օրով, հետևաբար այն պետք է ավարտվեր 12.10.2009 թվականին, սակայն շարունակվել է մինչև 14.10.2009 թվականը, բացի այդ, 1-ին և 2-րդ կասեցումների միջև` 01.07.2009 թվականից մինչև 03.07.2009 թվականը, ստուգումը կասեցված չի եղել և ոչ էլ վերսկսվել է:

Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ ստուգման ժամկետը երկարաձգելը կամ կասեցնելն իրարից տարբերվող գործընթացներ են, որոնց կիրառումը պայմանավորված է ստուգման ընթացքում ծագող խնդիրների բնույթով, և դրանցից որևէ մեկի կիրառումը չի կարող բացառող հանգամանք հանդիսանալ մյուսի կիրառման համար:

Բացի այդ, Դատարանը սխալ է հաշվարկել նաև ստուգման փաստացի ժամկետի տևողությունը: Այսպես, ստուգման հանձնարարագրով 15 աշխատանքային օր նախատեսված լինելու պայմաններում ստուգումը փաստացի սկսվել է 05.05.2009 թվականին և տևել է 10 անընդմեջ աշխատանքային օր, որից հետո` 19.05.2009 թվականին, այն կասեցվել է մինչև 30.06.2009 թվականը, այնուհետև 3 աշխատանքային օրով վերսկսվել է: Այսինքն` մինչև 2-րդ կասեցումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք ստուգման հանձնարարագրով ստուգման համար նախատեսված աշխատանքային օրերից օգտագործել են միայն 13 աշխատանքային օր և 3-րդ կասեցումից հետո այն շարունակելու համար ունեցել են 2 աշխատանքային օր, որին գումարվել է նաև ստուգումը երկարաձգելու մասին հրամանով տրամադրված 10-օրյա ժամկետը, որի արդյունքում 3-րդ կասեցումից հետո ստուգումը տևել է 12 աշխատանքային օր: Հետևաբար, ստուգման ընդհանուր ժամկետը չի գերազանցել ստուգման հանձնարարագրով և այն երկարաձգելու մասին հրամանով սահմանված 25 աշխատանքային օրը, և ստուգում իրականացնելիս ժամկետի խախտում թույլ չի տրվել:

Ինչ վերաբերում է ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգումը կասեցնելուց հետո այն չվերսկսելուն, ապա «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը ստուգումը վերսկսելու կարգ չի նախատեսում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 24.06.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը նշել է, որ տեղի չի ունեցել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետների խախտում` կասեցումների միջև ընկած ժամանակահատվածը, որը չի ձևակերպվել որևէ հրամանով` համարելով ստուգման վերսկսում: Մինչդեռ, իրականում ստուգման վերսկսում տեղի չի ունեցել: Այսինքն` 30.06.2009 թվականից մինչև 06.07.2009 թվականն ընկած ժամանակահատվածը բաց թողնված ժամկետ է, որի ընթացքում որևէ ստուգում չի իրականացվել: Հետևաբար, կասեցումը տևել է 95 աշխատանքային օր 90 օրվա փոխարեն` 19.05.2009 թվականից մինչև 28.09.2009 թվականը:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ 29.09.2009 թվականին ստուգման ժամկետը երկարաձգվել է 10 աշխատանքային օրով և տևել է մինչև 14.10.2009 թվականը` համարելով, որ ստուգման ժամկետի խախտում տեղի չի ունեցել: Մինչդեռ, իրականում 28.09.2009 թվականին ստուգման ժամկետը երկարաձգվել է 10 աշխատանքային օրով, այսինքն` մինչև 12.10.2009 թվականը, սակայն վիճարկվող ակտը ժամկետի խախտմամբ կազմվել է 14.10.2009 թվականին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Նույն հանձնարարագրով ստուգման ժամկետը սահմանվել է 15 անընդմեջ աշխատանքային օր (հատոր 1, գ.թ. 34):

2)Կոմիտեի նախագահի 19.05.2009 թվականի թիվ 1-07/837-Ա հրամանով Ընկերությունում Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը 19.05.2009 թվականից 30 աշխատանքային օրով կասեցվել է (հատոր 1, գ.թ. 71):

3) Կոմիտեի նախագահի 06.07.2009 թվականի թիվ 1-07/1178-Ա հրամանով Ընկերությունում Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը 06.07.2009 թվականից 30 աշխատանքային օրով կասեցվել է (հատոր 1, գ.թ. 70):

4) Կոմիտեի նախագահի 15.08.2009 թվականի թիվ 1-07/1514-Ա հրամանով Ընկերությունում Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման` Կոմիտեի նախագահի 06.07.2009 թվականի թիվ 1-07/1178-Ա հրամանով կասեցման ժամկետը երկարաձգվել է 30 աշխատանքային օրով (հատոր 1, գ.թ. 69):

5) Կոմիտեի նախագահի 28.09.2009 թվականի թիվ 1-07/1786-Ա հրամանով Ընկերությունում Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամկետը երկարաձգվել է 10 անընդմեջ աշխատանքային օրով (հատոր 1, գ.թ. 72):

6) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 14.10.2009 թվականին կազմել է թիվ 1001846 ակտը, որի 14-րդ կետով Ընկերությանն առաջադրվել է 18.093.600 ՀՀ դրամի պարտավորություն: Նույն ակտի համաձայն` ստուգումը փաստացի սկսվել է 05.05.2009 թվականին (հատոր 1, գ.թ. 25-33):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, նույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգման ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ այն կարող է երկարաձգվել, որի դեպքում ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը): Միաժամանակ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգման ընթացքը ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, որից հետո ստուգման ընթացքը համարվում է վերսկսված, քանի որ ստուգման ընթացքի վերսկսման համար առանձին իրավական ակտ կայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն` ստուգման ժամկետի երկարաձգումը և ստուգման ընթացքի կասեցումն ինքնուրույն ընթացակարգեր են, որոնցից յուրաքանչյուրի կիրառման համար անհրաժեշտ են համապատասխան իրավական և փաստական հիմքեր, և մեկ ստուգման ընթացքում դրանցից որևէ մեկի կիրառումը չի կարող բացառել մյուսի կիրառման հնարավորությունը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ ստուգման հանձնարարագրով նախատեսված 15 անընդմեջ աշխատանքային օրվա ժամկետը կարող էր կա´մ երկարաձգվել, կա´մ կասեցվել: Մինչդեռ, Տեսչությունը նախ կասեցրել է ստուգումը, այն էլ 3 անգամ, ապա դրանից հետո այն երկարաձգել է ևս 10 աշխատանքային օրով: Բացի այդ, առաջին կասեցումից հետո` 01.07.2009 թվականին, Տեսչությունը պարտավոր էր վերսկսել ստուգումը, սակայն ևս 3 աշխատանքային օր ընդմիջում տալուց հետո` 06.07.2009 թվականին, վերջինս նոր հրամանով երկրորդ անգամ 30 աշխատանքային օրով կասեցրել է դրա ընթացքը: Միաժամանակ, ստուգումը կասեցնելուց հետո ևս 10 աշխատանքային օրով դրա ժամկետը երկարաձգելու հրաման արձակելուց հետո Տեսչությունը, խախտելով նաև այդ 10-օրյա ժամկետը, որն ավարտվում էր 12.10.2009 թվականին, ստուգումը շարունակել է նաև 13.10.2009 թվականին և 14.10.2009 թվականին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով ստուգման ժամկետի երկարաձգման և ստուգման ընթացքի կասեցման գործողությունները դիտվում են որպես ստուգման անցկացման հետ կապված ինքնուրույն ընթացակարգեր, որոնցից յուրաքանչյուրի կիրառման համար անհրաժեշտ են համապատասխան իրավական և փաստական հիմքեր, և մեկ ստուգման ընթացքում դրանցից որևէ մեկի կիրառումը չի կարող բացառել մյուսի կիրառման հնարավորությունը:

Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ստուգման հանձնարարագրով նախատեսված 15 անընդմեջ աշխատանքային օրվա ժամկետը կարող էր կա´մ երկարաձգվել, կա´մ կասեցվել, անհիմն է և չունի որևէ իրավական հիմք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ստուգումը կասեցնելուց հետո ևս 10 աշխատանքային օրով դրա ժամկետը երկարաձգելու հրաման արձակելուց հետո Տեսչությունը, խախտելով նաև այդ 10-օրյա ժամկետը, որն ավարտվում էր 12.10.2009 թվականին, ստուգումը շարունակել է նաև 13.10.2009 թվականին և 14.10.2009 թվականին:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով ստուգման ժամկետը սահմանվել է 15 անընդմեջ աշխատանքային օր, այն Ընկերությունում փաստացի սկսվել է 05.05.2009 թվականին, ապա Կոմիտեի նախագահի 19.05.2009 թվականի թիվ 1-07/837-Ա հրամանով 19.05.2009 թվականից 30 աշխատանքային օրով` մինչև 30.06.2009 թվականը, դրա ընթացքը կասեցվել է, այսինքն` այդ ժամանակահատվածում ստուգումը կատարվել է 10 անընդմեջ աշխատանքային օր: 01.07.2009 թվականից ստուգումը համարվել է վերսկսված և տևել է 3 աշխատանքային օր, որից հետո Կոմիտեի նախագահի 06.07.2009 թվականի թիվ 1-07/1178-Ա հրամանով 06.07.2009 թվականից 30 աշխատանքային օրով դրա ընթացքը կրկին կասեցվել է, ապա Կոմիտեի նախագահի 15.08.2009 թվականի թիվ 1-07/1514-Ա հրամանով կասեցման ժամկետը ևս 30 աշխատանքային օրով երկարաձգվել է, այսինքն` այդ ժամանակահատվածում ստուգումը կատարվել է ընդամենը 3 անընդմեջ աշխատանքային օր: Կոմիտեի նախագահի 28.09.2009 թվականի թիվ 1-07/1786-Ա հրամանով ստուգման ժամկետը երկարաձգվել է 10 անընդմեջ աշխատանքային օրով և տևել է մինչև 14.10.2009 թվականը, որը կազմում է 12 աշխատանքային օր: Այսինքն` 10.04.2009 թվականից մինչև 14.10.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարված ստուգումը տևել է ընդհանուր 25 աշխատանքային օր:

Հետևաբար, սույն գործում առկա ապացույցներով միանշանակ հաստատվում է, որ Տեսչության կողմից Ընկերությունում ստուգումը կատարվել է Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1001846 հանձնարարագրով և 28.09.2009 թվականի թիվ 1-07/1786-Ա հրամանով սահմանված ժամկետներում, որոնք ընդհանուր կազմում են 25 աշխատանքային օր:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է հաշվարկել ստուգման ժամկետի տևողությունը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան