Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 889-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ՆՄՈՒՇՆԵՐԻ)՝ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.05.24 N 787-Ն)

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.05.24 N 787-Ն)

1. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 30.05.24 N 787-Ն)

2. Սահմանել մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների (նմուշների)՝ պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը հաստատելու մասին» N 722 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 889-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 30.05.24 N 787-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից մարտական և ծառայողական զենքի (այսուհետ՝ զենք) վաճառքի, փոխանցման, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու և դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, տեղափոխելու (փոխադրելու), ոչնչացնելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելու և Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում) հետ կապված հարաբերությունները:

 

2. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

2. Կազմակերպություններն իրավունք ունեն`

1) իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը և դրա փամփուշտները փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների.

2) քաղաքացիական և ծառայողական զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով.

3) առանց թույլտվության ձեռք բերելու զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրում գրանցված ծառայողական զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք օրենքով սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.05.24 N 787-Ն)

3. Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան կազմակերպության ղեկավարի հրամանով։

4․ Կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 30.05.24 N 787-Ն)

5. Կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ կազմակերպություններից: Կազմակերպությունների կողմից ձեռք բերված զենքը կարող է ներկայացվել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան՝ նախնական ստուգողական կրակոց իրականացնելու և արդյունքները գրանցելու նպատակով։

6. Կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել նաև զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:

7. Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների՝ հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կարգը, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը հաստատում է ներքին գործերի բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով մյուս կազմակերպությունների հետ:

 

3. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ

 

8. Կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել զենքի թանգարաններ, ինչպես նաև կազմել և ցուցադրել զենքի հավաքածուներ:

9. Կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցել (վաճառել) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:

10. Կազմակերպությունների թանգարաններ զենք կարող է փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու:

 

4. ԶԵՆՔԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ

 

11. Կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան կազմակերպության ղեկավարի սահմանած կարգով:

12. Կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց մուտքը:

13. Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով:

14. Ըստ զենքի նշանակության՝ դրանք պահելու պահանջները սահմանվում են կազմակերպության ղեկավարի հրամանով։

15. Կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակվելու կամ կորսվելու դեպքերում ներկայացնել զեկուցագիր անմիջական ղեկավարներին։

16. Հափշտակված կամ կորած զենքը կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով` ոստիկանությունից հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:

17. Հափշտակված կամ կորած զենքը՝ կազմակերպություն վերադարձնելու դեպքում ծառայողները կամ աշխատողները պարտավոր են անմիջապես այդ մասին զեկուցագիր ներկայացնել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին:

18. Հափշտակված կամ կորած զենքը կազմակերպություն վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով։

 

5. ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ (ՓՈԽԱԴՐԵԼԸ)

 

19. Զենքի տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում է տրանսպորտային միջոցներով:

20. Զենքը տեղափոխվում (փոխադրվում) է լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, որը պետք է կնքվի կամ կապարակնքվի։

21. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում ուղեկցող խմբի ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել անմիջական ղեկավարին:

 

6. ԶԵՆՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

 

22. Եթե կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) 3 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է ներկայացնում կազմակերպության ղեկավարին` տվյալ տեսակը սպառազինությունից հանելու մասին:

23. Սպառազինությունից հանված, ինչպես նաև օգտագործման ոչ պիտանի զենքը դուրս է գրվում հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության հիման վրա:

24. Եթե կազմակերպությունը տեխնիկապես ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը չի ներառում զենքի հավաքածուում, ապա այն ենթակա է ոչնչացման:

 

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

 

25. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ներկրվում և արտահանվում է՝

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված դեպքերում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:

26. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում՝ հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած կազմակերպությունը զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետը, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահպանման վայրը, զենքի ներկրման, տեղափոխման (փոխադրման) ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:

27. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից ներկրվող զենքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության իրավասու կազմակերպության պատասխանատու ներկայացուցչի կողմից ենթարկվում է մաքսային զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ՝ 5 օրինակից, որից մեկը մնում է մաքսային մարմնում, մեկական օրինակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է մաքսային սահմանային անցակետ:

28. Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև հանգամանքների պարզումը:

29. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավասու կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ:

30. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու կազմակերպությունում:

31. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում պատասխանատու կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

32. Պայմանագրով, հրավերով կամ հայտով կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը։

33. Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ կնքելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին։

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 30.05.24 N 787-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 889-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ՆՄՈՒՇՆԵՐԻ)՝ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարտական զենքի և դրա փամփուշտների (այսուհետ՝ զենք) նոր տեսակների (նմուշների)՝ պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ղեկավարների կողմից սպառազինման ընդունման հետ կապված հարաբերությունները։

2. Կազմակերպությունների սպառազինության մեջ զենքի նոր տեսակներն ընդգրկվում են կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ:

3. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կազմակերպությունների սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու նպատակահարմարության մասին:

4. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

7. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

8. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի քարտուղարի կողմից հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ։

9. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

10. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

11. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի եզրակացությանը:

12. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

13. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

14. Կազմակերպությունների սպառազինության մեջ զենքի նոր տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է առաջարկվող նոր տեսակների տեխնիկական բնութագրերը, օգտագործման կանոնները, պետական ռազմականացված այլ կազմակերպությունների սպառազինությունում ընդգրկված լինելու տեղեկությունները:

15. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել փորձաքննություն, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 889-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումը պատասխանատվություն է կրում զենքի հաշվառման, շարժի, տեխնիկական վիճակի, հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու համար:

3. Կազմակերպությունների սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումները մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը տարեկան հաշվետվություն են ներկայացնում կազմակերպությունների ղեկավարներին։

4. Կազմակերպությունների սպառազինության պահեստ ընդունվող զենքը պետք է լինի լրակազմով և փաթեթավորված:

5. Կազմակերպությունների ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների ղեկավարների հրամանով։

6. Փորձաքննությունների և ուսումնասիրությունների նպատակով ստացված, ինչպես նաև թանգարաններում և քրեագիտական հավաքածուներում ներառված զենքի հաշվառման, պահպանման, ընդունման, հանձնման կարգը սահմանվում է կազմակերպությունների ղեկավարների հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2024, N 787-Ն 31.05.2024, N 889-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան