ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՇԴ/0005/11/14 |
ՇԴ/0005/11/14 |
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
|
2014 թվականի դեկտեմբերի 16-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի փետրվարի 22-ին` ժամը 18:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 46 շենքի հարակից խաչմերուկում միմյանց են բախվել Դավիթ Վարոսյանի` «Շեվրոլե-նիվա» մակնիշի 45 QO 001 պետհամարանիշի և Կարեն Ամիրխանյանի` «Միցուբիշի-պաջերո» մակնիշի 24 ՍՍ 592 պետհամարանիշի մեքենաները, որի հետևանքով «Շեվրոլե-նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռուզաննա Ալեքսանյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր:
Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Մինասյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) 2014 թվականի մարտի 4-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և Դ. Վարոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2. 2014 թվականի մարտի 10-ին Դ. Վարոսյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն և խնդրել չհաստատել Քննիչի 2014 թվականի մարտի 4-ի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
Շիրակի մարզի դատախազ Ր.Ասլանյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) 2014 թվականի մարտի 17-ի որոշմամբ Դ. Վարոսյանի բողոքը մերժվել է, և հաստատվել քրեական գործ հարուցելը մերժելու որոշման օրինականությունը:
3. 2014 թվականի մարտի 28-ին Դ. Վարոսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել Քննիչի 2014 թվականի մարտի 4-ի և Դատախազի 2014 թվականի մարտի 17-ի որոշումները:
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Դ. Վարոսյանի բողոքը բավարարվել է` Քննիչի 2014 թվականի մարտի 4-ի և Դատախազի 2014 թվականի մարտի 17-ի որոշումները վերացվել են:
4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 28-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Բադալյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2014 թվականի մարտի 14-ի որոշման համաձայն` «[Ն]յութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ 2014թ. փետրվարի 22-ին ժամը 18-ի սահմաններում «Շեվրոլե-նիվա» մակնիշի (…) ավտոմեքենայի վարորդ Դ. Վարոսյանը, երթևեկելով Գյումրու Մուշ 2 թաղամասի թիվ 46 շենքի մոտով` իր համար նախատեսված երթևեկելի գոտիով, հասնելով հավասարազոր խաչմերուկին, տեսնելով խաչմերուկին աջ կողմից մոտեցող «Միցուբիշի-պաջերո» մակնիշի (…) ավտոմեքենան, խախտելով «Ճանապարհային երթևեկության կանոնների» 98 կետի պահանջը, ճանապարհը չի զիջել աջ կողմից մոտեցող ավտոմեքենային, ընթանալով դեպի խաչմերուկ` դիմացի աջ մասով բախվել է «Միցուբիշի-պաջերո» մակնիշի (…) ավտոմեքենայի դիմացի ձախ մասին, ինչի հետևանքով «Շեվրոլե-նիվա» մակնիշի (…) մեքենայի ուղևոր Ռուզաննա Հայկի Ալեքսանյանը և «Միցուբիշի-պաջերո» մակնիշի (…) ավտոմեքենայի վարորդ Կարեն Վարազդատի Ամիրխանյանը ստացել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս, իսկ տվյալ դեպքում տուժողները ստացել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ուստի «Շեվրոլե-նիվա» մակնիշի (…) մեքենայի վարորդ Դավիթ Վարոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը»:
Արդյունքում Քննիչը որոշել է. «1. Դավիթ Արտուշի Վարոսյանի կողմից «Ճանապարհային երթևեկության կանոնների» 98 կետի պահանջը խախտելու հետևանքով ավտովթար կատարելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
(…)
3. Որոշման մեկ օրինակն ուղարկել ՃՈ՝ Դավիթ Վարոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու: (…)» (տե՛ս նյութեր, թերթ 6-7):
7. Առաջին ատյանի դատարանն իր 2014 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ պատճառաբանել է. «Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, որ ի սկզբանե տվյալ ավտովթարը ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի հանցակազմ չի առաջացրել, ապա որոշմամբ հիմնավորված է համարվել, որ ավտովթարը տեղի է ունեցել դիմողի կողմից թույլ տրված ՃԵԿ-ի կանոնների խախտման պատճառով, որի հետևանքով դիմողը կրում է նյութական պատասխանատվություն, պատճառված վնասի հատուցման հարցում, որով էլ խախտվում է նրա շահերը:
Մինչդեռ առանց տեղի ունեցած ավտովթարի համապատասխան ելակետային տվյալներով, ավտոմեքենաների բախման պատճառ հանդիսացող, թույլ տրված ՃԵԿ-ի կանոնների խախտումը օբյեկտիվ պարզելու համար դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու, որից հետո կատարվածը որակելու փոխարեն, քննիչը հիմք ընդունելով ոչ համապատասխան մասնագետի կողմից կազմված մասնագիտական ակտը հիմնավորված է համարել, որ խախտումը թույլ է տրվել «Շեվրոլետ-Նիվա» մակնիշի 45 QQ 001 պ/հ մեքենայի վարորդ` Դավիթ Վարոսյանի կողմից, որով խախտվել է ՀՀ քր. դատ. օր-ի պահանջներով նախատեսված դիմողի իրավունքներն ու օրինական շահերը որպիսի պատճառաբանությամբ էլ դիմումը ենթակա է բավարարման» (տե՛ս նյութեր, թերթ 38-39):
8. Վերաքննիչ դատարանն իր 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով քրեադատավարական նորմերի պահանջները, հիմնավորապես պատճառաբանելով, իրավացիորեն բավարարել է Դ.Վարոսյանի բողոքը և որոշում կայացրել վերացնել Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրու Մուշի քննչական բաժանմունքի քննիչի նյութերով Դավիթ Վարոսյանի կողմից ավտովթար կատարելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 04.03.2014թ. որոշումը և Շիրակի մարզի դատախազի բողոքը մերժելու և քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին 17.03.2014 թ. որոշումը` գտնելով որ այդ որոշումներով խախտվել են Դ. Վարոսյանի իրավունքներն ու օրինական շահերը: (…)» (տե՛ս նյութեր, թերթ 97):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի բնույթից, հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 175-րդ և 185-րդ հոդվածների պահանջներին:
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ քննիչի համար դեռևս նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում ակնհայտ է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունը, այնուամենայնիվ, օգտվելով քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունից, նյութերով ներգրավել է մասնագետ, իսկ դատաավտոտեխնիկական փորձաքննություն չի նշանակել: Սակայն Քննիչի որոշման հիմքում դրվել է ոչ թե մասնագիտական ակտը, այլ պատահարի մասնակիցների բացատրությունները և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ինչ վերաբերում է մասնագիտական ակտին, ապա այն հիմք է հանդիսացել հետագայում Դ. Վարոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, հետևաբար մասնագիտական ակտը և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը ենթակա են բողոքարկման վարչական դատավարության ընթացակարգով: Տվյալ իրավահարաբերությունները քրեական դատավարությանը և, հատկապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը վերաբերելի չեն:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերացումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն, պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը, ինչը տվյալ պարագայում անհնարին է և հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 175-րդ, 182-րդ հոդվածների պահանջներին: Նույն պատճառաբանությամբ անհնար է նաև անձի իրավունքների ենթադրյալ խախտումը վերացնելը, եթե նույնիսկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով վարույթն իրականացնող մարմնի համար այդպիսի պարտականություն սահմաններ:
10. Բողոքաբերը նաև փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելով, ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությամբ, մինչդեռ նշված որոշումը վերացնելու դատարանի լիազորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ հանգամանքին չի անդրադարձել: Ավելին՝ Առաջին ատյանի դատարանը վերացրել է նաև դատախազի որոշումը, ինչը չի բխում ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, այնպես էլ 185-րդ հոդվածներից:
Բացի այդ, ստորադաս դատարաններն իրենց որոշումների հիմքում դրել են այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը դատաավտոտեխնիկական փորձաքննություն չի նշանակել, մինչդեռ դատարանը իրավասու չէ քննարկել քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը: Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտը քննարկվող հարցերի առումով հակասում է Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման և մի շարք այլ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Քննիչի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին և Դատախազի՝ բողոքը մերժելու և քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին որոշումներին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական ստուգման սահմանների կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղևոնդյանի գործով կայացված որոշման միջև (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Ուստի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև առկա հակասություններին:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու կապակցությամբ նույնպես առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Ստորադաս դատարանների դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշման միջև հակասության վերաբերյալ.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասո՞ւմ են արդյոք Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:
14. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն (Վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերում):
15. Վճռաբեկ դատարանը Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: (...)
Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ կետը):
16. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող Դ. Վարոսյանի բողոքը ճանաչելով հիմնավորված, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացրել է այն հիմքով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինն առանց դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու, ոչ համապատասխան մասնագետի կողմից կազմված մասնագիտական ակտի հիման վրա հիմնավորված է համարել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը թույլ է տրվել Դավիթ Վարոսյանի կողմից, որով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով նախատեսված դիմողի իրավունքներն ու օրինական շահերը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):
17. Նախորդ կետում վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Գ.Ղևոնդյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 15-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ.Ղևոնդյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և անդրադարձել են վարույթ իրականացնող մարմնի կողմից քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:
Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում անդրադարձել են դատավարական գործողությունների կատարման նպատակահարմարությանը: Վիճարկվող որոշման նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան կայացված լինելու և նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներից բխելու հարցերը պարզելու փոխարեն ստորադաս դատարաններն ըստ էության արձանագրել են, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը օբյեկտիվ պարզելու համար դատաավտոտեխնիկական փորձաքննություն չնշանակելով և Դ. Վարոսյանի կողմից այն կատարված լինելու փաստը հաստատելով՝ վարույթ իրականացնող մարմինը խախտել է Դ. Վարոսյանի իրավունքներն ու օրինական շահերը:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա՝ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Արդյունքում` ստորադաս դատարանները դուրս են եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում:
II. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դատարանն իրավասու էր վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի որոշումն այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված գործի վարույթը բացառող հանգամանքը Դ. Վարոսյանը չի վիճարկել:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու՝ սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
(…)
4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
Քրեական գործ հարուցելու փուլի կարգավորմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Ղևոնդյանի վերաբերյալ որոշման մեջ, նշելով, որ. «(...) Քրեական գործ հարուցելու մասին օրինական, հիմնավորված և ժամանակին կայացված որոշումն անհրաժեշտ նախապայման է հանցագործությունների արագ և ամբողջական բացահայտման, ինչպես նաև կանխարգելման համար: Միևնույն ժամանակ, քրեական գործի չհիմնավորված հարուցմամբ սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները, նրանց վնաս է պատճառվում: Այլ խոսքով՝ ինչպես քրեական գործի անհիմն հարուցումը, այնպես էլ հարուցման անհիմն մերժումը օրինականության կոպիտ խախտումներ են և զգալի վնաս են պատճառում անձին, հասարակությանն ու պետությանը:
(...)
[Քրեական գործ հարուցելու] փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն: Հակառակ դրան, եթե նյութերի նախապատրաստության ընթացքում այնպիսի փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք հերքում են հանցագործության հատկանիշների առկայությունը, վկայում են քաղաքացիական, վարչական կամ այլ իրավահարաբերություններից բխող գործողությունների առկայության մասին, ինչպես նաև առկա են գործի վարույթը բացառող դատավարական արգելքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 14-15-րդ կետերը):
21. Քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով: Թեև վկայակոչված հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ, և դրանցից որևէ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում:
Վերոգրյալից հետևում է, որ քրեական գործ հարուցելու փուլում վարույթ իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի հայտնաբերումն ինքնին բացառում է քրեական վարույթի հետագա ընթացքը, հետևաբար նաև՝ գործ հարուցելու իրավական հնարավորությունը:
Այս առումով անհրաժեշտ է նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասը, սահմանելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանի լիազորությունները (վերացնել բողոքարկվող որոշումը կամ հաստատել այն) միևնույն ժամանակ սահմանում է, որ բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը: Այլ խոսքով՝ քննարկվող վարույթի շրջանակներում դատարանը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով իրականացվող վարույթի, իրավասու չէ որոշում կայացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, իսկ բողոքարկվող որոշման վերացումն ինքնին հանգեցնում է քրեական վարույթը շարունակելուն:
Այս պայմաններում անհրաժեշտ է քննարկել այն իրավիճակը, երբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ թույլ է տրվել անձի իրավունքների և օրինական շահերի խախտում, սակայն այդ որոշման հիմքը՝ քրեական գործով վարույթը բացառող հանգամանքը, չի վիճարկվում:
22. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`
- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,
- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ին կայացված թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը, կետ 12):
Քրեական գործ հարուցելու փուլի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության բաղկացուցիչ մասն է, հետևաբար այն ունի նույն ընդհանուր նպատակը և խնդիրները, ինչ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը: Այս առումով քրեական գործով վարույթը բացառող անվիճելի հանգամանքի առկայության պայմաններում անգամ անձի իրավունքների և օրինական շահերի խախտման հարցը չի կարող դուրս մնալ քրեական գործ հարուցելու նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներից: Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
23. Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է պարզի`
ա) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելիս պահպանվել են արդյոք քրեադատավարական օրենսդրության պահանջները, եթե ոչ, ապա
բ) դրանց չպահպանման հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքներն ու ազատությունները:
Այլ խոսքով՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դատական ստուգման ընթացքում դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք առկա է քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում, իսկ այդպիսի խախտում հայտնաբերելու դեպքում՝ արդյո՞ք այն հանգեցրել է անձի իրավունքների և օրինական շահերի խախտման: Քրեադատավարական օրենսդրության պահանջների, ինչպես նաև անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստ հայտնաբերելիս դատարանն իրավասու չէ վերացնել բողոքարկվող որոշումն այն դեպքում, երբ քրեական վարույթը բացառող հանգամանքն անվիճելի է, քանի որ այդպիսի հանգամանքի առկայության դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել: Միևնույն ժամանակ դատարանը պարտավոր է արձանագրել քրեադատավարական օրենսդրության պահանջների, անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստերը: Վերջինս իրավական հնարավորություն կտա անձին իրավունքի պաշտպանության այլ եղանակներով վերականգնել իր խախտված իրավունքներն ու օրինական շահերը:
24. Սույն գործի փաստերից հետևում է, որ Քննիչը Դավիթ Վարոսյանի կողմից «Ճանապարհային երթևեկության կանոնների» 98 կետի պահանջը խախտելու հետևանքով ավտովթար կատարելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել է և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Քննիչի որոշման դեմ Դ. Վարոսյանը բողոք է ներկայացրել դատախազություն, որը Դատախազի 2014 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժվել է, և հաստատվել քրեական գործ հարուցելը մերժելու որոշման օրինականությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Դ. Վարոսյանը դատական կարգով բողոքարկել է Քննիչի և Դատախազի որոշումներն այն հիմքով, որ դրանցով հաստատված է համարվել իր մեղավորությունը վթարի կատարման մեջ, ինչի արդյունքում իր համար առաջացել են և կարող են առաջանալ նյութական անբարենպաստ հետևանքներ (տե՛ս նյութեր, թերթ 1-3):
Առաջին ատյանի դատարանը վերացրել է Քննիչի և Դատախազի որոշումները՝ Դ. Վարոսյանի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ տրված լինելու պատճառաբանությամբ, իսկ Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը (տե՛ս սույն որոշման 3-4-րդ կետերը)՝ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործի վարույթը բացառող հանգամանքի առկայությունը:
25. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված փաստերը գնահատելով 20-23-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանն իրավասու չէր վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի որոշումն այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված գործի վարույթը բացառող հանգամանքը Դ. Վարոսյանը չի վիճարկել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր վերացնելու դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումը: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը վերաբերում է քրեական գործ հարուցելը մերժելու որոշման դատական ստուգման արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումներին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի նախատեսում մինչդատական վարույթ իրականացնող մարմնի որոշումը վերացնելու լիազորություն:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 185-րդ, 290-րդ հոդվածների խախտում:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Սույն որոշման 9-րդ կետում շարադրված բողոքաբերի փաստարկների և 20-23-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերքաննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի՝
- քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելիս քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտման առկայությունը: Մասնավորապես պետք է քննարկի՝ արդյո՞ք Քննիչն իրավասու էր հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ հաստատել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու մեջ անձի մեղավորությունը,
- քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտման առկայության դեպքում՝ Դ. Վարոսյանի իրավունքների և օրինական շահերի խախտման առկայությունը: Վերջին հանգամանքը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կապակցությամբ իրականացվող վարչական վարույթի վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշմամբ հաստատված փաստերի իրավական ազդեցությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Դավիթ Վարոսյանի բողոքը բավարարելու վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 28-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |