ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 746-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը, 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ քաղ. Երևան, Մոլդովական փողոց թիվ 37ա հասցեում գտնվող՝ 9,7 քառ. մետր մակերեսով պահակակետը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար առանձնացված՝ 2930,9 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) և ուղղակի ձևով, 10 տարի ժամկետով, մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, վարձակալությամբ տրամադրել «Մարկոբրավո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ վարձակալ) (գրանցման համար՝ 282.110.1169364, գտնվելու վայրը՝ Մոլդովական փ., Շ 43/4/94 բն. Նոր Նորք 0062, Երևան, Հայաստան)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2006 թվականի նոյեմբերի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 41/006 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը սահմանվում է 76800 դրամ՝ ելնելով «Էքսպերտ Օցենկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունից,
բ. վարձակալը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում կատարել 106,92 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,
գ. վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
դ. վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսվող աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնեցմանը ներկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
ե. սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում վարձակալը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 % -ի չափով,
զ. սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 % -ի չափով,
է․ վարձակալը պարտավոր է կառուցվելիք մարզադաշտն ուսումնական պարապմունքների օրերի ցերեկային ժամերին, ըստ նախնական հաստատված ժամանակացույցի, տրամադրել քոլեջին՝ ուսանողների ֆիզկուլտուրայի դասընթացներ կազմակերպելու համար,
ը. վարձակալի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
թ. վարձակալության հանձնված անշարժ գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
ժ. ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,
ժա. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվող անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագրով վարձակալի կողմից փաստացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների 20% տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ, որպես կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կազմակերպությանը փոխանցելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |