ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/13464/05/21 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/13464/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան |
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ նաև` Քաղաքապետարան)՝ 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Զավեն Սմբատյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վարույթի նյութերով ամբողջությամբ հաստատվում է իրավախախտման դեպքը, իսկ Վերաքննիչ դատարանը այդ նյութերը ուսումնասիրել է միմյանցից անջատ, այլ ոչ մեկ համակցության մեջ: Վարչական վարույթի նյութերում առկա է «Բացատրագիր» վերտառությամբ նյութ, որը ստորագրված է հայցվորի կողմից և պարունակում է գործի վերաբերյալ փաստական տվյալներ: Մասնավորապես, դրանով հայցվորը բացատրություն է տալիս այն մասին, որ վարույթի նյութերում առկա լուսանկարները կատարված են հենց իրավախախտման հայտնաբերման ժամանակ և վերաբերելի են գործին: Բացի այդ, «Բացատրագրի» լրացուցիչ նշումներ բաժնում հայցվորն ընդունել է, որ իր կողմից կատարվել են նկարագրված շինարարական աշխատանքները, քանի որ շինարարության թույլտվությունն ուշացել է:
Նման առարկայական ապացույցն առհասարակ չի ուսումնասիրվել Վերաքննիչ դատարանի կողմից և ոչ մի գնահատականի չի արժանացվել, ինչը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բացի այդ, վարույթի նյութերում առկա լուսանկարները պարունակում են հստակ թվագրում դրանց կատարման ժամանակի և կատարող սուբյեկտի մասին, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստը, որ դրանցից պարզ չէ, թե դրանք երբ են կատարվել, չի համապատասխանում իրականությանը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.08.2021 թվականի թիվ 10082021-01-0199 վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի նկատմամբ գրանցվել է «ԴԱՎԻԹ-ՍԱՄՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սեփականության իրավունքը (գ.թ. 40-41):
2) Իրավաբանական անձանց պետական գրանցման թիվ 01Ա027495 վկայականի թիվ 005 ներդիրի համաձայն՝ Ընկերության տնօրենն է Արթուր Հովհաննիսյանը (գ.թ. 42):
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 3-րդ բաժնի 1-ին կարգի մասնագետ Ա. Գևորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրության համաձայն` քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են շինության մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը կատարվել է 26.10.2021 թվականին: Իրավախախտումը կատարվել է Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից (գ.թ. 38-39):
4) 17.11.2021 թվականին կազմված և Արթուր Հովհաննիսյանի կողմից ստորագրված «Բացատրագիր» վերտառությամբ փաստաթղթում նշվել է. «Ես` Արթուր Հովհաննիսյանս, ներկայանալով թիվ 039632 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի նիստին` բացատրություն եմ տալիս հետևյալի մասին.
1. |
Իրավախախտման վերաբերյալ լուսանկարը (լուսանկարները) վերաբերելի է գործին` |
Այո / Ոչ |
2. |
Իրավախախտման վերաբերյալ լուսանկարը (լուսանկարները) կատարված է իրավախախտման դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման պահին` |
Այո / Ոչ |
3. |
Իրավախախտման վերաբերյալ տեսանյութը վերաբերելի է գործին, կատարված է իրավախախտման դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման պահին` |
Այո /Ոչ |
4. |
Արձանագրությունը ստորագրված է իմ / վստահորդի կողմից |
Այո / Ոչ |
5. |
Իրավախախտումը կատարվել է իմ / վստահորդի կողմից |
Այո /Ոչ |
6. |
Իրավախախտումը կատարվել է` |
հոկտեմբերին |
7. |
Ընդունում եմ իրավախախտումը` |
Այո /Ոչ |
8. |
Ունեմ առարկություններ` |
Այո / Ոչ |
9. |
Լրացուցիչ նշումներ` Ֆինանսական մեծ կորուստներից խուսափելու համար ստիպված կատարել եմ շինարարական աշխատանքներ, որովհետև քաղաքապետարանը իր նշած օրերում որ պիտի փաստաթղթեր տար 2 ամիս ուշացրել է: |
(գ.թ. 37):
5) Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Վ. Անանյանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշմամբ (այսուհետ` Որոշում) Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ.թ. 32-33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման դեպքը հաստատված համարելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման գործընթացում ապացույցների հետազոտման և գնահատման առանձնահատկություններին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող): (...) Կառուցապատողները պարտավոր են` (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...):(...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողն (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում, կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության առկայության դեպքում: Ուստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, և դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է բացահայտել, թե որն է համարվում ինքնակամ կառույց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Վերոշարադրյալից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը՝ անձը հողամասի վրա, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառուցել, վերակառուցել կամ տեղադրել է շենք, շինություն կամ այլ կառույց՝
1. օրենքով և այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,
2. առանց թույլտվության,
3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով,
4. քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Շարադրվածի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերակառուցելու կամ տեղադրելու համար, այնպես էլ թույլտվության պայմանների էական խախտմամբ դրանք կատարելու համար (տե՛ս, Վարդան Չոփուրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3864/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է անձի մոտ սեփականության կամ հողօգտագործման իրավունքի, վերջինիս կողմից նույն հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելու փաստերի միաժամանակյա առկայություն: Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է համապատասխան ապացույցներով հիմնավորի նշված փաստերի առկայությունը, քանի որ նշված փաստական հանգամանքների պարզումը հանդիսանում է վարչական վարույթի առարկա, հետևաբար նաև` գործի բազմակողմանի քննության տարր, և էական նշանակություն ունի վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական ակտն ընդունելու ու անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար (տե՛ս, «Յունի Ռենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աբրահամյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8445/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2021 թվականի որոշումը):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` 1) տվյալ գործի քննությունը վերաբերում է արդյոք իր իրավասությանը, 2) ճիշտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը, 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին, 4) պահանջվել են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, 5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս, հիմքեր կան արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա) անձը` նրա համար բարենպաuտ փաuտական հանգամանքների առկայության դեպքում.
բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաuտ փաuտական հանգամանքների առկայության դեպքում։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին` բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչվող յուրաքանչյուր վարչական գործով ապացուցման առարկան կազմող բոլոր փաստերի առկայությունը կամ բացակայությունը պետք է հաստատվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ։ Ընդ որում` յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի բոլոր ապացույցների համակցության մեջ՝ համադրելով դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների և վարչական գործում առկա փաստական տվյալների հետ: Ապացույցների գնահատումը՝ դրանց հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից, նպատակ է հետապնդում փարատելու ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։
Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը։ Ապացույցների արժանահավատությունը կախված է տեղեկատվության աղբյուրի որակից, գործով ձեռք բերված տարբեր ապացույցների միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից: Միայն ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը կարող է թույլ տալ որոշելու ապացույցների հավաստիությունը։
Պարզելով ապացույցների արժանահավատությունը` դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը։
Ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցություն է, որը քանակական և որակական առումներով հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարել ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի վերաբերյալ և ապահովել իր կողմից ընդունված որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը:
Այնուամենայնիվ, ապացույցների գնահատումը կախված է կոնկրետ իրավիճակից, և ապացույցի հավաստիության աստիճանը դատարանը գնահատում է այդ ապացույցը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։ Կարևոր է ընդգծել նաև, որ ապացույցների հետազոտման և գնահատման գործընթացում առանցքային նշանակություն ունի վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով արժևորվող փաստերի վերաբերյալ տեղեկություններ պարունակելու հանգամանքի պարզումը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների, մասնավորապես, լուսանկարի հետազոտման արդյունքում վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ որևէ փաստի վերաբերյալ վերջինս բավարար տեղեկություններ չի պարունակում, ապա դրա ապացուցողական արժեքը չի վերանում, եթե անհրաժեշտ փաստի վերաբերյալ տեղեկությունը կարող է ստացվել այն գործի նյութերում առկա այլ ապացույցների հետ համադրելու և դրանց ընդհանուր գնահատման արդյունքում, ինչի միջոցով հնարավոր է դառնում հստակ եզրահանգումներ անել վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով արժևորվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Օրինակ, եթե լուսանկարի պատկերը հնարավորություն չի տալիս պարզել դրա կատարման վայրն ու ժամանակը, որպիսի տվյալներն ապացուցման առարկայի առանցքային տարր են հանդիսանում, սակայն գործի նյութերում առկա են այդ փաստերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ ապացույցներ, ապա դատարանը պետք է հիշյալ փաստական հանգամանքների գնահատման համար հիմք ընդունի դրանք:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Արթուր Հովհաննիսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումը:
Դատարանը 17.02.2023 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ. «Ուսումնասիրելով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի նյութերը՝ Դատարանը նախ արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով անձին պատասխանատվության ենթարկելու համար վարչական մարմինը նախ պետք է պարզած լիներ, այնուհետև նաև որոշման մեջ հիմնավորած լիներ, որ անձը կատարել է որևէ շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանք, իսկ արձանագրության մեջ նշված մետաղական հենակմախքն էլ համարվել է դրա մի մասը, որից հետո միայն իրավասու լիներ անձին վերագրել ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում: Սակայն սույն դեպքում վարչական մարմնի կողմից նշվածը չի կատարվել, հետևաբար, հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրված իրավանորմով նկարագրված արարքի պարտադիր հատկանիշ համարվող հանգամանքի ապացուցված չլինելու պայմաններում չի հիմնավորվում այդ հոդվածով սահմանված զանցակազմի առկայությունը:
Բացի այդ, վիճարկվող որոշման կայացման հիմքում դրվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Դրա՝ որպես ապացույցի գնահատմանն անդրադառնալով՝ Դատարանը գտնում է, որ դա իրավախախտման փաստը հիմնավորող բավարար ապացույց չի կարող համարվել: Դատարանի այդ դիրքորոշման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ արձանագրությունը վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որի ծագման աղբյուրն օբյեկտիվ չէ, իսկ այն հայցվորի կողմից ստորագրելը չի կարող վկայել իրավախախտման փաստի ընդունման մասին: Այլ ապացույցների բացակայության պայմաններում միայն այն բավարար չէ իրավախախտման փաստը հաստատելու համար:
Ինչ վերաբերում է վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարին, ապա Դատարանն արձանագրում է, որ դրանում տեսանելի է միայն արձանագրության մեջ նշված ‹‹մետաղական հենակմախքի›› պատկեր, որը վարչական մարմնի կողմից դիտվել է որպես ինքնակամ շինարարական աշխատանք, սակայն լուսանկարից պարզ չէ, թե հատկապես ու՞մ կողմից է իրականացվել տվյալ շինարարական աշխատանքը:
Ամբողջ վերոշարադրյալի հիման վրա՝ Դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցվորի նկատմամբ վարչական տույժի կիրառումը չի կարող համարվել իրավաչափ»:
Վերաքննիչ դատարանը 23.04.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հետազոտելով և գնահատելով սույն գործում առկա ապացույցները և դրանք համադրելով վերոգրյալ իրավանորմերի ու ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման հետ, գտնում է, որ դրանցով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ հայցվորի կողմից թույլ է տրվել վիճարկվող որոշման մեջ նշված վարչական իրավախախտումը:
Մասնավորապես՝ վիճարկվող որոշման հիմքում դրված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ Ա. Գևորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրությամբ արձանագրվել է, որ քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են շինության մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ, սակայն վարչական մարմինը, ի հավաստումն իր այդ եզրահանգման, չի ներկայացրել խախտումը հիմնավորող բավարար ապացույցներ, իսկ զուտ միայն նշված արձանագրությունը չի կարող դիտվել որպես նման ապացույց՝ հաշվի առնելով նաև, որ հայցվորը վիճարկում է իրավախախտման փաստը, որի հետ կապված կասկածն էլ վարչական վարույթի որևէ այլ ապացույցով չի փարատվում:
Ինչ վերաբերում է վերը նշված արձանագրությանը կցված ենթադրյալ զանցանքի լուսանկարին, ապա դրանից ընդհանրապես պարզ չէ, թե այն երբ, որտեղ, ում կողմից (դրա վրա գրիչով կատարված են նշումներ) և ինչ տեխնիկական միջոցով է արվել, և միաժամանակ զուտ պատկերային մասով ևս այդ լուսանկարից որևէ կերպ չի հետևում, որ հայցվորի կողմից կատարվել է վերջինիս զանցագրված արարքը՝ այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնց կատարման համար օրենսդրությամբ պարտադիր պահանջվում է շինարարության թույլտվություն, ուստի հիշյալ լուսանկարը, չապացուցելով խախտման հանգամանքը, ըստ էության չի հանդիսանում նաև վերաբերելի և թույլատրելի ապացույց, իսկ դրանից բխող կասկածը վարչական մարմինը որևէ կերպ չի փարատել:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վարույթի նյութերում առկա է Երևանի քաղաքապետարանում 17.11.2021 թվականին կազմված «Բացատրագիր» փաստաթուղթը, որում Արթուր Հովհաննիսյանը կատարել է հետևյալ գրառումը. «… ֆինանսական մեծ կորուստներից խուսափելու համար ստիպված կատարել եմ շինարարական աշխատանքներ, որովհետև քաղաքապետն իր նշած օրերում, որ պիտի փաստաթղթեր տար, 2 ամիս ուշացրել է …», միաժամանակ նշված փաստաթղթում, ըստ սյունակների, Արթուր Հովհաննիսյանը կատարել է նաև հետևյալ նշումները («այո» կամ «ոչ» նշման ընդգծմամբ). իրավախախտման վերաբերյալ լուսանկարը վերաբերելի է գործին, այն կատարված է իրավախախտման դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման պահին, արձանագրությունը ստորագրված է իր կողմից, իրավախախտումը կատարվել է հոկտեմբերի ամսին, չի ընդունում իրավախախտումը, ունի առարկություններ:
Այդ մասով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախ՝ հայցվորին զանցագրված դեպքով էական նշանակություն ունի կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն պահանջվելու հանգամանքի հաստատումը, իսկ վարույթի նյութերով ընդհանրապես պարզ չէ, թե կոնկրետ ինչ ծավալի և բնույթի աշխատանքներ են կատարվել, արդյոք դրանք պահանջում են շինարարության թույլտվություն, թե՝ ոչ՝ զուտ արձանագրության մեջ նշելով, որ իրականացվել են շինության մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչը չի հիմնավորում նման աշխատանքների կատարման և նույնիսկ կատարման դեպքում՝ շինարարության թույլտվության պարտադիր առկայության անհրաժեշտությունը, երկրորդ՝ «Բացատրագիր» փաստաթղթում թեև Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կատարել է շինարարական աշխատանքներ, սակայն դա ևս չի բացահայտում դրանց բնույթը և շինարարության թույլտվության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև, որ հենց նույն փաստաթղթում հայցվորը նշել է, որ չի ընդունում իրավախախտումը, ունի առարկություններ, որոնք էլ արտացոլվել են նրա հայցում, և երրորդ՝ վերոհիշյալ փաստաթուղթը կազմվել է վարչական մարմնի կողմից, իսկ հայցվորը դրանում, ըստ սյունակների, կատարել է նշումներ («այո» կամ «ոչ» նշման ընդգծմամբ), և այդ առումով իրավախախտման վերաբերյալ լուսանկարի կատարման ժամանակի և վայրի մասին հայցվորի ընդգծումն ինքնին չի փարատում այդ լուսանկարի վերաբերելիության մասով վերը նշված կասկածները»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ըստ գործի փաստերի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.08.2021 թվականի թիվ 10082021-01-0199 վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (գ.թ. 40-41):
Իրավաբանական անձանց պետական գրանցման թիվ 01Ա027495 վկայականի թիվ 005 ներդիրի համաձայն՝ Ընկերության տնօրենն է Արթուր Հովհաննիսյանը (գ.թ. 42):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ Ա. Գևորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրության համաձայն` քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են շինության մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը կատարվել է 26.10.2021 թվականին: Իրավախախտումը կատարվել է Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից (գ.թ. 38-39):
Երևանի քաղաքապետարանում 17.11.2021 թվականին կազմված «Բացատրագիր» փաստաթղթում Արթուր Հովհաննիսյանը կատարել է հետևյալ գրառումը. «… ֆինանսական մեծ կորուստներից խուսափելու համար ստիպված կատարել եմ շինարարական աշխատանքներ, որովհետև քաղաքապետն իր նշած օրերում որ պիտի փաստաթղթեր տար 2 ամիս ուշացրել է…»: Միաժամանակ, նշված փաստաթղթում, ըստ սյունակների, Արթուր Հովհաննիսյանը կատարել է նաև հետևյալ նշումները («այո» կամ «ոչ» նշման ընդգծմամբ). իրավախախտման վերաբերյալ լուսանկարը վերաբերելի է գործին, այն կատարված է իրավախախտման դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման պահին, արձանագրությունը ստորագրված է իր կողմից, իրավախախտումը կատարվել է հոկտեմբերի ամսին, չի ընդունում իրավախախտումը, ունի առարկություններ (գ.թ. 37):
Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Վ. Անանյանի 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշմամբ (այսուհետ` Որոշում) Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ.թ. 32-33):
Քննարկվող պարագայում իրավասու վարչական մարմինը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար պետք է պարզեր` արդյո՞ք անձն ունի սեփականության կամ հողօգտագործման իրավունք, արդյո՞ք վերջինիս կողմից նույն հողամասի վրա կատարվել է ինքնակամ կառույց, և միայն այդ փաստերի հիմնավորման պայմաններում վարչական մարմինն իրավասու էր իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի առկայությունը համարել հաստատված:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ք. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.08.2021 թվականի թիվ 10082021-01-0199 վկայականով:
Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի առկայությունը հաստատված համարելու մյուս պայմանին, այն է` ք. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառույց կատարված լինելուն` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքաշինական գործունեության ոլորտում օրենսդրի կողմից սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, իսկ նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը նախատեսել է բացառություն, որը սահմանված է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածում և հանգում է հետևյալին. շինարարության թույլտվություն չի պահանջվում այն շինարարական աշխատանքների կատարման համար, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկում և, միաժամանակ, չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանն ու չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
Նույն կարգի 26-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝
1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ՝ I կատեգորիա.
2) միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ՝ II կատեգորիա.
3) միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ՝ III կատեգորիա.
4) բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ՝ IV կատեգորիա.
5) բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ՝ V կատեգորիա:
Նույն կարգի 27-րդ կետի համաձայն՝ սույն կարգի 26-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված՝ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից՝ առանց նախագծման և շինարարության թույլտվությունների (…):
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը՝ համաձայն N 4 հավելվածի, որպիսի հավելվածի 1-ին ցանկը սահմանում է ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիա) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), որի ուսումնասիրության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշմամբ և դրա կայացման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման արձանագրության մեջ նկարագրված շինարարական աշխատանքներ իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է:
Տվյալ դեպքում վարչական մարմինը գործի քննության ընթացքում իրավախախտման փաստը հաստատված է համարել՝ ուսումնասիրելով հետևյալ ապացույցները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ Ա. Գևորգյանի կողմից 26.10.2021 թվականին կազմված թիվ 039632 արձանագրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.08.2021 թվականի թիվ 10082021-01-0199 վկայականի պատճենը, Ընկերության պետական գրանցման վերաբերյալ քաղվածքը, Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից տրված բացատրագիրը և իրավախախտման հայտնաբերման պահին կատարված լուսանկարը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարի պատճենն Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ կատարելու փաստը հիմնավորող վերաբերելի ապացույց է, քանի որ լուսանկարում պատկերված է շինության մետաղական հենակմախք, իսկ թե լուսանկարը երբ և որտեղ է կատարվել, այդ հանգամանքի մասին հստակ տեղեկություններ է պարունակում գործում առկա մեկ այլ ապացույց` 17.11.2021 թվականին կազմված և Արթուր Հովհաննիսյանի կողմից ստորագրված «Բացատրագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որում առկա գրառումների համաձայն՝ վերջինիս ընդունել է այն փաստը, որ իրավախախտման վերաբերյալ լուսանկարը կատարված է իրավախախտման դեպքի վայրում իրավախախտման հայտնաբերման պահին և վերաբերելի է գործին: Ավելին, Արթուր Հովհաննիսյանն իր բացատրություններում ընդունել է, որ իր կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ, որովհետև Քաղաքապետարանն ուշացրել է շինարարության թույլտվության տրամադրումը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ «…իրավախախտման վերաբերյալ լուսանկարի կատարման ժամանակի և վայրի մասին հայցվորի ընդգծումն ինքնին չի փարատում այդ լուսանկարի վերաբերելիության մասով վերը նշված կասկածները», ապա այդ մասով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավախախտման վերաբերյալ լուսանկարի կատարման ժամանակի և վայրի մասին տեղեկությունները պարտադիր չէ որ անպայմանորեն ստացվեն լուսանկարի պատկերից, հետևաբար, ո՛չ վարչական մարմինը և ո՛չ էլ դատարանը կաշկանդված չէին այդ փաստերի առկայությունը կամ բացակայությունը գնահատել գործում առկա այլ ապացույցների հետազոտմամբ և համադրմամբ: Այլ կերպ ասած` եթե իրավախախտման վերաբերյալ լուսանկարը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ փաստի` լուսանկարի կատարման ժամանակի և վայրի մասին, բավարար տեղեկություններ չէր պարունակում, դրա վերաբերյալ տեղեկությունը կարող էր ստացվել այն գործի նյութերում առկա այլ ապացույցի` Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից տրված բացատրագրի հետ համադրության և ընդհանուր գնահատման արդյունքում, ինչի միջոցով հնարավոր է դառնում հստակ եզրահանգում անել լուսանկարի կատարման ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական վարույթի նյութերով (իրավախախտման հայտնաբերման պահին կատարված լուսանկար, 17.11.2021 թվականին կազմված և Արթուր Հովհաննիսյանի կողմից ստորագրված «Բացատրագիր» վերտառությամբ փաստաթուղթ) հաստատվում է այն հանգամանքը, որ Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի 25 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ձեռնարկվել են շինության մետաղական հենակմախքի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է եղել շինարարության թույլտվություն, ինչն ընդունել է նաև Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը` իր բացատրություններով նշելով, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց շինարարության թույլտվության, քանի որ Քաղաքապետարանն ուշացրել է թույլտվության տրամադրումը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ` ք. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 25 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառույց կատարված լինելու փաստը համարվում է ապացուցված։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումը և չի իրականացրել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի հետևանքով եկել է սխալ եզրահանգման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց հետևյալ չափերով՝ 10 հազար դրամից մինչև 100 հազար դրամը ներառյալ բազային տուրքի 5-ապատիկին գումարած 10 հազար դրամը գերազանցող մասի 1 տոկոսի չափով:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` նույն մասի 2-րդ կետով նախատեսված վարչական ակտերի վիճարկման արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 10-ապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվել է համապատասխանաբար` 20.500 ՀՀ դրամ և 30.500 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և հայցը ենթակա է մերժման, արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Արթուր Հովհաննիսյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշումը և այն փոփոխել. Արթուր Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 17.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-45/5 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Արթուր Հովհաննիսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 30.500 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Ք. ՄԿՈՅԱՆ |
ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան ռ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
