ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 818-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմինը կազմում ու ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում այն զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ցուցակները, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակներում նշվում են զոհված (մահացած) փրկարարական ծառայողների անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված (մահացած) փրկարարական ծառայողի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետում նշված գումարը ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն բանկի հաշվին, որտեղից շահառուն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:».
3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո, հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 27 Երևան |