ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, |
ՏԴ/0117/01/11 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,
Գ․Մելիք-Սարգսյան Դատավորներ՝ Կ. Ղազարյան Հ․ Տեր-Ադամյան
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի քարտուղարությամբ` մասնակցությամբ դատախազ` դատապարտյալներ` Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Գ. Մղդեսյանի ա. Հովհաննիսյանի Մ. մխիթարյանի հ. կիրակոսյանի
1 սեպտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով տուժող Արտակ Նազարյանի իրավահաջորդներ Հասմիկ Հովհաննիսյանի և Ծովինար Նազարյանի՝ բացառիկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2013 թվականի մայիսի 7-ի դատավճռով, Հակոբ Խորենի Մանուկյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, դատապարտվել է ազատազրկման՝ 10 (տասը) տարի ժամկետով:
Վահագն Վլադիմիրի Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Մխիթար Մանվելի Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի՝ 2011 թվականի մայիսի 26-ի՝ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և նա ազատվել է պատժից:
2․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Մանուկյանի պաշտպաններ Հ.Գևորգյանի և Ա.Ղասաբողլյանի, ամբաստանյալ Վ.Հայրապետյանի պաշտպան Լ.Պողոսյանի, տուժողի իրավահաջորդ Ծ.Նազարյանի ու վերջինիս ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 7-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
3․ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Մանուկյանի պաշտպաններ Հ.Գևորգյանի, Ա.Ղասաբողլյանի, տուժողի իրավահաջորդ Ծ.Նազարյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
4․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) 2022 թվականի նոյեմբերի 8-ին Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ, որով արձանագրվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական պահանջների խախտումներ:
5. 2023 թվականի մայիսի 8-ին տուժողի իրավահաջորդներ Հ.Հովհաննիսյանը և Ծ.Նազարյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 16-ի որոշմամբ հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքաբերները փաստել են, որ Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք է՝ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը վերանայելու համար:
Բողոքաբերները նշել են, որ Եվրոպական դատարանն արձանագրել է տուժող Արտակ Նազարյանի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտումներ, որոնք էլ նոր հանգամանք են Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը բեկանելու և վարույթը համապատասխան ստորադաս դատարան փոխանցելու համար:
6.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Հակոբ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը և գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հակոբ Խորենի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում` որպես գումարտակի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, կոչումով կապիտան, զորամասի հրամանատարի 15.07.2010թ. թիվ 0218 հրամանի համաձայն նշանակված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Լույս», «Հաճն» և թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետերում` որպես նշված հենակետերի պատասխանատու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` ենթակա անձնակազմի շրջանում անառարկելի հեղինակություն ձեռք բերելու, իր անձի թվացյալ կարևորությունն ու գերակայությունը ցուցադրելու, շեշտելու նպատակով, չարաշահելով իշխանությունը և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը` բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադրյալ, նույն գումարտակի 2-րդ հրաձգային վաշտի 1-ին դասակի հրամանատար, թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանի նկատմամբ, որը կատարվել է ենթակա անձնակազմի ներկայությամբ` զուգորդված զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս պատվի և արժանապատվության անպարկեշտ ձևով պարբերական բնույթ կրող ստորացմամբ:
Այսպես, 2010թ. հուլիսի 18-ին «Ղոզլու» կոչվող մարտական հենակետ բերված դիզ. վառելիքը ստանալիս լեյտենանտ Արտակ Նազարյանը հենակետում դրա համար նախատեսված համապատասխան տարայի բացակայության պատճառով դրա մի մասը լցրել է կապիտան Հակոբ Մանուկյանի կողմից հենակետ բերված հյութի պոլիէթիլենային շշի մեջ, որով սովորաբար վերջինս ջուր է խմել: Հակոբ Մանուկյանը տեղեկանալով այդ մասին` հենակետի զինծառայողների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արտակ Նազարյանի հասցեին և պարտադրել, որ մինչև հաջորդ օրը լեյտենանտ Արտակ Նազարյանն իրեն վերադարձնի նույնանման շիշ` սպառնալով, որ չվերադարձնելու դեպքում զինծառայողների շրջանում կհեղինակազրկվի, սակայն մերժել է շիշը բերելու նպատակով հենակետից բացակայելու վերաբերյալ վերջինիս խնդրանքը:
Իրեն ենթակա անձնակազմի շրջանում հեղինակազրկվելու մտավախությունից դրդված, հայտնվելով անելանելի դրության մեջ` լեյտենանտ Արտակ Նազարյանը 19.07.2010թ. ժամը 17։00-ից 18։00-ի սահմաններում, առանց համապատասխան թույլտվության, գնացել է Տավուշի մարզի Չինարի գյուղ` որտեղից գնելով պահանջված շիշը, ժամը 20։00-ից 21։00-ի սահմաններում վերադարձել է հենակետ:
Տեղեկանալով, որ լեյտենանտ Արտակ Նազարյանն առանց թույլտվության բացակայել է հենակետից` Հակոբ Մանուկյանը նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արտակ Նազարյանի հասցեին և ծեծի ենթարկել նրան` բռունցքներով հարվածներ հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին:
Հակոբ Մանուկյանի կողմից դրսևորած վարքագծից ելնելով` լեյտենանտ Արտակ Նազարյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել նրա հասցեին, ինչի կապակցությամբ Հակոբ Մանուկյանը խախտելով ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու` ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0250, 0135 հրամաններով հաստատված «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման կանոնադրության» պահանջները, մարտական հերթապահության հետ չկապված` իր անձնական կարիքների համար, առանց վերադաս հրամանատարությանը զեկուցելու և համապատասխան թույլտվություն ստանալու, հենակետի անձնակազմից` Արման Մնացականյանին և Գարեգին Սայադյանին ուղարկել է «Լույս» կոչվող մարտական հենակետ` «Ղոզլու» կոչվող մարտական հենակետ կանչելու «Լույս» մարտական հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին և նրա ներկայությամբ իր հասցեին տված հայհոյանքի համար պարզաբանում պահանջել լեյտենանտ Արտակ Նազարյանից:
Հակոբ Մանուկյանի գործողությունների արդյունքում նվազել է նշված երկու մարտական հենակետերի մարտական պատրաստվածությունը, ՀՀ Պետական սահմանի պահպանությունն իրականացվել է ոչ լիարժեք, այսինքն` Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու իրական սպառնալիք է ստեղծվել:
Ստանալով պարզաբանումներ` Հակոբ Մանուկյանը նույն օրը ժամը 24։00-ի սահմաններում Վահագն Հայրապետյանի հետ «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի զինծառայողների ներկայությամբ այդ հենակետում որպես ճաշարան օգտագործվող հատվածում կրկին ծեծի է ենթարկել Արտակ Նազարյանին` սեռական բնույթի հայհոյանքներ տալով նրա հասցեին, բռունցքներով, ոտքերով, ծնկով հարվածներ հասցնելով վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Հետագա օրերի ընթացքում նույնպես Հակոբ Մանուկյանը մշտապես Արտակ Նազարյանի հետ խոսել է արհամարհական տոնով, նրա հասցեին արել անպարկեշտ արտահայտություններ, պարբերաբար ծաղրել` ենթակա անձնակազմի ներկայությամբ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
2010թ. հուլիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում «Ղոզլու» մարտական հենակետի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել լեյտենանտ Արտակ Նազարյանի և շարքային Մխիթար Մխիթարյանի միջև, որի ընթացքում վերջինս բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արտակ Նազարյանի հասցեին, հարվածներ հասցրել վերջինիս: Վիճաբանության ձայներ լսելով` Հակոբ Մանուկյանը դուրս է եկել հենակետի գետնատնակից, տեսել շարքային Մխիթար Մխիթարյանին և լեյտենանտ Արտակ Նազարյանին միմյանց քաշքշելիս և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` իր անձի կարևորությունն ու ենթակա անձնակազմի նկատմամբ իր գերակայությունն ի ցույց դնելու նպատակով, ցուցաբերելով իշխանության անգործություն, որպես գումարտակի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 135-136-րդ հոդվածների, ՀՀ Պաշտպանության նախարարի թիվ 0250, 0141 հրամանների և ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքների վարչության պետի 10.06.2004թ. թիվ «5» կարգադրության պահանջները` բավարարվել է ընդամենը նրանով, որ դիմելով լեյտենանտ Արտակ Նազարյանին` ասել է. «Նազարյան, պե՞տք ա խառնվեմ» և, ստանալով վերջինիս բացասական պատասխանը, առանց որևէ միջոց ձեռնարկելու, հեռացել է` դրանից հետո նույնպես որևէ քայլ այդ ուղղությամբ չանելով:
Բացի այդ` քաջատեղյակ լինելով լեյտենանտ Արտակ Նազարյանի մարմնի վրա առկա արյունազեղումների, նրա ծայրահեղ ճնշված հոգեվիճակի մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ լեյտենանտ Արտակ Նազարյանը ծառայողական հարցերի հետ կապված խնդիրներ ունի ենթակա անձնակազմից մի շարք ժամկետային զինծառայողների հետ և գիտակցելով, որ ստեղծված իրավիճակում նա կարող է ինքն իրեն վնաս հասցնել` անտեսելով վերը թվարկված կանոնագրքի, հրամանների և կարգադրության ուղղակի պահանջներով որպես գումարտակի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ իր վրա դրված պարտականությունները, ցուցաբերել է իշխանության անգործություն` ոչինչ չի ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու, ենթակա զինծառայողներին կարգի հրավիրելու և հնարավոր ու կանխատեսելի բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ:
Հակոբ Մանուկյանի կողմից տվյալ պարագայում դրսևորած անգործությունն առաջացրել է էական վնաս, այն է` խաթարվել է հենակետում մարտական ծառայության կրման բնականոն ընթացքը, մարտական հենակետում ծառայություն իրականացնող զինծառայողների շրջանում վարկաբեկվել և հեղինակազրկվել է հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանը, մարտական հենակետում տիրել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, զինծառայողների միջանձնային հարաբերություններ:
2010թ. հուլիսի 26-ին ժամը 23։30-ի սահմաններում հենակետի ծխարանում 2-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Ուդումյանի հասցեին Արտակ Նազարյանի կողմից հայհոյանք տալու կապակցությամբ ծավալված պարզաբանման ընթացքում կապիտան Հակոբ Մանուկյանը դարձյալ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել լեյտենանտ Արտակ Նազարյանի հասցեին, ապտակել վերջինիս` դրանով իսկ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հակոբ Խորենի Մանուկյանի կողմից վերը նկարագրված գործողություններն առաջացրել են ծանր հետևանք, այն է` լեյտենանտ Արտակ Նազարյանը, չկարողանալով կանխել վերջինիս կողմից իր նկատմամբ դրսևորված գործողությունները, ինչպես նաև չհանդուրժելով իր անձի նկատմամբ համածառայող սպայի կողմից դրսևորված վարքագիծը` բռնությունը, պատվի և արժանապատվության ստորացումը, 27.07.2010թ. ժամը 07։50-ի սահմաններում թիվ 12, «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի դիպուկահարի կրակակետի մոտ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր բերանի խոռոչի շրջանում և ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել (…)»1:
7․1․ Վահագն Վլադիմիրի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում` որպես 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2010թ. հուլիսի 16-ից ծառայության նշանակված լինելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի կողմից սպասարկվող «Լույս» կոչվող մարտական հենակետում` որպես հենակետի ավագ, նույն թվականի հուլիսի 19-ին` ժամը 23։30-ի սահմաններում, գումարտակի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանի կանչով եկել է թիվ 12, «Ղոզլու» կոչվող մարտական հենակետ, որտեղ նույն օրը ժամը 24։00-ի սահմաններում, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանին օժանդակելով, վերջինիս հետ հենակետի անձնակազմի ներկայությամբ բռնություն է գործադրել նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար, «Ղոզլու 12» մարտական հենակետի ավագ, կոչումով լեյտենանտ Արտակ Նազարյանի նկատմամբ, բռունցքներով անկանոն հարվածներ հասցրել վերջինիս դեմքին և մարմնի մյուս հատվածներին, ինչն առաջացրել է ծանր հետևանք, այն է` իր անձի նկատմամբ համածառայակից սպաների կողմից դրսևորած անհարգալից վերաբերմունքի, ծաղրանքի և բռնության դրսևորումներից դրդված` լեյտենանտ Արտակ Նազարյանը 27.07.2010թ. ժամը 07։50-ի սահմաններում թիվ 12, «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի դիպուկահարի կրակակետի մոտ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր բերանի խոռոչի շրջանում և ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել (…)»2:
7․2․ Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում` որպես հրաձիգ-նռնակաձիգի օգնական, կոչումով շարքային, 2010թ. հուլիսի 16-ից զորամասի հրամանատարի թիվ 0218 հրամանի համաձայն մարտական հերթապահության ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի կողմից սպասարկվող «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում` այնտեղ իր համար արտոնյալ պայմաններ ապահովելու համար և իր նկատմամբ պետ հանդիսացող նույն հենակետի ավագ, 1-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Արտակ Նազարյանի կողմից իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու հնարավորությունից զրկելու նպատակով, վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել, հայհոյանքներ տվել նրա հասցեին` անպարկեշտ ձևով վիրավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Այսպես, 2010թ. հուլիսի 22-ին ցերեկը հենակետի ճաշարանի դիմաց, երբ լեյտենանտ Արտակ Նազարյանը, կատարելով իր ծառայողական պարտականությունները, շարքային Ադիբեկ Հովհաննիսյանին անպարկեշտ արտահայտություն անելու կապակցությամբ դիտողություն է արել, վերջինս վիճաբանել է նրա հետ և հայհոյանքների զուգորդմամբ ծեծի ենթարկել նրան` այդպիսով ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով Արտակ Նազարյանի նկատմամբ: Նույն օրը երեկոյան` հենակետին հարակից աղբյուրի մոտ լվացվելու ժամանակ Ադիբեկ Հովհաննիսյանը մոտեցել է Արտակ Նազարյանին և հայտնել, որ ինքը պիտի լվացվի: Այդ ժամանակ Արտակ Նազարյանը, կատարելով իր ծառայողական պարտականությունները, փորձել է կարգի հրավիրել նրան, իսկ վերջինս սեռական բնույթի հայհոյանքների զուգորդմամբ ծեծի է ենթարկել Արտակ Նազարյանին` ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ:
2010թ. հուլիսի 25-ին ժամը 22։00-ի սահմաններում հենակետի դիտակետում, նույն օրը ժամը 18։00-ին գետնատնակի դիմաց չնչին առիթով տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ, Ադիբեկ Հովհաննիսյանն իր գերակայությունն ի ցույց դնելու և լեյտենանտ Արտակ Նազարյանի` որպես պետ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու և այդ հարցում նրա կամքը ճնշելու նպատակով դարձյալ ծեծի է ենթարկել վերջինիս` ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Շարքային Ադիբեկ Հովհաննիսյանի վերը թվարկված գործողությունները պատճառել են ծանր հետևանք` 27.07.2010թ.-ին ժամը 07։50-ի սահմաններում լեյտենանտ Արտակ Նազարյանը, չդիմանալով իր նկատմամբ գործադրված բռնություններին և ծաղրուծանակին, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգի փողաբերանը իր բերանի խոռոչում դնելով` կրակ է արձակել, որից տեղում մահացել է: (…)»3:
7․3․ Մխիթար Մանվելի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում` որպես 1-ին ջոկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային, 2010թ. հուլիսի 16-ից զորամասի հրամանատարի թիվ 0218 հրամանի համաձայն մարտական հերթապահության ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի կողմից սպասարկվող «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում, որպես դիտորդ, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկելու` դրանով իսկ ինքնահաստատվելու և իր համար հենակետում արտոնյալ պայմաններ ապահովելու նպատակով նույն թվականի հուլիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին, երբ հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանը, մտնելով ճաշարան, ցանկացել է ճաշել, շարքային Մխիթար Մխիթարյանը թույլ չի տվել Արտակ Նազարյանին նստել սեղանի շուրջ և արհամարհանքով դիմելով վերջինիս` ասել է. «Նազարյան, վրայիցդ հոտ է գալիս, գնա լվացվիր»: Երբ Արտակ Նազարյանը, կատարելով իր ծառայողական պարտականությունները, դիտողություն է արել Մխիթար Մխիթարյանին` փորձելով կարգի հրավիրել նրան, վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ապա նաև գետնատնակի դիմաց ծեծի ենթարկել նրան:
Նույն հերթափոխի ընթացքում` 17.07.2010թ.-ից 27.07.2010թ. ընկած ժամանակահատվածում լեյտենանտ Արտակ Նազարյանի կողմից բջջային հեռախոսի մարտկոցի ինքնաշեն լիցքավորման սարքավորումն ուզելու կապակցությամբ, շարքային Մխիթար Մխիթարյանը կրկին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արտակ Նազարյանի հասցեին, ծեծի ենթարկել նրան` ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Մխիթար Մանվելի Մխիթարյանի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանք, այն է` լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, չկարողանալով կանխել իր նկատմամբ դրսևորված գործողությունները, ինչպես նաև չհանդուրժելով իր անձի նկատմամբ ենթակայի կողմից դրսևորած վարքագիծը` բռնությունը, պատվի և արժանապատվության ստորացումը, 27.07.2010թ. ժամը 07։50-ի սահմաններում թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի դիպուկահարի կրակակետի մոտ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր բերանի խոռոչի շրջանում և ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել (…)»4:
7․4․ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում` որպես դիպուկահար, կոչումով շարքային, 2010թ. հուլիսի 16-ից զորամասի հրամանատարի թիվ 0218 հրամանի համաձայն մարտական հերթապահության ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի կողմից սպասարկվող «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում, նույն թվականի հուլիսի 23-ին` ժամը 15։00-ի սահմաններում հենակետի գետնատնակում տեսնելով, որ լեյտենանտ Արտակ Նազարյանը քնած է, դիտավորյալ նրա հանգիստը խանգարելու նպատակով սկսել է բարձրաձայն բղավել: Երբ լեյտենանտ Արտակ Նազարյանը, իր հանգիստը խանգարելու կապակցությամբ, կատարելով իր ծառայողական պարտականությունները, դիտողություն է արել վերջինիս` Հարութիկ Կիրակոսյանը հայհոյանքներ է տվել Արտակ Նազարյանի հասցեին, ոտքով հարվածել, գցել է գետնատնակի հատակին, որից հետո ընկած վիճակում մի ձեռքով սեղմել է Արտակ Նազարյանի պարանոցը, իսկ մյուս ձեռքով հարվածներ հասցրել վերջինիս գլխին` այդպիսով ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով իր անմիջական պետի` լեյտենանտ Արտակ Նազարյանի նկատմամբ (…)»5:
8. Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի մայիսի 7-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…) Ապացուցված է Հակոբ Խորենի Մանուկյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու մեջ և նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածների սանկցիաներով: (…) Ապացուցված է Վահագն Վլադիմիրի Հայրապետյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ [և] նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի սանկցիայով (…) Ապացուցված է Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ [և] նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի սանկցիայով: (…) Ապացուցված է Մխիթար Մանվելի Մխիթարյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ [և] նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի սանկցիայով: (…) Ապացուցված է Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ [և] նա ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի սանկցիայով»6։
9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ փաստել է. «(…) [Վ]երաքննիչ դատարանը (…) հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված և հաստատված են գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա էր կիրառման (…)»7:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռն արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը վերանայելու հիմք է:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(...)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, (…).
(…)
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»։
Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․
(…)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»։
12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
13. Այսպես, Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է սույն գործով տուժող Արտակ Նազարյանի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճռով արձանագրել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական8 և դատավարական9 պահանջների խախտումներ:
14. Հիմք ընդունելով Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից անձի` Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված համապատասխան իրավունքի խախտման փաստի արձանագրումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը վերանայելու հիմք է:
II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման հիմքերը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մայիսի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:
16. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»10:
Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»11:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա: (…)»:
18. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:
19. Դատական վարույթի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
20. Գործի վերաբացումը Եվրոպական դատարանի կողմից ևս գնահատվում է որպես «restitutio in integrum»-ը հնարավորինս ապահովելու միջոց: Ընդ որում, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հանձնարարականին և համարելով, որ վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ «բացառիկ» հիմքերով, այդպիսիք է համարում հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերը, երբ գործի քննությունն իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում շեշտել է, որ այս դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նաև գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ12:
Այսպիսով, Եվրոպական դատարանի որդեգրած մոտեցման համաձայն` համապատասխան անհատական միջոցառումների կիրառումը, մասնավորապես գործի վերաբացումն անհրաժեշտ է և ըստ այդմ, մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնումը՝ հնարավոր, որպես կանոն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում13:
21. Եվրոպական դատարանը Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է հետևյալը.
«(…) i) Նյութաիրավական պահանջը
131. Ա.Նազարյանը մահանալու ժամանակ եղել է Հայաստանի զինված ուժերի սպա, որն ուներ լեյտենանտի կոչում։
132. Դիմումատուները կասկածի տակ են դրել քրեական գործով քննության պաշտոնական եզրակացությունն առ այն, որ Ա.Նազարյանն ինքնասպանություն է գործել, և պնդել, որ նրան սպանել են (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը): Այդ կապակցությամբ նրանք վկայակոչել են քննության մի շարք սխալներ և անճշտություններ, որոնք ամփոփվել են ավելի վաղ (տե՛ս մասնավորապես վերևում՝ 104-րդ պարբերությունը): Միևնույն ժամանակ իրենց դիտարկումներում դիմումատուները կարծես թե չեն բացառել, որ Ա.Նազարյանն ինքնասպանություն է գործել (տե՛ս վերևում՝102-րդ պարբերությունը)՝ պնդելով, սակայն, որ ոչ մի վարկած՝ սպանություն կամ ինքնասպանություն, վերջնականապես չի հաստատվել ներպետական մարմինների կողմից (տե՛ս վերևում՝ 103-րդ պարբերությունը):
133. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ապացույցի կիրառելի չափանիշը «հիմնավոր կասկածներից վեր» է (տե՛ս վերևում նշված 123-րդ պարբերությունում բերված նախադեպային իրավունքը): Այն նշում է, որ քրեական գործով քննության ընթացքում մի շարք լուրջ անճշտություններ են եղել Ա.Նազարյանի մահվան հետ կապված մի քանի կարևոր հանգամանքների մասով, ինչպիսիք են, օրինակ, նրա դիակի հայտնաբերման վայրը (տե՛ս վերևում՝ 10-րդ և 15-րդ պարբերությունները): Անճշտություններ են եղել նաև դատական ապացույցների առնչությամբ, այդ թվում՝ դիահերձման ժամանակ Ա.Նազարյանի մարմնի վնասվածքների նույնականացման, դիահերձման արձանագրությանը կցված լուսանկարների քանակի (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը) և պարկուճի համարի վերաբերյալ, որը հայտնաբերվել է դեպքի վայրում և ներկայացվել է հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննության (տե՛ս վերևում՝ 17-րդ և 35-րդ պարբերությունները), որոնք բոլորը բացատրվել են ներպետական վարույթի ընթացքում (տե՛ս վերևում՝ 66-րդ և 67-րդ պարբերությունները) և Կառավարության կողմից իրենց դիտարկումներում (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը) որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների արդյունք:
134. Հաշվի առնելով այն անզգուշությունը, որով իրականացվել է քննությունը, և բավարար բացատրությունների բացակայությունը՝ կապված դրա եզրակացությունների վերաբերյալ մի շարք լուրջ անհամապատասխանությունների հետ (տե՛ս ստորև՝ 163-167-րդ պարբերությունները), դիմումատուներին կարելի է ներել պաշտոնական վարկածը լրջորեն կասկածի տակ դնելու և մտածելու համար, որ քննությունը կարող է թաքցնել ավելի չարաբաստիկ բացատրություն, օրինակ՝ սպանություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեկերի [Beker] գործը, § 52): Այնուամենայնիվ, Դատարանի ներկայացրած նյութը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» հաստատել այն վարկածը, որ Ա.Նազարյանի կյանքը դիտավորյալ են խլել (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Բեկերի [Beker] գործը, §§ 45-54 և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև mutatis mutandis Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigárová v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14)։ Այսպիսով, Ա.Նազարյանի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կկրի զուտ ենթադրական բնույթ (տե՛ս mutatis mutandis, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz Yilmazv. Turkey], թիվ 21899/02, § 59, 2008 թվականի հունիսի 17, վերևում հիշատակված Դուրդուի [Durdu] գործը, §§ 59-61, և վերևում հիշատակված` Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, §§ 130-31):
135. Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ա.Նազարյանն ինքնասպանություն է գործել վերադասի և նրա հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից վատ վերաբերմունքի և ոտնձգությունների հետևանքով (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 52-րդ և 68-րդ պարբերությունները): Ինչպես նշվել է վերևում, պետությունը պատասխանատվություն է կրում տուժողի մահվան համար, որին ինքնասպանության են հասցրել զինվորական ծառայության ընթացքում՝ նրան ենթարկելով ծաղրուծանակի և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելով (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը):
(…)
139. Կառավարությունը պնդել է, որ բացի քրեական օրենսդրության համապատասխան դրույթներից՝ ներպետական օրենսդրությունը պարունակում է Հայաստանի զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման վերաբերյալ համապատասխան իրավական դաշտ (տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունը):
140. Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութում չկա որևէ բան, որը ենթադրում է, որ համապատասխան ժամանակաշրջանում զինված ուժերում գոյություն է ունեցել հոգեբանական վիճակի գնահատման և աջակցության որևէ համակարգ, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում նախնական և հետագա հոգեբանական վիճակի զննման, ինքնասպանությունների կանխարգելման և հոգեբանական օգնության առկայության մասով (համեմատե՛ք և հակադրե՛ք վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, §§ 40-56 և 86):
141. Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ Կառավարության կողմից ներկայացված միակ համապատասխան փաստաթուղթը եղել է «Ինքնասպանության կանխարգելման և առողջ բարոյական միջավայրի ապահովման նպատակով ծառայող անձնակազմի հետ աշխատելու մեթոդական ուղեցույցը» (ուղեցույցը տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, դիտարկում է, որ սույն փաստաթուղթը, որը հաստատվել է 2004 թվականին չպարզված օրը, Պաշտպանության նախարարության չպարզված ստորաբաժանման պետի կողմից, ըստ էության, Պաշտպանության նախարարության աշխատակազմում աշխատող պաշտոնյայի կողմից տրված ուղեցույցների լրակազմ է (համադրե՛ք, օրինակ, վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 40): Ավելին, չկա որևէ ապացույց այն մասին, որ որևէ ջանք է գործադրվել այդ ուղեցույցները գործնականում կիրառելու համար:
142. Դատարանը նաև դիտարկում է, որ բովանդակության առումով ուղեցույցը նկարագրում է ինքնասպանության մասով արված հետազոտությունը, այդ թվում՝ դրա հնարավոր պատճառները և արտաքին նշաններն ու բնորոշ ախտանիշները, որոնք դրսևորվում են ինքնասպանություն գործելու վտանգի տակ գտնվող անձանց կողմից: Այն նաև սահմանում է այն չափորոշիչները, որոնք պետք է հաշվի առնվեն ինքնասպանության կանխարգելման նպատակով՝ ծառայող անձնակազմի ստացիոնար բուժման, այդ թվում՝ ինքնասպանության փորձ կատարած կամ այն կատարելու մտադրության մասին հայտարարած ծառայող անձնակազմի շտապ ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս։ Պարզ չէ սակայն, թե կոնկրետ ում է ուղղված ուղեցույցը՝ բուժանձնակազմին, զորամասերի հրամանատարական կազմին, թե այլ անձանց։
143. Ի վերջո, ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ուղեցույցը, inter alia, առաջարկում է ստեղծել մի ծառայություն, որը չի ընդգրկվում զորամասերի անձնակազմում, որը կուսումնասիրի ինքնասպանությունների դեպքերը և կղեկավարվի բժշկի կամ «հոգեբան-սպայի» կողմից։ Այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ այս հանձնարարականը կատարվել է 2004 թվականին ուղեցույցը ներկայացնելուց հետո:
(…):
144․ (…) Դատարանը դիտարկում է, որ ռազմական ուժերում հոգեբանական աջակցության որևէ համակարգի բացակայության պայմաններում Ա.Նազարյանին որևէ հոգեբանական աջակցություն չի տրվել՝ չնայած նրա հոգեբանական խոցելի վիճակին և ինքնասպանության ռիսկի ակնհայտ նշաններին (․․․)։ Ավելին, չունենալով զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված կանոնակարգեր՝ պատասխանատու անձինք չեն ստացել որևէ հրահանգ կամ ուղեցույց, թե ինչպես վարվել իրավիճակի հետ (․․․):
Համապատասխանաբար, առկա նյութերի հիման վրա Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել Ա.Նազարյանի կյանքը պաշտպանելու համար։
145. Դատարանը հաջորդիվ կքննի, թե արդյոք մարմիններն իմացել են կամ պետք է իմանային Ա.Նազարյանի՝ ինքնասպանություն գործելու իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և եթե այո, արդյոք նրանք արել են այն ամենը, ինչ կարելի էր ողջամտության սահմաններում ակնկալել նրանցից՝ այդ ռիսկի նյութականանալուց խուսափելու համար (․․․)։
146. Դատարանն ի սկզբանե նշել է, որ սույն գործում չկա որևէ ապացույց, որը ցույց է տալիս, որ Ա.Նազարյանը երբևէ տառապել է հոգեկան խանգարումով (․․․) կամ ունեցել է ինքնասպանության փորձի կամ ինքնավնասման պատմություն:
147. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ թե՛ քրեական, թե՛ ծառայողական քննության ընթացքում միանշանակ հաստատվել է, որ Ա.Նազարյանը դարձել է ծառայակիցների, այդ թվում՝ իր անմիջական վերադասի և նրա հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից մշտական վատ վերաբերմունքի և նվաստացման զոհ (․․․): Մասնավորապես քննությամբ եզրակացվել է, որ Ա.Նազարյանի ինքնասպանությունն ուղղակիորեն կապված է իր ծառայակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի և նվաստացման հետ (․․․):
148. Ավելին, առկա նյութերից երևում է, որ բազմաթիվ ծառայակիցներ և ժամկետային զինծառայողներ տեղյակ են եղել Ա.Նազարյանի ծառայակիցների, այդ թվում՝ իր հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից Ա.Նազարյանին նվաստացնելու և վատ վերաբերվելու հետևանքով ստեղծված նրա ցածր բարոյահոգեբանական վիճակի մասին, որն ինքնին սկիզբ է առել իր վերադասի՝ կապիտան Հ. Մ.-ի կողմից այլ անձանց ներկայությամբ իր նկատմամբ վատ վերաբերմունքից (․․․)։
149. Մասնավորապես ներքին քննության արդյունքների համաձայն՝ կապիտան Հ.Մ.-ն, լինելով Ա.Նազարյանի անմիջական հրամանատարը, անձնակազմի ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ «դրանով իսկ ոտնահարելով նրա արժանապատվությունը և ռազմաբազայում ստեղծելով անառողջ բարոյական մթնոլորտ», ինչի հետևանքով Ա.Նազարյանը ենթարկվել է վատ վերաբերմունքի իր հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից։ Այդ իրավիճակը թաքցվել է հրամանատարությունից, ինչի հետևանքով Ա.Նազարյանն ինքնամեկուսացվել է, և նրա հոգեբանական վիճակի խաթարումը հասել է կրիտիկական աստիճանի (․․․):
150. Այնուհետև քրեական գործով քննությամբ պարզվել է, որ 2010 թվականի հուլիսի 26-ի դրությամբ ռազմաբազայի զինծառայողներին «ակնհայտ է դարձել», որ Ա.Նազարյանը կարող է ինքն իրեն վնասել, ինչի պատճառով կապիտան Հ. Մ.-ն հրամայել էր, որ Ա.Նազարյանի ինքնաձիգից հանեն զարկանը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը): Սակայն նույնիսկ մինչ այդ՝ 2010 թվականի հուլիսի 19-ին, այսինքն՝ միջադեպից ամենաուշը մեկ շաբաթ առաջ, կապիտան Հ. Մ.-ն և ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն նման կասկածներ են ունեցել այն միջադեպից հետո, որի ժամանակ Ա.Նազարյանի քիթն արնահոսել է նրանց կողմից հարձակման ենթարկվելուց հետո (․․․): Հետևաբար Դատարանը գտնում է, որ ամենաուշը 2010 թվականի հուլիսի 26-ին Ա.Նազարյանի վերադասները գիտեին կամ պետք է իմանային, որ կա իրական և անմիջական վտանգ, որ նա կարող է ինքնասպանություն գործել։
151. Պարզվում է, որ զորամասի հրամանատարական կազմը տեղյակ չի եղել, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ա.Նազարյանը՝ հաշվի առնելով, որ ո՛չ կապիտան Հ.Մ.-ն, ո՛չ ավագ լեյտենանտ Վ.Հ.-ն ոչինչ չեն զեկուցել իրենց վերադասներին։ Իրավիճակին տեղյակ մյուս զինծառայողները (․․․), այդ թվում՝ 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին ճաշարանում զրույցի ժամանակ ներկա գտնվող զինծառայողները (․․․) որևէ պահի չեն զեկուցել զորամասի հրամանատարական կազմին, որ Ա.Նազարյանի մոտ նկատվել է հոգեկան լուրջ խանգարում, և որ հնարավոր է՝ նա ունեցել է ինքնասպանության մտքեր։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համապատասխան պահին ռազմական ուժերում հոգեբանական վիճակի գնահատման և աջակցության որևէ համակարգի բացակայությունը, որի մասին վերևում նշվել է (․․․), պարզ չէ, թե ինչ միջոցներ, եթե այդպիսիք կան, զորամասի հրամանատարական կազմը կարող էր ձեռնարկել, եթե նրանք տեղյակ լինեին իրավիճակի մասին (․․․):
152. Ամեն դեպքում, եթե անգամ բարձրագույն հրամանատարությունը տեղյակ չէր այդ մասին, ապա կապիտան Հ.Մ.-ն՝ ռազմաբազայի համար պատասխանատու անձը և Ա.Նազարյանի անմիջական հրամանատարը, հստակ տեղյակ լինելով վերջինիս ծայրահեղ խոցելի հոգեբանական վիճակի և այն հավանականության մասին, որ նա կարող էր վնասել ինքն իրեն հիմնականում իր կողմից գործադրված բռնության հետևանքով, ոչ միայն չի զեկուցել այդ մասին, այլև միջոցներ չի ձեռնարկել Ա.Նազարյանի կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար։ Ավելին, կապիտան Հ.Մ.-ն 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին կրկին նվաստացրել է Ա.Նազարյանին՝ սպառնալով էլ ավելի նվաստացնել նրան՝ «պատվի դատարան» կազմակերպելու միջոցով (․․․): Համենայն դեպս առկա նյութերից ոչինչ չի վկայում այն մասին, որ որևէ այլ բան ևս տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին տեղի ունեցած ակնհայտ խոսակցության և հաջորդ առավոտվա միջև ընկած ժամանակահատվածում, երբ Ա.Նազարյանին մահացած են գտել:
153.Վերջապես, Կառավարության պնդումներից պարզ չէ, թե արդյոք Հ.Մ.-ի՝ Ա.Նազարյանի ինքնաձիգից զարկանը հանելու հրամանը, նրանց կարծիքով, համապատասխան արձագանք էր վերջինիս ծայրահեղ հոգեկան խանգարման և ինքնասպանության մտադրության նշաններին։ Կառավարությունը նույնիսկ ենթադրել է, որ նման հրամանը հակասում է ակտիվ մարտական հերթապահության կանոններին (․․․): Ավելին, Հ. Մ.-ն ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ ապահովելու, որ իր հրամանն իրականում կատարվել է։
154. (․․․) Դատարանը գտնում է, որ պետությունը չի կատարել համապատասխան քայլեր ձեռնարկելու իր դրական պարտավորությունը՝ Ա.Նազարյանի կյանքը զինվորական ծառայության ընթացքում պաշտպանելու համար։
155. (․․․) Հաշվի առնելով վերոնշյալ (․․․) շարադրված եզրակացությունները՝ Դատարանը եզրակացնում է, որ պետությունը չի ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու Ա.Նազարյանի կյանքին սպառնացող ակնհայտ վտանգի նյութականացումը։
(․․․) Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական պահանջի խախտում:
ii) Դատավարական պահանջը
157. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պահանջին համապատասխանությունը գնահատվում է մի քանի էական պարամետրերի՝ քննչական միջոցառումների համարժեքության, քննության արագության, մահացածի ընտանիքի ներգրավվածության և քննության անկախության հիման վրա։
Այս տարրերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, ինքնանպատակ չէ: Դրանք չափորոշիչներ են, որոնք համատեղ հնարավորություն են տալիս գնահատել քննության արդյունավետության աստիճանը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey], § 225): Հաշվի առնելով սա՝ Դատարանը կշարունակի ուսումնասիրել այդ տարրերը սույն գործով իրականացված քրեական գործով քննության մասով` սկսած դրա արագությունից:
1) Քննության արագությունը
158. Դատարանը նշում է, որ Ա.Նազարյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է անմիջապես դեպքի օրը՝ 2010 թվականի հուլիսի 27-ին, և որ Քննչական ծառայությունն իր նախաձեռնությամբ օպերատիվ կերպով քննություն է սկսել՝ նույն օրը ձեռնարկելով նախնական քննչական միջոցառումներ (տե՛ս վերևում՝ 8-11-րդ պարբերությունները)։
159. Ա.Նազարյանի ծառայակիցների նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման պատճառ դարձած քննությունն ավարտվել է մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները), և դատարանների կողմից գործի քննությունն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերին (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը), այսինքն՝ հետագա երկու տարվա ընթացքում:
160. Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և քննությունն անհիմն չի ձգձգվել։
2) Քննության համապատասխանությունը
161. Ի սկզբանե պետք է դիտարկել, որ մարմինները մի շարք քննչական միջոցառումներ են ձեռնարկել տվյալ իրադարձություններին առնչվող ապացույցներ հավաքելու համար։ Իրոք, ինչպես նշել է Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը), մարմինները հարցաքննել են մեծ թվով վկաների, ձեռնարկել են տարբեր քննչական միջոցառումներ, այդ թվում՝ դեպքի օրը՝ ապացույցներ ապահովելու նպատակով, և նշանակել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
162. Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 126-րդ պարբերությունը), ինչը, Դատարանի կարծիքով, չի եղել Ա.Նազարյանի մահվան հանգամանքների քննության դեպքում հաջորդող պատճառներով։
163. Դատարանը նշում է, որ Պաշտպանության նախարարության կողմից 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան զորամասի հրամանատարական կազմից ստացված դեպքի մասին հաղորդման և դեպքի վայրի մասով դեպքի վայրի զննության արձանագրության միջև կա անհամապատասխանություն այն առումով, որ առաջինը հայտնում է, որ Ա.Նազարյանն ինքն իրեն կրակել է խրամատում, իսկ վերջինս նշում է, որ դին հայտնաբերվել է թիվ 12 ռազմաբազայի տարածքում գտնվող քարի կողքին (տե՛ս վերևում՝ 10-րդ և 15-րդ պարբերությունները): Կառավարությունն այդ կապակցությամբ հայտնել է, որ կապիտան Հ. Մ.-ն, Ա. Մկ.-ն, Գ. Ս.-ն, Հ. Ն.-ն, Ա. Հ.-ն, Ա. Մ.-ն և Մ. Մ.-ն վկայի իրենց ցուցմունքներում պնդել են, որ նրանք դին տեսել են քարի կողքին, ինչպես նշված է հանցագործության վայրի զննության արձանագրության մեջ, և որ Ս. Գ.-ն պարզաբանել է հարցը դատաքննության ընթացքում հարցաքննվելիս (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Դատարանը դիտարկում է, այնուամենայնիվ, որ կապիտան Հ. Մ.-ի, Ա. Մկ.-ի, Գ. Ս.-ի, Հ. Ն.-ի, Ա. Հ.-ի, Ա. Մ.-ի և Մ. Մ.-ի՝ Դատարան ներկայացրած ցուցմունքներում ոչինչ չկա, որից կարելի էր ենթադրել, որ նրանց հատուկ հարցրել են դիակի գտնվելու վայրի մասին: Պարզ չէ, թե զորամասի որ հրամանատարն է այդ հաղորդումն ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Ամեն դեպքում Կառավարության կողմից նշված բոլոր վկաներից միայն նույն զորամասի հրամանատար Ս.Գ.-ն էր, որին հարցրել են դատաքննության ընթացքում տվյալ անհամապատասխանության մասին (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում այն մասին, որ Կառավարության կողմից վկայակոչված մյուս վկաները դատաքննության ընթացքում հաստատել են դեպքի վայրի վերաբերյալ իրենց ենթադրյալ մինչդատական ցուցմունքները։
164. Դատարանն այնուհետև նշում է, որ դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ քննիչն առգրավել է 78-09 համարները կրող պարկուճ, որը հայտնաբերվել է գետնին՝ դիակի մոտ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Այնուհետև պարկուճը և Ա.Նազարյանի ինքնաձիգը ներկայացվել են համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի դատաբժշկական փորձաքննության (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի փորձաքննության ավարտից հետո տրված զեկույցում նշվում էր փորձագետներին ներկայացված պարկուճի նույնականացման մեկ այլ համար, այն է՝ 60-78 (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը): Կառավարությունը երկու թվերի միջև եղած անհամապատասխանությունը բացատրել է որպես «մեխանիկական սխալ»՝ պնդելով, որ քննիչը շրջել է պարկուճը, և դրա վրա նշված 60 թիվը նման է եղել 09-ին (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Դատարանը, սակայն, դիտարկում է, որ այս բացատրությունը գործի նյութերում որևէ տեղ չկա։ Հետևաբար և որևէ հիմնավոր ապացույցի բացակայության դեպքում, քննության ընթացքում հավաքված դատահրազենագիտական ապացույցների հետ կապված նման կարևոր անճշտության վերաբերյալ Կառավարության առաջարկած բացատրությունը չի կարող բավարար համարվել:
165. Համաձայն դիահերձման եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք ոչ հրազենային վնասվածքներ, այդ թվում՝ աջ այտի, ստորին ծնոտի քերծվածքներ և մաստոիդային գործընթաց, աջ ձեռքի վերին հատվածում կապտուկներ և կրծքավանդակի ձախ կողմի, ձախ ձեռքի վերին հատվածի, ձախ ձեռքի արմունկի, ձախ ձեռքի նախաբազկի, ձախ ազդրի և աջ ձեռքի դաստակի հինգերորդ մատի շրջանում քերծվածքներ (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Դատարանը դիտարկում է, որ այդ վնասվածքների մասով համապատասխան բացատրություն չի տրվել։ Այն նաև նշում է, որ դատաքննության ընթացքում դատաբժշկական փորձագետը վկայել է, որ դիահերձման ժամանակ աջ դաստակի հինգերորդ մատի հատվածում երբեք քերծվածք չի հայտնաբերվել, և որ դիահերձման արձանագրության մեջ այդ վնասվածքի մասին նշումը եղել է «մեխանիկական սխալ»-ի արդյունք (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը)։ Իր հերթին Կառավարությունը հիմնվել է դատաբժշկական փորձագետի վկայության վրա՝ նշելով, որ այդ առումով թյուրիմացություն է եղել, որը բխում է փորձագետի սխալից (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Թեև դիահերձման ընթացքում հայտնաբերված վնասվածքի անտեսումը կամ դրա մասին չհիշատակելը որոշ չափով կարող է դիտարկվել որպես հավանական սցենար, այնուամենայնիվ, Դատարանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարող է դիահերձման արձանագրությունում հստակորեն նշված լինել մարմնի կոնկրետ մասի կոնկրետ վնասվածքի մասին, որն առաջացել է «մեխանիկական սխալի» արդյունքում, եթե իրականում փորձագետի կողմից նման վնասվածք չի հայտնաբերվել։
Բացի այդ, դիահերձման արձանագրության վերջում նշվել է, որ կցվել է տասնինը լուսանկար, մինչդեռ, ինչպես ցույց են տվել դիմումատուները դատաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը), արձանագրությանը կցվել է ընդամենը տասնվեց լուսանկար: Այս փաստը նույնպես բացատրվել է որպես սխալ (տե՛ս վերևում՝ 66-րդ և 112-րդ պարբերությունները):
166. Դատարանը նաև նշում է, որ դեպքի վայրի զննության ընթացքում քննիչը մի շարք գործողություններ է կատարել Ա.Նազարյանի ինքնաձիգով, այն է՝ հանցագործության մեջ կասկածվող գործիքով։ Մասնավորապես նա հանել է պահունակը և դատարկել այն, արձակել փորձնական կրակոց և փակել ձգանի պաշտպանիչը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Արդյունքում ինքնաձիգը չի ներկայացվել դատահրազենագիտական, հետքաբանական և մատնահետքի փորձաքննության այն նախնական վիճակում, որով այն հայտնաբերվել է դեպքի վայրում, այդ թվում՝ առկա մատնահետքերով: Իհարկե, ինչպես նշված է հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննության արձանագրությունում, ներկայացված ինքնաձիգի «մակերեսի որոշ մասերի» վրա հայտնաբերվել են միայն «քրտինքի և ճարպի հետքեր», որոնք համապատասխան չեն համեմատական փորձաքննությանը (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)։ Այսինքն՝ քննիչի գործողությունները փորձագետների համար անհնարին են դարձրել իրենց հանձնված ինքնաձիգի վրա հայտնաբերել մատնահետքեր, այդ թվում՝ Ա.Նազարյանին պատկանող մատնահետքեր։ Կառավարությունը բացատրել է քննիչի գործողությունները դեպքի վայրի զննության ժամանակ, մասնավորապես՝ պահունակի հեռացումը և փորձնական կրակոցը որպես անվտանգության նկատառումներ (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նման փաստարկը ողջամտորեն չի կարող ընդունվել հանցագործության վայրի քննության համատեքստում:
167. Բացի այդ, թեև ի վերջո եզրակացություն արվեց, որ Ա.Նազարյանն ինքնասպանություն է գործել՝ իր ինքնաձիգից կրակոց արձակելով բերանին (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, քննությամբ չի բացատրվել այն փաստը, որ ոչ մի փամփուշտ չի բացակայել այն պահունակից, որով լիցքավորված է եղել նրա ինքնաձիգը։ Մասնավորապես դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ քննիչը առգրավել է երեսուն փամփուշտ տարողունակությամբ պահունակ, որի մեջ հայտնաբերվել է նաև քսանինը փամփուշտ՝ բացի լիցքաթափման արդյունքում դուրս եկած փամփուշտներից (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): 2010 թվականի հուլիսի 28-ի՝ հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննություն նշանակելու մասին իր որոշման մեջ քննիչը փորձագետներից պահանջել է, inter alia, պարզել, թե արդյոք երեսուն փամփուշտ տարողունակությամբ պահունակը կարող էր լիցքավորված լինել երեսունմեկ փամփուշտով, ինչին ի պատասխան՝ փորձագետներն իրենց արձանագրությունում դրական են պատասխանել (տե՛ս վերևում՝ 17-րդ և 35-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, քննության ընթացքում վերջնականապես չի պարզվել, թե արդյոք տվյալ պահունակն իրականում լիցքավորված է եղել երեսունմեկ փամփուշտով այն ժամանակ, երբ Ա.Նազարյանի երեք պահեստային պահունակները, որոնք ավելի վաղ առգրավվել էին քննիչի կողմից, յուրաքանչյուրն ակնհայտորեն լիցքավորված է եղել երեսուն փամփուշտով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):
168. Դատարանը դիտարկում է, որ քննության սկզբնական օրերին և որոշ դեպքերում՝ հաջորդ օրերին, վկաների կողմից մինչդատական ցուցմունքների մեծ մասը ստացվել է վկաներից, այդ թվում՝ հետագայում մեղադրվող անձանցից, որոնք գտնվում էին զինվորական կալանքի տակ «ներքին ծառայության կանոնները» խախտելու համար (տե՛ս վերևում՝ 19-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ և 30-րդ պարբերությունները)։ Չնայած 2010 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Ա.Նազարյանի ծառայակիցների կարգապահական մեկուսացման առնչությամբ փաստաթղթային ապացույցներ տրամադրելու Դատարանի կոնկրետ պահանջին՝ Կառավարությունն ընդամենը տրամադրել է Ս. Գ.-ի 2010 թվականի հուլիսի 27-ի և 28-ի հրամանների պատճենները, որոնցից միայն վերջինն էր վերաբերում թիվ 12 ռազմաբազայի անձնակազմի կարգապահական մեկուսացմանը տարբեր ժամկետներով, որոնք տատանվում են երեքից տասը օր (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Չնայած այդ փաստին՝ Կառավարությունը չի վիճարկել, որ 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանի համաձայն զինծառայողների զինվորական կալանքից հետո զինծառայողների մեկուսացման առնվազն երկու դեպք է գրանցվել (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 25-րդ և 30-րդ պարբերությունները): Դատարանը նաև դիտարկում է, որ դատաքննության ընթացքում ներկայացվել են որոշակի ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ զինծառայողների զինվորական կալանքը տևել է շատ ավելի երկար, քան 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանում նշված ժամկետը (տե՛ս վերևում, օրինակ՝ 64-րդ պարբերությունում դատաքննության ընթացքում Ա. Մկ.-ի կողմից տրված վկայությունը), և որ հավանաբար կալանքի տակ գտնվելու ընթացքում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել (տե՛ս վերևում՝ 57-րդ և 61-րդ պարբերությունները): Չնայած դրան՝ Մարզային դատարանը մերժել է երկրորդ դիմումատուի պահանջը, այն է՝ չընդունել Ա.Նազարյանի ծառայակիցների զինվորական կալանքի ժամանակ ձեռք բերված վկայի ցուցմունքները՝ առանց որևէ կոնկրետ պատճառաբանության (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը)։
169. Առկա են դիմումատուների կողմից բարձրացված և հետագայում Կառավարության կողմից քննարկված մի շարք այլ խնդիրներ (տե՛ս վերևում՝ 104-րդ և 112-րդ պարբերությունները), ինչպես, օրինակ՝ դեպքի վայրի զննության արձանագրության սխալ ամսաթիվը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) և Ա.Նազարյանի՝ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտված արյան նմուշում ալկոհոլի առկայության հիմնավոր բացատրության բացակայությունը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը):
170. Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, արդեն մանրամասնորեն քննված կոպիտ թերությունները (տե՛ս վերևում՝ 163-168-րդ պարբերությունները) բավարար են, որ այն լրջորեն կասկածի տակ դնի ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը: Հետևաբար կարիք չկա լրացուցիչ ուսումնասիրել կողմերի կողմից իրենց ներկայացրած փաստաթղթերում քննարկված մյուս տարրերը:
3) Մահացածի հարազատների մասնակցությունը քննությանը
171. Դատարանը նշում է, որ քննության սկզբից առաջին դիմումատուին շնորհվել է տուժողի կարգավիճակ, և նրան հաջորդել է երկրորդ դիմումատուն (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), և ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուները չեն տեղեկացվել քննության ընթացքում ձեռնարկվող քայլերի մասին (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 99): Բացի այդ, քննության ավարտից հետո դիմումատուներին տրամադրվել են գործի ամբողջ նյութերը (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը):
172. Դիմումատուները մասնավորապես բողոքել են, որ մարմինները մերժել են Ա.Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերի պատճենները տրամադրելու վերաբերյալ առաջին դիմումատուի պահանջը, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ էր (տե՛ս վերևում՝ 106-րդ պարբերությունը):
173. Դատարանը վերահաստատում է, որ քանի որ խոսքը մահացածների ընտանիքների համար քննության մատչելիության և բավարար հանրային վերահսկողության առկայության մասին է, ուստի ընթացակարգային պարտավորությամբ դիմումատուներից չի պահանջվում շարունակական հետաքննության ընթացքում ունենալ ոստիկանության գործերին կամ բոլոր փաստաթղթերի պատճեններին հասանելիությունը, կամ, որ նրանց հետ խորհրդակցեն կամ տեղեկացնեն յուրաքանչյուր քայլի մասին (տե՛ս Գյուրտեկինը և այլք ընդդեմ Կիպրոսի [Gürtekin and Others v. Cyprus] (որոշում), թիվ 60441/13 և մյուս 2 թվերը, § 29, 2014 թվականի մարտի 11, հաջորդող հղումների հետ միասին):
174. Դատարանը դիտարկում է, որ 2010 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին դիմումատուն քննիչից պահանջել է տրամադրել փաստաթղթերի պատճեններ, որոնք պարունակում են Ա.Նազարյանի ձեռագրի նմուշները, այդ թվում՝ նրա նոթատետրում եղած նմուշները, որը կապիտան Հ. Մ.-ն վերցրել էր նրա գրպանից դեպքի օրը և ներկայացրել քննիչին մոտավորապես երկու շաբաթ անց (տե՛ս վերևում՝ 9-րդ և 31-րդ պարբերությունները): Առաջին դիմումատուն այդ պահանջի հետ կապված նշել է, որ մտադիր է այդ փաստաթղթերը ներկայացնել արտասահմանում գտնվող դատաձեռագրաբանական փորձագետներին՝ իր որդու նոթատետրում գրառումների իսկությունը վիճարկելու նպատակով (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 40-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ քննիչը մերժել է առաջին դիմումատուի խնդրանքը՝ հղում կատարելով ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և 201-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս վերևում՝ 84-րդ, 85-րդ և 41-րդ պարբերությունները):
175. Դատարանը նշում է, որ տվյալ պահին գործող ներպետական քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ տուժողն իրավունք ուներ քննության ավարտից հետո ուսումնասիրելու գործի նյութերի ամբողջությունը (ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ, տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը), և քննիչը որոշել է, թե արդյոք հրապարակի քննությանն առնչվող տեղեկությունները, թե՝ ոչ (ՔԴՕ-ի 201-րդ հոդվածի 1-ին մաս, տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը): Այն նաև նշում է, որ երբ առաջին դիմումատուի կողմից գանգատը ներկայացվել է Սահմանադրական դատարան, պարզվել է, որ ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 201-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչի լիազորությունները բացարձակ չեն և պետք է իրականացվեն՝ ելնելով հետաքննության շահերից (տե՛ս վերևում՝ 88-րդ պարբերությունը):
176. Կառավարությունը պնդել է, որ քննիչը չի գտել, որ քննության շահերից է բխում Ա.Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերի բացահայտումը, քանի որ դրանք վերաբերում էին վկաներին և մեղադրյալներին, որոնց առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր (տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը): Դատարանը, սակայն, նշում է, որ քննիչը 2010 թվականի նոյեմբերի 4-ի իր որոշման մեջ այն հիմք չի ընդունել։ Փաստորեն, քննիչը չի վկայակոչել քննության շահերին առնչվող որևէ կոնկրետ հիմք, այլ վկայակոչել է ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 201-րդ հոդվածի 1-ին կետը` ներկայացնելու, որ քննության ընթացքում հավաքված տեղեկությունները նախքան քննության ավարտը ենթակա չեն բացահայտման (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։
177. Դատարանը վերահաստատում է, որ հանրության կամ տուժողի հարազատների կողմից անհրաժեշտ հասանելիությունը կարող է ապահովվել ընթացակարգի այլ փուլերում (տե՛ս վերևում հիշատակված՝ Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [Giuliani and Gaggio], § 304): Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում դիմումատուների համար օբյեկտիվորեն անհնար կլիներ ձեռք բերել դատական փորձագիտական ապացույցներ, առավել ևս արտերկրից, գործի նյութերը նրանց տրամադրելու ժամանակ ընկած կարճ ժամանակահատվածում, այսինքն՝ 2011 թվականի հունիսի վերջին, և այն ժամանակ, երբ մեղադրական եզրակացությունը վերջնական տեսքի է բերվել 2011 թվականի օգոստոսի սկզբին (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները), իսկ դրանից կարճ ժամանակ անց գործն ուղարկվել է գործը քննող դատարան։ Ուստի այն փաստը, որ նրանց ի վերջո տրամադրվել են պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ նոթատետրը, այլևս չէր կարող շտկել իրավիճակը։
178. Դատարանը գտնում է, որ այս հանգամանքներում Ա.Նազարյանի նոթատետրը, որը պարունակում էր իր կողմից գրված ինքնասպանության մասին գրություն, առգրավվել է նրա մահից անմիջապես հետո կապիտան Գ. Մ.-ի կողմից (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը), մեղադրյալներից մեկի և վատ վերաբերմունք ցուցաբերած հանցագործություն կատարած հիմնական անձի կողմից, ինչպես նաև վերադարձվել է միայն երկու շաբաթ անց (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը), դիմումատուների համար իրավաչափ է համարվել, որպեսզի վերջիններս վիճարկեն, թե արդյոք նոթատետրի հետ ներկայացված ինքնասպանության մասին գրառումը պարունակող պատառոտված թուղթն իրոք գրված է եղել Ա.Նազարյանի, այլ ոչ թե ուրիշի կողմից: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, արտերկրում դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացությունն ստանալու համար անհրաժեշտ նյութեր տրամադրելու պահանջը մերժվել է առանց որևէ կոնկրետ պատճառաբանության, և հարցը չի կարող շտկվել այն բանից հետո, երբ դիմումատուները քննության ավարտին կարողացել են ծանոթանալ գործի նյութին:
179. Ավելին, Դատարանը նշում է, որ ո՛չ Մարզային դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը (տե՛ս վերևում՝ 71-րդ և 72-րդ պարբերությունները) չեն բավարարել դիմումատուների կողմից դատաքննության ընթացքում ներկայացված որևէ խնդրանք կամ փաստարկ (տե՛ս վերևում՝ 56-րդ, 66-րդ և 68-րդ պարբերությունները)։
180. Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմումատուների ներգրավվածությունը ընթացակարգին չի ապահովվել այն չափով, որքանով անհրաժեշտ էր նրանց օրինական շահերը պաշտպանելու համար (տե՛ս Ցինցաբաձեն ընդդեմ Վրաստանի [Tsintsabadze v. Georgia], թիվ 35403/06, § 76, 2011 թվականի փետրվարի 15, և Ալիևան և Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Aliyeva and Aliyev v. Azerbaijan], թիվ 35587/08, § 70, 2014 թվականի հուլիսի 31)։
4) Քննության անկախությունը
181. Ի վերջո, դիմումատուները բողոքել են, որ Ա.Նազարյանի մահվան գործով քննությունն անկախ չի եղել, քանի որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն աշխատում էին Պաշտպանության նախարարությունում (տե՛ս վերևում`105-րդ պարբերությունը):
182. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով չի պահանջվում, որ քննության համար պատասխանատու անձինք և մարմինները պետք է օգտվեն բացարձակ անկախությունից, այլ այն, որ նրանք պետք է բավականաչափ անկախ լինեն այն անձանցից և կառույցներից, որոնց պատասխանատվությանը, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է կատարվելու (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռամսահայը և այլք [Ramsahai and Others], §§ 343-44):
183. Այս առնչությամբ Դատարանը դիտարկում է, որ թեև տվյալ պահին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն ընդգրկված էր Պաշտպանության նախարարության կառուցվածքում, այնուամենայնիվ, այն իր ապարատից դուրս առանձին մարմին էր (տե՛ս վերևում`87-րդ պարբերությունը): Հետևաբար Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն աստիճանակարգային ենթակայության սկզբունքներով զինվորական կառույցի մաս չեն կազմել։ Միայն այն փաստը, որ պաշտպանության նախարարը իրականացրել է քննչական ծառայության ընդհանուր կառավարումը և հաստատել նրա աշխատավարձերի չափերն ու աշխատակիցների թիվը, բավարար չէ նրա քննիչների կանոնադրական կամ ինստիտուցիոնալ անկախությունը կասկածի տակ դնելու համար։
184. Բացի այդ, Դատարանը նշում է, որ ոչինչ չի ենթադրում, որ Ա.Նազարյանի մահվան հանգամանքների քննությունն իրականացնող քննիչը որևէ կապ կամ աշխատանքային հարաբերություններ է ունեցել զորամասի զինծառայողների, այդ թվում՝ տվյալ իրադարձություններին ներգրավված անձանց հետ (տե՛ս վերևում հիշատակված, mutatis mutandis, Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey], § 238)։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ քննիչի վարքագիծն անկողմնակալության բացակայության ակնհայտ ապացույց էր, ինչպես օրինակ՝ քննությունն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր քննչական քայլերը չկատարելը (նույն տեղում, § 227, հաջորդող հղումների հետ միասին):
185. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ սույն գործով Պաշտպանության նախարարության վեցերորդ կայազորային քննչական ծառայության կողմից իրականացված քրեական գործով քննությունը բավականաչափ անկախ է եղել։
5) Եզրակացությունը
186. Հաշվի առնելով իր վերոնշյալ եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 170-րդ և 180-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ այս գործով իրականացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել ապահովել դիմումատուների ներգրավվածությունը դրանում բավարար չափով՝ նրանց շահերը պաշտպանելու և նրանց իրավունքներն արդյունավետորեն իրացնելու հնարավորություն ընձեռելու համար։
187. Այստեղից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջի խախտում։ (…)»14:
22. Սույն որոշման 7-9-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 16-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների, Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև Եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է նյութական և քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնցով լրջորեն կասկածի տակ է դրվել ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը, սակայն, միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը կասկածի տակ չի դրել ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված՝ սույն գործով դատապարտված անձանց հանցավոր արարքների հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչպես նաև դատապարտյալների արարքներին տրված քրեաիրավական գնահատականները։
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները վերաբերել են՝
- սույն վարույթի քննության առարկա դեպքերի ժամանակահատվածում զինված ուժերում հոգեբանական վիճակի գնահատման և աջակցության, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում նախնական և հետագա հոգեբանական վիճակի զննման, ինքնասպանությունների կանխարգելման և հոգեբանական օգնության առկայության մասով, որևէ համակարգի բացակայությանը15,
- պետության կողմից Ա.Նազարյանի կյանքը զինվորական ծառայության ընթացքում պաշտպանելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելուն ուղղված իր դրական պարտավորությունը չկատարելուն16,
- Ա.Նազարյանի կյանքին սպառնացող ակնհայտ վտանգի նյութականացումը կանխելուն ուղղված համապատասխան և արդյունավետ միջոցներ չձեռնարկելուն17,
- քրեական գործով քննության ընթացքում մի շարք լուրջ անճշտությունների առկայությանը՝ կապված Ա.Նազարյանի դիակի հայտնաբերման վայրի, դիահերձման ժամանակ նրա մարմնի վնասվածքների նույնականացման, դիահերձման արձանագրությանը կցված լուսանկարների քանակի և դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի համարի հետ, որոնք բացատրվել են ներպետական վարույթի ընթացքում որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների արդյունք18։
- արձանագրված կոպիտ թերությունների հիման վրա ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը լրջորեն կասկածի տակ դնելուն19:
Բացի այդ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրականացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել բավարար չափով ապահովել դիմումատուների ներգրավվածությունը դրանում՝ նրանց շահերը պաշտպանելու և նրանց իրավունքներն արդյունավետորեն իրացնելու հնարավորություն ընձեռելու համար20։
Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ քրեական գործով քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, անհիմն չի ձգձգվել, բավականաչափ անկախ է եղել21։
Անդրադառնալով Ա.Նազարյանի՝ ինքնասպանություն կատարելու վարկածը դիմումատուների կողմից կասկածի տակ դնելու և «կատարված սպանությունը» նախաքննության մարմնի կողմից թաքցնելու վերաբերյալ դիմումատուների պնդումներին, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ներկայացրած նյութը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» հաստատել այն վարկածը, որ Ա.Նազարյանի կյանքը դիտավորյալ են խլել, և Ա.Նազարյանի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կկրի զուտ ենթադրական բնույթ22։
23. Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Մխիթար Մխիթարյանի և Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը և նրանց վերաբերյալ գործի կրկին քննությունը՝ որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, չի նպաստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը և չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչև խախտումը եղած իրավիճակը։
24․ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, որով արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական պահանջների խախտումներ, սույն գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը բեկանելու հիմք չէ:
Ուստի, Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման վերանայման արդյունքում տուժող Ա․Նազարյանի իրավահաջորդներ Հասմիկ Հովհաննիսյանի և Ծովինար Նազարյանի բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Տուժող Արտակ Նազարյանի իրավահաջորդներ Հ.Հովհաննիսյանի և Ծ.Նազարյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում բողոքը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից:
________________________
1 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 10, թերթեր 353-356:
2 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 10, թերթ 357:
3 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 10, թերթեր 358-359:
4 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 10, թերթեր 359-360:
5 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 10, թերթեր 360-361:
6 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 23, թերթեր 90-135:
7 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 26, թերթեր 1-200:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատներ թիվ 2169/12 և 29887/14, կետ 156։
9 Տե՛ս նույն վճիռը, կետ 187։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
12 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլոց, Gencel v. Turkey գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 53431/99, Ceylan v. Turkey գործով 2005 հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 46454/99, Bracci v. Italy գործով 2005 թվականի հոկտենբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 36822/02, Somogyi v. Italy գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 67972/01։
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Մուրադխանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13, Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13 և Կարինե Համբարձումյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0121/01/10 որոշումները։
14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատներ թիվ 2169/12 և 29887/14։
15 Տե՛ս նույն վճիռը, կետ 140։
16 Տե՛ս նույն վճիռը, կետ 154։
17 Տե՛ս նույն վճիռը, կետ 155։
18 Տե՛ս նույն վճիռը, կետ 133։
19 Տե՛ս նույն վճիռը, կետ 170։
20 Տե՛ս նույն վճիռը, կետ 186։
21 Տե՛ս նույն վճիռը, կետեր 160 և 185։
22 Տե՛ս նույն վճիռը, կետ 134։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: