ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1238/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1238/02/13 2015 թ. |
Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան |
Դատավորներ` |
Ն. Բարսեղյան |
Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գեղանուշ Դավթյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանվել Թովմասյանի ընդդեմ Սամվել Բունիաթյանի, Գեղանուշ Դավթյանի` Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տնից պատասխանողներին վտարելու պահանջի մասին, և ըստ Սամվել Բունիաթյանի, Գեղանուշ Դավթյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մանվել Թովմասյանի` 1.500 ԱՄՆ դոլար և 1.458.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հայցի Գեղանուշ Դավթյանի ընդդեմ Մանվել Թովմասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանվել Թովմասյանը պահանջել է վտարել պատասխանող Սամվել Բունիաթյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տնից (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1238/02/13):
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սամվել Բունիաթյանը պահանջել է Մանվել Թովմասյանից բռնագանձել 1.500 ԱՄՆ դոլար և 1.458.000 ՀՀ դրամ:
03.02.2014 թվականին Գեղանուշ Դավթյանը հայց է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մանվել Թովմասյանի` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան նկատմամբ (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0125/02/14):
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թվականի որոշմամբ Գեղանուշ Դավթյանը թիվ ԵԷԴ/1238/02/13 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով համահայցվոր:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2014 թվականի որոշմամբ թիվ ԵԷԴ/1238/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Մանվել Թովմասյանի ընդդեմ Սամվել Բունիաթյանի, Գեղանուշ Դավթյանի՝ պատասխանողներին Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տնից վտարելու պահանջի մասին, և ըստ Սամվել Բունիաթյանի, Գեղանուշ Դավթյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մանվել Թովմասյանի` 1.500 ԱՄՆ դոլար և 1.458.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և թիվ ԵԷԴ/0152/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Գեղանուշ Դավթյանի ընդդեմ Մանվել Թովմասյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԵԷԴ/1238/02/13 համարի ներքո:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2014 թվականի վճռով Մանվել Թովմասյանի հայցը և Սամվել Բունիաթյանի, Գեղանուշ Դավթյանի հակընդդեմ հայցը մերժվել են, իսկ Գեղանուշ Դավթյանի հայցը բավարարվել է՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան նկատմամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.08.2014 թվականի որոշմամբ Մանվել Թովմասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 13.06.2014 թվականի վճիռը` Գեղանուշ Դավթյանի հայցը բավարարելու և Մանվել Թովմասյանի հայցը մերժելու մասերով, բեկանվել է, և այդ մասերով վճիռը փոփոխվել է` Գեղանուշ Դավթյանի հայցը մերժվել է, իսկ Մանվել Թովմասյանի հայցը՝ բավարարվել: Վճիռը՝ մնացած մասով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղանուշ Դավթյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 130.1-րդ հոդվածների պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Գեղանուշ Դավթյանի կողմից գույքի տիրապետման բարեխղճությունը գնահատելիս վիճելի անշարժ գույքի ձեռքբերման համար 1.500 ԱՄՆ դոլար վճարելու հանգամանքը բավարար չի համարել եզրակացնելու, որ եթե գնորդը վճարում է ապրանքի դիմաց, ապա օբյեկտիվորեն կարող է համոզմունք ունենալ, որ գնված գույքը պատկանում է իրեն: Վիճելի գույքի արժեքը հայցվորի կողմից վճարված լինելու հանգամանքն ընդունել է նաև Մանվել Թովմասյանը, ով իր կողմից ներկայացված հայցադիմումում ուղղակիորեն նշել է այդ մասին, ինչն էլ Դատարանը համարել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հանգել է անհիմն եզրակացության, որ գումարը վճարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները և, անտեսելով դրանք, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ: Մինչդեռ, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է Գեղանուշ Դավթյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար բոլոր նախապայմանների առկայությունը:
Մասնավորապես՝ վիճելի գույքը Գեղանուշ Դավթյանի տիրապետմանն անցել է բարեխղճորեն, քանի որ վերջինս ամբողջությամբ վճարել է դրա արժեքը, ինչպես նաև, տիրապետման ամբողջ ժամանակահատվածում նախկին սեփականատիրոջ կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել գույքը հետ վերադարձնելու համար։
Տիրապետումը բացահայտ լինելու հանգամանքը հաստատվում է գործում առկա` հարևանների հայտարարություններով, կոմունալ վճարումների անդորրագրերով, վիճելի հասցեում 1999 թվականից շինարարական աշխատանքներ կատարված լինելու վերաբերյալ փորձագետի եզրակացությամբ, որպիսի ապացույցները Վերաքննիչ դատարանի կողմից որևէ իրավական գնահատականի չեն արժանացել:
Գործում առկա ապացույցներով հաստատվում է նաև Գեղանուշ Դավթյանի կողմից 10 տարվա տիրապետման անընդմեջ լինելը, իսկ Մանվել Թովմասյանը գույքը վերադարձնելուն ուղղված գործողություններ սկսել է ձեռնարկել միայն 05.09.2013 թվականից՝ վտարման պահանջով հայց հարուցելով, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն իսկ լրացել էր Գեղանուշ Դավթյանի կողմից վիճելի գույքի տիրապետման 10 տարին:
Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով 24.05.2013 թվականին կայացրած որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.08.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մանվել Թովմասյանը 04.08.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ընդունել է Արամայիս Թովմասյանի ժառանգությունը` Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 14).
2) Մանվել Թովմասյանը ներկայացված հայցադիմումում հայտնել է, որ իր առաջարկի հիման վրա պատասխանողը համաձայնվել է գնել վիճելի հասցեի տունը` վճարելով 1.000 (մեկ հազար) ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 4).
3) քաղաքացիներ Անդրանիկ Վարդանյանի, Արմեն Մուրադյանի, Լենա Պողոսյանի, Սարգիս Գևորգյանի, Նվարդ Սիմոնյանի, Էդիկ Դավոյանի, Ազատուհի Ղազարյանի, Նիկոլայ Օհանյանի, Հրաչյա Զաքարյանի, Վարվարա Ավրցյանի, Սամվել Սահակյանի, Մարինե Ալիյանի, Անուշ Իսախանյանի կողմից 29.01.2014 թվականին տրված հայտարարության համաձայն (հաստատված է Էրեբունի վարչական շրջանի թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից)` քաղաքացի Գեղանուշ Տելեմակի Դավթյանը (անձնագիր` AE0542782) իր ընտանիքի հետ միասին սկսած 1999 թվականից բնակվում են ք. Երևան, Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեի տանը։ Վերջիններիս կողմից Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեում կատարվել են բազմաթիվ շինարարական և նորոգման աշխատանքներ, մասնավորապես` բակում կառուցվել է առանձին սանհանգույց, հիմնանորոգվել են տան խոհանոցը և հարակից սենյակը, տունը գազաֆիկացվել է։ Միաժամանակ հայտնել են, որ սկսած 1999 թվականից իրենք տեղյակ են եղել, որ նշված հասցեի տունը ձեռք է բերել Գեղանուշ Տելեմակի Դավթյանը, և այն պատկանում է վերջինիս և իր ընտանքի անդամներին (հատոր 2-րդ, գ.թ. 41).
4) վկաներ Անդրանիկ Վարդանյանը, Արմեն Մուրադյանը և Սամվել Սահակյանը դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ Գեղանուշ Դավթյանը 1999 թվականից բնակվում է Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեում, նշված տունը գնել է Մանվել Թովմասյանից և 1999 թվականից ի վեր Մանվել Թովմասյանին այդ տանը չեն տեսել: Գեղանուշ Դավթյանի ընտանիքը բնակվելու ընթացքում իրականացրել է տան վերանորոգման աշխատանքներ (հիմք` դատական նիստի արձանագրությունը, հատոր 2-րդ, գ.թ 104-106, 111):
5) Գեղանուշ Դավթյանը Դատարան է ներկայացրել Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան կոմունալ վճարների անդորրագրերը (հատոր 2-րդ, գ.թ. 42):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով 24.05.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի սխալ մեկնաբանության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կա´մ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կա´մ գույքի սեփականատիրոջ, կա´մ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք՝ կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև՝ սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս, Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, Գեղանուշ Դավթյանի հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «1999 թվականից սկսած Գեղանուշ Դավթյանը, իր ընտանիքով բնակվելով Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տանը, բացահայտ, բարեխիղճ և ավելի քան 10 տարի անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետում է Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան հասցեի անշարժ գույքը՝ կատարելով էլեկտրաէներգիայի և այլ կոմունալ ծառայությունների վճարները, ամբողջությամբ և հիմնովին նորոգել է տունը, որպիսի պայմաններում վերջինիս մոտ Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ծագել է սեփականության իրավունք։ Անգամ պատասխանող Մանվել Թովմասյանը հայցադիմումով ընդունել է, որ տան վաճառքի դիմաց ստացել է 1.000 ԱՄՆ դոլար, ինչով հաստատվում է նաև գույքի ձեռքբերման բարեխղճությունը»։
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ թեև վիճելի գույքը բացահայտ, 10 տարի անընդմեջ տիրապետվել է Գեղանուշ Դավթյանի կողմից, սակայն ակնհայտ է, որ առկա չէ բարեխղճություն, քանի որ վերջինս տեղյակ է եղել գույքի տիրապետման որևէ օրինական հիմքի բացակայության մասին: Մասնավորապես՝ անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը Գեղանուշ Դավթյանի կողմից հիմնավորվել է Մանվել Թովմասյանին 1.000 (կամ 1.500) ԱՄՆ դոլար` որպես տան առուվաճառքի գումար, վճարելու հանգամանքով, մինչդեռ գործում բացակայում է 1.000 ԱՄՆ դոլարը վճարված լինելու վերաբերյալ ապացույցը: Ավելին, դա չի կարող համարվել Գեղանուշ Դավթյանի կողմից որպես բարեխղճության դրսևորում անշարժ գույքի տիրապետման համար: Բացի այդ, հիմք ընդունելով հողամասի կարգավիճակի վերաբերյալ Մանվել Թովմասյանի 2000 թվականին Երևանի քաղաքապետարան դիմելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ անշարժ գույքի սեփականատեր Մանվել Թովմասյանն իր գործողություններով չի հրաժարվել վիճելի հասցեի տան նկատմամբ իր սեփականության իրավունքից, ավելին` հողամասի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկել` 2000 թվականին դիմելով Երևանի քաղաքապետին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):
Սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` հարևանների հայտարարությամբ, վկաների ցուցմունքներով, Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ տան կոմունալ վճարների անդորրագրերով հաստատվում է, որ Գեղանուշ Դավթյանը 1999 թվականից սկսած իր ընտանիքով բնակվում է Երևանի Նոր Արեշ թիվ 33 փողոցի 25-րդ հասցեի տանը և բացահայտ, բարեխիղճ ու ավելի քան տասը տարի անընդմեջ որպես սեփական գույք տիրապետում է վերը նշված հասցեի անշարժ գույքը, կատարել է և շարունակում է կատարել էլեկտրաէներգիայի և այլ կոմունալ ծառայությունների վճարումներ, իրականացրել է անշարժ գույքի վերանորոգման աշխատանքներ։
Անդրադառնալով գույքի նախկին սեփականատեր Մանվել Թովմասյանի վարքագծին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս հայցադիմումով ընդունել է վիճելի անշարժ գույքի առուվաճառքի հանգամանքը` հաստատելով 1.000 ԱՄՆ դոլար ստանալու փաստը: Բացի այդ, անշարժ գույքի տիրապետման ժամանակահատվածում Մանվել Թովմասյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել գույքը փաստացի տիրապետողից հետ վերադարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ հանդիսանալով վիճելի հասցեի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Մանվել Թովմասյանն անտարբեր վերաբերմունք է դրսևորել իր գույքի նկատմամբ մինչև սույն գործով հայցի հարուցումը, այն է՝ մինչև 05.09.2013 թվականը։ Այսինքն՝ Մանվել Թովմասյանն իր անգործությամբ մեկուսացել է իր գույքի տիրապետումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իր վարքագծով հրաժարվել է վիճելի գույքի նկատմամբ իր իրավունքից:
Ինչ վերաբերում է Մանվել Թովմասյանի կողմից 2000 թվականին Երևանի քաղաքապետարան դիմելու փաստին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքն ինքնըստինքյան չի հաստատում Մանվել Թովմասյանի կողմից գույքի տիրապետումից մեկուսացած չլինելու հանգամանքը, քանի որ տվյալ պարագայում Մանվել Թովմասյանը Երևանի քաղաքապետարան դիմել է անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասի կարգավիճակի հստակեցման խնդրով, մինչդեռ, սույն գործով վեճի առարկան ոչ թե հողամասն է, այլ այդ հողամասի վրա առկա շինությունը:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները թույլ են տվել Գեղանուշ Դավթյանին ենթադրելու, որ նշված անշարժ գույքը տիրապետում է որպես սեփականը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանվել Թովմասյանի գործողությունները, տվյալ դեպքում՝ անգործությունը, վկայում են Գեղանուշ Դավթյանի մոտ վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ գնահատելով գործում առկա ապացույցները, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներորվ միաժամանակ հիմնավորվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման մյուս պայմանների առկայությունը, մասնավորապես` Գեղանուշ Դավթյանի կողմից վիճելի գույքը 10 տարուց ավելի (սկսած 1999 թվականից մինչ օրս) բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստերը:
Այսպիսով, Գեղանուշ Դավթյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ Գեղանուշ Դավթյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գեղանուշ Դավթյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Մանվել Թովմասյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2014 թվականի վճռին։
2. Մանվել Թովմասյանից հօգուտ Գեղանուշ Դավթյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |