ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ. ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը,».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ» և «ժէ» ենթակետերով.
«ժե. ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը,
ժզ. ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգը,
ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը.»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 5.1
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 14.1. |
Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) կատարումը, դրանց արդյունքների փորձարկումները |
1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքները իրականացվում են համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:
2. Պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովն իրականացնում է պայմանագրի փուլի աշխատանքների և փորձարկումների արդյունքների ընդունում: Հանձնաժողովը ձևավորվում է պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների ընդունած համատեղ հրամանով:
Հոդված 14.2. |
Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների, փորձանմուշների հանձնման-ընդունման աշխատանքները |
1. Ավարտված ԳՀՓԿԱ արդյունքներն ընդունվում են գնումների մասին օրենսդրության և համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:
2. Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր ընդունած պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:
3. ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումն իրականացվում է որպես պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի և արդյունքն ընդունող պետական շահագրգիռ մարմնի ղեկավարների համատեղ հրամաններով:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-406-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: