ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1299-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ և 12-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ 2022-2023 թվականների ընթացքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 357.457.0 հազ. դրամից՝
1) 287,857.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակավայրերում բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով (այսուհետ՝ հրամաններ) ծրագրի շահառու ճանաչված թվով 37 ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման և բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար.
2) 69,600.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ծրագրի շահառու ճանաչված թվով 7 ընտանիքներին վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով:
2. Աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով` դրանում որպես պարտադիր պայման նախատեսելով ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները կատարված համարվելու հանգամանքը:
3. Սույն որոշման 2-րդ կետի համաձայն կնքվող պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը և բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են ծրագրի շահառուների միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ՝
1) ծրագրի շահառուներին վկայագրերը տրամադրվում են նրանց կողմից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 20-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա.
2) վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2025 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
3) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա՝ հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
4) վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները.
5) սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է շահառուի տրամադրության տակ (շահառուն այն տնօրինում է իր հայեցողությամբ), իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին: Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է տարբերվել հրամաններով հաստատված՝ հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության․
6) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, և հատկացվող գումարները պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին, աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
7) սույն որոշմամբ նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրվում է շահառուների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները:
5. Սույն որոշման համաձայն վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած կամ վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունից հրաժարված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
6. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին՝
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքներն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել ծրագրի շահառուների ծանուցումը և մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի կնքումը․
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրել սույն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին: Աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 20-ը․
3) ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |