Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1226/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1226/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան
Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ««Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Փոլ Քորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարդան Թեյմուրազյանի և Նունե Մոսիկյանի հայցի ընդդեմ ««Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Ամի Միրոնի, Ընկերության գործադիր տնօրեն Փոլ Քորյանի, ներկայացուցիչ Լիանա Բալյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Թեյմուրազյանը և Նունե Մոսիկյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը` ի դեմս գործադիր տնօրեն Փոլ Քորյանի, ներկայացուցիչ Դիանա Բալյանի, հերքելու նրանց կողմից ներկայացված, իրականությանը չհամապատասխանող, իրենց արժանապատվությունն արատավորող և նվաստացնող տեղեկությունները, կատարվածի համար Վարդան Թեյմուրազյանից, Նունե Մոսիկյանից և Մարկ Թեյմուրազովից գրավոր ներողություն հայցել և այսուհետ նմանը չկրկնելու պարտավորություն ստանձնել։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.02.2010 թվականի վճիռը մասնակի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն Ընկերության գործադիր տնօրեն Փոլ Քորյանին պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով բեկանվել է և փոփոխվել` Ընկերության գործադիր տնօրեն Փոլ Քորյանը պարտավորեցվել է գրավոր կարգով հերքել Վարդան Թեյմուրազյանի և Նունե Մոսիկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։ Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության գործադիր տնօրեն Փոլ Քորյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով տեղեկություններն արատավորող են համարվում` անկախ դրանց արտահայտման եղանակներից և ձևերից, հետևաբար անկախ նրանից, թե այդ տեղեկությունները ընդգրկվել են հայցադիմումի պատասխանում, թե հնչեցվել են դատական նիստում, տեղեկությունները տարածված են համարվում, քանի որ դատարանը` որպես դատական իշխանության մարմին, հաղորդակից է դարձել նշված տեղեկություններին։ Մինչդեռ, դատարանը` որպես դատական իշխանության ներկայացուցիչ, հիշյալ տեղեկություններին իրազեկվում է ի պաշտոնե։ Ի պաշտոնե հիշյալ տեղեկություններին դատարանը տալիս է նաև համապատասխան գնահատական (վճռի միջոցով), մասնավորապես` դրանք էական և հաստատված լինելու դեպքում դնում է վճռի հիմքում կամ հակառակը։ Հետևաբար, նման պայմաններում ի պաշտոնե գործը քննող դատավորի իրազեկ լինելը տեղեկատվությանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով չի կարող որակվել տարածում։

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.02.2010 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ըստ հայցի Վարդան Թեյմուրազյանի, Մարկ Թեյմուրազովի և Նունե Մոսիկյանի ընդդեմ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր»-ի` առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին թիվ ԵԿԴ/2045/02-08 քաղաքացիական գործի շրջանակներում ««Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Փոլ Քորյանի ներկայացրած հայցադիմումի պատասխանում նշվել է հետևյալ դիրքորոշումը. «2000 թվականի ապրիլի 6-ից բավականին երկար տարիներ են անցել, և հայցվորները Ընկերությունից բավականին մեծ գումարներ են կորզել իրենց առողջական վիճակը բարելավելու համար,…..Վարդան Թեյմուրազյանը, վերը նշված գումարները Ընկերությունից կորզելով, ոչ թե այն ծախսել է իր երեխայի առողջական վիճակը բարելավելու համար, այլ գնել է ավտոմեքենա և վերանորոգել իր բնակարանը…..։ Իսկ որ հայցվորները, հայցի մեջ օգտագործելով իրենց ի ծնե հաշմանդամությունը, ցանկություն ունեն արդեն Ընկերության հաշվին մշտապես իրենց հանգիստն անցկացնել թանկարժեք հանգստի վայրերում կամ էլ զբաղվել բիզնեսով կամ գնել նոր ավտոմեքենա, դա արդեն Ընկերության խնդիրը չէ, այլ հայցվորները կարող են այլ ազնիվ ճանապարհներով խնդրել գումարներ կամ էլ դիմել որոշ բարերարների։….. Ընկերությունը համոզված է, որ հայցվորների հիվանդությունն ի ծնե է, որն օգտագործելով` ցանկանում են Ընկերության հաշվին մշտապես չաշխատելով գոյատևել։ Եվ զարմանալին այն է, որ երեխայի ի ծնե հիվանդություններն անընդհատ մատնանշելով և խղճահարություն առաջացնելով` ծնողները փոխարենը ազնիվ աշխատելու, իրենց հիվանդությունները օգտագործում են` որպես փող աշխատելու աղբյուր»…. (հատոր 1-ին, գ.թ. 13-14)։

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2008 թվականի թիվ ԵԿԴ/2045/02-08 վճռում «Պատասխանողի իրավական դիրքորոշում» հատվածում նշվել է հետևյալը. «2000 թվականի ապրիլի 6-ից հայցվորները բավականին մեծ գումարներ են կորզել ««Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ից և ոչ միայն երեխայի առողջական վիճակը բարելավելու համար, այլ այդ կորզած գումարներով գնել են ավտոմեքենա, վերանորոգել են իրենց բնակարանը։ Բացի այդ, հայցվորները չեն ներկայացրել ոչ մի հիմնավոր ապացույց, որ իրենց առողջական վիճակն ավելի է վատացել, և կոնկրետ հայցում մատնանշած հիվանդությունները ձեռք են բերել Ընկերության մեղքով։ Երեխայի ի ծնե հիվանդություններն անընդհատ մատնանշելով և խղճահարություն առաջացնելով` ծնողները փոխարենը ազնիվ աշխատելու, իրենց հիվանդություններն օգտագործում են` որպես փող աշխատելու աղբյուր…» (հատոր 1-ին, գ.թ. 15-17)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ)` քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը, արդյոք դատարանում կամ դատավարական գործողություններ կատարելիս հայցի առարկայի հետ կապված գործին մասնակցող անձանց կողմից հնչեցված դիրքորոշումները կարող են դիտվել որպես արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների տարածում։

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով Ընկերության վկայակոչած տեղեկությունների անհամապատասխանությունն իրականությանը և դրանք գնահատելով` որպես պատիվն ու արժանապատվությունն արատավորող, գտել է, որ դրանք պատասխանողի կողմից տարածելու փաստը չի հիմնավորվել։ Դատարանը պատճառաբանել է նաև, որ արատավորող տեղեկությունները` որպես կողմի գնահատող արտահայտություններ, դատարան են ներկայացվել քաղաքացիական գործի շրջանակներում` հայցադիմումի պատասխանի ձևով, հնչեցվել են հայցվորի ներկայությամբ դատական նիստի ընթացքում (ամփոփվել վճռում), որին բացի կողմերից, ի պաշտոնե ներկա է եղել նաև դատական նիստը նախագահող դատավորը։ Այսինքն` այդ տեղեկությունները հաղորդվել են այն անձին, որին վերաբերել են, դրանց արտահայտման հետևանքով հայցվորները շրջապատի, հանրության առջև չեն նսեմանում։

Հակառակ Դատարանի վերոնշյալ դիրքորոշմանը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով տեղեկություններն արատավորող են համարվում` անկախ դրանց արտահայտման եղանակներից և ձևերից, հետևաբար, անկախ նրանից, թե այդ տեղեկությունները ընդգրկվել են հայցադիմումի պատասխանում, թե հնչեցվել են դատական նիստում, տեղեկությունները տարածված են համարվում, քանի որ դատարանը` որպես դատական իշխանության մարմին, հաղորդակից է դարձել նշված տեղեկություններին։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը, քանի որ այդ տեղեկությունները պատասխանողի կողմից հայտնվել են քաղաքացիական գործի շրջանակներում` հիմնավորելու համար առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի անհիմն լինելը։ Այսինքն` դատարանի կողմից պետք է գնահատման առարկա դարձվեն վերոնշյալ տեղեկությունները, որի արդյունքում դատարանը կամ հաստատված է համարում նշված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հարցը, կամ արձանագրում է դրանց անհամապատասխանությունն իրականությանը։ Նշված երկու դեպքերում էլ անձի արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների տարածման փաստը բացակայում է։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանում կամ դատավարական գործողություններ կատարելիս հայցի առարկայի հետ կապված գործին մասնակցող անձանց կողմից հնչեցված դիրքորոշումները չեն կարող գնահատվել որպես արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների տարածում։

Ինչ վերաբերում է նշված տեղեկություններին դատավորի հաղորդակից դարձվելու Վերաքննիչ դատարանի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ տեղեկությունը տարածված համարելու համար, քանի որ դատավորը` որպես դատական իշխանության մարմին, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս կարող է իրազեկվել բազմաթիվ ու տարատեսակ տեղեկություններին, ինչպես օրինակ` առևտրային, բանկային, ծառայողական գաղտնիքներին, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններին և այլն, որոնք կոնկրետ գործի շրջանակներում կարող են առնչություն ունենալ հայցի առարկայի հետ և հիմք հանդիսանալ կողմի դիրքորոշումը հիմնավորելու համար` համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2010 թվականի վճռին։

2. Վարդան Թեյմուրազյանից և Նունե Մոսիկյանից հօգուտ ««Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան