ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:».
2) 2-րդ մասի «հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,» բառերը փոխարինել «վճարել սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հատուցում» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված հայցադիմումների քննության արդյունքով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ուժով ծագած հարկադիր պարապուրդի հատուցման պարտականությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-364-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: