19.10.23 N 1814-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
27.06.24 N 965-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 276-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.05.23 N 784-Լ, լրաց. 27.06.24 N 965-Լ)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ 1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։
2. Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) անասնաբուծության ճյուղում` տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով ներդրում իրականացնող, ռեզիդենտ իրավաբանական անձինք (այսուհետ՝ շահառու), որոնք՝
ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,
բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումի ներկայացմանը նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի չվճարված հարկային պարտավորություններ.
3) ներդրումային ծրագիրը գնահատող ֆինանսական կառույցը (այսուհետ՝ ՖԿ).
4) ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները (Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited, ՓրայսուոթերհաուսԿուպերս՝ PricewaterhouseCoopers, Էրնստ ընդ Յանգ Գլոբալ Լիմիտեդ՝ Ernst & Young Global Limited, Քեյ Փի Էմ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթեդ՝ KPMG International Limited), ինչպես նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ՝ ընկերություն).
5) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
(3-րդ կետը փոփ. 29.09.22 N 1500-Լ, 18.05.23 N 784-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 965-Լ)
3.1. Ծրագրի իմաստով՝
1) կապիտալ ներդրումները հիմնական միջոցների ձեռքբերման, ստեղծման, կառուցման, ընդլայնման, վերակառուցման, վերականգնման և վերազինման նպատակով կատարվող ծախսումներն են․
2) հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցներն են (ՀՀՄՍ 16):
(3.1-ին կետը լրաց. 27.06.24 N 965-Լ)
4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների, գյուղատնտեսական կենդանիների աղբի վերամշակման, կերարտադրության կազմակերպման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում չեն ներառվում փոխկապակցված անձանցից (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով) կատարված գնումները, ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպությունից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը, իսկ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) չափով։
(4-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 29.09.22 N 1500-Լ, փոփ., լրաց. 18.05.23 N 784-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ, 27.06.24 N 965-Լ)
4.1. Շահառուի կողմից փաստացի կատարված ներդրումների չափը կարող է տարբերվել ներդրումային ծրագրով ներկայացված չափից՝ պահպանելով ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները և ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները, ընդ որում, ներդրումային ծրագրով ներկայացված ներդրումներից ավելի կատարված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն։
(4.1-ին կետը լրաց. 19.10.23 N 1814-Լ)
5. Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով, ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ընկերության կողմից տրված եզրակացության հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։
(5-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 19.10.23 N 1814-Լ)
6. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 965-Լ)
7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին, Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ (վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույցը և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրված լինեն նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ), ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն)։ Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն։
(7-րդ կետը լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 29.09.22 N 1500-Լ, խմբ. 19.10.23 N 1814-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 965-Լ)
8. Ծրագրի մասնակցության պայմանագիր նախարարությունը կնքում է միայն 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացրած շահառուների հետ՝ դիմումն ստանալու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, պետական աջակցություն կտրամադրվի միայն պայմանագիրը կնքելուց հետո կատարված ներդրումների համար։ Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են պայմանագրով։
(8-րդ կետը փոփ. 29.09.22 N 1500-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ, փոփ. 27.06.24 N 965-Լ)
9. Պայմանագիր կնքելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացման 10-րդ կետում նշված ժամանակահատվածում շահառուն չի կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նույն նպատակի համար նախատեսված աջակցության այլ ծրագրերից, ինչպես նաև չի կարող օտարել ներդրված հիմնական միջոցները` ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ լինելու պահից)՝ 4 տարի (անշարժ գույքի նկատմամբ օտարման սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը ներկայացվում է նախարարություն՝ ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ լինելու պահից)՝ ծրագրի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ)։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (օտարման) սահմանափակումը լիազոր մարմնի կողմից գրանցելուց և վերջինիս կողմից տրամադրված տեղեկանքը նախարարություն ներկայացնելուց հետո կարող է նախարարության համաձայնությամբ գրավադրել ներդրված հիմնական միջոցները, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ներդրումային ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավի (վարկի) պայմանագիրը, որում նաև պետք է ամրագրվի, որ գրավառուն պարտավորվում է վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով ծանուցվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարություն ներկայացնի գրավառուի կողմից տրամադրված տեղեկանք՝ գրավադրումից ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ։
(9-րդ կետը լրաց. 26.05.22 N 819-Լ, փոփ., լրաց. 27.06.24 N 965-Լ)
10. Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 8-րդ կետում նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 3 տարվա ընթացքում (անհաղթահարելի ուժի (արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելը, համաճարակները, երկրաշարժը, ջրհեղեղը) հետևանքով ներդրումային ծրագիրը ժամկետում չավարտելու դեպքում՝ ժամկետը կարող է երկարացվել անհաղթահարելի ուժի ժամկետով՝ նախարարության համաձայնությամբ)։
(10-րդ կետը փոփ., լրաց. 27.06.24 N 965-Լ)
11․ Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով՝
1) ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման եզրակացությունը, ըստ որի՝ շահառուն ծրագրի պահանջներին համապատասխան՝ բոլոր էական առումներով իրականացրել է ներդրումային ծրագիրը՝ սահմանված ժամկետներում ապահովելով ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ցուցանիշները։ Եզրակացությունը պետք է պարտադիր ներառի ծրագրի պահանջների, ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների (ֆիզիկական առկայությունը, նպատակային նշանակության համապատասխանությունը և փաստաթղթային հիմնավորումը (օրինակ՝ անասնաշենքի դեպքում՝ անշարժ գույքի վկայականի առկայությունը, նշանակությամբ անասնաշենք լինելը, գյուղատնտեսական տեխնիկայի կամ տեխնոլոգիական ապահովման սարքավորումների դեպքում՝ ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, գյուղատնտեսական կենդանիների դեպքում՝ անասնաշենքում կենդանիների ֆիզիկական առկայության քանակական համապատասխանությունը, ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, տոհմային կենդանիների դեպքում՝ նաև փաստաթղթային հիմնավորումը, նշված բոլոր դեպքերում՝ կազմակերպության հաշվապահական հաշվեկշռում դրանց ձևակերպումը և այլն), փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների (կատարված ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ կապիտալ ծախսերը, որից առանձնացված՝ շենքեր - շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը, մեկից ավելի ուղղությունների դեպքում՝ ծախսերը նաև առանձին ուղղությունների բացվածքով, փաստացի կատարված ներդրումների համապատասխանությունը ծրագրի 4-րդ կետով կապիտալ ծախսերի համար սահմանված պահանջներին, կատարված ծախսերի փաստաթղթային արժանահավատությունը և դրանց արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ), ինչպես նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված, հիմնական միջոց հանդիսացող մեքենաների, սարքերի և սարքավորումների ցանկը՝ դրանց նույնականացման կոդերով և առկա անասնագլխաքանակի հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև դրանց ցանկը՝ իրականացված համարակալման տվյալներով).
2) ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը.
3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի (օտարման) սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը.
4) բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը.
5) հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումները (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ներդրումների կառուցվածքում չներառելու վերաբերյալ։
(11-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց., փոփ. 19.10.23 N 1814-Լ, խմբ. 27.06.24 N 965-Լ)
11.1. Ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում) ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։
(11.1-ին կետը լրաց. 27.06.24 N 965-Լ)
12. Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) հաջորդ հարկային տարին (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարին) լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման եզրակացությունը (այդ թվում՝ հարկային տարվա (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա) ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն), որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։
(12-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 19.10.23 N 1814-Լ, 27.06.24 N 965-Լ)
13. Փոխհատուցման 1-ին փուլի մերժման համար հիմք է հանդիսանում ընկերության կողմից տրամադրված մոնիթորինգի և գնահատման բացասական եզրակացությունը (ծրագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող) և ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի չներկայացնելը, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը (ծրագրի 12-րդ կետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող), ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած 1/3-ի չափով փոխհատուցման գումարի կրկնակի չգերազանցելը։
(13-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 27.06.24 N 965-Լ)
14. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ (օրացուցային տարին լրանալուց հետո հնգամսյա ժամկետում) շահառուն, անկախ 2-րդ փուլով նախատեսված փոխհատուցման համար դիմելու և գումարը ստանալու հանգամանքից, թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ ներդրումային ծրագրում ներառված տարեկան ցուցանիշների, այդ թվում՝ անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի, նրանց շարժի, մթերատվության վերաբերյալ (թռչնաբուծության դեպքում՝ թռչնագլխաքանակի և մթերատվության վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակի մեկնարկային օրվա դրությամբ)։
(14-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ, 27.06.24 N 965-Լ)
14.1. Նախարարության կողմից 14-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որի ընթացքում ստուգվում են հիմնական միջոցների օտարման դեպքերը, դրանց նպատակային օգտագործումը, ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առկայությունը։ Մոնիթորինգի կողմից արձանագրված, ներդրված հիմնական միջոցների օտարման կամ դրանց ոչ նպատակային օգտագործման կամ ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առնվազն 90 %-ի չափով չապահովման կամ ներդրումային ծրագրի շրջանակում կատարված և փոխհատուցման ներկայացված ներդրումների կառուցվածքում փոխկապակցված անձանցից կամ իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ի հայտ գալու դեպքերում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Շահառուի կողմից 14-րդ կետով սահմանված ժամկետում հաշվետվության չներկայացման դեպքում նախարարության կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին գրավոր ներկայացվում է մեկամսյա ժամկետում հաշվետվության ներկայացման պահանջ։ Սահմանված ժամկետում շահառուի կողմից հաշվետվություն չներկայացնելու դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները երկամսյա ժամկետում (մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից հաշված) ենթակա են վերադարձման պետական բյուջե։
(14.1-ին կետը լրաց. 26.05.22 N 819-Լ, խմբ. 27.06.24 N 965-Լ)
14․2․ Հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով գրավառուի կողմից տրված տեղեկանքը չներկայացնելու, գրավադրումից ստացած ֆինանսական միջոցները ոչ նպատակային օգտագործելու դեպքերում շահառուին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ փոխհատուցում տրամադրված լինելու դեպքում փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։
(14.2-րդ կետը լրաց. 27.06.24 N 965-Լ)
14․3․ Նախարարության հետ կնքված պայմանագրի (8-րդ կետում նշված) գործողության ընթացքում շահառուի սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության դեպքերում 1-ին և 2-րդ փուլերի համար շահառուին փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։
(14.3-րդ կետը լրաց. 27.06.24 N 965-Լ)
15. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
(15-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ)
16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝
1) հանրապետությունում առնվազն 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայություն.
2) անասնաբուծական թարմ և վերամշակված արտադրանքի ծավալների ավելացում.
3) տավարի, խոզի և թռչնի մսի, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում.
4) կաթի որակական հատկանիշների բարելավում.
5) նոր լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.
6) անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ շուրջ 30,0 մլրդ դրամի ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա (կենդանի քաշով) թռչնի միս՝ շուրջ 7,0 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 2000 տոննա խոզի միս՝ միջինը շուրջ 5,7 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 340 տոննա տավարի միս՝ շուրջ 1,0 մլրդ դրամի համախառն արտադրանք և 10000 տոննա կաթ և կաթնամթերք՝ շուրջ 4,3 մլրդ դրամի համախառն արտադրանք։ Արդյունքում՝ թռչնի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով, խոզի մսինը՝ շուրջ 14,5 %-ով, տավարի մսինը՝ շուրջ 0.6 %-ով, իսկ կաթինը՝ 0.2 %-ով։
(16-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 27.06.24 N 965-Լ)
ԳԼՈՒԽ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը լրաց. 19.10.23 N 1814-Լ)
17. Ծրագրի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումների շրջանակում պայմանագրեր կկնքվեն նաև ծրագրի 7-րդ կետում նշված դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ծրագրով սահմանված ընթացակարգով։
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ, փոփ., լրաց. 29.09.22 N 1500-Լ, 18.05.23 N 784-Լ, լրաց., փոփ., խմբ. 19.10.23 N 1814-Լ, 27.06.24 N 965-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական: