ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4969-Ա |
«19» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև ընկերություն) իրավաբանական բաժնի իրավաբան և նույն ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցման հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցման առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որը կայանալու վայրի և ժամանակի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 07/193692-24 գրությամբ ծանուցվել է Ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանը (ծանուցման փոստային առաքանու բեռնային համար՝ LO125480971AM), սակայն լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցմամբ (այսուհետ՝ Դիմում-ծանուցում) Ընկերության ներկայացուցիչը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604 որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին մասը, 1058-րդ հոդվածի 1-ին մասը, 1074-րդ հոդվածի 1-ին մասը, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել Սևակ Հարությունյանի վարած «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2024 թվականի հոկտեմբերի 11-ին փոսն ընկնելու արդյունքում, որպես նշված ավտոմեքենան վնասվելու հետևանքով առաջացած վնաս, վերջինիս հատուցված 585.000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Էդգար Չոբանյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 749248 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Սևակ Հարությունյանի վարած «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 44 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ինքնավթար:
Ընկերության կողմից կազմված՝ «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման 2024 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ Կ/658 հաշվետվության համաձայն՝ վնասվել են ավտոմեքենայի առջևի աջ և հետևի աջ անվադողերը, իսկ ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը, գնահատման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով, կազմել է 735.000 (յոթ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կայացված «Ապահովագրական հատուցման որոշման» համաձայն՝ «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարելիս փոսն ընկնելու արդյունքում առաջացած վնասը ենթակա է հատուցման 585.000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:
«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ «Փոխանցում հաշվին N 35238» վերտառությամբ քաղվածքի համաձայն՝ Ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 25-ին Սևակ Հարությունյանի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցվել է 585.000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Դիմում-ծանուցմանը կից ներկայացվել է «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 5-ին կազմված թիվ 24-00002-EFES-CSO փորձագիտական եզրակացությունը (այսուհետ՝ Եզրակացություն), որի առաջադրանքն է հանդիսացել՝ պարզել տրանսպորտային միջոցի վրա առկա հետքերի համատեղելիությունը ներկայացված վթարի հետ (կատարել հետքաբանական և (կամ) նյութագիտական հետազոտություն):
Եզրակացության «3. Հետևություններ» բաժնի համաձայն՝ փորձագետը, ելնելով փորձաքննությանը տրամադրված ելակետային տվյալներում ամրագրված պատահարին մասնակից «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի առջևի և հետևի անիվների անվադողերի կողային՝ հենքի (կորդ) հատվածներում առկա մեկական, ներսից դեպի դուրս ուղղությամբ դեֆորմացված՝ ճողվածքի տեսքով ուղեկցվող վնասվածքների տեղակայումներից, դեպքի վայրում՝ ճանապարհի երթևեկելի մասում առկա դիտահորի մետաղյա կափարիչը ասֆալտի մակերևույթից մոտ 9սմ դեպի ներքև տեղակայված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտահորի չափային և կառուցվածքային տվյալներից, այդպիսիք համադրելով միմյանց հետ, գտել է, որ «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի առջևի և հետևի անիվների անվադողերի կողային հատվածներում՝ հենքի (կորդ), առկա՝ մեկական ներսից դեպի դուրս ուղղությամբ դեֆորմացված՝ ճողվածքի, տեսքով ուղեկցվող վնասվածքները կարող էին առաջանալ ներկայացված նյութերում ամրագրված հանգամանքներում, այն է՝ «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենան երթևեկության ընթացքում իր աջակողմյան անվադողերով դեպքի վայրում առկա ճանապարհի ասֆալտի մակերևույթից մոտ 9սմ չափով դեպի ներքև դիրքով տեղակայված դիտահորի վրայով անցնելու ընթացքում ասֆալտի եզրային հատվածների հետ անմիջական փոխազդեցության մեջ մտնելու հետևանքով:
Դիմում-ծանուցման առարկայի ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության պայմանագիրը, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես վարձատու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես վարձակալ, բացի այդ՝ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, հետևաբար չեն սպասարկվում Երևանի քաղաքապետարանի կողմից:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն, կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց, Երևան քաղաքին են համարվում փոխանցված Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` նույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):
Կանոնների 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:
Կանոնների 68-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը:
Կանոնների 72-րդ կետի համաձայն՝ շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:
Վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը, որոնց թվում և Դիմում-ծանուցման առարկա պատահարի պատճառ հանդիսացած դիտահորը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չի փոխանցվել Երևան համայնքի սեփականությանը, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության օգտագործման ներքո, հետևաբար դրա արտաքին տեսքի, դրան կից տեղամասի պատշաճ վիճակի ապահովումը և պատշաճ վիճակում շահագործումն ապահովելը գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության պատասխանատվության ներքո և չի առնչվում Երևանի քաղաքապետարանի գործառույթներին, քանի որ այդ մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթները պետության կողմից Երևանի քաղաքապետին չեն վերապահվել:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար քննարկվող պատահարի պատճառ դիտահորի հարակից հատվածի արտաքին վիճակով պայմանավորված ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ինքնավթար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում ևս Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Քննարկվող պարագայում, ելնելով Ընկերության ներկայացուցչի Դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով և Եզրակացությամբ հիմնավորվում է 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարը վարորդի կողմից տեխնիկապես կանխելու անհնարինությունը, թե՞ ոչ,
2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (գործողության կամ անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը,
4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է «Ապահովագրական հատուցման որոշմամբ» Սևակ Հարությունյանին փոխհատուցված 585.000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ պահանջի իրավունք կարող է ձեռք բերվել վնաս պատճառած անձի նկատմամբ, ընդ որում՝ օրենսդիրը հստակեցրել է, թե «այլ անձ» եզրույթը անձանց ինչ շրջանակ է նախատեսում:
Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակային վերլուծությունից, կարելի է փաստել, որ քննարկվող իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետարանը կամ Երևան համայնքը նշված նորմի կարգավորման իմաստով չեն հանդիսանում «այլ անձ», քանի որ Դիմում-ծանուցմանը կից ներկայացված նյութերով, այդ թվում՝ Եզրակացությամբ չի ապացուցվել վնասը Երևանի քաղաքապետարանի կամ Երևան համայնքի մեղքով առաջանալու փաստական հանգամանքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Դիմում-ծանուցման մեջ մեջբերված փաստական հանգամանքների և իրավանորմերի համադրմամբ կարելի է փաստել, որ Ընկերության անունից գումարի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվել է պատահարի տարածքում գտնվող դիտահորը ասֆալտի մակերևույթից մոտ 9սմ չափով դեպի ներքև դիրքով տեղակայված լինելու պատճառով, ինչում վարչական մարմնի մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից կամ իր սեփականությունը հանդիսացող գույքը պատշաճ վիճակում չշահագործելու փաստի քննարկում, ինչը տվյալ պարագայում բացառվում է դիտահորը համայնքային սեփականություն չհանդիսանալու փաստի ուժով, կամ ճանապարհի երթևեկելի հատվածի՝ սահմանված կարգին համապատասխան ասֆալտապատումը չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հարցի քննարկում, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը (հետադարձ պահանջը) հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դիմում-ծանուցմանը կից չեն ներկայացվել 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, այդ թվում՝ ավտոմեքենայի արագության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմում-ծանուցման հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, դիտահորի և դրան հարակից հատվածի վիճակով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել Սևակ Հարությունյանին փոխհատուցված 585.000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի մասով Ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելը, չի հիմնավորվել 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցման առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել փոխադրամիջոցի ավտոտեխնիկական, պատահարի հանգամանքները բացահայտող և այլ բնույթի փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ, 1074-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ Դ-149987-24 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
