ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28877/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28877/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
ս. ՄեղրՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի մայիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գրետա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Գոռ Զաքարյանի հայցի ընդդեմ Գրետա Սարգսյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գոռ Զաքարյանը պահանջել է Գրետա Սարգսյանին պարտավորեցնել քանդել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.12.2022 թվականի որոշմամբ Գրետա Սարգսյանի և գործին մասնակից չդարձված անձ Արտաշես Գասպարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 29.07.2022 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Արտաշես Գասպարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրետա Սարգսյանը (ներկայացուցիչ Աշոտ Մարտիրոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 84-րդ, 93-95-րդ հոդվածները և 379-րդ հոդվածի 5-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Գրետա Մաքսիմի Սարգսյանին՝ «ք. Երևան, Գյուլբենկյան փող. 2/2» հասցեով, մինչդեռ սույն գործով պատասխանող է Գրետա Գառնիկի Սարգսյանը, ում հաշվառման և բնակության վայրի հասցեն է՝ «ք. Երևան, Բաղրամյան 2-րդ փկղ., տ. 2բ»-ը։ Արդյունքում՝ ինքը սույն գործի մասին տեղեկացել է 23.09.2021 թվականին, երբ ստացել է Դատարանի 17.06.2021 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը, ինչից հետո ծանոթացել է գործի նյութերին ու տեղեկացել նաև փորձագիտական եզրակացության մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն իր ծանուցման հասցեն ճշտելուց հետո իրեն չի ուղարկել փորձագիտական եզրակացության օրինակը, որի հիման վրա ինքը կարող էր հայցադիմումի պատասխան կամ առարկություն ներկայացնել: Բացի այդ, փորձագիտական եզրակացությունը տված փորձագետ Տիգրան Ալեքսանյանը 17.06.2021 թվականին կայացած դատական նիստում հաստատել է եզրակացության հավաստիությունը, մինչդեռ ինքը դրա մասին պատշաճ ծանուցված չի եղել և զրկված է եղել փորձագետին հարցեր տալու հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ փորձագիտական եզրակացությամբ թվարկվել են միայն կիրառման մեթոդները, և այն որևէ մանրամասն նկարագրություն, եզրակացություն չի պարունակում, ինչպես նաև փորձագետը դուրս է եկել առաջադրված հարցի շրջանակից։ Մասնավորապես՝ հարցադրումը վերաբերել է հայցվորի հողամասի համադրմանն այլ հողամասերի հետ, մինչդեռ պատասխանը հայցվորի հողամասի և իր հողամասում կառուցված շինության համադրման մասին է։ Բացի այդ, փորձագիտական եզրակացության հավելված 1-ում ներկայացված հատակագիծը վերնագրված է «Երևան քաղաքի Սոսեի փողոց 1/3 հասցեի հողամասի և հարևան հողամասերի հետ համադրման սխեմատիկ հատակագիծ», մինչդեռ սխեմատիկ հատակագծով տրված են շինությունների համադրման մասին տվյալներ: Դատարանը չի պարզել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների և փորձագիտական եզրակացության միջև առկա հակասությունը, թեև գործի նյութերում առկա են նշված վկայականներն ու հատակագծերը, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել։
Փորձագետ Կարո Ազարյանը, ում ինքը դիմել է սեփական նախաձեռնությամբ, նշել է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված շինությունը համադրվում է հայցվորի հողամասի հետ 20քմ մակերեսով, այսինքն՝ գործում առկա փորձագիտական եզրակացության մեջ նշված 45,5քմ մակերեսն իրականությանը չի համապատասխանում։ Թեև ինքը չի ժխտում, որ կա իր կողմից կառուցված ինքնակամ շինության մի մասի համադրում հայցվորի հողամասի հետ, այդուհանդերձ Դատարանի վճռի կատարման դեպքում խախտվելու է իր սեփականության իրավունքը, քանի որ քանդվելու է ոչ միայն համադրվող 20քմ մակերեսով շինության մի մասը, այլև մեկ ամբողջություն կազմող շինության 25,5քմ մակերեսով մասը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը հայցվորի ներկայացրած փորձագիտական եզրակացությունը չի համադրել գործում առկա այլ ապացույցների հետ և դրանց հետ միասին չի գնահատել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 03.11.2020 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը Գրետա Սարգսյանին (որոշումն ուղեկցող գրության մեջ որպես հայրանուն նշվել է «Մաքսիմի») ուղարկվել է «ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան փող. 2/2» հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ «Չպահանջված» նշումով, ինչից հետո Դատարանը դատական ծանուցագիրն ուղարկել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին և տեղադրել Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) (հատոր 1-ին, գ.թ. 36-40).
2) Դատարանի 11.01.2021 թվականի «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին» և 22.02.2021 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումները Գրետա Սարգսյանին ուղարկվել են «ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան փող. 2/2» հասցեով, որոնք վերադարձվել են Դատարան՝ «Չպահանջված» նշումով, ինչից հետո Դատարանը դատական ծանուցագրերը նույն հասցեով կրկին ուղարկել է Գրետա Սարգսյանին (որոշումներն ուղեկցող գրությունների մեջ որպես հայրանուն նշվել է «Մաքսիմի»), ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին՝ դրանք միաժամանակ տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) (հատոր 1-ին, գ.թ. 45, 47-51, 58, 60-64).
3) հայցվոր Գոռ Զաքարյանի ներկայացուցիչը 22.04.2021 թվականի դիմումին կցել է «Պրոէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետ Տիգրան Ալեքսանյանի կողմից 16.04.2021 թվականին տրված թիվ 21/ՊԷ-004-Շ շինարարատեխնիկական եզրակացությունը (այսուհետ նաև՝ Եզրակացություն) (հատոր 1-ին, գ.թ. 67-74).
4) Դատարանի 17.06.2021 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը Գրետա Սարգսյանին ուղարկվել է «ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 2-րդ փակուղի, տուն 2բ» հասցեով, որը վերջինս ստացել է 23.09.2021 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 91, 92).
5) Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը 27.09.2021 թվականին ներկայացրել է գործի նյութերին ծանոթանալու և պատճեններ ստանալու մասին դիմում ու նույն օրը ծանոթացել գործի նյութերին։ Դիմումին կից ներկայացվել է Գրետա Սարգսյանի կողմից «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցներ Սայադ Բադալյանին, Վահագն Դալլաքյանին և Գրիգոր Գրիգորյանին 27.09.2021 թվականին 3 տարի ժամկետով տրված լիազորագիրը, որով վերջիններիս վերապահվել է նաև դատական ծանուցումներ ու դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորություն (հատոր 1-ին, գ.թ. 93, 96).
6) 14.10.2021 թվականին Դատարանում ստացվել է Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանի միջնորդությունը՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 106, 107).
7) Դատարանը 19.10.2021 թվականի դատական նիստում կայացրած արձանագրային որոշմամբ նախնական դատական նիստ նշանակելու մասով մերժել է Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանի միջնորդությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով համապատասխան ընթացակարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ։ Միաժամանակ հաշվի առնելով, որ պատասխանողի հայրանունի մասով տեղի է ունեցել վրիպակ, ինչպես նաև դատավարական փաստաթղթերն ուղարկվել են այլ հասցեով՝ պատասխանողին թույլատրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել միջնորդություններ, այդ թվում՝ ապացույցներ ձեռք բերելուն ուղղված, ինչպես նաև հայցադիմումի պատասխան։ Նշված դատական նիստին մասնակցել է նաև Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը (հատոր 1-ին, գ.թ. 108-110, 133, հիմք՝ 19.10.2021 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն).
8) Գրետա Սարգսյանի ներկայացուցիչը, ով ունեցել է դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորություն, ստանալով 07.06.2022 թվականին և 08.07.2022 թվականին հրավիրված դատական նիստերի մասին դատական ծանուցումները, դատական այդ նիստերին չի մասնակցել, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, առարկություն կամ միջնորդություններ (հատոր 1-ին, գ.թ. 119-123, 127-131).
9) Դատարանի 29.07.2022 թվականի վճռի դեմ Գրետա Սարգսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք այն հիմնավորումներով, որ՝
- «(…) եզրակացությունը (ինչպես նաև դատավարական այլ փաստաթղթերը) Պատասխանողին չեն ուղարկվել, այդ փաստաթղթերը ուղարկվել են Գրետա Մաքսիմի Սարգսյանին՝ ք. Երևան, Գյուլբենկյան փող. 2/2 հասցեով, սակայն սույն գործով Պատասխանող է հանդիսանում Գրետա Գառնիկի Սարգսյանը, ում հաշվառման և բնակության հասցեն հետևյալն է՝ ք. Երևան, Բաղրամյան 2-րդ փկղ., տ. 2բ /հիմք՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի կողմից 07.09.2022թ․-ին տրված տեղեկանքը/։ Այսինքն՝ Պատասխանող կողմը սույն քաղաքացիական գործի մասին տեղեկացել է միայն 23.09.2021թ․-ին, երբ ստացել է Դատարանի 17.06.2021թ․-ի որոշումը՝ քաղաքացիական գործը դատաքննությանը նախապատրաստված համարելու և դատաքննություն նշանակելու մասին, ինչից հետո քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալուց է միայն տեղեկացել փորձագիտական եզրակացության առկայության մասին»,
- «(…) Պատասխանողի ներկայացուցիչ Գ. Գրիգորյանը 14.10.2021 թ․-ին Դատարան է ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին միջնորդություն, որը Դատարանի 19.10.2021թ-ի արձանագրային որոշմամբ մերժվել է՝ առանց հիմնավոր պատճառաբանության»,
- «(…) փորձագիտական եզրակացությամբ ուղղակի թվարկվել են կիրառման մեթոդները, որևէ մանրամասն նկարագրություն եզրակացությունը չի պարունակում, ինչով կասկածներ է առաջացնում արժանահավատության, հիմնավորվածության, ամբողջականության տեսանկյունից և չի կարող դրվել վճռի հիմքում, առավել ևս, առանց Պատասխանողի առարկության ներկայացման, որպիսի հնարավորություն Պատասխանողը չի ունեցել, քանի որ եզրակացությունը և դատավարական այլ փաստաթղթերն ուղարկվել են սխալ հասցեով և այլ անձի անունով» (հատոր 2-րդ, գ.թ. 55-60).
10) Գրետա Սարգսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է «Հողամասի սխեմա» վերտառությամբ փաստաթուղթ և այն տրամադրած անձ Կարո Ազարյանի՝ քարտեզագրողի, գեոդիզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում ունենալու մասին վկայականը, մինչդեռ բողոքը չի պարունակում նշված ապացույցներն իր կամքից անկախ հանգամանքներում Դատարան, ներառյալ՝ Վերաքննիչ դատարան, ներկայացված չլինելու մասին հիմնավորումներ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գործին մասնակցող անձանց հավասարության և մրցակցության սկզբունքների համատեքստում անդրադառնալ իրենց դատավարական իրավունքներից օգտվելու ու դատավարական պարտականությունները կատարելու բարեխղճության պայմանին։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպային դիրքորոշում այն մասին, որ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ, ու միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, իր վճիռներում հետևողականորեն բացահայտել է այդ սկզբունքների բովանդակությունը, որի համաձայն` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցներն այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, կետ 30-35, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28): Մրցակցային դատավարության իրավունքը պետք է դրսևորվի բավարար պայմաններում. քննության կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու դատարան ներկայացված ապացույցին, ինչպես նաև հնարավորություն ունենա ներկայացնելու դրա թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ մեկնաբանություններ պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում (տե՛ս Krčmář-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 03.06.2000 թվականի վճիռը, կետ 42, Immeubles Groupe Kosser-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 21.03.2002 թվականի վճիռը, կետ 26)՝ անհրաժեշտության դեպքում ստանալով լրացուցիչ ժամանակ (տե՛ս Yvon-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 24.07.2003 թվականի վճիռը, կետ 39)։
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ միայն կողմերը պետք է որոշեն՝ արդյոք մյուս կողմի ներկայացրած փաստաթուղթը կամ վկայի ցուցմունքը պետք է ստանա իր մեկնաբանությունը, թե՝ ոչ։ Կողմերի վստահությունն արդարադատության կենսունակության նկատմամբ հիմնված է այն գիտակցման վրա, որ իրենք հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետը գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերի առնչությամբ (տե՛ս K.S.-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործով Եվրոպական դատարանի 12.12.2001 թվականի վճիռը, կետ 22, Nideröst-Huber-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 18.02.1997 թվականի վճիռը, կետ 29, Pellegrini-ն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 20.10.2001 թվականի վճիռը, կետ 45)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա (տե՛ս Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» փակ բաժնետիրական ընկերությունը և «Դավիթ Երթուղային Տաքսի» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի թիվ 3-346 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով իրավահավասարության և մրցակցության սկզբունքների մասին նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ կողմերն ունեն հավասար հնարավորություններ դատարան դիմելիս և խախտված իրավունքների պաշտպանության մեթոդներն ու միջոցներ ընտրելիս: Այսինքն՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգում կողմերը միմյանց նկատմամբ որևէ առավելություն չունեն: Միաժամանակ իրավահավասարության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի կարող բավարար լինել, եթե գործնականում դատարանի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այդ սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով: Ուստի դատարանն արդարադատություն իրականացնելիս որևէ կողմի առավելություն տալու իրավասությամբ օժտված չէ և պետք է բացառի կողմնակալությունը կամ իրեն կողմնակալության մեջ կասկածելու հնարավորությունը (տե՛ս «Արմլեվլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Գևորգ Պողոսյանի թիվ ԵԴ/2430/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց՝ հավասար պայմաններում իրենց գործը ներկայացնելու իրավունքը դիտարկելով որպես հավասարության և մրցակցության սկզբունքների բաղադրատարր՝ օրենսդիրը միաժամանակ վերջիններիս վրա դրել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ու դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում՝ դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով։ Վերոշարադրյալից հետևում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի իրականացման իրական հնարավորությունն ապահովված լինելու պայմաններում գործին մասնակցող անձի կողմից իրեն վերապահված իրավունքներից չօգտվելու կամ անբարեխղճորեն օգտվելու բացասական հետևանքը պետք է կրի այդ անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցում է իրենից անկախ պատճառներով դրանից օգտվելու անհնարինությունը։ Ընդ որում, բարեխղճության պայմանի կարևորությունը քաղաքացիական դատավարությունում ընդգծվում է նաև դատավարության մյուս կողմի իրավունքների տեսանկյունից, քանի որ ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները հավասարապես երաշխավորված են նաև նրա համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում ու չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանը և դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հավասարության և մրցակցության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունով պայմանավորված՝ միաժամանակ հիմք ընդունելով նաև ոչ լրիվ վերաքննության առանձնահատկությունները՝ օրենսդիրը նախատեսել է վերաքննության որոշակի սահմաններ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի ու դրանից բխող՝ սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Մարտին Դիլանյանի և մյուսների թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29․06․2022 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով դիմելով դատարան՝ Գոռ Զաքարյանը պահանջել է Գրետա Սարգսյանին պարտավորեցնել քանդել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։
Դատարանի 29.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, որի դեմ Գրետա Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 09.12.2022 թվականի որոշմամբ մերժվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակման կիրառմամբ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) բողոքաբերը զրկված չի եղել հայցադիմումի պատասխան ներկայացնելու, իր դիրքորոշումը հայտնելու, հայցի դեմ առարկելու իրավական հնարավորությունից, սակայն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ոչ պատասխանողը և ոչ էլ վերջինիս ներկայացուցիչները, ունենալով նման հնարավորություն, Դատարանին չեն ներկայացրել հայցադիմումի պատասխան, չեն հայտնել որևէ դիրքորոշում, որը կապված կլիներ հայցի՝ փաստական և իրավական հիմքերի հետ, չեն առարկել հայցապահանջի դեմ։ Հետևաբար՝ բողոքաբերի այն փաստարկները, ըստ որոնց՝ պատասխանողը «ք․Երևան, Գյուլբենկյան փող, 2/2» հասցեով ուղարկված ծանուցումների պատճառով չէր կարող տեղեկանալ սույն գործի մասին, Վերաքննիչ դատարանը համարում է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող, քանի որ փաստացի վերջինս տեղեկացված է եղել գործի մասին, դրանով հանդերձ հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը ներկայացնել Դատարանին, սակայն չի իրականացրել դա։ Ինչ վերաբերում է նախնական դատական նիստը նշանակելու մասին միջնորդության մերժմանը, ապա Վերաքննիչ դատարանը նշում է, որ Դատարանը ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշմամբ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը սահմանել է միայն հայցվորի համար, իսկ 19.10.2021 թվականի արձանագրային որոշմամբ պատասխանողին հնարավորություն է տվել ներկայացնել հայցադիմումի պատասխան, հայտնել իր դիրքորոշումը, հետևաբար՝ պատասխանողի կողմից հայցադիմումում ներկայացված իրավական և փաստական հիմքերի առնչությամբ որևէ առարկություն ներկայացված չլինելու պայմաններում, նախնական դատական նիստ կրկին նշանակելու անհրաժեշտություն ևս չի եղել։ (…)»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրակացությունների իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված են հետևյալ պատճառաբանությամբ։
Անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրացման համատեքստում արժևորելով լսված լինելու ու գործում առկա բոլոր փաստաթղթերի առնչությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունն ապահովելու, հավասարության և մրցակցության սկզբունքների պահանջների պահպանմամբ գործը քննելու կարևորությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Գրետա Սարգսյանը զրկված չի եղել իր գործը պատշաճ ներկայացնելու, այն է՝ Դատարան ներկայացված Եզրակացությանը ծանոթանալու, պատշաճ ձևով և ժամանակահատվածում դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու, իր առարկությունների հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաև դրանք ձեռք բերելու մասին միջնորդություններ հարուցելու հնարավորությունից։ Այսպես՝
սույն գործի փաստերից բխում է, որ Գրետա Սարգսյանը թեև փաստացի չի ստացել Դատարանի 03.11.2020 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 11.01.2021 թվականի «Նախնական նիստ հրավիրելու մասին» և 22.02.2021 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումները, ինչպես նաև ուղեկցող գրություններում նրա հայրանունի մասով տեղի է ունեցել վրիպակ, այնուամենայնիվ, 23.09.2021 թվականին ստանալով Դատարանի 17.06.2021 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ վերջինս տեղեկացել է սույն գործի քննության մասին և «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցներ Սայադ Բադալյանին, Վահագն Դալլաքյանին ու Գրիգոր Գրիգորյանին լիազորել է սույն գործով իր անունից իրականացնել ներկայացուցչություն, այդ թվում՝ ստանալ դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր։
27.09.2021 թվականին ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ 22.04.2021 թվականին ներկայացված Եզրակացությանը՝ Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը 14.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին միջնորդություն։ 19.10.2021 թվականին կայացած դատական նիստում Դատարանը նշված միջնորդությունը՝ նախնական դատական նիստ նշանակելու մասով, մերժել է։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ պատասխանողի հայրանունի մասով տեղի է ունեցել վրիպակ, ինչպես նաև դատավարական փաստաթղթերն ուղարկվել են այլ հասցեով՝ Դատարանը պատասխանողին թույլատրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել միջնորդություններ, այդ թվում՝ ապացույցներ ձեռք բերելուն ուղղված, ինչպես նաև հայցադիմումի պատասխան։
Գրետա Սարգսյանի ներկայացուցիչներից Գրիգոր Գրիգորյանը մասնակցել է 19.10.2021 թվականին կայացած դատական նիստին, սակայն ո՛չ Դատարանի սահմանած երկշաբաթյա ժամկետում և ո՛չ դրանից հետո՝ գործի քննության ողջ ընթացքում, Գրետա Սարգսյանի անունից հայցադիմումի պատասխան, առարկություն կամ որևէ միջնորդություն Դատարան չի ներկայացվել։ Ավելին՝ 07.06.2022 թվականին և 08.07.2022 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի ու վայրի մասին ծանուցված լինելու պայմաններում Գրետա Սարգսյանի ներկայացուցիչներից որևէ մեկը դրանց չի մասնակցել և Դատարան որևէ միջնորդություն չի ներկայացրել։
Փաստերի նման դասավորվածությունը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրել, որ բողոք բերած անձ Գրետա Սարգսյանը Դատարանում գործի քննության ժամանակ իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չի օգտվել և իր դատավարական պարտականությունները բարեխղճորեն չի կատարել։
27.09.2021 թվականից՝ գործի նյութերին ծանոթանալու օրվանից սկսած ունենալով հայցադիմումի պատասխան կամ առարկություն ներկայացնելու, գործում առկա նյութերին, մասնավորապես՝ Եզրակացությանը ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն՝ Գրետա Սարգսյանը որևէ գործողություն չի ձեռնարկել։ Մասնավորապես՝ ո՛չ գործի նյութերին ծանոթանալուց հետո և ո՛չ առավելապես Դատարանի 19.10.2021 թվականի արձանագրային որոշմամբ սահմանված երկշաբաթյա ժամկետում Գրետա Սարգսյանը չի օգտվել իրեն ընձեռված դատավարական իրավունքներից ոչ մեկից։ Մինչդեռ 19.10.2021 թվականի դատական նիստում արձանագրելով Գրետա Սարգսյանի հայրանվան մասով վրիպակ թույլ տրված լինելու, ինչպես նաև դատավարական փաստաթղթերն այլ հասցեով ուղարկված լինելու հանգամանքները՝ Դատարանը հավասարության և մրցակցության սկզբունքների պահանջների պահպանմամբ բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով նրան թույլատրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև այնպիսի միջնորդություններ, որոնց հարուցումն ու լուծումը թույլատրված են նախնական դատական նիստի ընթացքում (դատարանն ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նախնական դատական նիստում, իսկ դրա համար ժամկետ տրամադրում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ, 169-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետ))։ Շարադրվածից բխում է, որ թեև նախնական դատական նիստ նշանակելու մասով Դատարանը մերժել է Գրետա Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանի միջնորդությունը, այդուհանդերձ նրան թույլատրվել է կատարել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք հատուկ են նախնական դատական նիստին, ուստի Դատարանը գործնականում ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ բողոք բերած անձին ընձեռելով իր իրավունքների պաշտպանությունն ամբողջ ծավալով կազմակերպելու հնարավորություն, որպիսիք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում իրացնելու հարցում Գրետա Սարգսյանը բարեխիղճ, շրջահայաց և հետևողական մոտեցում չի ցուցաբերել։
Ընդ որում, բողոք բերած անձն իր բողոքում ընդունել է այն փաստերը, որ սույն գործի մասին տեղեկացել է 23.09.2021 թվականին, երբ ստացել է Դատարանի 17.06.2021 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը, ինչից հետո ծանոթացել է գործի նյութերին ու տեղեկացել նաև փորձագիտական եզրակացության մասին, որպիսի պայմաններում ինքը պետք է շահագրգռված լիներ իր իրավունքների պաշտպանությամբ՝ այդ թվում՝ Եզրակացության մասին պատշաճ ձևով և ժամանակահատվածում դիրքորոշում հայտնելով կամ դրա դեմ առարկելով, որի կատարման ուղղությամբ գործի քննության ամբողջ ընթացքում անգործություն է ցուցաբերել՝ չնայած Դատարանի կողմից այդպիսի հնարավորություն իրեն ընձեռված լինելուն։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գրետա Սարգսյանի վերաքննիչ բողոքում նշված, սակայն Դատարանում չհայտնած դիրքորոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ քննարկման առարկա չդարձնելով՝ Վերաքննիչ դատարանը դատավարական նորմի խախտում թույլ չի տվել, և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված չեն, քանի որ Գրետա Սարգսյանը ոչ թե զրկված է եղել Դատարանում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այլ բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից, որից բխող բացասական հետևանքները պետք է կրի ինքը: Վճռաբեկ դատարանը վերոգրյալ եզրակացությանն է հանգում՝ հիմք ընդունելով նաև ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների պահպանման համատեքստում սույն գործով հայցվոր Գոռ Զաքարյանի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում միաժամանակ ընդգծել, որ վճռաբեկ բողոքը պարունակում է նաև Եզրակացության վերաբերյալ այնպիսի հիմնավորումներ, որոնք բողոք բերած անձը չի ներկայացրել Վերաքննիչ դատարանում (վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները ներկայացված են փաստ 9-ում), որոնք վերաբերում են փորձագետի կողմից իրեն առաջադրված հարցի շրջանակից դուրս գալուն և դրանում ներկայացված տվյալներին, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների ու փորձագիտական եզրակացության միջև առկա ենթադրյալ հակասություններին։
Բացի այդ, Գրետա Սարգսյանն իր բողոքին կցել է նոր ապացույցներ՝ «Հողամասի սխեմա» վերտառությամբ փաստաթուղթ և այն տրամադրած անձ Կարո Ազարյանի՝ քարտեզագրողի, գեոդիզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում ունենալու մասին վկայականը, մինչդեռ բողոքը չի պարունակում նշված ապացույցներն իր կամքից անկախ հանգամանքներում Դատարան (այդ թվում՝ Վերաքննիչ դատարան) ներկայացված չլինելու մասին հիմնավորումներ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց, ինչպես նաև այդ ապացույցների վրա հիմնված՝ հայցվորի հողամասի հետ համադրվող ինքնակամ շինության չափին վերաբերող բողոքի փաստարկներին չի անդրադառնում։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը՝ Գրետա Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 09.12.2022 թվականի որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 09.12.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Գրետա Սարգսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված 20.000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2022 որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ա. Մկրտչյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան
Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: