ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2024 թվականի N 615-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 2-ի N 615-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` ծառայություն) ծառայողների (այսուհետ` ծառայող) ծառայողական զենքը (այսուհետ` զենք) պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
3. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
2. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի համազգեստին:
5. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):
6. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի դրա պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող չհրկիզվող կամ մետաղյա պահարանում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղում։
7. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
8. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև փոխանցել այն այլ անձանց կամ թողնել առանց հսկողության:
9. Ծառայողի` զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում ծառայության կնիքով:
10. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքը հանձնման-ընդունման ակտով ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
12. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ հերթափոխի տեսուչ) կողմից տարեկան մեկ անգամ։
13. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել հերթափոխի տեսուչին։
14. Ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ուսման, վերապատրաստման, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, ինչպես նաև զենքը պահելու համար սահմանված պայմանների բացակայության դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում հերթափոխի տեսուչին։
15. Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված` զենքը պահելու և կրելու պայմանները.
2) ծառայողի ժամանակավորապես ծառայողական պարտականությունների դադարեցման դեպքում.
3) ծառայողն ազատվել է ծառայությունում ծառայությունից։
16. Հերթափոխի տեսուչին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի հանձնման և ընդունման մատյանում:
17. Զենքը գործադրելու, ինչպես նաև զենքը փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ղեկավարվում տրված ցուցումներով, իսկ զենքը կորցնելու դեպքում նաև հայտնում է այդ մասին ոստիկանությանը դրա կորստյան փաստի մասին տեղեկանալուց հետո՝ անհապաղ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: